Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գաղտնիքներ, որոնք դեռ անհասանելի են սովորական մահկանացուներիս

Գաղտնիքներ, որոնք դեռ անհասանելի են սովորական մահկանացուներիս
16.09.2008 | 00:00

ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ՈՒ ԹԱԼԻՍՄԱՆՆԵՐԸ
Պեկինի օլիմպիական խաղերի գլխավոր գործող անձանցից մեկը ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևան էր։
Սնահավատ մարզուհուն, որը հավատում է չար աչքին, ամենուրեք շրջապատում են հմայիլները։ Մրցումներից հետո երջանկությունից փայլող Իսինբաևան պատմեց նաև, թե ցատկից երեք րոպե առաջ ինչ արեց սպիտակ սրբիչի տակ և ինչ էր պահում փոքրիկ, սև պայուսակում, որը, բոլորից աննկատ, քաշեց սրբիչի տակ։
Ըստ իր խոստովանության, մարզուհին թաքնվել էր չար աչքից. «Այլապես ոմանք նստում են կողքիդ ու ակնապիշ նայում վրադ։ Չէ՞ որ ես էլ իմ երրորդ աչքով ամեն ինչ տեսնում եմ, իսկ ահա նրանք իմ աչքերը չեն տեսնում։ Նշանակում է՝ աչքով չեն տալիս։ Որքան բարձր ես կանգնած, այնքան շատ մարդիկ են չարը կամենում։ Սա շատ տխուր է, բայց դա այդպես է, և ինչ-որ կերպ պետք է չարից պաշտպանվել»...
Պեկինում հավաքված ավելի քան 11 հազար մարզիկների մի մասի անունից առաջ անպայման օգտագործում ենք «մեծ» բառը, իսկ գերաստղերը, անշուշտ, Մայքլ Ֆելպսն ու ՈՒսեյն Բոլտն էին։ Բոլտ բառացի նշանակում է կայծակ։ Ճամայկացի մարզիկը մեկնարկից առաջ ինչ-որ անհասկանալի շարժումներից հետո անտեսանելի նետով խոցում էր... հավանաբար չար ուժերին, իսկ թե ինչ ուժգնություն ուներ նրա հարվածը, տեսավ ողջ աշխարհը...
Իսկ ինչո՞ւ է այսպես։ Ի՞նչն է մարզիկներին տանում պատվո պատվանդան։ Ի՞նչ գաղտնիքներ կան, որոնք դեռ անհասանելի են սովորական մահկանացուներիս։
Ավելի քան երկու տասնամյակ առաջ գիտնականներն առաջին անգամ լրջորեն անդրադարձան թալիսմաններին, և բազմաթիվ հետազոտությունները հանգեցրին մի եզրակացության. մարզական բարձր վարպետությունն ու սնահավատությունը քայլում են ձեռք ձեռքի տված։ Յուրաքանչյուր մարզիկ ունի իր թալիսմանը կամ հմայիլը, իսկ եթե չկան, փոխարինում են ինչ-որ արարողություններով, որը բոլորից աննկատ կատարում են մրցահարթակ կամ մեկնարկ դուրս գալուց առաջ։ Ըստ գիտնականների, սնահավատությունը մարզիկների մոտ պաշտպանական ֆունկցիա է կատարում, օգնում է մարզիկներին ազատվելու նյարդային լարվածությունից, նրանց ներարկում լրացուցիչ վստահություն։ Դա հատկապես վերաբերում է այն մարզաձևերի ներկայացուցիչներին, որտեղ մրցավարների գնահատականները սուբյեկտիվ են. ասենք, սպորտային և գեղարվեստական մարմնամարզությունը, ջրացատկը, գեղալողը և այլն։ Այստեղ խորհրդավոր ուժերը պետք է «վնասազերծեն» մրցավարներին։
Այն թալիսմաններից ու արարողություններից, որոնք մարզիկին սկսում են չօգնել, անմիջապես ազատվում են, իսկ հաղթանակ «պարգևողները»` պահում, փայփայում։ Մրցումներին լավ նախապատրաստված մարզիկը շատ հաճախ իր անհաջողությունը կապում է թալիսմանի «դավաճանության» հետ։
Կալգարիի օլիմպիական խաղերի նախօրյակին արևմտագերմանացի դահուկորդուհի Մարինա Քիլն իր հույսերը «չարդարացրած» թավշե փղին փոխարինեց սատանայի ճտի հետ։ Գլխապտույտ վայրէջքից հետո, որը նրան օլիմպիական ոսկե դափնի բերեց, Քիլը քիչ էր մնում պատառ-պատառ աներ վայրէջքում իրեն «սպասող» հավատարիմ Լյուցիֆերին։
Աշխարհի քառակի և օլիմպիական խաղերի չեմպիոն, 20-րդ դարի մեծագույն մարզիկներից մեկը՝ Իգոր Նովիկովը, ավելի քան տասը տարի կրում էր կարմիր և սպիտակ թելերից գործած գլխարկ։ 1962 թվականին, այն բանից հետո, երբ նրա ֆանտաստիկ ելույթներից հետո Խորհրդային Միության հավաքականը ձիավարության մրցումներում թույլ տված կործանիչ վրիպումից հետո վերջին մրցաձևում՝ կրոսում, հերթական թիմային հաղթանակն ապահովեց, գլուխները կորցրած մարզասերներից մարզահագուստը փրկելու համար Նովիկովն օդ նետեց գլխարկը, որը մի ակնթարթում ծվեն-ծվեն եղավ։ Դա նշանավոր հնգամարտիկի՝ աշխարհի առաջնություններում նվաճած վերջին չեմպիոնական դափնին եղավ...
Աստրախանցի ըմբիշ Սուրեն Նալբանդյանը համարվում էր դժվար դաստիարակվող երեխա։ Դպրոցում մարզվել էր ֆուտբոլով, մարմնամարզությամբ և լողով, սակայն ոչ մի տեղ երկար չէր մնացել։ Հետո հրապուրվեց ըմբշամարտով, սակայն մտածելով, որ ուժերը չեն բավականացնի, «նստեց» ծանրաձողի վրա։ Այս կամակորության համար մարզիչը Սուրենին վռնդեց դահլիճից։ Երեք տարի անց դպրոց եկավ նոր մարզիչ՝ Վլադիմիր Ֆոմինը և Սուրենին ընդգրկեց իր խմբում, սակայն այստեղ էլ նա դարձյալ երկար չմնաց։ Ֆոմինը տաղանդավոր ըմբիշին մի կերպ համոզեց վերադառնալ դահլիճ։ Մի անգամ վերցնելով նրա լուսանկարը՝ հակառակ երեսին գրեց. «Սուրեն Նալբանդյան. Ռուսաստանի, Խորհրդային Միության բազմակի, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն»։ Սուրենին դուր եկավ այս կատակը, և նա կրկին վերադարձավ դահլիճ։ Հաջողություններն իրենց ուշացնել չտվեցին. 1972թ. նվաճեց դպրոցականների համամիութենական սպարտակիադայի, 73-ին՝ երկրի երիտասարդների, իսկ 1975-ին՝ Ռուսաստանի և Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը։ 1976 թվականին անցկացված երկրի առաջնությունում Սուրենը բացահայտ առավելությամբ հաղթեց մրցակիցներին, իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցավ տհաճ միջադեպ։ Հավաքականի գլխավոր մարզիչը, տեսնելով ըմբիշի վզից կախված շղթան, վերցրեց այն, ասելով, որ նման բան խորհրդային ըմբիշին չի սազում։ Շղթան հաջողության համար նվիրել էր մայրը։ Սուրենը, ոչինչ չասելով մարզչին, այնուամենայնիվ, տրտնջացել էր թիմի հոգեբանի մոտ։ Մոնրեալում՝ ըմբիշների օլիմպիական մրցաշարի ժամանակ հոգեբանն այդ մասին պատմել էր Գենադի Սապունովին, և նա շղթան վերադարձրեց Սուրենին։ 20-ամյա ըմբիշի ուրախությանը չափ ու սահման չկար։ Այդ ոգևորությունը նա տեղափոխեց գորգ և տանելով փայլուն հաղթանակներ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
Ցավոք, Սուրեն Նալբանդյանի մարզական աստղը շատ շուտ մարեց։ Նա եկավ, տեսավ, նվաճեց բոլոր հնարավոր և անհնար տիտղոսները, որոնք գոյություն ունեն սպորտում, և դա ինչ-որ 4-5 տարվա ընթացքում։ Հավանաբար այստեղ «մեղքի» իր բաժինն ուներ նաև մարզիչը՝ Վլադիմիր Ֆոմինը։ Լուսանկարի հակառակ երեսին կատարած մակագրության մեջ ճակատագրական սխալ էր թույլ տվե` «բազմակի» բառը ճիշտ տեղում չդնելով։ Սա, հավանաբար, նույնպես նախախնամության նշանն էր։ Յուրաքանչյուրին տրվում է հաղթանակի իր «չափաբաժինը», և Ֆոմինն ավելին «խոստանալ» չէր կարող...
-Ես դուրս եմ գալիս մարզադաշտ և գիտեմ, որ մարդկանց պետք է տոն մատուցեմ։ Դա դուր է գալիս։ Դուր է գալիս, որ բոլորն ինձ են նայում։ Ես դրանից խելքս կորցնում եմ,- ասում է Իսինբաևան։
Իսկ սև պայուսակո՞ւմ...
-Սև պայուսակում Աթենքից մնացած չափերիզով գրիչ ունեմ։ Դա էլ իմ գլխավոր հմայիլն է...
Մարզիկներ և թալիսմաններ։ Սա չափազանց նուրբ և տարողունակ թեմա է։ Յուրաքանչյուրն իր նախասիրություններն ունի, վախի, հուզմունքի, անգամ... սարսափի իր չափաբաժինը, և հենց դրանով էլ բարեկամության անտեսանելի ձեռք է մեկնվում նրան՝ ապահովելու ապագա հաղթանակները։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5645

Մեկնաբանություններ