ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքապետը պետք է լավ մենեջեր լինի

Քաղաքապետը պետք է լավ մենեջեր լինի
05.05.2009 | 00:00

...ՇԱՏ ԹԱՆԿ ԿԱՐԺԵՆԱ
Երևանի ավագանու ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության վերաբերյալ հայտարարության սկզբից ևեթ չեն դադարում ենթադրություններն այն մասին, թե ինչպես կվարվի ՀԱԿ-ի առաջնորդը հաղթանակի դեպքում. նա՞ կմնա և կաշխատի որպես քաղաքապետ, թե՞ այդ պաշտոնը կզիջի իր թիմի անդամներից որևէ մեկին (դիցուք, Ստեփան Դեմիրճյանին կամ Լևոն Զուրաբյանին): ՀԱԿ-ում ո՛չ հերքում են, ո՛չ էլ հաստատում նման հարցադրումները։ Ստեփան Դեմիրճյանը, սակայն, օրերս հայտարարեց, թե «պայմանավորվածություն չկա այն մասին, թե Երևանի ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակից հետո Լ. Տեր-Պետրոսյանը տեղը կզիջի իրեն»։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ղեկավարի` քաղաքապետի պաշտոնում աշխատելու հնարավորությանը, պարոն Դեմիրճյանն ավելացրել է, որ «թեև ՀԱԿ-ը հայտարարել է, թե Երևանի ընտրությունները երկրում սահմանադրական կարգը վերականգնելու մի փուլ է դիտում, սակայն հաղթանակի դեպքում ՀԱԿ-ը պատրաստ է զբաղվել մայրաքաղաքի տարաբնույթ հարցերի լուծմամբ»:
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ հայկական հեռուստաալիքների լրատվական թողարկումներում եթեր հեռարձակվեն ռեպորտաժներ, որոնցում հնչի, ասենք, հետևյալ մեկնաբանությունը. «Այսօր Երևանի քաղաքապետ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Երևան քաղաքի զարգացման եռամյա ծրագիրը»: Համենայն դեպս, եթե իրականություն դառնա նման սցենարը, ապա տրամաբանական կդառնա և Սերժ Սարգսյանի այն եզրահանգումը, թե քաղաքապետ դառնալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կդադարի ընդդիմություն լինելուց այն պարզ պատճառով, որ մաս կկազմի իշխանությանը։
Սակայն, անկախ հանգամանքից` ընտրությունները քաղաքակա՞ն են (ինչպես փորձում է ներկայացնել ընդդիմությունը), թե՞ ընդամենը հերթական ՏԻՄ ընտրություններ (ինչպես փորձում է հրամցնել իշխանությունը), մի բան ակնհայտ է` քաղաքապետը պետք է լինի լավ մենեջեր: 1990-ականներին, օրինակ, երբ հետխորհրդային ողջ տարածքում իշխանության եկան ազատականները (այդ թվում նաև Հայաստանում` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ), խոշոր քաղաքների քաղաքապետեր դարձան այն ժամանակ հասարակության վստահությունը միանշանակ վայելող անվանի գիտնականներ` տնտեսագետ Գավրիիլ Պոպովը` Մոսկվայում և իրավաբան Անատոլի Սոբչակը` Սանկտ Պետերբուրգում: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Պոպովը մի քանի ամիս անց իր տեղը զիջեց «խոզյաստվեննիկ» Յուրի Լուժկովին, իսկ Սոբչակը Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաքը թե՛ տնտեսական, թե՛ քրեածին առումով հասցրեց աղետալի վիճակի: Հենց այդ տարիների մասին էին ասում, թե «Հյուսիսային Վենետիկը» դարձել է «Բանդիտական Պետերբուրգ»:
Հաճախ են պնդում, թե աշխարհի շատ երկրներում մայրաքաղաքի քաղաքապետը ընդդիմադիր է: Իհարկե, նման փորձ կա, և ոչ մեկը չի պատրաստվում հերքել իրողությունը: Սակայն ճիշտ չէ Հայաստանը համեմատել ժողովրդավարական դարավոր ավանդույթներ ունեցող այդպիսի երկրների հետ։
Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև առկա «ծանր» փոխհարաբերությունները, նման ելքը Երևանում ավելի շուտ կհանգեցնի կառավարման ճգնաժամի, քան իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ համագործակցության: Իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում դժվար թե երևանցիներին պետք լինի ևս մեկ ճգնաժամ, այս անգամ` կառավարման: Նման «էքսպերիմենտը» կարող է շատ թանկ արժենալ...
Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ