ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սահմանի բացումը նույնքան մոտ է, որքան Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը

Սահմանի բացումը նույնքան մոտ է, որքան Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը
04.08.2009 | 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄԸ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը հուսով է, որ, մինչ հոկտեմբերին կայանալիք Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, Անկարայի և Երևանի միջև փոխհամաձայնության առարկայական արդյունքներ կլինեն, դարձել է հայկական (և ոչ միայն հայկական) ԶԼՄ-ների ակտիվ քննարկման նյութ։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, սակայն, ինչպես նաև հայ-թուրքական «երկխոսության» ակնհայտ լճացումը ցույց են տալիս, որ Անկարայից առաջիկայում հազիվ թե դրական ազդակներ լինեն, մանավանդ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։
Վերոնշյալ իրողությունը հիմնավորելու համար հարկ է, նախ և առաջ, անդրադառնալ հայ-թուրքական ներկա «երկխոսության» ակունքներին։ Այդ «երկխոսությունը», փաստորեն, նախաձեռնվեց ռուս-վրացական վերջին պատերազմի նախօրյակին, և դրանում փոքր չէր Մոսկվայի դերակատարությունը։ Այլ կերպ ասած` Ռուսաստանը «Վրաստանի հաշիվները մաքրելուց» առաջ փորձում էր Հարավային Կովկասում ապահովել իր թիկունքը, իսկ հայ-թուրքական «երկխոսության» հանգամանքն այդ պահի դրությամբ լավ երաշխիք էր Անկարային անկանխատեսելի գործողություններից և հատկապես ռուս-վրացական պատերազմին միջամտելուց զերծ պահելու համար։
Թուրքիայում խաղը հասկացան, և պատահական չէր, որ հենց ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո Անկարան հանդես եկավ կովկասյան անվտանգության պլատֆորմի գաղափարը հռչակելով, ընդ որում, վարչապետ Էրդողանը դա արեց Մոսկվայում եղած ժամանակ։ Սկզբունքորեն Թուրքիան ռուս-վրացական կոնֆլիկտի արդյունքում ստեղծված նոր իրավիճակում տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձնելու հավակնություններ ուներ։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ սկսեց լայնորեն տիրաժավորվել այն գաղափարը, որ արևմտյան և հատկապես ամերիկյան ազդեցությունը սևծովյան ավազանում ու Հարավային Կովկասում չեզոքացնելու համար հնարավոր է ռուս-թուրքական փոխհամաձայնությունների և նույնիսկ տարածաշրջանային դաշինքի ձևավորում։ Այսպիսի զարգացումը միանգամայն համապատասխանում էր Թուրքիայի հավակնություններին, որը, եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ հաջողությունների չհասնելով, պարբերաբար իր հայացքը թեքում է դեպի Արևելք, դեպի թուրքալեզու պետությունները և դրանով իսկ ոչ միայն ձգտում սեփական ազդեցությունն ընդլայնել այդ դաշտում, այլև Եվրոպային շանտաժի ենթարկել, ցույց տալով, թե ինքը եվրոպական ինտեգրացիայից դուրս ռազմավարական այլընտրանք ունի։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիային անհրաժեշտ էր հենց տարածաշրջանային վերոնշյալ զարգացումների համատեքստում` իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնելու նպատակով։ Այդ իսկ պատճառով, աննախադեպ ակտիվություն դրսևորվեց Անկարայի կողմից և իր մարմնավորումը ստացավ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած «ֆուտբոլային» այցով։ Սակայն հետագա զարգացումները եկան ապացուցելու, որ Անկարան ուժերից վեր բեռ է վերցնում իր վրա կամ իր հնարավորություններից շատ ավելի մեծ հավակնություններով է հանդես գալիս։ Կովկասյան անվտանգության պլատֆորմի այդպես էլ որոշակի ձևակերպում չստացած գաղափարը չձևակերպված էլ մնաց։
Ամենից առաջ այն պատճառով, որ այն բոլորովին չէր բխում տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից։ Ամենից առաջ Իրանը, ի դեմս իր տարբեր պաշտոնատարների, բավական թափանցիկ ակնարկեց Մոսկվային, որ վերջինիս նախաձեռնությամբ կամ խրախուսմամբ Թուրքիայի ակտիվացումը բոլորովին չի բխում իր շահերից։ Փաստորեն, գաղափարը չողջունվեց նաև Վրաստանի ու Հայաստանի կողմից, որոնք երկուսն էլ բավական զգուշավորությամբ վերաբերվեցին Թուրքիայի ակտիվացմանը, չնայած այդ պարագայում Երևանի վրա առկա էր որոշակի ճնշում Մոսկվայից։ Այսպիսով, կովկասյան անվտանգության պլատֆորմը չձևավորվեց, որովհետև տարածաշրջանային պետություններից միայն Ադրբեջանն էր միանշանակ ողջունում Թուրքիայի ազդեցության մեծացման այդ հավակնությունը։
Սակայն գլխավոր հարվածն այս ուղղությամբ, անշուշտ, հասցրեց Վաշինգտոնը։ Գիտակցելով ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի փոխհամաձայնությունների ողջ վտանգավորությունը` ԱՄՆ-ն աննախադեպ ակտիվությամբ միջամտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, գործնականում խլեց միջնորդական գործառույթը Մոսկվայից։ Ճիշտ է, այդ համատեքստում Հայաստանը և Անկարան հարկադրված էին ստորագրել, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը, ինչի շնորհիվ կանխվեց Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի նախագահի մակարդակով։ Այս առումով հայկական կողմը, իհարկե, որոշակի քաղաքական վնասով դուրս եկավ հայ-թուրքական «երկխոսության» առաջին փուլից, քանզի Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն արժանացավ սփյուռքի ավելի քան լուրջ դժգոհությանն ու քննադատությանը։
Բայց դա բնավ չի նշանակում, որ ԱՄՆ-ն իրականում ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։ Եթե այդպես լիներ, ապա Վաշինգտոնն ունի ճնշման բավարար լծակներ ինչպես Անկարայի, այնպես էլ Երևանի նկատմամբ, և ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո անցած ամիսների ընթացքում կարող էր պարտադրել ակտիվ «երկխոսության» շարունակություն, ինչը, սակայն, չի արվել։ Առավել տեղյակ փորձագետների կարծիքով` ԱՄՆ-ը բավական վաղուց, առնվազն Ջորջ Բուշի նախագահության երկրորդ ժամկետից սկսած իրականում հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունները որևէ իրական կարգավորման հասցնելուց։ Որովհետև անցած տարիների ընթացքում, սկսած, իրաքյան պատերազմից, Թուրքիան ավելի ու ավելի մեծ ինքնուրույնություն է դրսևորում իր գործողություններում և Վաշինգտոնի համար վերածվել է ոչ միայն անպիտան դաշնակցի, այլև տարածաշրջանային մրցակցի։ Ամերիկացիների բոլոր գործողություններն անցած մի քանի տարիներին, Բուլղարիայում և Ռումինիայում նրանց ռազմակայանների տեղակայումը, ՈՒկրաինան և Վրաստանն իրենց ազդեցության տակ վերցնելու փորձերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը մտադիր է սահմանափակել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում` հենակետեր ձևավորելով սևծովյան ավազանի մնացած պետություններում։ Այս համատեքստում Վրաստանին ցուցաբերվող լուրջ քաղաքական ու տնտեսական աջակցությունը պատահական չէ, մանավանդ եթե նկատի ունենանք այդ երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայման միանգամայն իրական հեռանկարը։
Հայաստանը և հայկական գործոնը, առհասարակ, շատ կարևոր են ԱՄՆ-ի և Եվրամիության համար Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու և տարածաշրջանում նրա գործողությունները սահմանափակելու համատեքստում։ Այդ իսկ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլորովին էլ օրակարգային խնդիր չէ Արևմուտքի համար առհասարակ։ Հայաստանի հետ հարաբերությունները ճշգրտելու հետ կապված նվազել է նաև Թուրքիայի հետաքրքրությունը, որովհետև դա Անկարայի համար կարևոր նշանակություն ուներ բացառապես ընդհանուր տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու տեսանկյունից։ Թուրքիայում շատ լավ գիտեն, որ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ չի կարող բավարարել ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և Կարսի հոկտեմբերի 13-ի պայմանագրի իրավականությունը ճանաչելու իրենց հիմնական պահանջը։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հայկական սփյուռքը կառավարելու ոչ լիազորություններ ունեն, ոչ էլ իրական հնարավորություններ։ Սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի բնակչությունն իր բացարձակ մեծամասնությամբ շարունակելու են մնալ պահանջատեր։ Հետևապես, հայ-թուրքական իրական երկխոսության հաստատումը որևէ կերպ չի բխում Անկարայի շահերից։ Տվյալ պարագայում անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարագան Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, քանզի Ադրբեջանի շահերի բավարարումն Անկարայի համար միշտ էլ երկրորդական կամ նույնիսկ երրորդական նշանակություն է ունեցել։ Սա չի նշանակում, որ Թուրքիան կսառեցնի հայ-թուրքական ներկայիս բանակցության գործընթացը։ Բնավ ոչ, այն Անկարային պետք է միջազգային հանրությանը և հատկապես Արևմուտքին ի ցույց դնելու համար, բայց ոչ ավելին։
Բնականաբար, բոլոր այս իրողություններին քաջատեղյակ է նաև Հայաստանի նախագահը, և նրա վերջին հայտարարությունը կարելի է դիտել ոչ թե իբրև հայ-թուրքական «երկխոսությունը» խթանելու ցանկություն, այլ ավելի շուտ այդ «երկխոսության» անարդյունավետությունը հետագայում Անկարայի կոշտ կեցվածքով պայմանավորելու մարտավարություն։ Թեկուզ միայն այն պատճառով, որ փոքր երկիր լինելով` Հայաստանը չդիտվի այդ «երկխոսության» տապալման մեղավոր` և դա չհանգեցնի նրա նկատմամբ որևէ արտաքին ճնշման։ Թուրքիան, ամեն դեպքում, ավելի մեծ երկիր է, ցանկացած ճնշման կդիմանա։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2058

Մեկնաբանություններ