38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հենց Մերձավոր Արևելքում է որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը

Հենց Մերձավոր Արևելքում է որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը
11.12.2012 | 00:15

Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի ու Թուրքիայի դիրքերի մերձեցումը Սիրիայի հարցում, որքանո՞վ դա կարելի է վերագրել թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները: Միառժամանակ առաջ ամերիկյան «Մոնթերեյ» հածանավի Սև ծով մտնելու առթիվ Թուրքիայի սովորական արձագանքի բացակայությունից, ինչպես նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջին-երկրորդ դեմքերի միջև շփումների մասին կցկտուր հաղորդագրություններից ելնելով կարելի է անսխալ հասկանալ, որ ամերիկացիներին ու թուրքերին հաջողվել է ինչ-որ սկզբունքային ու կարևոր բանի շուրջ համաձայնության գալ: Սիրիայի առնչությամբ գոյություն ունի «եռադաշինք», որը ներառում է ԱՄՆ-ը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Վերջինս ներկայացնում է արաբական պետությունների մեծամասնության շահերն ու դիրքորոշումները: Սիրիայի առթիվ ձևավորվել են խիստ նպաստավոր հանգամանքներ, քանի որ եվրոպացիները հարկադրված էին միանալու ընդհանուր բացասական գնահատականներին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նման պայմաններում չեն կարող անել ավելին, քան արեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Իշխանությունից Սիրիայի ալավիական (շիական) կառավարող վարչակազմի հեռացումը «գյուտ» է ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև սուննիադավան արաբական պետությունների համար, չնայած դա շատ վտանգավոր քայլ է և կարող է քաղաքական ու հասարակական աղետի հանգեցնել Միջերկրական ծովի արևելյան ափին: Եվրոպայի որոշակի փորձագիտական շրջանակներում հիանալի են հասկանում, թե տարածաշրջանում ձևավորված ուժերի հաշվեկշռի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ Սիրիայի ներկա վարչակազմի տապալումը: Սիրիան երկար ժամանակ, Հաֆեզ Ասադի իշխանության գալուց ի վեր (փաստորեն 1969-ից), գլխավոր հավասարակշռող ուժի դեր է խաղացել Մերձավոր Արևելքի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Արևմուտքի, արաբական աշխարհի առաջատար պետությունները, Իրանը, Թուրքիան և Խորհրդային Միությունը քաղաքական ու դիվանագիտական պայքար էին ծավալել Սիրիայի վրա ազդեցության, Սիրիայի կողմից այս կամ այն պարտավորության կատարման համար:
Իսրայելի և Թուրքիայի թշնամական վերաբերմունքի պայմաններում Սիրիան հենվում էր ԽՍՀՄ-ի, իսկ ավելի ուշ` Իրանի վրա, քիչ թե շատ վստահելի հարաբերություններ պահպանելով արաբական առաջատար պետությունների, նախ և առաջ Եգիպտոսի և Իրաքի հետ, մի փոքր էլ` Սաուդյան Արաբիայի: Իրաքի ինքնուրույն պետության վերանալու և հեղափոխության հետևանքով Եգիպտոսի թուլանալու, Լիբիայում և արաբական մյուս պետություններում ստեղծված բարդ իրադրության պատճառով ուժերի հաշվեկշիռը Մերձավոր Արևելքում արմատապես փոխվեց, և Սիրիան ծայրաստիճան բարդ վիճակի մեջ հայտնվեց: Թուրքիան, որը վերջին տարիներին Սիրիայի հետ մերձեցման կուրս էր վարում, այդ թվում` պաշտպանական ոլորտում, հասկացավ, որ զուր են տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու իր քաղաքական փորձերը, քանի դեռ Դամասկոսում շարունակում է իշխանության գլուխ գտնվել ալավիական վարչակազմը, որի համար առաջնայինն Իրանի հետ շիական ճակատի ձևավորումն է: Պարզվեց, որ Սիրիայում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի շահերը համընկնում են, և Անկարայում Սիրիայի հետ հարաբերությունների արագ վերականգնման հույս ունեն ալավիական վարչակազմի վերացումից հետո: Ընդ որում, Թուրքիայի այդ դիրքորոշումը նրա համար երաշխավորում է արաբական պետությունների մեծ մասի «համակրանքն» ու «ըմբռնումը», ինչին ձգտում է Թուրքիան: Որքանո՞վ Սիրիայի հանդեպ ԱՄՆ-ի և Թուրքիայի այդ փոխադարձ հետաքրքրությունը կարող է հանգեցնել առճակատման հաղթահարմանը և ամերիկացիների ու թուրքերի դիրքորոշումների մերձեցմանը տարածաշրջանում և այլ ուղղություններում: Այս հարցից է կախված նաև իրավիճակը Սև ծովում ու Հարավային Կովկասում, քանի որ հենց Մերձավոր Արևելքում է որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը և ձևավորվում ամերիկա-թուրքական հարաբերությունների հիմքը:
Մեր կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան առնվազն երկու անգամ հիասթափություն է ապրել` Մերձավոր Արևելքում իր ազդեցության ուժեղացման և ԱՄՆ-ի կողմից իր քաղաքականության պաշտպանության առթիվ: Դա տեղի է ունեցել նախ Իրաքում, ապա Սիրիայում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը թույլ չի տվել Թուրքիայի դիրքերի որևէ ամրապնդում Իրաքում` պատերազմի հիմնական մասի ավարտից հետո, իսկ հետո ամենևին շահագրգռված չի եղել թուրք-սիրիական հարաբերություների զարգացմամբ, ինչպես նաև իսրայելա-սիրիական բանակցություններում Թուրքիայի միջնորդ դերով: ԱՄՆ-ը համախմբել է Սաուդյան Արաբիայի, Ծոցի արաբական միապետությունների, Հորդանանի և այլ արաբական պետությունների քաղաքական ռեսուրսները` թույլ չտալու, որ Թուրքիան իրականացնի իր նվաճողամտությունը տարածաշրջանում: Այդ առաջադրանքի կատարման գործում մշտապես բարդություն է հարուցել Իրանը, որը, արաբական պետությունների կարծիքով, լուրջ վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի համար: ՈՒստի Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողամտության զսպման ուղղությամբ արաբների գործողություններն այնքան էլ վճռական չէին, քանի որ Թուրքիայի դիրքերի որոշ ուժեղացումն արաբական մայրաքաղաքներում դիտարկվում է որպես Իրանի հավակնություններին ու քաղաքականությանը հակազդելու գործոն: Այդ հանգամանքների հետ մեկտեղ, տարածաշրջանում ուժերի դասավորության գործում ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում քրդերը, և այդ գործոնը խիստ հակասական դեր է խաղում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի, ինչպես նաև Սիրիայի դիրքերի ամրապնդման կամ թուլացման խնդրում:
ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ այդ տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմամբ, քանի որ այդտեղ ամերիկացիների շահերը նոր, նույնքան ուժեղ ու ակտիվ դերակատարներ չեն ենթադրում: Նրանք շատ լավ են հասկանում, որ Թուրքիայի ջանքերն իբրև Իրանի ազդեցության հակակշիռ դիտարկելն իմաստ չունի, քանի որ իրենք` արաբական պետությունները (բացի Սիրիայից ու Լիբանանից), տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը գնահատում են որպես մեծ սպառնալիք և մտադիր են հակազդել նրան: Միայն Սաուդյան Արաբիան կարճ ժամկետներում ձեռք է բերել 70 մլրդ դոլարի ժամանակակից սպառազինություն, ինչը տասն անգամ ավելի է Իրանի տարեկան պաշտպանական բյուջեից: Բացի Սաուդյան Արաբիայից, սպառազինությունների խոշոր քանակություններ են ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրությունները և Ծոցի մյուս պետությունները: Այդ ձեռքբերումները նախատեսված են, նախ և առաջ, Իրանի նկատմամբ առավելություն ապահովելու համար, որն այդ պետությունների պաշտպանական դոկտրիններում դիտարկվում է որպես առավել վտանգավոր հակառակորդ: Ընդ որում, Իսրայելը, որպես սպառնալիք` արաբական պետությունների ընկալմամբ, անցել է երկրորդ հորիզոնական, տեղը զիջելով Իրանին: ՈՒստի ԱՄՆ-ն այնքան էլ անհանգստացած չէ արաբական պետություններում Իրանի ազդեցության ընդլայնման հեռանկարով: Խնդիրը միայն Իրաքն է, ուր շիադավանները կազմում են 63 տոկոս, և ժամանակի ընթացքում Իրաքը կհայտնվի նրանց գերակշռող քաղաքական ազդեցության ներքո, հետևաբար, սերտ հարաբերությունների մեջ կգտնվի Իրանի հետ: Բայց, այդուամենայնիվ, Իրաքը արաբական պետություն է և, ունենալով նյութական ու պաշտպանական մեծ հնարավորություններ, հազիվ թե կախման մեջ ընկնի Իրանից: Դրա համար էլ Թուրքիան տարածաշրջանում Իրանին հակազդեցության գործոն դիտարկելը թվում է ավելորդ և ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ ռեսուրսների բավական վտանգավոր հավելում: ԱՄՆ-ը վարում է Թուրքիայի նվաճողամտության «զսպման» քաղաքականություն և չի կարող հրաժարվել այդ քաղաքականությունից, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել նեոօսմանիզմի դոկտրինից և չի վերադարձել ԱՄՆ-ի վերահսկողության տիրույթ կամ, առնվազն, չի հրաժարվել ԱՄՆ-ի հանդեպ առճակատման դիրքորոշումից: Որքան էլ էական լինեն Սիրիայի խնդրի առնչությամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկա պայմանավորվածությունները, հակասությունները նրանց միջև մնում են և հաղթահարված չեն: Դե, ուրեմն, ի՞նչ է պատահել:
Շարիաթը ժամանակավոր ամուսնություններ թույլատրում է, և ահա հենց «ժամանակավոր ամուսնություն» է գրանցվել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև: Կատարվում է փորձարկման պես մի բան, և ամերիկացիներն ու թուրքերը փորձում են հասկանալ, թե մոտ ապագայում հարաբերությունների ի՞նչ ձևաչափ կարող է լինել իրենց միջև: ԱՄՆ-ը կարողանում է սպասել և հասկանում է, որ չարժե ավելորդ դրամա ապրել տարածաշրջանում ու աշխարհում նոր դիրքեր ձեռք բերելու Թուրքիայի փորձերի առթիվ: Վերջին տարիների Թուրքիայի քաղաքականությունն ընդունելով իբրև ավելի մեծ անկախության ձգտող գործընկերոջ վարքագիծ, ամերիկացիներն այդ առնչությամբ նույնիսկ դույզն-ինչ նշանակալի քաղաքական բանավեճ չձեռնարկեցին քաղաքական ու փորձագիտական շրջաններում: Քաղաքական մեկնաբանությունների մակերեսին սոսկ աննշան հայտարարություններ ու հետևություններ երևացին Թուրքիայի «նոր» քաղաքականության առնչությամբ: Կասկած չկա, որ ԱՄՆ-ը բավական լայն ու բազմաճյուղ քաղաքական գործողություն է իրականացրել Թուրքիայի «զսպման» քաղաքականության շրջանակներում, և ապագայում, այսպես թե այնպես, այդ գործողության մանրամասները կդառնան նման խոշոր պետության հանդեպ այդ կարգի քաղաքականության դասական օրինակ: Թուրքիան կանգնած է հետևյալ հնարավոր խնդիրների առջև։
Այդ երկիրը վախեցած է 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի ճգնաժամի նման նոր տնտեսական աղետի սպառնալիքից, այսինքն` «վարկային» ճգնաժամի սպառնալիքից, որի հաղթահարումը, առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության, բարդ է: Բայց նախորդ ճգնաժամի դառը փորձից դասեր քաղած թուրք քաղգործիչներն այս անգամ զգուշանում են ԱՄՆ-ի քայլերից, որը կարող է արագացնել ու սաստկացնել այդ ճգնաժամը և անգամ փլուզել թուրքական տնտեսությունը:
Թուրքիան չկարողացավ բավարար չափով ապահովել Ռուսաստանի աջակցությունը և ավելի վստահելի հարաբերություններ հաստատել Իրանի հետ, իսկ Չինաստանն առհասարակ չի շտապում Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ կառուցել: Այսինքն, Թուրքիային չհաջողվեց համոզիչ կերպով ցուցադրել Եվրասիայում, ի դեմս ուժի համաշխարհային կենտրոնների և խոշոր տերությունների, դաշնակիցներ ու գործընկերներ ձեռք բերելու ընդունակություն և իրական հնարավորություն:
Տարեցտարի Թուրքիան համոզվում է, որ հասարակական, քաղաքական և տնտեսական անհրաժեշտ հնարավորություններ չունի նեոօսմանիզմի դոկտրինի իրականացման կամ, եթե այդ քաղաքականությունը դիտարկենք ավելի սեղմ ձևաչափով, ավելի շատ անկախության հասնելու համար: Բացի այդ, Թուրքիան հասկանում է, որ իր տեղային նախաձեռնությունները բացարձակապես անընդունելի են տարբեր տարածաշրջաններում և այն պետությունների հետ հարաբերություններում, որոնց հետ, թվում է, գլխավոր խնդիրները լուծված են և մնում է անցնել ավելի սերտ համագործակցության փուլերին: Մերձավոր Արևելքի, Բալկանների, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ոչ մի պետություն Թուրքիայի ազդեցության մեծացում թույլ չի տվել:
Թուրքիան չի կարողացել հաղթահարել Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների հետ հարաբերություններում եղած դժվարությունները և առաջ տանել իր եվրոպական նախագիծը: Ֆրանսիային, Գերմանիային և այն մյուս երկրներին, որոնք դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, ինչ-որ չափով միացել է նաև Մեծ Բրիտանիան, որն այդ դիրքը գրավել է նուրբ ձևով:
Թուրքիան լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի ինչպես ավանդական քեմալականության և չափավոր իսլամի կողմնակիցների միջև ներքաղաքական պայքարի, այնպես էլ քրդական ազգային ազատագրական շարժման ծավալման առումով: Ընդ որում, թուրք քաղգործիչները չեն կարող վստահ լինել, թե երկրի քաղաքական և ազգային խմբերը որքան են կապված արտաքին շահագրգիռ ուժերի հետ:
Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիային հասկանալ է տվել, որ նա չի կարող իր նպատակներին հասնել և իր հավակնություններն իրողություն դարձնել առանց իր հետ սերտորեն համագործակցելու, տարածաշրջաններում փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելու, մնալով, ինչ-որ չափով, ԱՄՆ-ի վերահսկողության ներքո: Թուրքիան, հավանաբար, ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել է իր քաղաքականության որոշակի ուղղություններ, բայց դա բոլոր խնդիրների լուծում չի նշանակում: Ավելի շուտ, ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները կզարգանան ալիքաձև, սինուսոիդի նման, այն խնդիրների ազդեցությամբ, որոնք երկու պետությունների կողմից կդիտվեն որպես համագործակցության «ասպարեզ», «նյութ»: Հազիվ թե Վաշինգտոնի և Անկարայի միջև այս պահին ձեռք բերված լինեն այնպիսի համաձայնություններ, որոնք գլխավոր խնդիրների լուծում կարող են ենթադրել: Այդ խնդիրները մնում են, և առճակատումային հանգամանքներն իրենց զգալ կտան:
Սև ծով-կովկասյան տարածաշրջանն առավել խնդրահարույցն է ամերիկա-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հանդես է եկել այդ շրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման դեմ, խիստ նախանձոտ է վերաբերվում պաշտպանության ու անվտանգության հարցերում տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը: Թուրքիան, ի հակակշիռ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ համագործակցության քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում «երրորդ ուժի» առաջացման դեմ: Սա Ռուսաստանի հետ երկար ու բազմակողմանի բանակցությունների թեմա է եղել: ԱՄՆ-ը, իհարկե, թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումը համարում էր խիստ անցանկալի երևույթ, ինչպես Չինաստանի, Իրանի ու Պակիստանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը: Բայց, ինչպես ռուս-չինական հարաբերությունների զարգացման պարագայում, ամերիկացիները կասկածում էին թուրք-ռուսական դաշնազույգի ստեղծման հնարավորությանը, և արագորեն հարթեցին հակասությունները: Պետք է ասել, որ թուրք-հայկական հարաբերությունները «կարգավորելու» ԱՄՆ-ի փորձերը նպատակ ունեին մեծացնելու վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ և կազմալուծելու թուրք-ռուսական հարաբերությունները:
Այսպիսով, կարելի է ենթադրել հետևյալը. ԱՄՆ-ը և Թուրքիան որոշում են ընդունել Սիրիայի առնչությամբ և այդ պայմանավորվածությունների ազդեցությամբ պատրաստ են լուծելու տարածաշրջանային այլ հարցեր, բնականաբար, ԱՄՆ-ի համար ընդունելի ձևաչափերով: Ամենայն հավանականությամբ, առայժմ այդ պայմանավորվածությունները «համեստ» են և Իրաքին ու Իսրայելին վերաբերող շատ հարցեր չեն ներառում: Բայց, ըստ երևույթին, մտքերի փոխանակություն է եղել նաև Իրանի առնչությամբ:
Հիշատակված գործընթացները վկայում են, որ ԱՄՆ-ը կարողացել է որոշ չափով ուժեղացնել վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ և, դրա հետ մեկտեղ, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Սև ծովում իր ներկայության ապահովման, այստեղ «երրորդ ուժի» ձևավորման համար, որը կարող էր լինել Թուրքիայի ու Ռուսաստանի դիրքորոշման այլընտրանքը (գուցե և գործընկերը): «Երրորդ ուժի» գործոնը կդառնա հիմնարարներից մեկը Հարավային Կովկասում քաղաքականության ծավալման համար, և այն արդեն անհնար է անտեսել: Սև ծով-կովկասյան տարածաշրջանի պետություններն ավելի ու ավելի շատ կկատարեն Թուրքիայի և Ռուսաստանի զսպման գործառույթները` մոտակա խնդիրների շարքում, բայց նկատի ունենալով ավելի հեռահար խնդիրները, տարածաշրջանը կօգտագործվի Չինաստանի աշխարհաքաղաքական զսպման լայնընդգրկուն համակարգի ձևավորման համար: Այսինքն, այդ հեռանկարը որքան ընդունելի է տարածաշրջանի երկրների համար, այնքան էլ սպառնալիքներ ու վտանգներ է պարունակում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ