ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկ վայրկյան

Մեկ վայրկյան
01.05.2009 | 00:00

Եթե ես լինեի այս պատմվածքի հեղինակը, պարզապես այն չէի գրի: Աշխարհում կատարված ամեն բան չէ, որ պատմվում է: Ճշմարտությունը վերարկուի պես մի բան է` ցրտին հագնում ես, շոգին` հանում: Այնքան ես հանում-հագնում, մինչև հնանում է, գցում ես աղբարկղ կամ հանձնում հնավաճառին: Էս դեպքում` ամենքը ամեն բան գիտեն, բայց ոչ ոք ոչինչ չգիտի: Պատմողը գոհ է, որ չի պատմելու, ունկնդիրը գոհ է, որ չի լսելու: Միայն ես գիտեմ, թե ինչ է զգում երկրի ամենակարևոր մարդն այն պահին, երբ ահաբեկչի ինքնաձիգի փողն ուղղված է նրա քունքին: Դա մի սքանչելի զգացողություն է: Հանկարծ սկսում ես հասկանալ բաներ, որոնց իմաստը ամբողջ կյանքում փնտրել, փնտրել ու չես ըմբռնել: Գյուտարարի այդ հրճվանքը քեզ հասարակ մահկանացուից վերածում է գրեթե Աստծո: Նրա պես ամեն ինչ գիտես և նրա պես քո իմացածը մարդկանց հայտնելու, գաղտնիքը բացահայտելու անհրաժեշտություն չես զգում: Երկու բան եմ ուզում ասել, երկուսն էլ` մորս: Ինչո՞ւ մորս, ասեմ. որովհետև միայն մայրս գիտի, որ ես մարդ եմ: Մյուսները ինձ տեսնում են կամ որպես Աստված, կամ Սատանա: Մեկը հիմա կասեմ, մեկը` պատմվածքի վերջում, եթե, իհարկե, այս պատմվածքը վերջ ունենա:
«Կներես, մամ, որ քեզ էս վիճակի մեջ գցեցի»:
Անցանք առաջ: Հիմա դառնամ էս լակոտին, որը իմ ահաբեկիչն է: Շարքային լակոտ է, հավանաբար նրանցից, ով ծիրանի ծառն ընկույզի ծառից չի տարբերում: Հավանաբար նրանցից, ում սիրած աղջիկը ուրիշի ծոցում է տաքանում, կամ նրանցից, ում գլուխն է մտնում գաղափարի մեջ և ոչ թե գաղափարն է լցվում գլխի մեջ (Թումանյանի ասածի պես):
«Վախեցած ես երևում, ախպեր ջան: Նախքան էս գործին անցնելը գոնե քիթդ սրբեիր, փսլնքոտ»: Չգիտի, որ իմ հորինածն է: Էնքա՜ն բան հորինեցինք ու կիսատ-պռատ դեն նետեցինք: Մեր ուշքն ու մի՛տքը թուրքն էր. տարվեցինք նրանով և մոռացանք ամենակարևոր բանը` թուրքը ոչ թե ազգի տեսակ է, այլ մարդու տեսակ: Թուրք կա ֆրանսիացիների մեջ, չինացիների մեջ, շվեդների մեջ ու նաև… ցավոք, մեր մեջ: Էս դահլիճն էլ է իմ հորինածը, էլի կիսատ-պռատներից է: Ոնց որ թե տակները թրջողներ էլ կան… վա՜յ ես ձեր… նամուսով վախենալ էլ չգիտեն: Պատերազմի ժամանակ բոլորս էլ վախենում էինք, բայց էդ վախից ուժ էինք ստանում, մարդ էինք դառնում, մի բան էլ էն կողմ` Աստված էինք դառնում: Չէ, երևի սխալ եմ: Սարսափն ու վախը խառնում եմ իրար: Դահլիճը սարսափի մեջ է. հայից հային փոխանցվող մի զգացողություն, որն ավելի հին է, քան Տիգրան Մեծն ու Նոյ Նահապետը:
«Արա՛, փսլնքոտ, մի հատ օդ կրակիր, թող զգան` հավայի ահաբեկիչ չես… գոռա ինչ-որ բան… ասա` տզրուկներ, ժողովրդի արյունը ծծողներ… ասա` շանսատակ կանեմ բոլորիդ… Ժողովրդավարություն ասա, հայրենիք ասա… այդպե՜ս…»:
Հիմա գրողներն անգղների պես կհարձակվեն էս պատմության լեշի վրա: Մեղադրելու չէ: Էնքան հայի ու թուրքի պատմության լեշը հոշոտեցին, որ երբեմն (մեղա քեզ, Աստված) հայից թուրքի հոտ է գալիս, թուրքից` հայի: Հերն էլ անիծած, վիրավորվում են` թող վիրավորվեն: Վաղը, մյուս օրը միասին շուրջպար են բռնելու: Չի բացառվում, որ էն հայերին, ովքեր վիրավորել են թուրքերի արժանապատվությունը և էն թուրքերին, որ վիրավորել են հայերի արժանապատվությունը, նույն փոսի մեջ լցնեն ու կրակ տան: Հո չե՜ն տժժա…
Իրադարձություն չէ, ի՞նչ է: Երկրի ամենակարևոր մարդու քունքին ինքնաձիգի փող են պարզել: Մնում է միայն ձգանը քաշել և… թուրքերն էնտեղ ուրախ-ուրախ, հայերն էստեղ տխուր-տխուր քեֆ կքաշեն: Մեկ առ մեկ գիտեմ, թե որ գրողն ինչ է գրելու: Խեղճ Վովա փղի պատմությունը դարձավ: Մի հազար պատմվածք գրվեց, մի էդքան էլ վեպ ու վիպակ: Մեկի պատմվածքում Վովա փիղը ազատության համար մարտնչող հերոս էր, մյուսի պատմվածքում` այլանդակ իրականության զոհ, էն մեկում էլ` էգ փնտրող արու: Մի բան կար, որ բոլոր պատմվածքներում նույնն էր` կրակոցը:
«Արա, Վրեժ, քեզ եմ դիմում, որովհետև հաստատ գիտեմ, որ էս պատմվածքը քո ոճն է: Էլի նույն խելքին ես: Ամեն ինչ խառնում ես իրար: Ոչ ընթերցողն է ջոկում` ինչն ինչ է, ոչ դու: Հիշո՞ւմ ես, Շեկոն ինչ էր ասել Հայաստանի վրա էս կուսակցությունների արշավանքների մասին. «Արա՛, վախըմ եմ մի օր էս բոլոր կուսակցականները միանան իրար ու բռնեն մեզ` անկուսակցականներիս տըփեն»: Տեսնես վախը չափեցի՞ն:
Խոսքը մեր մեջ, մեր պոետ ընկերը ճիշտ էր: Ես էլ, կուսակցության առաջնորդ լինելով հանդերձ, կուսակցական չդարձա: Մեր տեսակը էդ տեսակ բաների մեջ չի տեղավորվում»:
Իմ ամբողջ ապրած կյանքի դիմաց ինձ մեկ վայրկյան ժամանակ է տրված: Էդ մի վայրկյանում ես ո՞ւմ հիշեմ. իմ թշնամո՞ւն, թե՞ բարեկամին: Հիշեմ, թե չհիշեմ, ամեն ինչ մնալու է իմ մեջ: Իմ մեջ է մնալու նաև էն Հայաստանը, որը չհասցրի ձեզ տալ: Խոսքը էն Հայաստանի մասին չէ, որ լրագրերով ասում էի:
Էս մեկը ասվող բան չէր, իմ մեջ մնաց:
Էս լակոտի մտքով չանցնի՞, թե իրենից վախենում եմ:
«Արա, ես, ինչպես և դու, միայն ինձնից եմ վախենում»:
Ավտոմատը, որի փողը ուղղված է քունքիս, ոնց որ թե ռուսներից թռցրածներից է: Համբոյի օպերացիան էր… ո՞նց է ընկել սրա ձեռքը: Էդ զենքերով մենք Մարտակերտը վերցրինք: Ասա դու էդ զենքի քաղցրությունը տեսե՞լ ես, գիտե՞ս ինչ տղերքի ձեռքով է անցել, տերերից քանի՞սը կան, քանիսը չկան… Համբոյին ճանաչո՞ւմ ես: Նա քեզ ծնկների վրա կխաղացներ, քեզ պաղպաղակ կառներ, մեկ-մեկ էլ ականջներդ կքաշեր: Ա՜յ, նա ինձնից նեղանալու իրավունք ունի: Էնքան զըրթ ու զիբիլ լցրեցի իմ մեջ, որ Համբոյի նման տղայի համար տեղ չմնաց: Հետախույզ էինք ուղարկել, գնացել թուրքի հարսանիքին թամադա էր դարձել: Ի՜նչ կենացներ էր խմել: Ասել էր. «Էն զտարյուն թուրքի կենացը, ով մի օր կսատկացնի…»: «Համբոն թուրքի հարսանիքին քո կենացն է խմել, փսլնքոտ»: Գոնե մեկ օր առաջ Համբոյին տեսած լինեի, կասեի. «Համբո ջան, ներողամիտ եղիր, իմ ու քո սարքած երկիրը քաղցած է, ինձ ու քեզ կուտի` կկշտանա»: Համբոն էլ կասեր. «Հրամանատար ջան, մենք կծու կերակուր ենք»:
Դառնամ իմ գրող ընկերներին. «Տղերք, ծիրանի ծառի մասին գրեք, էլի, ինձնից պատմվածք դուրս չի գա: Եթե ճոռոմ գրեք` սիրտս կխառնի, ուրախ գրեք` սուտ կլինի, տխուր գրեք` կջղայնանամ: Ծիրանի ծառի մասին գրեք ու հոնորարն էլ խմեք, ցմրո՜ւր… ոչ մի կաթիլ թշնամուն… ինչպես վայել է իսկական գրողներին: Տղերք, ես ձեզ նախանձում եմ: Ոչ թե էն բանի համար, որ քունքիս ինքնաձիգի փողն է պարզված: Չէ՛, ես իմ մահը կյանքիս չափ սիրում եմ: Սրտիս մեջ որքան տեղ կար, ափնիբերան լցված է մահով: Նախանձում եմ, որովհետև էն, ինչ-որ ես գիտեմ, դուք չգիտեք: Եթե իմանաք, ծիրանի ծառի մասին պատմվածք չեք գրի: Չի ստացվի: Շատ բանից լավ բան չի ստացվում»:
Երանի էն պառավը քարով խփեր գլուխս ջարդեր, հիմա էս լակոտին թիրախ չէի լինի: Ոչ բարով պետական այր էի: Պատերազմը հորով-մորով արել, հիմա էլ խաղաղության քարտեզն էինք գծում: Ինչ միջոցառում էր, չեմ հիշում, էս պառավը թիկնապահներիս հախից գալով` ինձ մոտեցավ: Ասաց. «Բալա ջան, զինվոր թոռս հիվանդ է, կմեռնի, կծանրանա խղճիդ վրա»: Բոլորին իրար խառնեցի: Զեկուցեցին, որ վերցրել են բուժման և մեկ ամսից մորե մեկ կլինի: Մի քանի ամսից հայ մամիկը նորից մոտս եկավ, ասաց. «Բալա ջան, թոռանս վիճակը ծանր է, կմեռնի` կծանրանա խղճիդ վրա»: Նորից հրահանգներ տվեցի, զայրացա ենթականերիս վրա. զեկուցեցին, որ ամեն ինչ լավ է, զինվորը արդեն ողջ-առողջ է: Երկու ամսից մի երկտող ստացա. «Բալա ջան, շնորհակալ եմ, թոռս մեռավ»: Դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք: Մի քանի հոգու հերն անիծեցի, ինքս իմ հերն անիծեցի, հետո գնացի-գտա էս պառավի տունը: Հետս մի ժեռ քար էի տարել: Ասացի. «Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի»: Պառավը տխուր նայեց աչքերիս մեջ, ասաց. «Բալա ջան, զգույշ եղիր, քեզ հետ մի բան կպատահի, կծանրանա էս երկրի խղճին»:
Էդ դեպքից հինգ տարի է անցել, բայց ես, որ ողբերգությունը ողբերգության հետևից էի կուլ տալիս, այն չեմ մոռանում: Նրանք, որ իմ անձից զարհուրելի բռնակալի կերպար էին հունցել, երբեք էլ չեն իմանա, որ դյուրազգաց կնոջ պես սիրտս դատարկում էի գիշերների մեջ: Մայրս էլ խնամքով թաքցնում էր: Ասում էր` երկրին տղամարդու անթարթ աչք է պետք: Էդ ժեռ քարը, երևի, պահած կլինեն: Չէ, պառավը ինձ չի անիծել, պարզապես նա իր թոռան մեղքը ուսած մարդու ճակատագիրն է կարդացել: Էնպես որ, էս լակոտը, եթե ձգանը քաշի, ընդամենը իմ ճակատագրի պատգամն է կատարելու, իմ վառոդի հոտը իմ հրացանով ինձ է պարգևելու: Շուտով, երևի, պառավի թոռանը կհանդիպեմ: Նա հաստատ դրախտում կլինի: Կհանդիպեմ, եթե ինքս էլ դրախտ ընկնեմ: Մեկ էլ տեսար, թուրքերը դրախտի մուտքի մոտ հանրահավաք սարքեցին: Եթե էնտեղ ժողովրդավարություն է, մեկից մեկ կսարքեն: Եթե էս փսլնքոտն ու էս դահլիճը իմ հորինվածքներն են, հնարավոր է դժոխք ընկնեմ: Եվ էնտեղ, և էստեղ շատ ծանոթների կհանդիպեմ: Մենակ էդ քավարանը չեմ հասկանում: Եթե մեղք ես գործել, գնա դժոխքում սատկիր, եթե անմեղ ես, ի՞նչ քավարան:
«Ձգանը քաշիր, համբակ»: Չէ, ոնց երևում է, էս իմ ահաբեկիչը ինքն է ահաբեկված: Վախից սփրթնել է: Լավ գործ է բռնել. մի ձգան քաշելով իր անունը գրում է իմ անվան կողքին: Իմ մեջ լցված պատմությունն է ափսոս, հազար պատմաբանի լիուլի կբավականացնի: Գնալու է կորչի էդ ամենը: Էնտեղ նաև էն մարդկանց անունները կան, որոնք կյանքով իմ ստրուկներն էին, մահով ուզում են ինձ իշխել: Ճիշտ էր հին ընկերս, երբ ասում էր… Թե ինչ էր ասում, ինձնից լավ գիտեք: Ամեն ինչ նախատեսել էի, բացի դավաճանությունը: Ինձ թվում էր` էդ ախտը մնացել է պատմության մեջ: Ծովը իմ գոտկատեղից էր թվում, ում որ սիրով չկարողացա, վախով նվաճեցի: Չգիտեի, որ վախեցած մարդը հաճախ ավելի վտանգավոր է: Թքած կյանքի վրա, գոնե մահս ճիշտ լիներ: Եթե հինգ րոպե առաջ մեկը հարցներ. «Ո՞վ է քո թշնամին», մռութը ջարդելու էի: Թուրքը թողնո՞ւմ է, որ ուրիշ թշնամի էլ ունենաս: Եթե էս տխմարը ձգանը քաշի, թուրքը կասի. «Էս հայերին իզուր ենք կոտորում, թողնենք թող իրենք իրենց վերջը տան»: Եթե էս ահաբեկիչս թուրք լիներ, էս պատմությունից ոչ միայն պատմվածք, այլև մի քոսոտ լրագրային հոդված էլ դուրս չէր գա: Ի՞նչ մի զարմանալի բան կա, երբ մի թուրք սպանում է մի հայի: Ոչ թուրքը կզարմանար, որ սպանում է, ոչ հայը, որ սպանվում է և ոչ էլ ճապոնացին կամ չինացին, որ լսում են դրա մասին կամ չեն լսում: Քնից զարթնողը ինձ ասում էր. «Քո ինչի՞ն է պետք իշխանությունը»:
Ախր ո՞նց ասեմ, որ հասկանաք: Դանակը խփեմ սրտիս մեջ, էնտեղից էնքան ձեն դուրս կգա, որ ձեր հարցը իմ պատասխանից ներում կխնդրի: Ախր էդ ծիրանի ծառը որ չլիներ, իշխանությունը այն ուզողի քամակը կխոթեի: Ասում են` էս հարցում սխալ եմ եղել, էն հարցում ճիշտ եմ եղել ու նման էշություններ: Ձեր ցավը տանեմ, ես իմ ճիշտն ու սխալը ձեզնից լավ գիտեմ: Եթե սխալը չլինի, որտեղի՞ց իմանանք` որն է ճիշտը: Իմ սխալի արդյունքը իմ սպանությունը կլինի, իմ ճշտի արդյունքը` երկիրը, որ ձեզ եմ թողնելու:
Երանի ամեն ինչ ազնիվ լրագրողի գրածի պես հեշտ լիներ: Ախպեր ջան, էդ ճիշտ ու սիրուն բաներին, որ գրում ես, փորձիր կյանք տալ` միանգամից հայտնվում ես Աստծո և Սատանայի արանքում: Էնքան են քաշքշում քեզ, որ շշմում ընկնում ես: Վերջում էլ չես ջոկում, թե ով հաղթեց:
Էն ցմփոր պատգամավորին տեսնո՞ւմ ես, եթե անձնագրի նշումը չլիներ, չէր իմանա, որ ինքը հայ է: Գիտե՞ս ինչքան զենք ենք հայթայթել նրա ձեռքով: Դե, արի ու ջոկիր` սխալ է, թե ճիշտ: Բա էն մի աղվեսը. ուղեղում ժողովրդավարության հազար տեսակ ձևակերպում կա, բայց մեջը արյուն չկա, հոտած ջուր է: Բա էն ակնոցավորը. անունը հազար անգամ սխալ ասեմ, չի ասի, որ իր անունը Սիմոն չի, գլուխը կտմբտմբացնի: Բա էն մեկը, որ ահաբեկչի ահից սեղանի տակ է մտել… Էն երգի պես. «Որին սիրեմ, որին թողնեմ, որ չնեղանան»: Էս մարդկանցով մենք բանակ ստեղծեցինք և պետություն: Հայից հային չջոկեցինք: Լավ հայերից լավ պետություն չի լինում, լինում է լավ պետություն բոլոր հայերից: Հենց էստեղ էլ ճիշտն ու սխալը խառնվեցին ու մինչև էսօր էլ միասին գնում են:
Մի վայրկյան ես ունեմ, մի վայրկյան` իմ ահաբեկիչը: Մի մայր ես ունեմ, մի մայր էլ իմ ահաբեկիչը: Մի հայ ես եմ, մի հայ էլ` նա: Ես իմ մեկ վայրկյանը չեմ օգտագործում, թողնում եմ ապագային: Իսկ էս լակոտը, կարծում եմ, պատմության մեջ սողոսկելու առիթը բաց չի թողնի:
Լավ է, որ այս պատմվածքի հեղինակը ես չեմ: Այն սկսելու և ավարտելու ժամանակ չունեմ: Այն մի վայրկյանում, որ ինձ պահեցի, մի սքանչելի օր ծիրանի ծառի մասին պատմվածք կգրեմ:
«Մամ ջան, էդ պատմվածքս կկարդաս ու կներես որդուդ, որ երկիրը սիրեց իր պես և իր պես էլ քեզ մոռացավ»:
-Արա՛, Վրեժ, քո տունը չքանդվի, էս ի՞նչ ես արել. գրածդ կարդան, կիմանան, թե ինքնասպան եմ եղել:
Հերն էլ անիծած, թող էդպես էլ մտածեն:
Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 19914

Մեկնաբանություններ