ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Օղու շշի պիտակի վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան մի հեքիաթի գրքի հրատարակման»

«Օղու շշի պիտակի վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան մի հեքիաթի գրքի հրատարակման»
31.07.2009 | 00:00

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
Չեմ հասցնում որպես համազգային հոգևոր թմբիրից մոտալուտ ազատագրման հուսադրող նախանշան ընդունել ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած «Գրքարվեստ» II հանրապետական երկփուլ մրցույթում 32 անուն գրքերից 7 անվանակարգերով լավագույն ճանաչված 19-ի մրցանակաբաշխության ժամանակ բարձրաձայնված փաստը` 11-ը տպագրվել են պետական պատվերով... Արարողությունից հետո այցելելով EXPO MEDIA-ի կազմակերպած «Կնոջ աշխարհ» VIII միջազգային ցուցահանդես` «Արվեստի գիրք» անվանակարգում «Սարգիս Մուրադյան» ալբոմի համար առաջին կարգի դիպլոմի արժանացած «Անտարես հոլդինգ» ՍՊԸ-ի տաղավարում տեսնում եմ 150 անուն տարբեր գրքեր, որոնք իրենց գրահրատարակչական համակողմանի որակով ամենևին չէին զիջում մյուս 6 անվանակարգերում մրցանակվածներին։ ՈՒշի ուշով կարդում եմ «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության մասին» նախարարական մամլո հաղորդագրությունը։ Անտրամաբանական եմ գտնում վեցերորդը` «Տպագրված է Հայաստանում». մի՞թե դա բոլորին չի վերաբերում... Նույնատիպ որոշ գրքերի տարանջատումն էլ դժվարանում եմ հիմնավորել։ Հաջորդ օրը, ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում, «Սարգիս Մուրադյան» ալբոմի շնորհանդեսի մտերմիկ մթնոլորտում ինքնաբուխ զրույց եմ ծավալում «Անտարես» հրատարակչատան տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ և պարզում ոչ միայն «Գրքարվեստի», այլև բնագավառի իրատեսական բովանդակությունը։
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏ ՉԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ»
-Ինչո՞ւ հատկապես «Սարգիս Մուրադյան» ալբոմն ընտրեցիք «Անտարեսի» մեծ տեսականուց «Գրքարվեստ» II հանրապետական մրցույթին ներկայացնելու համար։
-Չգիտեմ, թե ինչից ելնելով են սա երկրորդը համարում։ Այսպիսի մրցույթ ամեն տարի է անցկացվում։ Մոսկվայի գրքի տոնավաճառից առաջ, խորհրդային «ադաթով», գրքեր են ներկայացվում, որոնք տարվում են Մոսկվա ու մասնակցում տեղի մրցույթին։
-Գուցե հայ առաջին տպագիր գրքի 500-ամյակի առիթով մտածել են խրախուսե՞լ մեր արդի հրատարակիչներից ու տպագրիչներից ամենաակնառուներին։
-Տպագրության 500-ամյակին լավագույն նվերը կլիներ այն, որ Հայաստանում մեկուկես գրախանութից ավելին ունենայինք, գիրքը, որպես հոգևոր հաց, մոտ լիներ սպառողին` հրատարակչին նրա հետ կապող գրավաճառության մասնագիտացված ցանցի միջնորդությամբ։ Հայաստանում գրեթե ոչ մի բնագավառում չկա մասնագիտացված մեծածախ վաճառող։ «Փեթակներով» խեղվում է ռացիոնալ գործունեությունը` մեծածախ ու մանրածախ գները գրեթե չտարբերակելով իրարից։ «Անտարեսը» փորձում է թե՛ գրենական պիտույքների, թե՛ գրքի շուկաներում կայուն ցանց ստեղծելուն օգնել, բայց առանց պետական կարգավորող զորեղ լծակների անկարելի է շոշափելի արդյունքի հասնել։ Իրավիճակը բարելավելուն կոչված մրցույթների անցկացման իրական սկզբունքները հավատ չեն ներշնչում։ Նայենք իրականությանը բաց աչքերով։ Եթե ինքներս մեզ վստահություն չենք ներշնչում (ի դեպ, ոչ մի բնագավառում), ապավինենք դրսից հրավիրված մասնագետների գնահատությանը։ 150 գրահրատարակչական միավոր է գրանցված ՀՀ-ում, այդ թվում` ընկերություններ, որոնք տարեկան մեկ գիրք են հրատարակում։ Մի քանի տասնյակ անուն հրատարակողները հազիվ տասի են հասնում։ Յոթը զբաղված են միայն դասագրքեր թողարկելով։ Ապագայի առջև ամենապատասխանատու այս գործունեությունը պետական շրջահայաց վերահսկողությունից, փաստորեն, դուրս է գտնվում։ Ցանկացած ծնող կհաստատի ուսուցման գործընթացում ներառված դասագրքերի թերարժեքությունը։ Ցավոք, հայտարարված ամենամյա մրցույթները «հայկական տարբերակով» են անցկացվում։ Եվ Հայաստանում լուրջ դասագիրքը չէ, որ հաղթող է ճանաչվում։ «Անտարեսը» դասագրքերի ամենաերիտասարդ հրատարակիչն է, բայց ամենայն լրջությամբ է 5 տարի անընդմեջ գնում «ԺՐՏՒՈ» և «կՐՏրՉպքպվՌպ» հեղինակավոր հրատարակչությունների գրքերի արտոնագրերը, համապատասխանեցնում ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած չափորոշիչներին, ներկայացնում այդ մրցույթներին։ 25-50 մլն աշակերտներին ուսուցմամբ փորձարկված, աշխարհի 50 զարգացած երկրների կողմից ընդունված մանկավարժական ծանրակշիռ «շկոլաների» այդ դասագրքերից և ոչ մեկը պատշաճ գնահատության չի արժանանում։ Նույնիսկ Ռուձիտիսի քիմիայի դասագիրքը, որին շնորհվել է ՌԴ նախագահի հատուկ մրցանակը։ Նեղ մասնագիտացմամբ դպրոցներում են միայն հարգի մեր հրատարակությունները։ Հուսանք, ՀՀ կրթության և գիտության նախարարի ու Համաշխարհային բանկի ներկայացուցչության փոփոխությամբ լուրջ վերաբերմունք կդրսևորվի ոլորտում աղետալի իրավիճակի հաղթահարման հանդեպ։ Հասարակությունը, գուցե, սթափվի, և այս աշնանը հայտարարվելիք մրցույթն անցնի իսկապես արդար ու թափանցիկ, մանկավարժական արդյունավետ մեթոդներով գիտելիքներ սերմանող դասագրքերին նախապատվություն տալու սկզբունքով։ Գիրքը գնահատվի ըստ բովանդակության և պատշաճ մատուցման որակի։ Մարքեթինգային գնահատությունը թերի է։ Գրականության և արվեստի գործիչները չէ, որ շուկան պետք է գնահատեն։ Պետությունն իմ վճարած հարկերի գումարներով, փաստորեն, գիրք է հրատարակում` ինձ դուրս մղելով մրցույթից։ Այժմ կան լուրջ գրահրատարակիչներ, ովքեր պատրաստ են խոշոր ներդրումներ անելու այս բնագավառում։ Պետությունն այս ոլորտում առանձին քաղաքականություն պետք է հետամտի. արտաքին շուկայում իր արմատական խնդիրների լուծմանը բարենպաստ, ներքինում` քաղաքացի կրթելուն, ֆունդամենտալ գիտական գրականության լույս ընծայումը խթանելուն։ Մեկին օգնելով, մյուսին անտեսելով` պետական կառույցներն արգելակում են ներքին շուկայի համաչափ զարգացումը, քաղաքակիրթ կայացումը։
«ՊԱՂՊԱՂԱԿԸ ԳՐՔԻՑ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է»
-Մութ ու ցուրտ 90-ականներին, երբ գիրքն առավելապես վառարանային կիրառություն էր ստացել, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի IV կուրսեցի չորս «խենթերով» Դուք ձեռնարկեցիք մաթեմատիկայի խնդիրների շտեմարանի հրատարակությունը Ձեր դասախոսների հանձնարարությամբ...
-Բայց ավելի շուտ լույս ընծայվեցին «Ազնավուրը կինոյում» հայերեն և ռուսերեն գրքերը։ Շուտով ավելի մեծ սպեկտր ընդգրկեցինք։ 96-ին հասկացանք, որ գրահրատարակչության խորհրդային գոյաձևն անհնար է այլևս։ Մտանք գովազդի դաշտ` մեր գրքերը պատշաճ ներկայացնելու համար։ Քանի որ շուկան ազատ էր, սկսեցինք զբաղվել նաև մեր պատվիրատուների արտադրանքի գովազդով։ 98-ին, չունենալով լուրջ գործընկերներ տպագրության բնագավառում, ստիպված ստեղծեցինք մեր տպարանը, որն այսօր լավագույններից է Հայաստանում, նորագույն տեխնիկայով հագեցած։
-Մի կողմ թողնելով Ձեր ուսուցչի` Ստեփան Մարկոսյանի ուղենշած «գրաֆների» տեսության գիտական թեզի պաշտպանությունը` ուսումնասիրեցիք գովազդի տնտեսագիտությունը և 96-ից սկսեցիք միայնակ ղեկավարել «Անտարեսի» գործունեությունը։ Քայլ առ քայլ հաջողելով` վերաիմաստավորեցի՞ք Ձեր նշանաբանը` «Տատասկների միջով դեպի աստղեր»։ Այսօր մեծ համբավի է հասել «Անտարեսը» (անտի + Արես)։ Գործընկերներ ունի Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Տաշքենդում, Թբիլիսիում։ Փարիզում` տուրիստական գործակալություն...
-Խութառատ է մեր ուղին մինչ օրս էլ, նորատեսակ տատասկներով լեցուն։ Բացի պետական կարգավորող լծակների բացակայությունից, մտավորականության դեգրադացիան է ահռելի չափերի հասել։ Խոսում ենք հանրային խորհրդից, ազատությունից, ժողովրդավարությունից, բայց բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ «Մշակույթ» հեռուստաալիք ենք պահանջում, բայց «Վերվարածներ» նայում։ Պետական փողերը, փաստորեն, անիմաստ ներդրվեցին դրա ստեղծման մեջ` 600 հոգի էլ չի նայում, սուտ մտավորականներն էլ գործնականում չեն նպաստում հեռարձակվող հաղորդումների լավացմանը։ Այսօր պետությունը չի կարող արգելել հեռուստասերիալները, որովհետև ակտիվ քաղաքացիների 80 տոկոսը դրա պահանջն ունի։ Հասարակության անդամները մի սրճարանում կարող են ծախսել մոտ 5 հազար դրամ` ափսոսելով նույն գումարով գիրք գնել։ Չկա այն ինտելեկտուալ հասարակությունը Հայաստանում, որ գոյություն ուներ 50-60-ականներին։ Մտավոր ներուժի մեծ արտահոսք է եղել։ Այսօր այլ իրականության մեջ ենք ապրում։ Պաղպաղակը գրքից գերադասելի է։ Օղու շշի պիտակի վրա շատ ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան մի հեքիաթի գրքի հրատարակման։ SAS սուպերմարկետների ցանցում մենք ավելի շատ գիրք ենք իրացնում, քան գրախանութներում, որոնք հիմնականում գրասենյակային ապրանքներ են վաճառում։ Դեռ լավ է, որ դրանց տերերը գրքի առևտրով էլ են զբաղվում։
-Դաշտը կոորդինացնող համքարություն չկա՞, արդյոք։
-Թղթի վրա կային հրատարակիչների 2 միություններ մեկ անձով` ղեկավարով միայն պայմանավորված։ Երկար տարիներ ամենաակտիվներս զուր ջանում էինք գործնական ռելսերի վրա դնել դրանց գործունեությունը։ Ժամանակի ապարդյուն կորստից հետո ստեղծեցինք իրավաբանական անձանց «Այբ» միությունը` մի խումբ հրատարակիչներով, գրավաճառ ու գրադարանային ցանցի ներկայացուցիչներով։ Արդեն ընդգրկված ենք համաշխարհային գրահրատարակչական ցանցի մեջ։
-Տասը տարի անընդմեջ մասնակցում եք Ֆրանկֆուրտի միջազգային ամենամյա խոշորագույն գրատոնավաճառին։
-Վահան Խաչատրյանի աջակցությամբ «Զանգակի» հետ առաջին անգամ հայտնվեցինք հեղինակավոր այդ տոնավաճառում` տարեցտարի նպաստելով հայատառ գրքի պատշաճ կարևորմանը։ Ներքին շուկայի քաոսային վիճակն է մտահոգում։ Բացի հիշատակվածներից, մի էական խոչընդոտ էլ կա։ Գեղարվեստական գիրքը հարկվում է բոլոր հարկատեսակներով, նաև` ԱԱՀ-ով, ինչը մեծապես կասեցնում է գեղարվեստական գրքի ծնունդը։ Մանկականն է միայն ազատված։ Մնացած բոլորը հնարավոր է ընդգրկել ուսումնական գրականության մեջ, անգամ` արվեստինը։ «Այբ»-ը պատրաստ է իր նպաստը բերել գրքի ավանդական համբավի վերականգնմանը մեր հասարակության մեջ` վճարելով յուրաքանչյուր նախաձեռնվող քայլի համար, քաղաքակիրթ չափանիշներով մասնակցելով միասնական գիտակրթական ծրագրերի իրականացմանը։ Գրքի արժեքավորությունը չպետք է բխեցվի արտաքին շքեղությունից։ Այդպիսով միայն ֆինանսական կարողությունների սահմանն է պարզվում։ Եթե առաջնայինը շահույթն է, թող գրքի արժեքավորությունը որոշեն վաճառվելու չափանիշով, ըստ տեսակների։ Ձևական մրցույթներով շահած գրքերը հասարակական գովազդային հնչողություն ձեռք չեն բերում։ «Սարգիս Մուրադյան» գիրք-ալբոմը, առաջին տեղ գրավելով, ավելի շատ չի վաճառվում։ Մենք գրքի թանգարանների՞ ենք ձգտում, նոր Մատենադարանի՞։ Ամենօրյա օգտագործման առարկա պետք է լինի գիրքը, ոչ թե ֆետիշ, մատյան։ Կարելի է մուտքավճար սահմանել մրցույթի մասնակիցների համար, որպեսզի պատահականության գործոնը նվազագույնի հասցվի։ Միանգամայն հնարավոր է վերականգնել գրավաճառության ցանցը։ Հայաստանում 1400 գրադարան կա։ Եթե յուրաքանչյուրում մեկական սենյակ հատկացվի վարձակալական հիմունքներով, շուտով հազար գրախանութ կունենանք։ Կարելի է սկսել 20-ից, 50-ից։ Մենք պատրաստ ենք գումար ներդնել գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման նպատակով։ Գիրք վաճառելը միս կամ ձու վաճառել չէ։ Վաճառողը հստակ գիտելիքներ պետք է ունենա ապրանքի մասին։ Այդպիսով գիրքն ավելի մոտ կլինի ընթերցողին, ով կարող է միաժամանակ թե՛ գրադարանից օգտվել, թե՛ գրախանութից։ Զուգահեռաբար դպրոցական լուրջ դասագրքերի տարածմամբ, վստահ եմ, կարելի կլինի մեր հասարակության իրատեսական պատկերը մոտեցնել երբեմնի երազածին։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4206

Մեկնաբանություններ