ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական հրաձգության լույսն ու ստվերը

Հայկական հրաձգության լույսն ու ստվերը
10.10.2008 | 00:00

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԱՊԱԳԱՆ
Ավարտվեցին դպրոցականների հանրապետական 17-րդ մարզական խաղերի ծրագրով հրաձգության մրցումները։ Օդամուղ հրացանի և ատրճանակի հաղթողի կոչումը վիճարկեցին Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջ 60 մարզիկ-մարզուհիներ։
Օդամուղ հրացանի տղաների պայքարում գերազանց հանդես եկան երևանցիներ Հրաչ Օհանյանն ու Վիլհելմ Պողոսյանը, որոնք համապատասխանաբար ցույց տվեցին 730 և 709 միավոր։ 687 միավորով լավագույն եռյակը եզրափակեց գյումրեցի Գեորգի Հարոյանը։
Աղջիկների այս նույն զենքաձևում ևս պայքարին տոն տվեցին երևանցիները։ Կարինե Պողոսյանը 707 միավորով առաջինն էր, Մարիամ Հակոբյանը՝ երկրորդը (663 միավոր), իսկ Սվետլանա Տիգրանյանը (597 միավոր)՝ երրորդը։
Օդամուղ ատրճանակի մրցումներում բավականին բարձր արդյունքներով առաջին երեք տեղերը գրավեցին երևանցիներ Դավիթ Նիկողոսյանը (691 միավոր), Սուրեն Հարությունյանը (685) և վանաձորցի Դերենիկ Քոչինյանը (681)։ Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա այստեղ պայքարին տոն տվեցին գյումրեցիներ Էլինա և Վալենտինա Կարապետյան քույրերը։ Նրանք համապատասխանաբար ցույց տվեցին 571 և 536 միավոր, իսկ երևանցի Մերի Անտոնյանը 534 միավորով արժանացավ երրորդ մրցանակին։
-Մրցումների արդյունքները հուսադրող են։ Բացառությամբ աղջիկների ատրճանակի, մյուսներում գրանցվեցին բավականին բարձր արդյունքներ։ Ինչ վերաբերում է թիմային պայքարին, ապա առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին կրթության և գիտության նախարարության հրաձգության հանրապետական դպրոցի Երևանի առաջին և երկրորդ թիմերը,- զրույցի ժամանակ ասաց հանրապետական դպրոցի ուսմասվար, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Խորհրդային Միության ժողովուրդների 5-րդ սպարտակիադայի և երկրի կրկնակի չեմպիոն ԳԱԳԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ։
-Կարելի՞ է ասել, որ, հանձինս առաջին երեք տեղեր գրաված մարզիկ-մարզուհիների, ունենք հուսալի հերթափոխ։
-Բարձր արդյունքներ, իհարկե, գրանցվեցին, սակայն վստահորեն ասել, որ նրանք կգան համալրելու երկրի հավաքականները, դժվարանում եմ։ Բանն այն է, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում, քանի դեռ երեխաները սովորում են ցածր դասարաններում։ 9-րդ դասարանից սկսած՝ նրանց մեծ մասը սկսում է նախապատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին, և մարզումների համար այլևս ժամանակը չի բավականացնում։ Այնպես որ, ամեն տարի մոտ 100 երեխա ենք կորցնում, և դրա համար ոչ մեկին չենք կարող բողոքել։
-Հավանաբար, հեռանալու պատճառներից մեկն էլ մարզումային պայմաններն են, որոնք, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։
-Այդ հարցում, իհարկե, խնդիրներ ունենք։ Բանն այն է, որ մարզադպրոցն ընդամենը մի սենյակ ունի, որտեղ մարզվում են, սակայն այն էլ ցանկանում են վերցնել, այնպես որ, եթե այս հարցը չկարգավորվի, ապա առաջիկայում կարող ենք լուրջ դժվարությունների առջև կանգնել։ Երեխաները հիմնականում մարզվում են նախկին ԴՕՍԱԱՖ-ի և «Ասպար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հրաձգարաններում։ Ճիշտ է, այս տարի մարզադպրոցին գումար են հատկացրել զենք ձեռք բերելու համար, բայց առանց սեփական բազայի ի՞նչ կարող ենք անել։ Քանի որ այս հարցը շոշափեցիք, ապա պետք է ասեմ, որ մարզիկների հետ կապված խնդիրներ էլ ունենք։ Մեր համակարգում այսօր ընդամենը ութ մարզիչ է աշխատում. չորսը՝ Երևանում, երեքը՝ Գյումրիում և մեկը՝ Վանաձորում, մինչդեռ կար ժամանակ, երբ նրանց թիվը հասնում էր 27-ի։ Հեռանալու պատճառը ցածր աշխատավարձն է։ 80 հազար դրամով ընտանիք չես պահի, իսկ հեռացողների մեծ մասը մեր ամենափորձառու մասնագետներն էին...
Մարզիչների հոսքից դժգոհեց նաև Հայաստանի հրաձգության և նետաձգության ֆեդերացիայի նախագահ, Խորհրդային Միության, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն ՀՐԱՉՅԱ ՊԵՏԻԿՅԱՆԸ, և պատճառը դարձյալ ցածր աշխատավարձն էր։
-Այսօր, երբ արդեն հրաշալի բազա ունենք, մարզիչների պակասն ավելի սուր է զգացվում, իսկ դրանից, հասկանալի է, տուժում է գործը, այնպես որ հաջորդ տարվանից ինքս էլ խմբեր կհավաքեմ։
-Օլիմպիական տարին մոտենում է ավարտին։ Այն ինչպե՞ս կգնահատեք։
-Մինչև տարեվերջ դեռ էլի մրցումներ ունենք։ Հոկտեմբերին պատանիները կմասնակցեն ՈՒկրաինայում անցկացվելիք միջազգային մրցումներին, նոյեմբերի 1-6-ը Նորայր Բախտամյանը կմասնակցի Բանգկոկում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Պայքարի այս փուլում հանդես է գալիս աշխարհի գավաթի խաղարկության փուլերում լավագույն արդյունք ցույց տված տասը մարզիկ։ Տարվա արդյունքներով Նորայրը հինգերորդն է, այնպես որ, նրանից դեռ ակնկալիքներ ունենք։ Նորայրից բացի, պայքարին կմասնակցի նաև Պեկինի հերոսներից մեկը՝ այժմ ՈՒկրաինան ներկայացնող օլիմպիական չեմպիոն Արթուր Այվազյանը։ Նոյեմբերին կանցկացնենք նաև Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ կամփոփենք տարվա արդյունքները։ Եթե Պեկինի վրիպումը չլիներ, կասեի, որ տարվա արդյունքներից գոհ ենք, վատ չէր։ Այսօր բավականին լավ բազա ունենք, որն արժանացել է ԱՊՀ երկրների մասնագետների ուշադրությանը։ Իհարկե, հիշում եք, որ Պեկինի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին հավաքը մեզ մոտ անցկացրին Վրաստանի և Բելառուսի 25 ուժեղագույն հրաձիգները, իսկ հաջորդ տարվա համար նախկին Խորհրդային Միության ևս մի քանի հանրապետությունների ֆեդերացիաներ հավաքներ անցկացնելու հայտեր են ներկայացրել, այնպես որ մեր հրաձգարանն աստիճանաբար միջազգային ճանաչում է ձեռք բերում։ Նման շփումները մեծապես կնպաստեն նաև մեր երեխաների վարպետության բարձրացմանը, ինչը չի կարող չուրախացնել։ Մոտ օրերս մարզադպրոցում ևս մեկ հրաձգարան կբացենք, որտեղ կմարզվեն սկսնակները, և կարող եմ ասել՝ մեր դժվարին ժամանակներն արդեն անցել են։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ զենքի և զինամթերքի հիմնախնդիրներ չշոշափեցինք, ինչը մեր ամենացավոտ կողմն էր։
-Իսկ աշխարհագրությո՞ւնը։
-Աշխարհագրությունը նույնն է. Երևան, Գյումրի և Վանաձոր։ Առայժմ ավելին չենք էլ կարող ակնկալել։ Մի մոռացեք, որ հրաձգությունը շատ թանկ մարզաձև է։ Ինչ վերաբերում է հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներին, ապա այստեղ էլ արդեն հեռանկարային մարզիկներ կան, որոնց հետ հույսեր ենք կապում։ Դուք գիտեք, թե հրաձգության հայկական դպրոցն ինչպիսի ավանդույթներ է ունեցել, և եթե անկախության առաջին 1,5 տասնամյակում կարողացանք այն ինչ-որ չափով պահպանել, ապա վաղվա օրվա նկատմամբ մեր հավատն ավելի մեծ է, և դա կտեսնեք հաջորդ օլիմպիական քառամյա փուլում։ Բոլորի նման մենք էլ արդեն այսօրվանից սկսել ենք նախապատրաստվել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին, իսկ թե ինչպիսիք կլինեն արդյունքները, ցույց կտա ապագան։
Զրուցեց Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5612

Մեկնաբանություններ