38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որտե՞ղ է տրամաբանությունը` արդարության հետ միասին

Որտե՞ղ է տրամաբանությունը` արդարության հետ միասին
21.05.2019 | 04:24

Քաղաքական անհասկանալի իրավիճակ է Հայաստանում. խոսքը արտաքին քաղաքականության մասին է:
Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, հետո պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չի կատարի, առողջ դատողություն ունեցող մարդիկ հասկացան` գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում…
ՀԱՊԿ-ը մնաց իր տեղում, սակայն մենք չմնացինք ՀԱՊԿ-ում ունեցած մեր տեղում։ Ինչևէ, թվում էր` հավասարակշռվում են ՀՀ արտաքին քաղաքականության նժարները: Սակայն արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում տվյալ երկրի հարևան և դաշնակից պետությունների հետ ունեցած դիվանագիտական, առևտրատնտեսական, գիտական, մշակութային և այլ հարաբերություններով, մանավանդ, եթե երկիրը պատերազմի մեջ է, և տարածքային երկուստեք պահանջներ կան:


Ընդհանրապես տարածքային խնդրի լուծման հիմքում, կարծում եմ` պետք է գործի պատմական արդարության գաղափարը, չեմ ասում սկզբունքը, քանի որ շատ արդար գաղափարներ վաղուց դուրս են մնացել քաղաքական սկզբունքների բանաձևումից: Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես Արցախի և Նախիջևանի տարածքային պատկանելությանն առնչվող քաղաքական սկզբունքների հիմքում մենք պիտի հաստատեինք պատմական և քաղաքական արդարության գաղափարը:
Պատմականորեն այս տարածքները հազարամյակներով պատկանել են հայերիս, որտեղ մենք ապրել ու մշակութային արժեքներ ենք ստեղծել: 1921-ին Թուրքիայի ճնշմամբ (իսկ ես կարծում եմ` նաև Ռուսաստանում ներքին որոշ ուժերի դրդմամբ), ՌՍՖՍՀ բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն` Ստալինի գլխավորությամբ, Արցախը` Լեռնային ու Դաշտային հատվածներով, և Նախիջևանը հանձնեց, ավելի ճիշտ` Թուրքիայի հետ կայացրած քաղաքական գործարքով նվիրեց Սովետական Ադրբեջանի հանրապետությանը: Ըստ էության, Սովետական Ռուսաստանը իրավասու չէր կամայական որևէ երկրի, տվյալ դեպքում Ադրբեջանին բռնակցելու երրորդ պետության` Արցախի` Դաշտային և Լեռնային, և Նախիջևանի հայաստանապատկան տարածքները: Նույն կերպ Կարսի մարզն իր հարակից շրջաններով միջազգայնորեն չճանաչված երկու երկրների` Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքված ապօրինի պայմանագրով հանձնվեց Թուրքիային:


Քաղաքական տեղեկանք. «1991 թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հռչակեց Ադրբեջանական Հանրապետության` 1918-1920 թթ. անկախության վերականգնման մասին ակտը: Խորհրդարանի այդ նիստին ԼՂԻՄ-ը մասնակցություն չունեցավ: Ադրբեջանը, անկախության իր հռչակագրում Ադրբեջանական ԽՍՀ ստեղծումը համարելով ագրեսիա, անեքսիա և զավթում, անվավեր ճանաչեց նախկին բոլոր որոշումներն ու իրավական ակտերը, ներառյալ՝ Ադրբեջանի իրավական իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Դա նշանակում էր, որ Բաքուն վերջնականապես կորցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Նախիջևանի հանդեպ իր բոլոր իրավունքները: Ինչ վերաբերում է 1918-1920 թթ., ապա այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը Ադրբեջանական Հանրապետության մաս չէին»:


Հիմա բնական և տրամաբանական հարց` եթե այս տարածքները չեն եղել այն հանրապետության տարածքում, որի պաշտոնական իրավահաջորդն է ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը, ապա քաղաքական ի՞նչ հավակնություններ ունի այդ պետությունը մեր տարածքների հանդեպ, եթե ոչ` զավթողական: Այս հարցի շուրջ բազմիցս խոսել են մեր հայտնի քաղաքագետները: Սակայն 1991 թվականից, երբ «ձևակերպեցին» հակամարտությունը` «տարածքային վեճ» բնորոշմամբ, ահա այդ ժամանակից այն վերածվեց ռազմական բախումների, ապա քառամյա պատերազմ և 25-ամյա` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակի, երբ զոհվում են երիտասարդ հայ զինվորները և խաղաղ բնակիչները։
Արցախյան հակամարտության այս շինծու լարվածությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին զենք վաճառող պետություններին: Անգամ Ադրբեջանին մեծ հաշվով այս պատերազմական տևական վիճակը ձեռնտու չէ, որովհետև երկրի ներսում հասունանում է բնիկ ժողովուրդների դժգոհությունը, քանի որ առաջնագծում հիմնականում նրանց զավակներն են կռվում և զոհվում: Եվ նրանք իրենց համայնքների անունից քանիցս հայտարարել են, որ ղարաբաղյան պատերազմը հայերի դեմ իրենց պատերազմը չէ։ Ասել է` որևէ երկրի ռազմավարական դաշնակիցը իրավունք չպետք է ունենա զենք վաճառելու իր դաշնակից պետության թշնամի պետությանը, մանավանդ որ նրանք պատերազմի մեջ են: Եթե խնդրին մոտենանք ոչ թե բարոյական, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից, հակամարտության միջնորդ կողմերն իրավունք չունեն զենք վաճառելու կողմերից և ոչ մեկին։ Բայց այդ նորմը խախտվել է և խախտվում է առայսօր: Խոսքս Ռուսաստանի` Ադրբեջանին հարձակողական և առհասարակ զենք վաճառելու մասին է: Ի դեպ, երբ որոշ քաղաքագետներ և նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ անվճար փաստաբանի պարտականություն էին ստանձնում` արդարացնելով Ռուսաստանին, թե` դա «բիզնես է»:


Ո՛չ, դա բիզնես չէ: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեր սարքավորումներ, լվացքի փոշի, դեղորայք, ցորեն կամ կարտոֆիլ, դա իսկապես կլիներ բիզնես: Սակայն եթե միջնորդ երկրներից մեկը հակամարտող, իրականում` պատերազմող կողմերին զենք է վաճառում, ապա դա բիզնես չէ, այլ պատերազմը մշտապես թեժ պահելու նպատակ, ինչն էլ շուրջ 30 տարի հաջողվում է նրանց։
Հիմա դառնանք «պատմական արդարության» գաղափարին, որը, ցավոք, քաղաքական սկզբունք չի դառնում: Արցախը Հայաստանի տարածք է եղել անհիշելի ժամանակներից։ Իսկ ընդամենը 100 տարի առաջ այն եղել է Հայաստանի առաջին հանրապետության անբաժանելի և միջազգայնորեն` Ազգերի լիգայի կողմից ճանաչված տարածք, ինչն ամրագրված է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի «Իրավարար» վճռով: Այստեղից հետևություն. պատերազմական գործողությունների պատճառով Արցախի տարածքների մի մասի ազատագրվելուց հետո, այն բնականաբար պետք է միանար Հայաստանի այսօրվա հանրապետությանը, մանավանդ որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ և ԼՂԻՄ-ի Գերագույն խորհուրդների երկուստեք միաժամանակյա որոշումներով այն վերամիավորվել է Հայաստանին: Հայաստանի առաջին հանրապետության ըստ Իրավարար վճռի գծված քարտեզի` Ադրբեջանն է, որ խորհրդային տարիներին բռնակցված Դաշտային Արցախը և Նախիջևանը հայահալած քաղաքականությամբ հայաթափեց տասնամյակների ընթացքում` դեռևս պատերազմական ընդհարումներից առաջ: Հայկական կողմը երբեք միջազգային իրավունքի սեղանին չի դնում այս փաստը և սույն իրավական փաստաթուղթը` Իրավարար վճիռը, ինչն ավելի քան տարօրինակ է: Ինչու՞. չէ՞ որ բավարար հիմքեր կան հակամարտությունը դադարեցնելու հօգուտ Հայաստանի և Արցախի: Սակայն արդարության սկզբունքը քաղաքականության և պատերազմների տրամաբանության մեջ տեղ չունի: Եթե արդարության սկզբունքը քաղաքականության մեջ տեղ չունի, այդ դեպքում մեր պարագայում նույնպես պետք է ուժի մեջ մտնի պատերազմների հազարամյա գործող-չգրված օրենքը` պատերազմի ժամանակ գրաված տարածքները մնում են հաղթող կողմին, և այդ տարածքները պատմական տերերին վերադարձնելու շուրջ բանակցություններ կամ չեն լինում, կամ այդ բանակցությունների ձգտումը լինում է միակողմանի և անարդյունք: Փաստերը քիչ չեն, բայց ես կանդրադառնամ միայն մեկ-երկուսին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ը, որպես հաղթող կողմ, բացի ահռելի նյութական ռազմավարից, Միությանը, տվյալ դեպքում` Ռուսաստանին, միացրեց գերմանական Քյոնիգսբերգը (Կալինիգրադի մարզը) և վերադիր` Գերմանիայի մի հատվածը «սովետականացվեց», այսինքն` նույնպես բռնակցվեց հաղթող երկրին: Սոցիալիստական Գերմանիան շուրջ 50 տարի կտրված էր իր հայրենիքից ու ժողովրդից` գաղափարապես և տնտեսապես, մինչև երկու Գերմանիաների վերամիավորումն ու Բեռլինի պատի քանդելը, այսինքն` արդարության գաղափարի վերականգնումը: Քյոնիգսբերգ-Կալինինգրադի` Գերմանիային վերադարձնելու վերաբերյալ 75 տարի Գերմանիան ոչ մի պահանջ չի ներկայացրել Ռուսաստանին. տարածքը մնացել է պատերազմում հաղթողին: Նույնը կարող ենք ասել Ղրիմի պարագայում: Հիշյալ թերակղզին Ռուսաստանը նվաճել է թուրքերից, թուրքերը` հույներից: Համաձայն 230 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված համաձայնագրի` ռուսական բանակի հաղթանակից հետո թերակղզին Օսմանյան կայսրության կազմից անցնում է Ռուսական կայսրությանը: Փաստաթուղթը ստորագրել է Եկատերինա կայսրուհին:


Ինչու՞ եմ այսքան մանրամասն անդրադառնում հիշյալ պատմական իրադարձություններին: Որովհետև ուզում եմ զուգահեռներ անցկացնել ազատագրված Արցախի և Ղրիմի միջև: Ղրիմը Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կոմկուսի առաջին քարտուղար Խրուշչովը կամայականորեն հանձնեց, ավելի ճիշտ` նվիրեց ՈՒկրաինային, որը, ինչպես և Ադրբեջանը, երբևէ պետականություն չի ունեցել, և Ղրիմը նրա համար քաղաքական մեծ նվեր էր` ելք դեպի ծով: Ղրիմը սովետական ՈՒկրաինայի վարչական ենթակայության տակ էր մինչև 2014 թվականը։ Երբ ՈՒկրաինայում քաղաքական լարվածություն ստեղծվեց, Ռուսաստանն արագ կողմնորոշվեց. մի գիշերում մտավ Ղրիմ և թերակղզին հայտարարեց Ռուսաստանի անբաժանելի մաս` հիմնվելով 230 տարի առաջ կնքված համաձայնագրի վրա` չեղարկելով, ավելի ճիշտ` անօրինական համարելով խրուշչովյան նվիրատվությունը: Ապա անցկացվեց հանրաքվե (ինչպես անցկացվել էր ժամանակին Լեռնային Ղարաբաղում), որով օրինականացվեց Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:
Նույնպիսի քաղաքական կամայականության են ենթարկվել Հայաստանի անբաժանելի պատմական տարածքներ Արցախը` Լեռնային ու Դաշտային հատվածներով, և Նախիջևանը` 1921 թ. Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից` Ստալինի գլխավորությամբ, Ադրբեջանին բռնակցվելով: Սա ընդհանրությունն է, սակայն տարբերությունը Ղարաբաղի` Ադրբեջանի վարչական ենթակայությունից դուրս գալու հարցում դաժանորեն դժվար է եղել, իսկ Նախիջևանի կարգավիճակի փոփոխման` Հայաստանին վերադարձվելու մասին խոսք անգամ չի եղել:


Արդեն երեսուն տարի է` այս պարզ հարցը դրսի ինչ-ինչ ուժերի ուղղորդմամբ անկախության առաջին տարիներից ՀՀ առաջին նախագահի թուլության պատճառով վերածվել է հիմնախնդրի, ես կասեի` թնջուկի: Ղրիմի հարցում Ռուսաստանի նախագահ Պուտինը պաշտոնապես հայտարարեց. «Հարցը պատմականորեն փակված է: Ոչ մի վերադարձ լինել չի կարող»: Մեր քաղաքական գործիչները և քաղաքագետները, եթե ոչ ուղիղ, ապա գոնե լրատվամիջոցների օգնությամբ պետք է հարցն ուղղեին ՌԴ նախագահին կարո՞ղ է արդյոք պարոն Պուտինը բացատրել` այդ ինչու՞ Արցախի հարցում երրորդ կողմերը Հայաստանին ստիպում-պարտադրում են Ադրբեջանին հանձնել մեր ազատագրված պատմական տարածքները, մինչդեռ Ղրիմի պարագայում` ոչ մի վերադարձ լինել չի կարող…
Ցավոք, երկակի ստանդարտները քաղաքականության մեջ ավելի շատ եղանակ են ստեղծում, քան իսկական դիվանագիտությունը: Օրինակ, վերջերս ԱՄՆ նախագահ Թրամփը, առանց որևէ քաղաքական և պատմական տրամաբանության, Գոլանի բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի տարածք: Ըստ էության, այդ տրամաբանությամբ ղեկավարվող Թրամփը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահ, պետք է որ գոնե ճանաչեր Արցախի անկախությունը Ադրբեջանից, որի կազմի մեջ այն երբեք չի եղել: Հակառակ պարագայում հայերիս մոտ արդարացի հարց է ծագում. ինչու՞ Գոլանի բարձունքը, որ Իսրայելը զավթել է Սիրիայից, մնում է նրան` որպես պատերազմի հետևանքով գրավյալ տարածք, իսկ մեր ազատագրած պատմական հողերը չեն ճանաչվում:
Որտե՞ղ է տրամաբանությունը` արդարության հետ միասին:


Կամ էլ, եթե Արցախի հարցում հաշվի չի առնվում պատմական արդարությունը, ուրեմն պետք է գործի համընդհանուր ընդունված պատերազմական «օրենքը»` գրավյալ տարածքը մնում է հաղթող երկրին, ինչպես որ մնաց Ղրիմը` թուրքերից գրավելուց հետո, Քյոնիգսբերգը` Գերմանիայից Ռուսաստանին, Կուրիլյան կղզիները` Ճապոնիային հաղթելուց հետո։
Ահա այս սկզբունքը պետք է դրվեր արցախյան հակամարտության կարգավորման ակունքներում` 90-ականների սկզբներին: Թերևս հիմա էլ ուշ չէ Մինսկի խմբի համանախագահների սեղանին դնելը հենց այս պատմական անժխտելի իրողությունը և հարցը փակված համարելու: Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես ավելի է խճճում թնջուկը։
Իլհամ Ալիևը պաշտոնապես Երևանը և Հայաստանի ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանցի ժողովրդի (պատմականորեն գոյություն չունեցող մի ժողովրդի) պատմական հայրենիքը և կոչ է անում ամեն գնով ազատագրել իրենց «հայրենիքի» այդ հատվածը հայերիս բռնազավթումից: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ալիևը կիրթ, ուսյալ մարդ է, թե իրենք շփվում են, կարծիքներ փոխանակում և այլն, և այլն։ ՈՒ նաև` բանակցելու են։ Բնական հարց` անպատկառ նման հայտարարությունից հետո ինչի՞ շուրջ է ընթանալու բանակցությունը, որ վերջինս մտքափոխ լինի և մեծահոգաբար ՀՀ տարածքը իրենց «հայրենիքի» մաս չհամարի՞։ ՈՒ այսքանից հետո պարոն վարչապետը մեզ խաղաղության կոչ է անում, մինչդեռ հակառակորդ կողմը պատրաստվում է պատերազմի և պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարում, թե պատերազմը Հայաստանի դեմ կարող է սկսվել ցանկացած պահի։ Մի՞թե սա պատերազմի սանձազերծման կոչ չէ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից։ Այսքանից հետո, դեռ ավելին, Իլհամ Ալիևը հիշեցնում է մեզ 1975 թ. Հելսինկիի վեհաժողովի սկզբունքները` տարածքային ամբողջականության մասին: Իսկ ի՞նչ է գրված այդ վեհաժողովի սկզբունքներում:


Հելսինկիի վեհաժողովի եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքը հռչակում է. «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդների իրավունքն է` լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և ըստ նրանց հայեցողության` հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացմանը»։
Չմոռանանք, որ այս սկզբունքները հաջողությամբ կիրառվել են անցյալ դարի 60-70 թթ., երբ ընթանում էր գաղութային կայսրությունների փլուզումը, ինչի շնորհիվ ստեղծվեցին աֆրիկյան ժողովուրդների անկախ պետություններ: Որոշ քաղաքագետներ ազգերի ինքորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքները հակասական են դիտում: Մինչդեռ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը հաստատում է. «Մասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»:
Ակնհայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգը և Ազգերի լիգայի դաշնաթուղթը դատապարտում են լոկ ուժի կիրառումը պետության տարածքային ամբողջականության դեմ, այլ ոչ թե անվերապահորեն հանդես են գալիս տարածքային ամբողջականության բացարձակ պահպանման օգտին: (Արա Պապյան, Ինքնորոշում և տարածքային ամբողջականության սկզբունքները միջազգային իրավունքում (Լեռնային Ղարաբաղի օրինակը), «21-րդ դար», թիվ 4/32/, 2010 թ.):
Ահա այս սկզբունքներին պիտի հետամուտ լինենք` հայերս և մեր երկրի ղեկավարը, որին դարձյալ կարծես թե շեղում են հայանպաստ և արցախահայաստանանպաստ վեկտորից…


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 23840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ