ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Կորուստը սիրո կշռաքարն է

Կորուստը սիրո կշռաքարն է
18.03.2024 | 07:16

Ես գիտեի՝ միայն մեծերն են մեռնում, իսկ երեխեքն անմահ են։ Բայց մի օր եկա մանկապարտեզ, տեսնեմ՝ դաստիարակչուհին լացում է։ Մեր խիստ դաստիարակչունին՝ մեծ, սպիտակած մազերով կին․․․ ու երեխեքի առաջ լացում է՝ թաշկինակով աչքերը սրբում ու լուռ հեկեկում։ Տարօրինակ էր։ Երեխեքից ով արդեն եկել էր, ամեն մեկը մի անկյուն մտած, գլուխը կախ ինչ-որ բանով էր զբաղված, աշխատում էին ուշադրություն չգրավել, չանհանգստացնել նրան։

Հետո իմացա, որ Լիլիթը չկա՝ մեր մանկապարտեզի Լիլիթը՝ իմ մոտ, շատ մոտ ընկերուհին, իմ Լիլիթը։ Փողոցն անցնելիս մեքենան խփել էր ու․․․ Ու ես հասկացա, որ երեխեքն էլ են մեռնում։ Աշխարհը փոխվեց։ Մահը դարձավ անհասկանալի պատիժ, որով պատժում են չարություն չարած երեխեքին․․․ Բայց ո՜նց, ինչի՞ համար․․․

Մանկապարտեզում մի մեծ դատարկություն առաջացավ, որի միջով անցնել հնարավոր չէր, պիտի շրջանցեիր։ Էդ դատարկության մեջ ակվարիումի նման լողում էր Լիլիթի անտանելի բացակայությունը, որը շրջապատված էր իմ չժպտացած ժպիտներով, չասած խոսքերով, չպատմած պատմություններով, չխաղացած խաղերով։ Դա ափսոսանքի դատարկություն էր, դատապարտված դատարկություն, որ էլ ոչ մի բան Լիլիթին հետ չի բերի։ Լիլիթից հետո կյանքը ջղայն դարձավ, անարդար, անտրամաբանական։

Լիլիթն իմ կյանքի առաջին կորուստն էր։ Հետո ես շատ էի մտածում Լիլիթի մասին, փորձում էի հասկանալ, թե ինչից է, որ հոգիս էդքան ցավում է, ինչից է, որ տեղս չեմ գտնում։ Ու մի օր հասկացա։ Կորուստը սիրո կշռաքարն է։ Ես սիրում էի Լիլիթին․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5449

Մեկնաբանություններ