ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ալեքսանդր Մանթաշյանցն ու Հովհաննես Թումանյանը

Ալեքսանդր Մանթաշյանցն ու Հովհաննես Թումանյանը
19.02.2022 | 10:12

Ներքո հրապարակումը հատված է Ալ․ Մանթաշյանցի երկարամյա մերձավորագույն աշխատակից, պատմաբան, հրապարակախոս, բանասեր Առաքել Սարուխանի «Աղեքսանդր Մանթաշեանց մեծ վաճառականն եւ բարեգործը։ Յիշողութիւններ իր մահուան 20ամեակի առթիւ» (Վիեննա, 1931 թ.) հուշագրությունից։

Մանթաշեանցն առհասարակ քիչ էր ճանաչում հայ հեղինակներին և չէր հետաքրքրւում նրանց գրածներով, ի բաց առեալ երբ նրա մերձաւորներից մէկն ու մէկը նրա յատուկ ուշադրութիւնն էր հրաւիրում այս կամ այն գրողի կամ գրուածքի վրայ։
Մի օր Թիֆլիսում տունս եկավ մեր ժողովրդական բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, որի հետ լաւ ծանօթ էի, բայց, ինչպէս ասում են, գնալ-գալ չունէինք։
Թումանեան մեծ ընտանիքի տէր էր․ 10 զաւակ ունէր, որոնք պէտք ունէին կրթուելու, իսկ իր նիւթական միջոցները բաւական համեստ էին։ Խրիմեան գնահատում էր Թումանեանին և կամեցել էր նրան անձամբ տեսնել։ Այս հրաւէրն ընդունելով Թումանեան առնում է, ինչպէս ինքը պատմում էր, «մի քանի զոյգ զաւակ» և ներկայանում է կաթողիկոսին։ Հայրիկ երբ լսում է թէ նա 10 զաւակ ունէր, իր սովորական կատակաբանութեամբ ասում է նրան․ «Ադ ի՞նչ է, դուն զաւակ ունենալը բանաստեղծութիւ՞ն գրել գիտցար»։


Թումանեան յայտնելով իր կարօտ վիճակը, խնդրում էր իմ միջնորդութիւնը, որ Մանթաշեանց նրան օժանդակէ ի՛նչ ձևով որ ինք հնարաւոր կը համարի։
Մանթաշեանց Թումանեանին չէր ճանաչում։ Երբ ես յայտնեցի Թումանեանի խնդիրքը, նա ի սկզբան անտարբեր վերաբերմունք ցոյց տուաւ։ Բայց ես ուժեղ զէնք ունէի նրան համոզելու։ Ես նրան ասի թէ Յովհ․ Թումանեան Սայեաթ-Նովայի յաջորդն ու շարունակողն է։ Մանթաշեանց մնաց հիացած։ Սայեաթ-Նովան՝ այդ մեծ ժողովրդական երգիչը, նրա ամէնից սիրելի հեղինակն էր։ Ես շատ անգամ եմ տեսել, որ Մանթաշեանց ազատ ժամանակ իր առանձնասենեակում մինակ նստած կամ բարձի վրայ ընկողմանած, եռանդով կարդում էր Սայեաթ-Նովայի հեղինակութիւնը։ Նա այնքան սիրում էր, որ Սայեաթ-Նովայի հայերէն ու վրացերէն տաղերից շատերը բերանացի գետէր և յարմար առթիւ արտասանում էր։ Արդ, երբ լսեց թէ Թումանեան իր սիրած բանաստեղծի հետևողն է, իսկոյն ընդունեց նրան և օգնեց։ Բայց երբ իմացաւ թէ Թումանեան դաշնակցական էր, խստիւ պատուիրեց որ ոչ ոք չիմանայ թէ ինք նպաստում է նրան։ Մանթաշեանց մեծապէս զգուշանում էր որևէ հայ յեղափոխականի հետ յարաբերութիւն ունենալուց, այսինքն ոչ թէ չէր ուզում նրան տեսնել կամ նրան օգնել, այլ զգուշանում էր, որ դուրսը չիմացուի։


Պատրաստեց Խաչատուր Դադայանը

Դիտվել է՝ 35132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ