Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պրոֆեսորի տրամադրությունը տեղը չէր

Պրոֆեսորի տրամադրությունը տեղը չէր
01.08.2008 | 00:00

Ատամնաբուժությունը գնալով զարգանում է, և այսօրվա տեխնիկական ու դեղագործական միջոցներն էլ չես համեմատի անգամ հինգ տարի առաջ եղած միջոցների հետ։ Հայաստանը ևս փորձում է այս բնագավառում հետ չմնալ, և արդի սարքավորումներով հագեցած ատամնաբուժական կենտրոններով մեր բնակչությանը չես զարմացնի։ Բնականաբար, ցանկացած առաջընթացի շարժիչ ուժը կադրերն են, որոնք այսօր չէ, որ ձևավորվել են Հայաստանում։ Նրանք ունեն մեծ փորձ, գիտական աստիճան, նրանց դարբնոցով անցած տասնյակ նորավարտ բժիշկներ արդեն կլինիկաներ են ղեկավարում։ Բայց երբ որոշ դոկտոր-պրոֆեսորների ես-ը այնքան է մեծանում, որ սեփական փառքից այն կողմ ոչինչ չեն տեսնում, այդ պահից սկսած Աստված նրանց հիմարացնում է։ «Աշխարհի իմաստուններին կհիմարացնեմ»,- ասված է Նոր Կտակարանում (1-ին Կորնթացիներին, 1-ին գլ., խոսք 19)։
Անկեղծ ասած, որոշեցինք խնդրին առայժմ անդրադառնալ առանց պրոֆեսորի անունը նշելու, մտածելով, որ գուցե մարդն իր սխալի համար զղջացել է։ Սակայն իր բոլոր գործողություններն արդարացնելով՝ նա սխալ համարեց միայն կոպիտ վերաբերմունքը, ինչը պայմանավորեց սեփական տրամադրության անկմամբ։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ դոկտոր-պրոֆեսորը հիվանդի նկատմամբ կոպիտ վերաբերմունք է դրսևորում, որի ականատեսն եմ եղել, և, բացի դա, տարբեր անհրապույր խոսակցություններն այս անձի շուրջ քիչ չեն։ Իսկ ճշմարտությունն այն է, որ «Վան» ատամնաբուժական կենտրոնում վերջերս նա հեռացրել է քաղաքացի Ս. Կ.-ի վերևի 6-րդ ատամը, որից հետո արյունահոսություն է սկսվել (ընդգծենք, որ քաղաքացի Ս. Կ-ն երբևիցե ոչ մի քրոնիկ կամ անոթային հիվանդությամբ չի տառապել)։ Նույն օրը, մի քանի ժամ հետո, հիվանդը կրկին դիմում է պրոֆեսորին՝ արյունահոսությունը կանգնեցնելու համար, և միակ միջոցն ընտրվում է կար դնելը։ Եվ 21-րդ գերժամանակակից դեղամիջոցների դարում պրոֆեսորը նախընտրում է քարեդարի տարբերակը՝ կար է դնում առանց անզգայացման։ Գուցե նման մոտեցումը բժշկի նոր գիտական փո՞րձն է, կամ` նա սուր զգացումների կողմնակի՞ց է, իսկ գուցե «Վան» բժշկական կենտրոնում անզգայացնող դեղամիջոցների սղությո՞ւն կա։ Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ապա պետք է ենթադրել, որ նման դեպքերում բժիշկն իրեն ռազմի դաշտում է պատկերացնում, և հիվանդին՝ իրեն թշնամի։ Բոլոր դեպքերում միանշանակ է, որ տուժողը հիվանդն է, հատկապես եթե նկատենք, որ կար դնելուց մեկ ժամ հետո նոր արյունահոսությունը շարունակվել է մինչև հաջորդ օրը։ Եվ միայն երկրորդ՝ բարձրակարգ ատամնաբույժի (որի անունը, գործընկերային համերաշխությունից ելնելով, չենք նշում) միջամտությամբ արյունահոսությունը դադարել է։ Ի դեպ, նկատենք, որ այս բժիշկը, ի տարբերություն պրոֆեսորի, չվարանեց և կար դրեց անզգայացմամբ։ Բնականաբար, նա արյունահոսության պատճառը չասաց։ Սակայն բավական էր տեսնել վերքի տեղը, ուր երևում է, որ լնդի մի կտորը ատամի հետ հեռացված է, որպեսզի պատկերը պարզ լինի։ Այսինքն, չի բացառվում, որ մազանոթ կամ անոթ է կտրվել, քանի որ արյունահոսությունն առատ էր։
Չենք ժխտում, որ ցանկացած բժիշկ սխալներ կարող է ունենալ։ Սակայն երբ դա վերածվում է սովորության, և դրա հետ մեկտեղ պրոֆեսորն իր հիվանդների հետ սկսում է խոսել ու նրանց վերաբերվել միայն որպես իրեն եկամուտ բերող միջոցի՝ անտեսելով նրանց մարդ լինելու կարևորագույն փաստը, ապա համաձայնեք, որ այս դեպքում վնասվում է բժշկի ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային վարկանիշը։ 6-7 տարի առաջ ես ականատես եղա մի դեպքի, երբ նա իր հիվանդին՝ Է. Գ.-ին, ասաց. «Ինչքա՞ն կարելի է գնալ-գալ, ցավազրկող խմի, կանցնի, ռենտգենի անհրաժեշտություն չկա»։ Արդյունքում Է. Գ.-ն մեկ այլ բժշկի մոտ գնալուց հետո պարզեց, որ բարդություն է առաջացել, ինչը լուծվեց վիրահատությամբ։ Իսկապես, հեչ էլ թե հիվանդը հետվիրահատական ցավերով չի գնում-գալիս պրոֆեսորի մոտ։ Հո բժիշկը պարապ չէ՞, որ ձեռքի գործը թողնի և զբաղվի հիվանդով։ Ընդհանրապես, վերը նշված դեպքերը վերջին մի քանի տարիների ընթացքում բժշկի պրակտիկայում եզակի չեն, քանի որ նման դեպքերի մասին հաճախ ենք լսում։ ՈՒրեմն ինչպե՞ս է, որ մարդիկ ձգտում են նրա մոտ գնալ ու ատամ հեռացնել։ Չենք վիճում, պրոֆեսորը, անշուշտ, իր կարևոր ներդրումն ունի հայ ատամնաբուժության զարգացման գործում, սակայն պատահական չէ, որ հոդվածի սկզբում հիշատակեցինք. «Աշխարհի իմաստուններին կհիմարացնեմ» խոսքը։ Գուցե և դոկտոր-պրոֆեսորը շատ ավելի մեծ աշխատանքներ կարողանար իրականացնել ի նպաստ ոլորտի զարգացման, եթե իր ես-ը ավելի փոքր տեսներ և փողը գերնպատակ չդարձներ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9423

Մեկնաբանություններ