Ադրեջանում նոր «դևերի» ու թշնամիների փնտրտուքն այս փուլում կանգ է առել Ֆրանսիայի վրա։ Չեխիայի քաղաքացի՞ է բռնվել, ուրեմն կապ ունի Ֆրանսիայի հետ, Հայաստանին զենք տվո՞ղ կա, դա կապված է Ֆրանսիայի հետ, ԵԽԽՎ-ն մեկ տարով առկախե՞լ է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, իհարկե, Ֆրանսիան է մեղավոր։ Ֆրանսիայի դեմոնիզացիայի գործընթացը շատ ինտենսիվ թափ է ստացել Ադրբեջանում դեռ ամիսներ առաջ։
Բայց ի՞նչն է ուշագրավ, որ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում մեղադրում են Ֆրանսիային «պատերազմ» հրահրելու մեջ։ Հաղորդման մեջ Արևմուտքին ներկայացրել են որպես «ռազմատենչ», համարյա թե՝ «ռևանշիստ»։ Դրանից հետո նույն ալիքը ցուցադրում է կադրեր, թե ինչպես են իրենք զենք ձեռք բերում, զորավարժություններ կազմակերպում և թիրախավորում Հայաստանը։
Կարող եմ ասել, որ Հայաստանի կառավարության ղեկավարի՝ Ադրբեջանի պահանջները հերթով կարգով կատարելու պատրաստակամությանը ի պատասխան, Ադրբեջանը միայն ավելի ագրեսիվ ու անհանդուրժող է դառնում։ Առհասարակ, պատվազուրկների հանդեպ ավելի դաժան են լինում, առաջին հերթին հենց նրանց պատվազրկությունից օգտվողները:
Բայց ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանը ունի կետեր՝ խոցելի, որոնք կարելի է խելացի աշխատանքի դեպքում ուղղվել Բաքվի դեմ։ Առհասարակ, ագրեսիան զսպելու կամ պատերազմը կանխելու մեթոդներն են՝ ռազմական դաշինքները, խելացի բանակցությունները, պետության շահերի շուրջ տարբեր ուժային կենտրոնների միջև կոմպրոմիսների ձեռքբերումն ու ռազմական հզորացումը, որը ոչ միայն մեկ կամ երկու զինատեսակի գնում է նախատեսում, այլ լուրջ ռեֆորմներ, ամուր կամք ու հոգեբանական կայուն վիճակ բանակում և թիկունքում։
Այս ամենը կարելի է կազմակերպել միայն պետականամետ, պրոֆեսիոնալ ու անհոգնել աշխատող կառավարության ու նվիրյալների թիմի միջոցով։ Ես վստահ եմ՝ Հայաստանն ունի և՛ նման մարդիկ, և՛ բավարար պոտենցիալ այս իրավիճակը պատվով հաղթահարելու ու հնարավոր պատերազմը կանխելու համար։ Մեզանից շատ բան է կախված։
Տաթևիկ Հայրապետյան