«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատճառը հավատքի բացակայությունն է առ Աստված

Պատճառը հավատքի բացակայությունն է առ Աստված
24.04.2009 | 00:00

ԱՐՁԱԳԱՆՔ Ի ՀԱՎԱՏԻ ԿՈՉԻ
Մեծ հետաքրքրությամբ կարդացի հարգարժան ՎԱՐԴԱՆ ԳՐԻՉԵՆՑԻ «Կոռումպացում. համաշխարհային և հայկական» («Իրավունքը de facto», թիվ 26) հրապարակումը, մի քիչ էլ զարմացած` քիչ թե շատ ծանոթ լինելով նրա զուսպ արտահայտություններով գրելաոճին։ Նրա գրչեմտրակը այս անգամ անխնա ու ցավոտ խարազանում էր մեր «հեռուստամաֆիոզներին», ովքեր մեր ազգի հոգևոր դաշտը հերկելով` այնտեղ միայն թունավոր որոմ են ցանում, մաքուր հավատքի ցորենահատի փոխարեն։ Մինչդեռ բոլորս էլ լավ գիտենք, որ ինչ ցանում ենք, այն էլ հնձելու ենք։ Իսկ որ սկսել ենք հնձել որոմների դառը պտուղները, դա արդեն տեսանելի է։
Սկսենք «վերևներից», ինչպես նշել է հոդվածագիրը՝ անբարոյականացած հասարակարգ, կոռումպացված իշխանական համակարգ, մեր ազգին սեռական սանձարձակության հմտացնող, արվամոլներին կանաչ ճանապարհ հարթող հասարակական «չարեգործական» կազմակերպություններ, բիզնեսմեն-ցուլեր, որոնց մի «Ջիպ-նժույգի»-ի գինն աղքատ ընտանիքի առնվազն տասը տարվա ապրուստին լիուլի կբավեր, անօրենության թրիքի վրա սնկի նման ուռճացող, ազգային հարստությունը որովայնը լցնող՝ չկշտացող, իրենց բազմահարկ առանձնատներով պարծեցող նորելուկ հարուստներ, որոնց հայրերը տրեխներով են մեծացել, սիրուհի-քարտուղարուհիները հաճախակի «թարմացնող» գործարարներ, երեխաներին անդաստիարակություն սովորեցնող ուսուցիչներ ու կաշառակեր դասախոսներ, ժողովրդին որպես խուզելու ոչխարներ դիտող կղերականներ (անշուշտ, խոսքը Տիրոջը ճշմարտապես ծառայող հոգևորականների մասին չէ), «ղասաբի» անգթությամբ հիվանդների գրպանները դատարկող «մորգի» սառնություն փչող անտարբեր բժիշկներ, անցողիկ ունայնությունները գովաբանող արվեստագետներ, խաչուրաց հավատքի «քրիստոնեության» ջատագովներ, գոտկատեղից ներքև շարժումներ առաջացնող, կրքեր բորբոքող ու այլասերված ցանկությունների «մեջլիս» հրավիրող երգասացներ, ազգին բարոյական օրինակ հանդիսանալու կոչված ու մշակույթի ներկայացուցիչներ, որոնք ծխախոտի քուլաներով ու պարպված գինու անհամար շշերով են մուսաներին հրավիրում, բանակռիվներով ու գզվռտոցներով իրենց ժամանակը ծախսող գրողներ, նկարիչներ ու Աստվածաշունչը գեթ մեկ անգամ չկարդացած մտավորականներ, հեռուստամաղձային ծրագրերով ու թունավոր ծամոն-սերիալներ մատակարարող, ազգին հոգևոր ու բարոյական ժանտախտով վարակող, գողաբարո ու շնաբարո կյանքով ապրելու գայթակղեցնող սատանայի դայակներ, միմյանց վրա ժանիք սրող, «փողի տոպրակներին» գովազդող լրագրեր ու ամսագրեր, արդարության կշեռքի նժարները դոլարի տրցակներով «հավասարակշռող» դատավորներ, դաժան ու մութ գործարքներ քողարկող ոստիկաններ, զինվորական ծառայությունը որպես նորակոչիկների ծնողներին քամելու միջոց գործածող սպայակույտեր, մամոնայի համար ամեն սրբություն ծախելու ընդունակ առևտրականներ, գիշերային զվարճատուն-ապականոցներով բազմերանգ գովազդներով իրենց պոռնկական ընդերքը հրավիրող դևերի որջեր (որոնցից մեկի անունն էլ զավեշտական ձևով «Դիվադադար» էին դրել), կազինո-խաղատներ, որտեղ հայ ընտանիքից գողացված փողերն են տակով անում խաղամոլ-գերիների միջոցով, սաունա-բաղնիքների անվան տակ գործող անլեգալ պոռնկատներ (որը կարելի է նորահնար «բոռնկատներ» բառով փոխարինել, որովհետև դրանց հաճախորդները մեր ազգի անաշխատ բոռերն են), պորտն ու այլ «գիշերային ամոթույքները» լկտիաբար ցուցադրող դեռատի աղջիկներ և սնգույրով (դիմաներկով) դիմահարդարված անամոթ «տոտաներ», անաշայի, հաշիշի ու այլատեսակ «կայֆերով» բթացող երիտասարդներ, պարսիկների սեռամոլական կրքերը կանաչ դոլարներով բավարարող, երբեմն դրանցից սերունդ շարունակող «միայնակ» մայրեր, միայն նյութականն ու մարմնավորը երեխաներին բտող ծնողներ, դեռ որովայնում երեխայասպան խղճազուրկ «մայրեր», ամեն երկրորդ բառը բերանը հայհոյությամբ բացող տղամարդիկ, «արաղով» ու «կանեփի քոլով» դնջացող գյուղացիներ, օրը անաղոթք ապրող, նարդու շրխկոցի տակ հանգիստը վայելող թոշակառու պապիկներ, անեծքով լի բերաններով ու վավաշոտ սերիալներով չբավարարված ցանկություններն արթնացնող տատիկներ, կուսազուրկ ու ապականված «օրիորդներով», «կարմիր խնձորը» պիղծ լաթի վերածած հարսանեկան արարողություններ, «կաթնակեր» (ոչ հալալ) հասակի թանկարժեք պոռնկուհիներ, «բջային» հեռախոսներում ինտերնետից քաշած «սեքս-բոմբերի» այլասերված նկարներով լեցուն դպրոցականներ, դեռ մանկապարտեզային տարիքից երեխաների մեջ հարուստի-աղքատի երեխա հոգեբանություն ներարկող անդաստիարակներ, ծննդատներից «մաղարիչ-կաշառքով» տուն բերված նորածիններ, լեփ-լեցուն որբանոցներ, ծնողների մեղքերի համար հատուցող խեղանդամ մանուկներով, դեռ կենդանի երեխաներ ունեցող ուժազուրկ ծնողներով լի ծանոթով տեղավորված ծերանոցներ, բազում նման դժոխախորհուրդ «Առաջին քրիստոնյա» երկրի ենք վերածվել։
Այսչափ բազում չակերտներով համեմված էպիտետներով հազիվ թե կարողացա դույզն-ինչ բնութագրել հայոց ժամանակակից ազգապատկերի միայն տեսանելի ախտերը, իսկ անտեսանելիները բյուր-բյուր են։ Այս ամենից հետո ինչպե՞ս չբացականչես Մովսես Խորենացու նման. «Ողբա՜մ զքեզ, Հայոց աշխարհ…»։
ՀԱՐՑ -Ո՞րն է այս ամենի պատճառը։
ՊԱՏԱՍԽԱՆ -Բա՛ց և կարդա Պողոս առաքյալի խոսքը ուղղված հռոմեացիներին ու կիմանաս. «Արդարև Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունն անիրավությամբ են բռնած պահում: Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, հայտնված է նրանց, քանզի Աստված Ինքը հայտնեց այն նրանց. արդարև ի սկզբանէ աշխարհի Աստծո աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը և զորությունը և աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մեջ. այնպես որ, ամենևին արդարանալ չեն կարող. որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և հիմարացան:
Քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստված էլ նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցված լինելով ամենայն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ, կռվազանությամբ, նենգությամբ, չարասրտությամբ. բանսարկու, չարախոս, աստվածատյաց, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, ծնողատյաց, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ. նրանք գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»: (Հռոմեացիներին 1.18-32)։

Այսինքն` Տիրոջ առաքյալը հուշում է, որ այդ բոլորի պատճառը հավատքի բացակայությունն է առ Աստված։ Այդ պատճառով Վարդան Գրիչենցի այդչափ հորդորները գրքերի, ռադիոյի և «Իրավունքը de facto»-ի հոդվածների միջոցով միանգամայն տեղին են, ու նման հոգեուղղվածություն ունեցողները պարտավոր են իրենց հնարարավորության ծիրում «աղաղակել» բոլոր հայորդիներին դարձ առ անաղարտ ու առաքելական հավատք։
Իսկ Տիրոջ երկյուղը կրողներին մնում է անհավատների գործերին կամակից չլինել ու սրտում էլ հավանություն չտալ, այլ ջանալ Աստծո պատվիրաններով ապրել, կիրակի օրերը սուրբ Պատարագով զորանալ ու, ըստ հնարավորինս, բարեգործություններով ապրել, քանզի, ըստ Տիրոջ խոսքի, սրբարար կրակով ենք դատվելու միակ Արդարի կողմից։
Մի առաջարկ այս առիթով. քանի որ այժմեական սերնդի սրտին ու մտքին հասնելու ամենակարճ ու գործնական ճանապարհը հեռուստատեսությունն է, ապա մեր բոլորի ջանքերի կիզակետը պետք է լինի այդ ուղղությամբ, նախ` հորդորելով, ապա նաև` պահանջելով, որ կառավարությունն իշխանական լծակներով արգելի հեռուստատեսային ամենաթողությունը և որովհետև այդ ոլորտի ծառայողների խղճի «ֆիլտրերը» վաղուց են խցանվել, ապա պահանջել համապատասխան պաշտոնյաներից, որ հեռուստածրագրերի տնօրենների հանդեպ լուրջ տուգանքի պատժամիջոցներ կիրառվեն բարոյական «չափը անցած» հաղորդումների համար, այլապես մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն` նմանվելով «գելի գլխին ավետարան» կարդալուն։
Իսկ հաջորդ քայլը պետք է լինի «Մաքուր ալիք» հեռուստածրագրի իրականացումը, որտեղ կհրավիրեն մաքուր, անարատ, առաքելահիմն հավատի ջատագովներին, որպեսզի միահամուռ ջանքերով մեր ժողովրդի մեջ անաղարտ հավատքի սերմեր տարածենք։
Եթե այս խոհերին համամիտ ընթերցողներ գտնվեն, ապա թող նրանք աղոթեն մեր հայրերի Աստծուն, որպեսզի Տերը հավատավոր մշակներ հանի այս բարի պատերազմում պատերազմելու և հայազուններին ազգակործան թմբիրից դուրս բերելու համար։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ