ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Քաղբանտարկյալների առկայության ամեն օրը թուլացնում է Հայաստանը, Արցախը և ուժեղացնում Ադրբեջանի ճնշումները»

«Քաղբանտարկյալների առկայության ամեն օրը թուլացնում է Հայաստանը, Արցախը և ուժեղացնում Ադրբեջանի ճնշումները»
10.02.2009 | 00:00

«ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՑ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ»
Մարտի 1-ին նախատեսվող հանրահավաքի, ընդդիմության գործողությունների, ՀԱԿ-ում տիրող տրամադրությունների ու այսօրինակ այլ հարցերի շուրջ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, ՀԱԿ անդամ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ
-Մարտի 1-ի հանրահավաքին մի կողմից նախապատրաստվում է ՀԱԿ-ը, մյուս կողմից էլ իշխանությունը` ոստիկանական «հատուկ բացատրական աշխատանքների» ձևով։ Ի վերջո, մարտի 1-ին ի՞նչ է սպասվում` հերթական հանրահավա՞ք, թե՞...
-Չեմ կարծում, թե այսօր Հայաստանում կգտնեք մի մարդու, որը կարողանա ասել, թե ինչ է սպասվում մարտի 1-ին։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որ գիտի` ինչ է պլանավորել, կդժվարանա ասել, թե արդյունքն ինչ է լինելու։ Ըստ կոնգրեսի հայտարարությունների` մարտի 1-ին լինելու է հանրահավաք, երթ` նշելով սպանդի մեկ տարին։ Բնական է, որ դրանից հետո կսկսվի քաղաքական ակտիվության նոր փուլ, իսկ այն կլինի անընդմեջ հանրահավաքներով, թե պարբերական, կերևա մարտի 1-ից հետո։ Մի նկատառում. եթե իշխանությունը խնդիր է դրել իրավիճակն էլ, ավելի սրել` հաշվի չառնելով, որ նմանօրինակ գործընթացը վնաս է բերել և՛ Հայաստանին, և՛ իշխանությանը, և՛ ժողովրդին, և՛ հատկապես Արցախին, ապա դա կլինի իշխանությունների հերթական կոպիտ, հիմա արդեն անթույլատրելի սխալը, քանզի այն հարցականի տակ կդնի Արցախի գոյությունը։
-Արդյոք զանգվածային միջոցառումների դադարեցումը հասարակության շրջանում հիասթափություն չառաջացրե՞ց, այժմ է՞լ կարծում եք, որ Տեր-Պետրոսյանն իրավացի էր «թայմ աուտի» առումով. չէ՞ որ այն պնդումները, թե Ղարաբաղի հարցը կլուծվի մի քանի ամսվա ընթացքում, իրականություն չդարձան։
-Կարծում եմ, Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանն իրականությունից հեռու չի եղել։ Անցյալ տարվա վերջին տեղի ունեցան հակամարտությանն առնչվող միջազգային կառույցների մի քանի կարևոր քննարկումներ։ Այս տարի էլ շարունակվում են ակտիվ գործընթացներ, որոնք հայանպաստ ոչինչ չեն խոստանում։ Ահա այս հարցում էլ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր։ Այլ խնդիր է, որ որոշ հանգամանքներ խանգարեցին իրականացնելու նշված ծրագրերը։
-Որո՞նք էին այդ հանգամանքները։
-Նախ և առաջ միջնորդ երկրների միջև եղած տարաձայնությունները և Հայաստանի հասարակության ակտիվ դիրքորոշումը` ի նպաստ Ղարաբաղի։
-Ղարաբաղյան հակամարտության այսօրվա փուլի Ձեր գնահատականը. որքանո՞վ է մոտ հիմնախնդրի կարգավորումը։
-Ղարաբաղյան խնդիրն ամեն հայի, կուսակցության, շարժման, իշխանության համար պետք է առանձնացվի բոլոր այլ քաղաքական խնդիրներից։ Ղարաբաղը վեր է իշխանության համար պայքարից, իշխանություն-հասարակություն հակադրությունից, անձնական շահերից, քանի որ այն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել-չլինելու խնդիր է, ամեն մի հայի արժանապատիվ ապրելու խնդիրն է։ Քոչարյանի ապօրինի տասնամյա իշխանությունը և մի տարի այս իշխանության գոյատևումը իրականացվել են բացառապես ի հաշիվ Արցախի և Հայաստանի դիվանագիտական ռեսուրսի մաշման և փոշիացման։ Սա է պատճառը, որ հայտնվել ենք մեզ համար այսքան անընդունելի վիճակում։ Պարտվողական, նահանջողական քայլերը 10-11 տարի անընդհատ հաջորդում են միմյանց։ Նահանջում են արցախյան դիրքերից, հարձակվում սեփական ժողովրդի վրա, որպեսզի ամրապնդեն սեփական աթոռը։ Քաղբանտարկյալների առկայության ամեն օրը թուլացնում է Հայաստանը, Արցախը և ուժեղացնում Ադրբեջանի ճնշումները։ Այսօր առավել քան երբևէ պետք է Արցախը զերծ լինի քաղաքական շահարկումներից, իշխանություն ամրապնդելու գործիք դառնալուց։ Իսկ ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա չեմ կարող մեղադրել եռանախագահող երկրներին, որ նրանք բանակցությունները սխալ ուղիով են տանում, քանի որ ամենամեծ մեղքը հենց Հայաստանինն է։ Հայաստանը պետք է վճռականորեն հրաժարվի հետագա բանակցություններին մասնակցելուց, քանի դեռ Արցախը չի դարձել բանակցային կողմ։
-Այսօր հաճախակի են դարձել խոսակցությունները, թե ՀԱԿ-ի ներսում գտնվող կուսակցությունների միջև կան սուր տարաձայնություններ։ Օրինակ, եթե եթերում ընդդիմությունից կարծիք հայտնելու խնդիր կա, ապա արտահայտվողն անպայման պետք է լինի ՀՀՇ-ից։ Ճի՞շտ են այս պնդումները։
-ՀԱԿ-ի ներսում քաղաքական հակասություններ չկան։
-Ինչպիսի՞ հակասություններ կան։
-Մարդկային հակասություններ կարող են լինել ոչ միայն ՀԱԿ-ում, այլև ամենմի կուսակցությունում, ընտանիքում։ Սա բնական է։ Դրանց մասին խոսելը կամ դրանց էական նշանակություն տալն անիմաստ եմ համարում։ ՀԱԿ-ի ներսում ոչ մի քաղաքական հակասություն չկա։ Բոլորը միակարծիք են, որ առաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը, հետո էլ սահմանադրական կարգի վերականգնումը։
-Իսկ որոշումների կայացումը ՀԱԿ-ում միանձնյա չէ՞։
-Ոչ։ ՀԱԿ-ն ունի քաղաքական խորհուրդ, որը պարբերաբար հավաքվում և հարցեր է քննարկում, ինչին մասնակցում են ղեկավարներ, ներկայացուցիչներ բոլոր կուսակցություններից։ Կա շտաբ, որի մեջ ընդգրկված են կուսակցությունները, և քննարկումները համատեղ են լինում։ Եվ, իհարկե, ՀԱԿ-ն ունի անառարկելի հեղինակությամբ ղեկավար` Լևոն Տեր-Պետրոսյան։
-Ինչպե՞ս եք տեսնում կոնգրեսի հետագա մարտավարությունը։
-Կարծում եմ` շարժման մարտավարությունը կհնչեցվի մարտի 1-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։
-Անդրադառնանք նաև ներկուսակցական մի հարցի. տևական ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում, թե որոշակի տարաձայնություններ կան ՍԴՀԿ-ի ներսում։ Ասածս որպեսզի ավելի ընկալելի դառնա, խոսեմ կոնկրետ օրինակով. ասում են, որ բավականին սրված են Ձեր, Լյուդմիլա Սարգսյանի և Գուրգեն Եղիազարյանի հարաբերությունները։ Ճշմարտության հատիկ կա՞ այս ամենում։
-Ծիծաղելի է։ Նման բան գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությունը ես ընտրել եմ որպես սոցիալ-դեմոկրատական ազգային կուսակցություն, որի արժեքներն ինձ համար ամենաընդունելին են։ Եվ այստեղ հակասություններ չեն կարող լինել։ Կուսակցությունը մեկ անձի դուքան չէ։ 121 տարի գոյություն ունեցող այս կուսակցությունն ապացուցել է, որ ազգային գաղափարների կրողը փառապանծ ճանապարհ է անցել։ Հայաստանում շատ կան կուսակցություններ, որոնք մի անձի կուսակցություն են, իսկ ՍԴՀԿ-ն բոլորովին այլ է։ Այն ունի բոլոր նախադրյալները` դառնալու բավականին վճռական ուժ Հայաստանի քաղաքական դաշտում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4537

Մեկնաբանություններ