38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ադրբեջանի ստրատեգիական հետախուզության ստեղծումը

Ադրբեջանի ստրատեգիական հետախուզության ստեղծումը
14.10.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի մահվանից ոչ շատ առաջ նրա վարչակազմում քննարկվեց երկրի ստրատեգիական հետախուզության ստեղծման հարցը։ Ըստ նախագծի, այդ կառույցը կոչված էր իրականացնելու հետախուզական գործողություններ և հատուկ միջոցառումներ՝ կապված երկրի ազգային ստրատեգիական շահերի հետ։ Ամենայն հավանականությամբ, այս հարցը քննարկման առարկա դարձավ 2000-2002 թվականներին, թեպետ չի բացառվում, որ բուն գաղափարն առաջացել էր ավելի վաղ՝ որոշակի արտասահմանյան մասնագետների ազդեցությամբ։ Այդ տարիներին Հեյդար Ալիևը վերանայեց առհասարակ հետախուզական գործունեության հետ կապված նպատակներն ու խնդիրները, սրբագրվեցին այս ոլորտում առաջնահերթությունները և հատկացվեցին լրացուցիչ միջոցներ։ Ադրբեջանի հանգուցյալ ղեկավարը, անկասկած, հասկանում էր, որ երկիրն ունի հետախուզական գործունեության ուժեղացման կարիքը շատ ուղղություններով, սակայն, որպես խորհրդային դպրոցի կադրային չեկիստ, միշտ կողմնակից էր արդեն կայացած կառույցի պահպանման՝ նույն կադրային կազմով, և համարում էր, որ Ադրբեջանն ունի բավարար ռեսուրսներ և հնարավորություններ տարբեր՝ հետախուզական առումով հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար։
Հեյդար Ալիևը միշտ համարել է, որ Ադրբեջանի նման երկրում հետախուզական ծառայությունների առաջնահերթ խնդիրն է պետական ապարատի և երկրի ներքին անվտանգության ապահովումն ընդհանուր առմամբ, ինչից ելնելով էլ արտաքին հարցերը պետք է ենթակայացված լինեն երկրի ներսում իշխանության պահպանմանը։ Նա փորձեց ձևավորել հատուկ ծառայություններ՝ նկատի ունենալով նաև ապագայի խնդիրները, կառավարման հետ կապված պրոբլեմների առաջացումը, երբ իշխանության գլուխ կկանգնի Իլհամ Ալիևը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի անվտանգության մարմինների ներսում կար աննշան դժգոհություն, այդ թվում՝ ռազմական հետախուզության շրջանակում։ Այդ թեման գրեթե երբեք չի դարձել հասարակական քննարկման առարկա։ Սակայն փաստ է, որ երիտասարդ ֆունկցիոներների հայտնվելը նախագահի աշխատակազմում և նրանց ու անվտանգության համակարգի համապատասխան աշխատակիցների միջև ամուր կապերի հաստատումը, ի վերջո, հանգեցրին այն նոր կառույցի ստեղծման գաղափարին, որը պիտի զբաղվեր բոլորովին այլ բնույթի խնդիրներով, որ մինչ այդ իրագործելի չէին համարվում կամ այդ ուղղությամբ պատշաճ ուշադրություն չէր դարձվել։
Այսպիսով, Ադրբեջանի ստրատեգիական հետախուզության կամ այլ մեկնաբանությամբ՝ արտաքին ստրատեգիական հետախուզական ծառայության գաղափարը սերտորեն կապվեց նույն շրջանում նախապատրաստված և ընդունված ազգային անվտանգության հայեցակարգի հետ, ինչպես նաև այնպիսի խնդիրների, որոնք առաջադրեց նոր նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ խնդիրների թվում էին Հայաստանի գլոբալ շրջափակման ապահովումը, իրանական Ադրբեջանի հետ կապված հարցերը, ինչպես նաև ներկայիս Ադրբեջանը Հարավային Կովկասի առաջատար պետության վերածելու ցանկությունը։ Կան նախանշաններ, որ 2007-ի գարնանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության և համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո արդեն Ադրբեջանի նոր նախագահը վերջապես ստորագրեց հրամանագիր՝ ստրատեգիական հետախուզության ստեղծման մասին, որին հանձնվեցին տարբեր կառույցների և գերատեսչությունների մի շարք գործառույթներ։ Ադրբեջանում ստրատեգիական հետախուզությունը ենթարկվում է անմիջականորեն երկրի նախագահին, թեպետ այդ որոշման արդյունավետության կապակցությամբ դեռևս հնչում են առանձին կարծիքներ և գնահատականներ։
Իսկ ընդհանուր առմամբ առկա են հետևյալ առանձին տեղեկություններն այդ նախաձեռնության վերաբերյալ։ Հիշյալ կառույցը տեղավորվում է այն սկզբունքների կամ կանոնների շրջանակում, որոնք ամրագրվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համատեքստում։ Այսինքն, Թուրքիայի համար հիշյալ կառույցի գոյությունն ունի լեգիտիմ և ինստիտուցիոնալ նշանակություն։ ՈՒստի ստրատեգիական հետախուզության կենսագործունեությունն առաջին հերթին ենթադրում է համակարգային համագործակցություն Թուրքիայի հետ։ Ադրբեջանի ազգային անվտանգության հայեցակարգում իբրև ռազմավարական գործընկերներ ամրագրված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իսրայելը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններ, ինչը ենթադրվում է, որ ստրատեգիական հետախուզության կողմից այս պետությունների հետ հնարավոր է համագործակցություն։ Միաժամանակ, բացառությամբ Թուրքիայի, վերոնշյալ բոլոր երկրների հետ հարաբերություններում չի ենթադրվում պայմանագրային հենք՝ ստրատեգիական հետախուզության կառույցի հետ համագործակցության մասին։
Այսօր իրականացվում է ստրատեգիական հետախուզության կադրային կազմի համալրումն Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Մերձավոր և Միջին Արևելքի ինստիտուտի աշխատակիցներից։ Ենթադրվում է, որ կառույցի աշխատանքներին իրենց մասնակցությունը կբերեն մշակույթի և առհասարակ մտավորականության ադրբեջանցի այն գործիչները, ովքեր հիմնավորապես հաստատվել են արտասահմանյան երկրներում, ունեն որոշակի ազդեցություն և ճանաչում։ Առկա է մտադրություն՝ ստրատեգիական հետախուզության գրասենյակներ ձևավորել մասնավորապես Նախիջևանում և Լենքորանում։ Եվ չնայած նախագահի` ստրատեգիական հետախուզություն ստեղծելու մասինհրամանագրին, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում շարունակվում են քննարկումներն այս նախագծի նպատակահարմարության հետ կապված, և այդ համատեքստում հատկապես նկատի է առնվում այն, որ ստրատեգիական հետախուզությունը պետք է ենթակայացվի ազգային անվտանգության նախարարությանը։ Միաժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվի առանձին փակ պայմանագիր՝ հետախուզական հետաքրքրություն ներկայացնող որոշ խնդիրների շուրջ համագործակցության վերաբերյալ, և այդ դեպքում հարց կառաջանա ստրատեգիական հետախուզության տեղի և դերի մասին արևմտյան հանրության, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում։
Միաժամանակ ստրատեգիական հետախուզության ձևավորման հետ զուգահեռ՝ հակասություններ են առաջանում ազգային անվտանգության հայեցակարգի բովանդակության և նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության միջև։ Օրինակ, Վրաստանի հետ կապված խնդիրներն առնչվում են Ադրբեջանի ընդհանուր ազդեցության ապահովմանն այդ երկրի վրա այն դեպքում, երբ, ըստ ազգային անվտանգության հայեցակարգի, Վրաստանը հանդիսանում է ռազմավարական դաշնակից։ Ինչ ձևերով և միջոցներով է պատրաստվում Ադրբեջանի ստրատեգիական հետախուզությունը հատուկ աշխատանքներ ծավալել ԱՄՆ-ի տարածքում ընդդեմ հայկական լոբբիի, պարզ չէ, մանավանդ որ դա չի թույլատրվում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև առկա այսօրվա պայմանագրերով։ Կան հիմնավոր կարծիքներ, որ հազիվ թե Բաքվին հաջողվի ստրատեգիական հետախուզության ոլորտում գործունեություն ծավալել առանց ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի համապատասխան վերահսկողության, որոնք մտադրություն ունեն հետախուզության ասպարեզում Ադրբեջանի ունեցած բոլոր ռեսուրսներն ուղղորդել ռուսական և իրանական ուղղություններով։
Ըստ եղած տվյալների, Ադրբեջանի ստրատեգիական հետախուզության ղեկավարի պաշտոնում կնշանակվի ոչ թե համապատասխան ոլորտի մասնագետ, այլ քաղաքացիական վարչարար, որն ունի քաղաքական, այդ թվում` արտաքին քաղաքական գործունեության փորձ։ Այս կառույցում համակարգողի գործառույթները կարող է ստանձնել այն էթնիկ ադրբեջանցիներից մեկը, որի նախնիները 1930-ականներին տեղափոխվել են Թուրքիա, և որն Ադրբեջանի քաղաքացիություն է ընդունել 1994 թվականին։ Մինչև 2009 թվականը ստրատեգիական հետախուզության կառույցը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի Ադրբեջանի նախագահի արտաբյուջետային ֆոնդերի գումարներով, իսկ հետագայում նախատեսվում է հաստատել բյուջետային ֆինանսավորում։
Ստրատեգիական հետախուզության ստեղծումն Ադրբեջանում շատ կողմերով պայմանավորված է այն խնդիրներով, որոնք առկա են Հայաստանի միջազգային մեկուսացման ծրագիրն իրագործելու համար, և որի հետ կապված՝ Իլհամ Ալիևը մեծ հույսեր ունի։ Այդ ծրագիրն իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրների լուծում՝ կոմունիկացիաների, բանկային գործունեության, քարոզչության և տեղեկատվության ոլորտներում, միջոցառումներ Հայաստանին տնտեսական վնասներ հասցնելու, նրա զարգացումը, արտաքին շուկաներ դուրս գալը կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև պայքար հայկական լոբբիի և առաջատար երկրներում Հայաստանի ու հայերի դիրքերի ուժեղացման դեմ։ Սակայն կան նախանշաններ, որ այդ ծրագրի իրագործումը շատ ավելի բարդ է, քան ի սկզբանե ենթադրում էին Բաքվում։ Կան տեղեկություններ, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանը շրջափակելու և մեկուսացման ենթարկելու ադրբեջանական ղեկավարության էնտուզիազմը նկատելիորեն նվազել է։ Համապատասխան փորձի բացակայության, կոռուպցիայի և այլ խնդիրների առկայության պայմաններում միաժամանակ պարզվեց նաև, որ նման գաղափարների իրագործումը ժամանակակից աշխարհում այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, եթե դա բարձրացվում է պետական հրապարակային քաղաքականության մակարդակի։ Այդ իսկ պատճառով Բաքվում մեծ նշանակություն են տալիս ստրատեգիական հետախուզության ստեղծմանը, համարելով, որ այն կոչված է աշխատելու ոչ միայն տեղեկատվական, այլև հատուկ բնույթի նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ։ Հարկ է նշել, որ որոշ խնդիրներ նրանք կարողանում են լուծել և բավականին հաջողությամբ։
Ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ հայտնվում է տեղեկատվություն վերոնշյալ ծրագրերում Ադրբեջանի ունեցած հաջողությունների մասին, որոնք, բնականաբար, ուղղված են Հայաստանի շահերի դեմ։ Օրինակ, Ադրբեջանը կարողացավ առնվազն որոշ չափով վերահսկողության տակ վերցնել ռուսական «Ռեգնում» հայտնի լրատվական գործակալությունը։ Ադրբեջանական ղեկավարները վաղուց էին ջանքեր գործադրում հիշյալ գործակալությունն ուղղակի գնելու ուղղությամբ, սակայն Մոսկվայի պաշտոնական շրջանակները խափանեցին այդ գործարքի կայացումը՝ նախընտրելով ադրբեջանցիների հետ ձևավորել որոշակի սահմանափակ պայմանավորվածություններ։ 2007-ին այդ գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովն այցելեց Բաքու, և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհթիևի հետ նրա զրույցի ընթացքում ձեռք բերվեցին բավական կարևոր պայմանավորվածություններ՝ համագործակցության վերաբերյալ։ Դա ինքնին նշանակում էր, որ «Ռեգնումը» կատարել է իր առջև դրված խնդիրների մի մասը և անցնում է գործունեության նոր փուլի։ Ներկայումս «Ռեգնում» գործակալությունը զգալի չափով ֆինանսավորվում է ադրբեջանական կողմից։ Չի բացառվում, որ «Ռեգնումի» անդրկովկասյան գլխավոր խմբագրությունը, որ գործում է Երևանում, նույնպես գոյություն ունի Ադրբեջանի ստրատեգիական հետախուզության բյուջեի հաշվին, քանզի «Ռեգնումի» գնման ծրագիրը մշակվել և իրականացվել է հենց այդ կառույցի կողմից։ Նկատի ունենալով, որ «Ռեգնումը» դարձել է Հայաստանում առաջատար լրատվամիջոցներից մեկը, կարելի է ենթադրել, թե ինչ գաղափարներ է համտեսում Հայաստանը, և ինչպիսի ուղղվածություն է ստանում նրա հասարակական կարծիքը, այդ թվում և` ակտիվ քաղաքական դասակարգի տեսակետները։ Անշուշտ, ծրագիրը, որն իրագործում է Ադրբեջանը Հայաստանի «մեկուսացման» և միջազգային առումով նրա «շրջափակման» ուղղությամբ, արժանի է ավելի մանրամասն ուսումնասիրման, որն արդեն ապագա հոդվածների խնդիր է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5027

Մեկնաբանություններ