ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ազատության հրապարակ փակողն ազատության թշնամին է»

«Ազատության հրապարակ փակողն ազատության թշնամին է»
17.10.2008 | 00:00

«ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ ՆԵՐՔԻՆ ՃՆՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»
Այսօր նախատեսված է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որտեղ, ըստ կոնգրեսի հայտարարության, ծրագրված է ներկայացնել պայքարի նոր ռազմավարությունը: Հանրահավաքի հիմնական շեշտադրումների և հարակից հարցերի շուրջ զրուցում ենք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Արդեն մի քանի անգամ ընդդիմության հանրահավաքներն արտոնվում են (ճիշտ է՝ ոչ այն վայրում, որ ներկայացված է կոնգրեսի հայտում): Ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների այս հանկարծահաս «բարությունը»:
-«Բարության» որևէ նշույլ չկա, քանի որ 60-ից ավելի դիմում մերժել են ու եթե 2-ն էլ թույլատրել են, ապա՝ ոչ մեր ցանկացած վայրում: Եվ, ընդհանրապես, մերժումները բացարձակապես անհիմն են: Իսկ «բարություն» բառն այնքան հեռու է այս իշխանություններից, որքան ամենահեռավոր գալակտիկան մեր մոլորակից: Ազատության հրապարակ փակողը, կալանողն ազատության թշնամին է: Իրենք պարզապես պարտավոր էին կատարել սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ամրագրված նորմերը, որոնց Հայաստանը միացել է: Մնացած բոլոր պատճառաբանություններն ապօրինի են:
-Հոկտեմբերի 17-ից կոնգրեսը նոր մարտավարությամբ է ներկայանալու: Ասել է` շարժման քայլերը լինելու են ավելի վճռակա՞ն, կտրո՞ւկ:
-Հարցի պատասխանը կհնչի հոկտեմբերի 17-ին, Տեր-Պետրոսյանի ելույթում: Որևէ մեկը մինչ այդ չի կարող ասել, թե ինչ առաջարկներ, նոր մոտեցումներ կարող է Տեր-Պետրոսյանը հրապարակել: Վստահ եմ` հանրահավաքը կրկին բազմամարդ է լինելու, քանի որ ասելիքը շատ լուրջ է: Ժողովուրդը ներկա է լինելու ու համոզվելու է, որ շարժման պայքարը շարունակվում, տարածվում է: Հնարավոր են փոփոխություններ միայն ընթացիկ խնդիրների շուրջ:
-Համամի՞տ եք այն տեսակետին, որ ժողովուրդը հիասթափվել է ոչ թե ձեզանից, այլ ձեր մեթոդներից:
-Այդօրինակ հարցի պատասխանն էլ կհնչի հանրահավաքում: Հետո էլ՝ կա մեթոդների բազմազանություն: Անհրաժեշտ պահին անհրաժեշտ մեթոդները կկիրառվեն: Փառք Աստծո, մեթոդները շատ են:
-Այնուամենայնիվ, կարծում եք` հասարակությունը չի՞ հիասթափվել ձեր մեթոդներից:
-Վստահ եմ` ոչ: Բնականաբար, հիասթափվածներ կան և կլինեն, քանի որ վերջիններս արագ լուծումների կողմնակից են: Կա մարդկանց խումբ, որի մոտ արագ փոփոխությունների ցանկությունն այնքան մեծ է, որ օր առաջ են լուծումներ ուզում տեսնել: Բայց օր առաջը ռիսկային է ու վտանգավորության էլեմենտներ է պարունակում: Հիմնավոր լուծման հասնելը դժվար է և ժամանակ է պահանջում, Տեր-Պետրոսյանը գիտի այս մասին: Որպես պատասխանատու, իրական ժողովրդավարության ձգտող մարդիկ, կարծում ենք, որ շարժումը պետք է հիմնարար, հիմնավոր, երկարաժամկետ լուծումներ տա առկա իրավիճակին: Սակայն ամենևին չեմ բացառում, որ դեպքերն այնպիսի ընթացք ունենան (մասնավորապես, ԼՂՀ-ի հիմնախնդրի և այլ հարցերի հետ կապված), որ զարգացումներն ինքնըստինքյան արագություն հավաքեն, ինչը վերահսկելի չի լինի և չի գնա այն հանդարտությամբ, հանգստությամբ, որ մենք էինք նախատեսում: Ոչինչ բացառել չի կարելի: Ինքնաբուխ, մասսայական միջոցառումները շատ երկրներում տարբեր ժամանակներում լուրջ գործոն են եղել: Իսկ Հայաստանն այսօր և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերների առջև է կանգնած: Ոչ մեկը թող հույսեր չփայփայի, որ մեր 50 ընկերները ծանր հոդվածներով հավերժ կնստեն, իսկ հասարակությունն էլ ոչինչ չի անի: Համբերությունը սովորաբար իր չափն է ունենում: Թող չմտածեն, որ արդար մարդիկ պետք է նստեն ճաղերի հետևում, ու մենք էլ խելոք-խելոք «Դուք»-ով խոսենք իրենց հետ:
-Նշեցիք, որ ղարաբաղյան հակամարտությունը ևս կարող է ներզարգացումներն արագացնելու պատճառ դառնալ: Վերջերս այս առնչությամբ հայտարարություններ արեցին նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մեթյու Բրայզան: Ձեր դիտարկմամբ` ներկայումս հիմնախնդիրն ի՞նչ փուլ է թևակոխել:
-Շատ տխուր փուլ: Վատ ցանքի վատ արդյունքն է սա: Այս իշխանությունը, որն ուժեղ չէ, ժողովրդի կամքով չի ընտրված, շատ խոցելի է դրսի ուժերի կողմից: Ոչ լեգիտիմ իշխանությունն այնքան խոցելի է այժմ, որ ցանկացած ոչ հայանպաստ լուծում կարող են պարտադրել Հայաստանին, որի իշխանությունն իրավունք չունի բողոքելու, ըմբոստանալու: Այսինքն, քթին խփելու միջոց ունեն: Տարիների ընթացքում մեր զրկանքների, կորուստների, զոհերի՝ գնով ազատագրել ենք այդ տարածքները, ու հանկարծ, անգամ առանց քննարկման, հանձնում են: Սա պետական դավաճանության պես մի բան է: Դավաճանություն է ոչ միայն հանձնելը, այլև այն հիմքի ստեղծումը, որի պատճառով հանձնում են, իսկ այդ հիմքը կեղծված ընտրություններն են: Հայաստանում կեղծված ընտրությունները Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելու հիմնապատճառ են:
-Արդյոք միայն նոր նախագահի պաշտոնավարման ամիսների ընթացքո՞ւմ այդ հիմքերը դրվեցին, թե՞ այս ամենը դեռ նախորդ նախագահի քաղաքականության արդյունք է:
-Անշուշտ, նախորդի քաղաքականության արդյունքն էլ է: Շուրջ տասը տարի Ղարաբաղը, որպես բանակցող կողմ, կորցրինք, դիվանագիտությունը հասցրինք զրոյի, տարածաշրջանում մեր դերն ու վարկանիշը փոշիացրինք: Թվարկվածները դեռ միայն արտաքին մարտահրավերներն են, ու թե Հայաստանն ինչպես կարող է դրանք հաղթահարել, չեմ պատկերացնում: Այսօրվա իշխանություններն ունեն երկու ճանապարհ՝ թողնել իշխանությունը կամ ռեպրեսիվ, ծանր մեթոդներ կիրառելով հանձնել ազատագրված տարածքները՝ դիմակայելով ներքին ճնշումներին, ժողովրդական ըմբոստացմանը։ Քանի որ իշխանությունների մոտ բարոյականության ոչ մի նշույլ չկա, ապա վստահ եմ, որ նրանք կգնան երկրորդ ճանապարհով։ Այս պարագայում էլ կնպաստեն ժողովրդական ըմբոստացման ալիքի ուժեղացմանը։ Հասարակությունը չի մարսի և չի թույլատրի նրանց այդ քայլը։ ՈՒստի կարագանա ռեպրեսիվ մեթոդների կիրառումը, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի իշխանափոխության։ Վարչակազմը հրաժարական կտա ներքին ճնշման արդյունքում։
-Իշխանափոխությունը կոնգրեսի համար նպատակահարմար է սկսել արտահերթ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրություններով։
-Միայն նախագահական։ Հայաստանը թուլացել, իսկ Ղարաբաղի հիմնահարցը մտել է տհաճ փակուղի՝ նախագահական ընտրությունների պատճառով։ Նախագահական ընտրությունները հզոր լակմուս, ցուցիչ են երկրի իշխանությունների լեգիտիմության հարցում։ Միայն նախագահի ընտրությունները կարող են փրկել երկրի վարկանիշը։
-Անդրադառնանք նաև հետմարտիմեկյան զարգացումներին։ Ձեր գնահատականը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին։
-Այդ հանձնաժողովի աշխատանքը գնահատում եմ զրոյական, քանի որ չի արել անգամ այն, ինչը ՀՀ ցանկացած քաղաքացի կարող էր անել։ Հանձնաժողովի գործը դեպքերը կոծկելն ու վարագուրելն է, քան բացահայտելը։ Այս առումով էլ այն ոչ միայն չի նպաստում հասարակական տրամադրությունների հանդարտեցմանը, ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը, այլև վնասում է դրանց կայացմանը։ Միամիտ են բոլոր նրանք, ովքեր հանձնաժողովից այլ բան են պահանջում։ Բացահայտել` նշանակում է վեր հանել այն մեղքերը, որոնք գործել են կոալիցիան, իշխանությունները։ Տրամաբանական չէ նրանցից այլ բան պահանջել։ Սա էր պատճառը, որ մենք չմասնակցեցինք հանձնաժողովի այդ աշխատանքներին։ Մենք ավելի շատ նյութեր, տեղեկություններ ունենք, որոնք տարածում ենք։ Միամտություն է կարծել, թե ճշմարտությունից անտեղյակ են նաև ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանները, միջազգային կառույցները։ Միայն մի խումբ կա, որ իրեն դմբոյի տեղ է դրել՝ հանձնաժողովը։
-Փաստահավաք նոր խումբ է ձևավորվելու։ Կոնգրեսն իր ներկայացուցիչն ունենալո՞ւ է այնտեղ։
-Եթե խմբի բոլոր անդամները հավասար լիազորություններ ունենան մարդկանց հրավիրելու, նյութերին ծանոթանալու և այլ առումներով, ապա կմասնակցենք այդ աշխատանքներին։ Մենք պարզ հայտարարում ենք` կողմ ենք ճշմարտության բացահայտմանը։
-Եվ վերջում. ընթացող դատավարությունները մի քանի բառով ինչպե՞ս կորակեք։
-Եթե մեկ բառով` խայտառակություն է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4259

Մեկնաբանություններ