Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սեպտեմբերն Աբու Դաբիում ամփոփեցինք ապագայի մեծ սպասումներով

Սեպտեմբերն Աբու Դաբիում ամփոփեցինք ապագայի մեծ սպասումներով
23.10.2018 | 09:11

Ինչպես հայտնի է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թ. մարտի 12-ի հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանը նշանակվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Վեցամյա պաշտոնավարումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018 թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ԱՄԷ-ի պետական մարմիններն ու հայ համայնքը հրաժեշտի միջոցառումներ էին կազմակերպել: ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության նախաձեռնությամբ Աբու Դաբիի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպված հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ԱՄԷ-ի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄԷ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Իսկ մինչ այդ դեսպանին հրաժեշտ տալու նպատակով Աբու Դաբիում ՀՀ դեսպանատուն են այցելել թեմի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ Մեսրոպ սրբազան Սարգիսեանը, Արամ քհն. Տեյրիմենճյանը և Ազգային իշխանության ներկայացուցիչները: Պրն դեսպանին հյուրերը հուշանվեր են հանձնել:


Մինչ ԱՄԷ-ից մեկնելը դեսպան Գեղամ Ղարիբջանյանը մասնակցել է ԱՄԷ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Դուբայի օպերային թատրոնում կայացած ելույթին: Թատրոնը սեպտեմբերի 6-15-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄԷ-ում: Դուբայի օպերային թատրոնում նրանք ներկայացրել են Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաները: Նրանց ելույթին ներկա դեսպանը հույս է հայտնել, որ այս հյուրախաղերը նոր ձեռքբերումների սկիզբ կհանդիսանան թատրոնի համար:


Վերադառնալով ԱՄԷ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին՝ նշենք, որ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի քայլեր էր Աբու Դաբիում ՀՀ դեսպանության և Երևանում ԱՄԷ-ի դեսպանության հիմնադրումը: Այս տարիներին նաև առևտրատնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում են լուրջ քայլեր կատարվել:
Առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր էր 2014-ին կազմակերպված առևտրի պալատի պատվիրակության և հայ գործարարների բիզնես ֆորումը, 2017-ին Աբու Դաբիում անցկացված ԱՄԷ-Հայաստան բիզնես ֆորումը, Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների համար Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի տրամադրած տասը միլիոն դոլար վարկը, ինչպես նաև Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլաթան Բին Մուհամմադ Ալ Քասիմիի կողմից Հաղարծին վանական համալիրի վերանորոգման աշխատանքների հանձնառությունը (ավելի մանրամասն սրան կանդրադառնանք առաջիկայում):


Այս տարիների ընթացքում տեղի են ունեցել պաշտոնատար անձանց փոխադարձ այցելություններ, այդ թվում` նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (2002, 2007) ու Սերժ Սարգսյանի (2017), արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի (2005, 2007) ու Էդվարդ Նալբանդյանի (2012) աշխատանքային այցերն ԱՄԷ։ էմիրության կողմից Հայաստան են այցելել Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Քասիմին (2005), արտգործնախարար Աբդլլահ Բին Զայեդ Ալ Նահյանը (2009) և այլք:
Ի դեպ, ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շեյխ Զայեդի Մեծ մզկիթում պատվո հյուրերի գրքում իր կատարած գրառման մեջ բարձր է գնահատել հիմնադիր նախագահի դերը երկու երկրների հարաբերությունների ձևավորման գործում. «Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթյան միջպետական բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններին, ինչի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»:


Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման, Հայաստանը և հայ ժողովրդին իր լավագույն կողմերով ներկայացնելու գործում մեծ է նաև ԱՄԷ-ի հայ համայնքի դերը: Ինչպես գիտեք, համայնքը հիմնականում կենտրոնացած է Աբու Դաբիում, Դուբայում և Շարժայում, թեև մյուս քաղաքներում էլ են հայեր ապրում: Համայնքային կյանքն ընթանում է իր բնական հունով: Սեպտեմբերին հայկական վարժարաններում սկսվել է ուսումնական տարին, մեծահասակաների համար Աստվածաշնչի սերտողության դասեր են անցկացվում, հայկական եկեղեցիներում ամեն շաբաթ մատուցվում են պատարագներ, համայնքի ակումբներում տոնվում են ազգային, պետական տոները: Աբու Դաբիում է նշվել նաև Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Սա համայնքային կյանքում լուրջ իրադարձություն է, որին ազգային վարչությունն ամեն տարի մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում: Միջոցառումն անցկացվում էր «Սուրեն Կոժակյան» հյուրընկալ սրահում: Երեկոյին մասնակցում էին Աբու Դաբիի հոգևոր հովիվ տեր Վաչե վրդ. Պալքչյանը, ՀՀ հյուպատոս Արտակ Հովհաննիսյանը, Ազգային վարչության ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ: Հոգևոր հովվի, հյուպատոսի տոնական շնորհավորանքներից բացի դասախոսությամբ հանդես է եկել նաև Վարդգես Արզումանյանը: Նրա ելույթում զգացվում էր հայաստանյան վերջին իրադարձությունների անմիջական արձագանքը:
Ոգևորող փաստ է, որ ԱՄԷ-ի իշխանություններն էլ են շնորհավորում Հաաստանի Անկախության տոնը: Սա խոսում է նաև երկու երկրների հարաբերությունների ամրության և փոխադարձ հարգանքի մասին: ՀՀ նախագահին անկախության օրվա առթիվ շնորհավորել են ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն և զորքերի փոխհրամանատար Շեյխ Մուհամմադ Բին զայեդ Ալ Նահյանը:


Սեպտեմբերյան իրադարձությունների շարքում չպետք է մոռանալ նաև Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄԷ-ի արտգործնախարար Շեյխ Աբդլլահ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Ինչպես հայտնի է, զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկու երկրների ձեռքբերումներին, չեն շրջանցվել տարածաշրջանային և միջազգային խնդիրները: Հայաստանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը: Արտգործնախարար Մնացականյանն ընդգծել է այս հարցում Հայաստանի հստակ դիրքորոշումը՝ մեր երկիրը հակված է հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հայկական Աբու Դաբիի սեպտեմբեր ամսվա մեր ամփոփումն այսպիսին էր: Հոկտեմբերից ավելի մեծ սպասումներ ունենք:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ