Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Միջոցառման զարդը միանշանակ դարձավ ԱԺ նախագահն իր շշմեցնող ուղերձով

Միջոցառման զարդը միանշանակ դարձավ ԱԺ նախագահն իր շշմեցնող ուղերձով
16.06.2009 | 00:00

7 ՕՐ ԵՎ ՄՆԱՑԱԾ ԿՅԱՆՔԸ
Աստծո անցած յոթ օրերը Հայաստանում անձրևոտ ու քամոտ էին, թեպետ պաշտոնական ու օրացուցային ամռանը հարիր է արևը, բայց բնության հետ պաշտոնական ու օրացուցային լեզվով չես խոսի:
Հունիսի 11-ին քաղաքապետարանում հանդիսավոր օր էր` Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր այլ խորհրդանիշներ չէին գտնվել, նորընտիր քաղաքապետն աջը դրել էր «Երևանի մասին օրենքին»: Թեպետ օրվա խորհուրդը զոհողություններ էր պահանջում, և հնարավոր էր Էրեբունու հիմնադրման հայտնի սեպագիրը բերել: Վլադիմիր Մսրյանից ու Մարտին Վարդազարյանից ստանալով իշխանության հայտանիշ ոսկեշղթան` Գագիկ Բեգլարյանը խոստացավ իբրև քաղաքապետ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, ավագանու որոշումները, ծառայել Երևանի բարգավաճմանը և այլն, և այլն... ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով քաղաքապետին և ավագանու անդամներին, մաղթեց չհիասթափեցնել աջակիցներին` «առաջին հերթին մեզ»: Հետո նախագահը երեք կարևոր ամփոփումներ ներկայացրեց` «Առաջին` մենք կարող ենք և այսուհետ պետք է կազմակերպենք լավ ընտրություններ, որտեղ արատավոր երևույթները հաջորդաբար արմատախիլ կարվեն, որտեղ քաղաքական ուժերը կկարողանան մղել քաղաքակիրթ պայքար»: «Երկրորդ` ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ որևէ ոտնձգություն, որևէ խախտում ու անօրինականություն անպատասխան ու անարձագանք չի մնալու»: «Երրորդ` մենք կկարողանանք հաջողություններ արձանագրել այն ժամանակ, երբ նպատակաուղղենք Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմամբ ու ամրապնդմամբ հետաքրքրված բոլոր ուժերի ջանքերը, եթե ունենանք հստակ նպատակ ու խոսենք միևնույն` համագործակցության ու փոխըմբռնման լեզվով»: Նրա խոսքից նաև պարզվեց, որ փոփոխված Սահմանադրության պայմաններում իր պատկերացրած քաղաքապետը պետք է լինի առաջնորդ, ով պատասխանատու է հաջողությունների և ձախողումների համար, ով խոստովանում է, որ ղեկավարել` նշանակում է ծառայել, ով առօրյա գործունեությամբ ապացուցում է իր յուրաքանչյուր խոսքը և կատարում յուրաքանչյուր խոստում, ով Երևանի ամենօրյա կյանքի վրա ազդում է իր հեղինակությամբ և սեփական օրինակով, ով խոսում է ժողովրդի հետ, ով ժողովրդի մեջ է և ամբողջ սրտով ու հոգով սիրում է Երևանի բնակչին: Երբ այս պոեզիան ավարտվեց, Սերժ Սարգսյանը պրոզայիկ բացատրեց` ինչ է դա նշանակում. օրինակ, պարտադիր է զբոսանքը շենքերի բակերում հավաքված պապիկների հետ` «ինչն ինչոց է» իմանալու համար: Նախագահը խոսեց նաև Երևանի խնդիրների մասին. մասնավորապես վերջին մի քանի ամիսներին իրեն թույլ տալով երեկոյան ուշ ժամերին մեքենայով շրջել Երևանում, նախագահը համոզվել է, որ վարորդների վերաբերմունքը երթևեկության կանոնների նկատմամբ էապես փոխվել է, բայց հետիոտների վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել: Նույնիսկ հետիոտնը փողոցն անցնում է ամենաերթևեկելի, ամենաբանուկ մասով, մեղադրելով վարորդին` «ինչո±ւ ես երթևեկելի մասով մեքենադ վարում»: Հետաքրքիր է` ո±ր փողոցներով է իրեն մեքենայով զբոսանք թույլ տալիս նախագահը և ինչո±ւ մեքենայից չի իջնում£ Եթե իջներ, հաստատ կնկատեր, որ նույնիսկ կենտրոնական փողոցներում, ուր մնաց արվարձաններում, հստակ նշված չեն կանգառները, իսկ եթե հատուկենտ նշված են, կանգառներում շարված մեքենաները հնարավորություն չեն տալիս ո°չ ուղևորներին, ո°չ հասարակական տրանսպորտին` մոտենալ այդ կանգառին: ՈՒ սկսվում է երթևեկելի մասում մի այնպիսի կարուսել, որ միայն ընտրատեղամասերում է հնարավոր գերազանցել: Բայց դա հեչ, կարևորը` «Երևանը սիրող մարդիկ չեն կարող վնասել քաղաքին, Երևանը սիրող մարդիկ միայն սեր են տալու մայրաքաղաքին, իսկ սիրո արդյունքում միշտ միայն բարին է ծնվում»: Եթե Ռոբերտ Քոչարյանը Երևանի մասին ասում էր` փողի վրա նստած փող մի ուզեք, Սերժ Սարգսյանն ուղղակի հիացնում է սիրո իր փիլիսոփայությամբ: Առաջընթաց է:
Բրազիլացի զինծառայողները Ատլանտյան օվկիանոսում գտան ֆրանսիական Ա-330 օդանավի կործանման վայրը` Ռեսիֆի քաղաքից 1,3 հազար կիլոմետրի վրա: 220 ուղևորներից միայն 50 դիակ է գտնվել, 20 օրից անիմաստ կլինի սև արկղերը գտնելը: Փարիզում չվերթից ուշացած իտալացի ամուսինները, փրկվելով օդային աղետից, հասկանալի պատճառներով որոշել են տուն վերադառնալ ցամաքով: Իտալիայի սահմանի մոտ մեքենան վթարվել է, կինը մահացել է տեղում, ամուսինը հիվանդանոցում է ծանր վիճակում: Գուցե իրոք կա ճակատագիր, որից հնարավոր չէ խուսափել:
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է խորհրդակցությունների անխոնջ հրավերը` այս շաբաթ նա նորից է հավաստել, որ «թե ՀԱԿ-ը, թե ՀՅԴ-ն կայացած ուժեր են և արժե, որ հաղթահարեն իրենց փոքրիկ դրոշակների պահն ու ստեղծեն ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»: Թե փոքրիկ դրոշակներն ինչով են խանգարում լայն ավանդույթին, գուցե երբեք էլ չպարզվի: Պատճառը` ընդդիմադիր լինելն է ՀԱԿ-ի դեպքում, չլինելը` ՀՅԴ-ի: Որ ՀՅԴ-ն, ինչպես էլ ինքն իրեն որակի ու իր լավագույն մտադրությունները ձևակերպի, ընդդիմադիր չէ, ակնհայտ է: Ապացույցը «Երկիր-մեդիան», հարկային օրինականության որոնումների բացակայությունը ՀՅԴ-ական գործարարների ձեռնարկություններում, և վերջապես` ո±րն է իմաստը: ՀՅԴ-ն դեռ այնքան ժամանակ կմնա «ազգային» ընդդիմություն, ինչքան Ռոբերտ Քոչարյանը չի որոշել` ուրիշ ի±նչ է ուզում այս կյանքից: Հենց որոշեց, պարզ կդառնա` ՀՅԴ-ի ո±ր մասը և ո±ւմ է ընդդիմադիր, ո±ւմ հետ է և ինչո±ւ դաշնակից: ՈՒ գուցե այդ դաշտում «լայն ավանդույթ» ձևավորվում է բնավ էլ ոչ թե ՀԱԿ-ի, այլ ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ: Նույնիսկ եթե մինչև տարեվերջ Րաֆֆի Հովհաննիսյանն օրը մեջ հայտարարություն անի, արձագանքը լինելու է դիվանագիտական` ոչ ոք ոչինչ չի մերժելու, ոչ ոք ոչինչ չի անելու:
Գավառն ընդդեմ մայրաքաղաքի, կամ` մի երկրի երկու թեկնածուները. այսպես կարելի է անվանել այն, ինչ կատարվեց հարևան Իրանում հունիսի 12-ին` նախագահական ընտրությունների ժամանակ: Նախնական տվյալներով գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաղթել է քվեների 68,8 տոկոսով: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նրան աջակցելու կոչ է արել հայրենակիցներին. «Ընտրողների 80 տոկոսի մասնակցությունը և 24 միլիոն քվեները, որ տրվել են ընտրված նախագահին, իսկական տոն է, որ ապահովելու է մեր երկրի առաջընթացը, ազգային անվտանգությունը և երկարատև երջանկությունը», բայց ոչ բոլոր ընտրողները նրան հասկացան... Նախկին վարչապետ Միր-Հուսեյն Մուսավիին ձայն է տվել ընտրողների 33,7 տոկոսը, և նրանց մեծամասնությունը մայրաքաղաքի բնակիչներ են, ովքեր դուրս են եկել փողոց` պաշտպանելու իրենց թեկնածուին, որը «բազմաթիվ ակնհայտ խախտումներ» է արձանագրել և չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Քվեների 2 տոկոսն ստացած Մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին նույնպես ոչ լեգիտիմ ու անընդունելի է հայտարարել ընտրությունները: Ի պատասխան բողոքի ցույցերի` ոստիկանությունն արգելել է ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելը` առանց համապատասխան թույլտվության:
Խաղատներ Երևանում չեն լինի: 2013 թվականից: Կամ կլինեն, եթե խաղատան տերն իր հաստատությունում 100 միլիոն դոլարից ավելի ներդրում անի: «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարությունը կներկայացնի ԱԺ: Նախագծով Ծաղկաձորը, Սևանը, Ջերմուկը 2013 թվականից հետո կդառնան տեղական նշանակության Լաս Վեգաս, Մոնտե Կառլո ու Նիցցա. նախատեսված է զբոսաշրջային տարածքներում ստեղծել խաղատների և խաղասրահների համախմբված և զարգացած կենտրոններ, զարգացնել հյուրանոցային բիզնեսը: «Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը. 2013-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում և Երևանի շրջակայքում»,- ասել է վարչապետը կառավարության նիստում: Հետաքրքիր է` ո±վ կլինի ՀՀ վարչապետը 2013 թվականին:
Նախագահի հրամանագրով դադարեցվեց փաստահավաք խմբի գործունեությունը: Ենթադրվում է, որ փաստերը հավաքված են, խնդիրը` լուծված, և, բնականաբար, խմբի առաքելությունն` ավարտված: Բնավ: Պարզապես խմբի անդամները, լինելով բարձր գիտակցության տեր պրոֆեսիոնալներ, հասկացան, որ ավելի օգտակար է միմյանց չհասկանալ, քան կատարվածը հասկանալ: Առավել ևս, որ ի սկզբանե նրանց չհասկացավ և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն ու չուղարկեց իր ներկայացուցչին: Փաստորեն նա էլ փաստերի կարիք չուներ:
Հունիսի 3-19-ը Ժնևում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հերթական համաժողովն է անում. 4000 պատգամավոր որոնելու է աշխատանքի և զբաղվածության ոլորտում տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հակազդեցության ուղիներ: Ըստ կանխատեսումների, գործազրկության ու աղքատության բարձր մակարդակը կպահպանվի նաև 2010 թվականին:
Հետընտրական ավանդույթներ կան, որոնք Հայաստանի Հանրապետության համար արդեն չգրված օրենքի ուժ են ստացել: Այդ օրենքներից հիմնականը գների թանկացումն է: Օրինական ու անօրինական, բայց պարտադիր թանկացումը: Բնության մեջ ոչինչ հենց այնպես չի ստեղծվում ու անհետանում` ծախսված փողի զանգվածը վերադարձնել է պետք: Ճիշտ է` անհարմարություններ կան. միանգամիցը մաս-մաս է դառնում, բայց ձկան բացակայությամբ խեցգետինն էլ ձուկ է: Եվ արդեն անսպասելի էլ չէ` ընտրություններից առաջ հետաձգվել էր ջրի սակագնի թանկացումը Երևանում, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումների համապատկերում դա վտանգավոր համարվեց: Իսկ ընտրություններից հետո արդեն ի±նչ խնդիր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 8-ին Երևանում 1 խորանարդ մետր ջրի սակագինը որոշեց 8 դրամով բարձրացնել` բավարարելով «Երևան ջուր» ընկերության հայտը: 1 խորանարդ մետրի համար երևանցիներն արդեն կվճարեն ոչ թե 172, այլ 181 դրամ: Իսկ հետո այս 8 դրամը կավելանա, կավելանա, և տարեվերջին արդեն 1 խորանարդ մետր ջրի դիմաց սակագինը կդառնա 200 դրամ: Չի բացառվում, որ էլեկտրաէներգիայի ու գազի գնի նոր բարձրացումներ լինեն: Դրանք հատկապես տեղին են գործազրկության և 10 տոկոս տնտեսական անկման դեպքում: Ահա այսպես ստացվում են բարիկադներ, որոնց մի կողմում պետությունն է, մի կողմում քաղաքացին է: Երկուսն էլ ունեն վերապրելու խնդիր, ցավոք, պետությունը` քաղաքացու հաշվին, քաղաքացին` պետության միջոցով:
Իսկ Ազգային ժողովում «Գերմանիայի շաբաթներ-2009» ծրագրի շրջանակներում տենոր Քրիստոֆ Շեբենն էր երգում, դաշնակահար Ստյուարտ Էմերսոնն էլ նվագում էր: Գեղեցիկ այդ միջոցառման զարդը միանշանակ դարձավ ԱԺ նախագահն իր շշմեցնող ուղերձով` արձանագրելով, որ «հայ-գերմանական կապերն ունեն փառահեղ պատմություն: Դեռևս Սրբազան հռոմեական կայսրության ժամանակաշրջանում արձանագրվել էին հայ-գերմանական սերտ շփումներ», նա պատմական ժամանակներին վերաբերող մի շարք նույնքան փառահեղ գյուտերից հետո եզրակացնում է. «Այլ է այսօր Եվրոպան, և այդ փոփոխությունը պետք է տարածվի մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա»: Այսինքն` Եվրոպան արդեն քարտեզից դուրս է, բայց ամբողջ աշխարհի վրա պիտի տարածվի իր փոփոխությամբ... Խեղճ դեսպան Անդրեա Վիկտորին` կամ պիտի բանի տեղ չդնի խորհրդարանի նախագահի էկլեկտիկ մտքերի անկապ խառնուրդը, կամ պիտի գերմանական համալսարանների գիտնականների հետ փորձի հասկանալ` ինչ են արել գերմանացիները հայերի համար «մեր պատմության նոր շրջանում»... Եվ հաստատ` երկու դեպքում էլ սխալվելու է: Ազգային ժողովում, ի թիվս երգ-պար-ցուցահանդեսի իրարահաջորդումի, ավարտվեց գարնանային նստաշրջանը: Համարյա առանց զոհերի: Եթե կորուստ չհամարենք կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը:
Հայ-թուրքական հարաբերություններն էլ այս շաբաթ առանձնապես որևէ փոփոխություն չկրեցին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիդօղլուն հայտարարեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սառը պատերազմն ավարտվել է, և Անկարայում սպասում են ՀՀ նախագահի այցին: Նախարարը լավատեսորեն կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արդեն չկա «թշնամի» հասկացությունը: Այնուամենայնիվ, նա անմիջապես արդարացավ, թե Ադրբեջանը ևս տեսնում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն իր հետաքրքրությունների շրջանակում են: Իսկ ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը համոզված է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական հեռանկարներ կբացի ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի համար, այլև Ադրբեջանի ու ամբողջ Կովկասի: Որ ամեն ինչ այդքան վարդագույն չլինի` Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը «Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային աշխարհաքաղաքական համատեքստում» կլոր սեղանի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի Ադրբեջանից և չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին չի պատկանում:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 10-ին որոշել է դադարեցնել Հայաստանում 70 միլիոն դոլարի գյուղական ճանապարհների շինարարության ծրագիրը: Հնգամյա ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 235 միլիոն դոլար` ոռոգման համակարգերի վերականգնման և գյուղական ճանապարհների շինարարության համար: Կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը հայտարարել է. «Կորպորացիան իր ափսոսանքն է հայտնում, որ չի կարող շարունակել Հայաստանում ճանապարհների շինարարության ֆինանսավորումը: Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործունեությունը չի համապատասխանում ծրագրի շարունակմանն անհրաժեշտ ցուցիչներին»: Կորպորացիան կարող է կասեցնել կամ դադարեցնել իր ծրագրերը կամ դրանց մի մասը, եթե ֆինանսավորվող երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական ցուցիչներով` մամուլի ազատության, կոռուպցիայի կրճատման, կառավարության գործունեության թափանցիկության, ժողովրդավարական կառավարման և այլն:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության և ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը, 106 երկրների թվում նաև Հայաստանն է, որտեղ «2008-ի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները հանգեցրին քաղաքական դեռ շարունակվող ճգնաժամի»: Զեկույցն արձանագրում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունն ուժով ցրել է բողոքի ցույցերը, ձերբակալել բազմաթիվ ցուցարարների, 20-օրյա արտակարգ դրությունը նշանակալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունեության և հավաքների ազատությունը: ՈՒժայինների և ցուցարարների բախումը հանգեցրել է 10 հոգու մահվան: «Իշխանությունն օգտագործել է իր լծակները` ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների և վրեժի նպատակով: Ոստիկանությունը բռնություն է կիրառել կալանավորվածների նկատմամբ, իսկ իրավական գործընթացները հաճախ ընթացել են ոչ պատշաճ մակարդակով»: Զեկույցի համաձայն` Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը գործում են անպատիժ և կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքում ճնշումների գործիք մնալ, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրները:
Հունիսի 12-ին ՀԱԿ-ի հանրահավաքն էր, վերջինն այս ամառ` ի հեճուկս նրանց, ովքեր սպասում էին առճակատում: Լևոն Տեր-Պետրոսյանը մասնագիտական սառնասրտությամբ մինչև սեպտեմբեր ամառային արձակուրդների ուղարկեց ընդդիմությանը, և որպեսզի մարզավիճակը չկորցնեն, տնային հանձնարարություն տվեց` 12 կետանոց մի ծրագիր, որի կատարումը կպահանջի 1-12 տարի` ըստ իրավիճակի: Նվազագույնը: Իսկ իրականում` ո±վ գիտի:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ