Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարյուր օր, որ չցնցեց Հայաստանը

Հարյուր օր, որ չցնցեց Հայաստանը
22.07.2008 | 00:00

ԱՍՈՒԼԻՍ
Սերժ Սարգսյանը փորձում է կրկին հրապարակային գործչի վերածվել, հալի գալ, դառնալ խաղացող: Հաջողե՞ց:
Վիզուալ առումով հարյուր օրվա առաջին ասուլիսում գրեթե անհետացել էր ինագուրացիայի ժամանակ եղած սեղմվածությունը, Սերժ Սարգսյանի աուրան համեմատաբար «լուսավոր» էր, մասամբ՝ անկաշկանդ, լարվածությունը, որ վերջին շրջանում ուղեկցում էր նրան, փոքր-ինչ հաղթահարված էր. խնամված էր, նույնիսկ՝ «թրաշված»…. բայց չկար «նախկին էնտուզիազմը», նաև ոգեշնչումը, որ նման դեպքերում ուղեկցում են «հոբելյարին»:
Սերժ Սարգսյանի՝ առաջին ասուլիսը կազմակերպված էր «ա լյա Պուտին» տարբերակով՝ «շատ հարցեր, շատ պատասխաններ» սկզբունքով, սակայն Ս. Սարգսյանը մոտ երկու ժամ տևած ասուլիսի վերջում լոկ մասնակի փոխկանչի, հարաբերման մեջ մտավ լրագրողական աուդիտորիայի հետ, ոչ մի անգամ չկատակեց, ոչ մի անգամ սրտանց, հոգով չժպտաց, ոչ մի անգամ չափավորության գիծը առաջ չբերեց, մնաց անմատչելի, «հեռու»՝ ինքն իր հետ միայնակ: Ինչը (պատասխաններն էլ ներառյալ, որոնք կառուցված էին միլիմետրիկ ճշգրտությամբ) ապացուցեց. նա դեռ խաղում է միայնակ, և մարտահրավերները, որ շրջապատում են նրան, օրակարգում են, չեն նահանջել, և «վտանգներն» ամեն րոպե կարող են ծեծել Ս. Սարգսյանի դուռը:
Մեկ նախադասությամբ Ս. Սարգսյանի ասուլիսը բնորոշելու համար պետք է օգտվել երեկ բազմիցս իր իսկ հնչեցրած մտքից. «Պատրաստ եմ շատ երկար սպասել»: Կոնկրետ դեպքում նկատի էին առնվում հայ-թուրքական հարաբերությունները, որոնց էլ, ի դեպ, նվիրված էր ասուլիսի եթե ոչ առյուծի, ապա հաստատապես ծանրակշիռ մասը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական «չափաբանությանը», ապա առաջին հայացքից թվաց, թե խոր անդունդ կա ընդդիմության՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, և իշխանության՝ Ս. Սարգսյանի միջև: Մարդիկ, ովքեր շունչները պահած, իրենց ողջ ջանքերը ներդրել են այդ երկխոսության կայացմանը (ինչն էլ նշանակում է՝ երկրի ճշգրիտ զարգացում ու շարունակություն), վրիպեցին, որովհետև Ս. Սարգսյանը կարծես գիտակցումը չուներ դրա կարևորության: Սակայն առավել խորքային հայացքն ապացուցում էր, որ Ս. Սարգսյանը, որը նախընտրել է երկար ճամփա գնացողի մարտավարությունը, փորձում է ոչ «հեղափոխական-արմատական» ուղիով պատասխանել իր առջև ծառացած մարտահրավերներին՝ զուտ իրեն հայտնի ձևերով, որոնց մասին նույնիսկ ակնարկներ չի ցանկանում անել: Ինչը, իհարկե, քաղբանտարկյալների մասով խիստ անընդունելի է, սակայն մնացած բաղկացուցիչների մասով բավականին կոմպրոմիսային է:
Այդ մարտահրավերներն էին թերևս պատճառը, որ ողջ ասուլիսի ընթացքում Ս. Սարգսյանը խոսեց կիսատողերով: Մանավանդ, երբ հարցը վերաբերում էր Տեր-Պետրոսյանին և ընդդիմությանը. այս մասին ներքևում, այժմ՝ բացահայտի մասին:
Միակ բացահայտը, որի մասին խոսեց Ս. Սարգսյանը, այսպես ասած՝ «թերջանյան երրորդությունն էր». հիշենք՝ Թերջան հյուրանոցում որոշ քաղաքական ուժեր փորձում են երրորդ «ճակատ» ստեղծել, որը կծածկի ընդդիմության դաշտը: Սերժ Սարգսյանը ողջունեց և հաջողություն մաղթեց այդ գործընթացին, ասաց՝ դրական երևույթ է, որ պայմանավորում է կուսակցությունների մեծացում, կոնսոլիդացում: ՈՒրիշ ինչ ասեր իր (քաղաքագիտական լեքսիկոնով ձևակերպած) «հաճախորդներին», որ մինչ այդ պահը (սա ոզնուն էլ է հայտնի) «հաճախում» են Քոչարյանին, սակայն հիշյալ ասուլիսից հետո հաստատապես այլևս «կհաճախեն» Ս. Սարգսյանին:
«Հաճախորդների» թեման ավարտենք և տեսնենք, թե ինչ մեսիջներ էր հղում Սերժ Սարգսյանը երեկ ընդդիմությանը:
Ինչպես միշտ, անուշադրության չմատնվեց ՕԵԿ-ը. առաջինը հենց նրան հիշեց Սերժ Սարգսյանը՝ ասելով. «Իշխանությունն իրեն վստահ է զգում և կարող է լուծել բարդագույն խնդիրներ, իմ կողքին են ուժեղ կուսակցություններ. ՕԵԿ-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»: Բացարձակ չենք կասկածում, որովհետև ուղիղ մեկ տարի առաջ «նույնի» մասին ասվել էր, որ երբ վերջինս կարևոր մարդու բարևում է, ձեռները մեկ-երկու ամիս չի լվանում, իսկ Սերժ Սարգսյանից կարևոր այսօր իշխանությունում՝ չիք: Շոյվեց նաև ԲՀԿ-ն՝ յուր «սկզբունքային հստակ դիրքորոշման» համար (բա ո՞նց. Ծառուկյանը, ասում են, վաղուց մոռացել է Քոչարյանին, պաղ ջուր ածել նրա վրա, «սեր է անում» նոր կոալիցիայում. համ էլ չար լեզուներն ասում են՝ Դիմա Երմոլովին սպանելու համար դատապարտված Ծառուկյանի թիկնապահի գործը, որն ազատ էր արձակվել արտակարգ դրության ժամանակ, ռուսական կողմը վերաքննիչում բողոքարկում է. հիշենք, որ նախորդ տարի ընդամենը Ծառուկյանի տարածք մտած ռուսական զինվորականների ավտոմեքենայի այդ ուղևորն սպանվել էր այդ թիկնապահի կողմից. բա հիմա Ծառուկյանն ուրիշ ի՞նչ անի, որ «հետինդուստրիալ» այս հասարակարգում չվերակազմակերպվի, «սկզբունքային դիրքորորոշում հանդես չբերի.- հեղ): Շոյման ենթարկվեց նույնիսկ Գյուլին չսիրող, նրա դեմ ցույցերի պատրաստվող ՀՅԴ-ն. ՀՅԴ-ի մասին ասվեց՝ «կուռ շարքեր ունեցող» (այս մասով տես՝ Մնջոյանի նույնքան «կուռ» նամակները՝ ուղղված ՀՅԴ-ին): էլ չենք ասում ՀՀԿ-ի շոյումները, որն «ամենամեծ ֆրակցիան է պառլամենտում», հետո բոլորն ամփոփվեցին մեկ ֆրազով. «Ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել»:
Ոչինչ, մանավանդ որ ՀՀԿ-ից՝ լրագրողների շարքերի ամենավերջում նստել էր անձամբ ինքը՝ Հովհաննես Ա-ն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը, որպես ՀՀԿ «ազդեցիկության» խորհրդանիշ:
Մի պստիկ էլ տարածաշրջանային մեսիջների մասին ու անցնենք ընդդիմությանը:
Ոնց երևում էր՝ ծանր էր Սերժ Սարգսյանի սրտում՝ Ամերիկայի հաշվով, որն այդպես էլ մի շնորհավորական «բացիկ» չուղարկեց նրան: Նախորդ օրը մենք հեռաձայնել էինք ամերիկյան դեսպանատուն՝ ստանալու պարոն Փենինգտոնի ու թե հնարավոր է՝ նաև պաշտոնական Վաշինգտոնի վերաբերմունքը՝ Ս. Սարգսյանի հարյուր օրվա առնչությամբ: Հիշենք, որ ԱՄՆ-ը հարյուր օր ժամանակ էր տվել վերջինիս՝ Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումների ուղի վերադարձնելու համար: ԱՄՆ դեսպանատան մամլո աշխատակիցը պատրաստակամություն հայտնեց, սակայն նրանց հեռախոսները երեկ այդպես էլ չպատասխանեցին մեզ (համարյա ինչպես Հայաստանում): Ինչևէ:
Հասանք Ռուսաստանին. երեկվա ասուլիսին մասնակցում էր ORT-ի թղթակիցը. վերջինս հարցրեց ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը երեք խաղացողների (Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան) համար մնացել է այն «դուռը», որով անցնելու դեպքում լոկ հնարավոր է ապահովություն և երաշխիքներ ստանալ: Քոչարյանին առաջ է մղում Վ. Պուտինը: Ընդդիմությանը՝ հիմնականում Մեդվեդևը: Ս. Սարգսյանը դե-ֆակտո խաղում է երկուսի հետ էլ, սակայն ասել, որ նրանց հետ վերջնական պայմանավորվածություններ ունի և այն էլ ռուս-ադրբեջանական «գազային» մերձեցումների ֆոնին, դժվար է։
Այնուհանդերձ, երեկ շատ պարզ կոնտեքստով Ս. Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծեց հայոց նվիրվածությունը Ռուսիո «օրհնված ոտքին», ավելին՝ լավ չհասկացողներին հասկացրեց, որ Հայաստանը ոչ մի տեղ Ռուսաստանի գրկից դենը «գնալ չտե». «Շատ հարցերում մենք Ռուսաստանի հետ ունենք համանման մոտեցումներ, ինչը դրսևորվում է միջազգային կազմակերպությունների խնդրում»:
Դե թող Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին մի գլուխ հայտարարի, թե այս ամառվանից Ադրբեջանը պատրաստվում է սկսել ՆԱՏՕ մտնելու գործընթացը: Մենք՝ չէ, «ընդհանուր» ենք Ռուսաստանի հետ՝ «միջազգային կազմակերպությունների հարցում»:
Հասանք ընդդիմությանը: Այս հաշվով Սերժ Սարգսյանը նախ ասաց, որ այն ամենը, ինչ մտածում է ընդդիմության մասին, հո չի՞ ասելու: Հա, թամամ խոսք երեկ նա հիմնականում կիրառեց Քոչարյանի «մասով»:
Շարունակությամբ էլ ասաց, որ ինքը «նաև այն մարդկանց նախագահն է, ովքեր իրեն իրենց նախագահ չեն համարում». իսկ ընդհանրապես, երկխոսությունները երբեք ուշացած չեն լինում, այլ լինում են շարունակական, ինքն ամբողջ օրը՝ առավոտից երեկո, նստած է իր աշխատասենյակում: Այդ աշխատասենյակից «նայում» է, թե ոնց է ոստիկանությունն իրավիճակային որոշում կայացնում, որով «չի արգելում» ընդդիմության հանրահավաքները:
Մի խոսքով. հրապարակավ մեսիջը Տեր-Պետրոսյանին նույնն էր. արի իմ աշխատասենյակում հանդիպենք… ես նախագահ եմ՝ նաև ձեր նախագահը:
Տեր-Պետրոսյանը կարծես այդ մեսիջին վաղուց է պատասխանել, ասելով, որ կա Սերժ Սարգսյան նախագահ, և նա քաղաքական գործոն է, և ընդդիմությունը պետք է հաշվի նստի այդ գործոնի հետ, ինչպես և ինքը՝ Ս. Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ, որովհետև «իմ հետևում այսքան ժողովուրդ կա»: Ոնց երևում է՝ Ս. Սարգսյանին դա չի բավարարում: Իզուր:
Բայց գուցե ճկուն, խիստ դիվանագետ, անչափ իմաստուն առաջին նախագահը սրա լուծումն էլ գտնի՞ որևէ կերպ:
Հը՞... շատ տրվածից շատ է պահանջվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6891

Մեկնաբանություններ