ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խոսքի ազատությունը լեզվին զոռ տալ չէ, ոչ էլ դիվանագիտությունը՝ տուրիզմ

Խոսքի ազատությունը լեզվին զոռ տալ չէ, ոչ էլ դիվանագիտությունը՝ տուրիզմ
17.10.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Մամուլի օրվա կապակցությամբ երեկ «Իրավունք de facto» ակումբում հատուկենտ լրագրողների շնորհավորելու առիթն ունեցանք ընդամենը: Ցավալի է, բայց փաստ, որ լրագրողական համքարության ներկայացուցիչներին լուրջ թեմաներով քննարկումները քիչ են հետաքրքրում, առավել ևս, երբ բանախոսներն օրումեջ մի ակումբից մյուսն աճապարող «կարկառուն» քաղաքական դեմքեր չեն:
Ինչևէ:
Երեկվա ասուլիսի թեման ներքին և արտաքին տեղեկատվական անվտանգության խնդիրներն էին, որոնց շուրջ իրենց դիտարկումներով լրագրողների հետ «կիսվելու» էինք հրավիրել Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ, պրոֆեսոր ՀԵՆՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և «Օգոստոս 23» հասարակական կազմակերպության նախագահ, իրավագետ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ:
Շեշտելով, որ քննարկվող թեման քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ զուտ իրավական, իրավագետ բանախոսն աքսիոմատիկ ձևակերպումներով սկսեց իր խոսքը, փաստելով, որ եթե պետության ներսում մարդը պաշտպանված չէ, ազգը պաշտպանված լինել չի կարող: «Ցավոք սրտի, մենք այսօր աշխատում ենք հին մեթոդներով և չենք տեսնում ամենամեծ վտանգը` տեղեկատվական անվտանգության խնդիրը: Անվտանգություն, որի խափանման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»,- զգուշացրեց Պուշկին Սերոբյանը և անցավ բուն ասելիքին: Խոսքը հայկական օրաթերթերից մեկի սեպտեմբերի 10-ի համարում զետեղված տեղեկատվության մասին էր, որն արտատպվել էր ռուսական «PBK» ամսագրից:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան բիզնես-քաղաքական վերնախավի որոշակի մի հատվածի շահերը սպասարկող այս պարբերականը դեռևս հուլիսին հրապարակել էր 100 բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ցանկը` լուսանկարներով, որոնք հասարակ մահկանացուներիս երևակայության մեջ չտեղավորվող «բեշենի» աշխատավարձեր են ստանում: Եվ ոչ անհայտ Չուբայսով սկսվող այդ ցանկի 16-րդ հորիզոնականում, «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն Անդրեյ Ակիմովի լուսանկարի փոխարեն, հայտնվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Դարձյալ հիշեցնենք, որ նույն Ակիմովը հիշատակվում էր որպես ՊԱԿ-ի նախկին գնդապետ:
«Թվում է` ոչ մի սարսափելի բան չկա, ամսագիր է՝ նյութ է տպագրվել, մերոնք էլ վերցրել արտատպել են,- շարունակեց «Օգոստոս 23» ՀԿ-ի նախագահը:- Բայց աչքաթող է արվում մի դետալ, որը կարող էր ոչ թե ներքին խմորում առաջացնել Հայաստանում, այլ պատճառ դառնալ մարտի 1-ի կրկնության: Ռուսական ամսագրում ՀՀ նախագահի լուսանկարով ոչ անհայտ գործարարի մասին գրված է, որ 2002-ից սկսած նա ստանում է տարեկան 9 մլն դոլար աշխատավարձ: Եթե վերծանում ենք սա, ստացվում է, որ այդ թվականներին ՀՀ պաշտպանության նախարար, իսկ այժմ նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը սովորական շարքային գործակալ է` հավաքագրված մեկ այլ պետության անվտանգության մարմինների կողմից: Հիշենք, որ այս հոդվածը տպագրվեց սեպտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց ընդդիմության հանրահավաքն էր լինելու: Սպասում էի, որ նույն օրը մեր հեռուստաալիքները կարձագանքեն՝ համապատասխան պարզաբանում ներկայացնելով նախագահի աշխատակազմի տրամադրած հերքման հիման վրա։ Զարմանալիորեն բոլոր ութ հեռուստաընկերությունները քար լռություն պահպանեցին։ Հաջորդ օրը սպասում էի, որ անասելի աղմուկ կբարձրացնեն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ թերթերը, յուրաքանչյուրն իր ձևով։ Մի մասը կփորձի, սովետական տերմինով ասած, անարգանքի սյունին գամել երկրի նախագահին, մյուս մասն էլ փաստերով կապացուցի, որ ապատեղեկատվություն է հրամցվում հանրությանը։ Ո՛չ մի տող չգրվեց։ Միայն հանրահավաքի օրը՝ սեպտեմբերի 12-ին, մենք փրկվեցինք մի նոր մարտի 1-ից։ Միակ թերթը, որն այդ օրն անդրադարձավ «PBK»-ի հոդվածին (այն, ի դեպ, նույն պարբերականի կողմից դեռ օգոստոս ամսին հերքվել էր արդեն)՝ տպագրելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի լրջմիտ ու փաստարկված լայնածավալ նյութը, «Իրավունքը de facto»-ն էր։ ՈՒ թեև «PBK»-ն իր հերքման մեջ նշել էր, թե տեղի ունեցածն ընդամենը թյուրիմացություն է, անժխտելի է մեկ բան. դա կանխամտածված պրովոկացիա էր, սադրանք, ինչը նպատակ ուներ ծայրահեղորեն սրել Հայաստանի առանց այդ էլ լարված ներքաղաքական իրավիճակը։ Իսկ ո՞ւր էին մեր արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը»,- տարակուսեց իրավագետը, համոզմունք հայտնելով, թե ժամանակն է ստեղծել ծանրակշիռ մի կառույց, որն իր վրա կվերցնի երկրի ներքին և արտաքին տեղեկատվական անվտանգությունն ապահովելու խնդիրը։
«Կոչ եք անում վերականգնե՞լ խորհրդային ժամանակների տխրահռչակ «գլավլիտը»,- հարցրինք Պուշկին Սերոբյանին։
«Ամենևին,- ասաց։- «Գլավլիտը» չկա, «գլավլիտը» չպիտի լինի, և խոսքի ազատությունն էլ մեր քաղաքական նվաճումներից մեկն է։ Ես կոչ եմ անում, որ գործի ոչ թե խոսելու, լեզվին զոռ տալու ազատությունը, այլ ճշմարիտ խոսքի ազատությունը։ Առանց այդ էլ կուտակված չարությունից հասարակությունն արդեն պայթում է։ Մարտի 1-ը դրա ապացույցն էր»։
Արտաքին տեղեկատվական անվտանգության հրամայականին անդրադառնալուց առաջ պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը համաձայնեց Պուշկին Սերոբյանի հետ, որ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ մի կառույց, որը կուսումնասիրի ու կհամակարգի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով Հայաստանի դեմ ուղղված հակաքարոզչական նյութերի ողջ բազան։
«Սա ամփոփվում է շատ ավելի լայն մի հասկացության մեջ, որը կոչվում է տեղեկատվական պատերազմ,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամը։- Երբ Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց Հայաստանից ղարաբաղյան հարցում, այդուհանդերձ, կարողացավ ռևանշ վերցնել տեղեկատվական, դիվանագիտական, քարոզչական ճակատում, քանզի մենք դեռ պատրաստ չենք արտաքին ոլորտում ապահովելու համակարգված, կազմակերպված, նպատակասլաց քաղաքականություն։ Այս ճակատում պետք են լուրջ մասնագետներ։ ՈՒ թեև անցյալ տարի ընդունվեց ազգային անվտանգության հայեցակարգը, որը, պետք է ասել, լուրջ փաստաթուղթ է, բայց դրա մեջ գրեթե ոչինչ չկա տեղեկատվական անվտանգության մասին, ինչն այսօր կարևորագույն դոկտրինի կորիզը պետք է լիներ։ Ինչո՞ւ։ Որովհետև ազգային անվտանգությունը 70 տոկոսով հենց տեղեկատվական անվտանգությունն է, քանզի աշխարհը թևակոխել է տեղեկատվական անվտանգության փուլ, որը հաջորդել է ինդուստրիալ անվտանգության փուլին։ Եվ այսօր հարց է առաջանում. որքանո՞վ ենք մենք պատրաստ տեղեկատվական այդ պատերազմին, ինչպիսի՞ դերակատարությամբ, ի՞նչ մասնագետներով։ Այն, որ երկրի նախագահը դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասում է, թե նրանք պետք է լուրջ դպրոց անցնեն, ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դիվանագիտությունը տուրիզմ չէ՝ պաշտոնական ընդունելություններով և արարողակարգային այլ մանրուքներով։ Մեր դիվանագետներն ամենից առաջ ինտելեկտուալ զինվորներ պետք է լինեն, քանի որ տեղեկատվական պատերազմի դաշտում նրանք առաջին գծի վրա են։ Այդպե՞ս է, արդյոք, մեր պարագայում։ Ցավոք, այդպես չէ։ Հիշում եմ 90-ականները, երբ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի էին ընդունում բոլորովին պատահական մարդկանց և ասում՝ դե, գնա լեզու սովորիր։ Եվ սրանք այն մարդիկ են, որոնք արտաքին աշխարհում պետք է պայքարեն Հայաստանի իմիջի ձևավորման համար։ Այդ պայքարի համար հատուկ տեխնոլոգիա գոյություն ունի, որին մենք չենք տիրապետում։ Այս ձևով չի կարելի Հայաստանը ներկայացնել արտաքին աշխարհին»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5802

Մեկնաբանություններ