Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԴԵՌԵՎՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ Է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԱՌԱՋ ՔԱՇՎԵԼ»

«ԴԵՌԵՎՍ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ Է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԱՌԱՋ ՔԱՇՎԵԼ»
09.10.2009 | 00:00

Թեև իշխանության մաս կազմող ուժերը, հատկապես ՀՀԿ-ն, առիթը բաց չեն թողնում համոզելու, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները հայկական կողմի համար նպաստավոր նախապայմաններ չեն ներառում, այդուհանդերձ, կոալիցիայում էլ քիչ չեն մարդիկ, ովքեր մտահոգություններ ունեն սկսված գործընթացի առնչությամբ։ Անձամբ Դուք ինչպիսի՞ մտահոգություններ ունեք՝ հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ։
-Մտահոգություններ բոլորն ունեն, այդ թվում՝ նախագահը,- ասաց պատգամավորը։ -Հնարավոր չէ, որ այդպիսիք չլինեն։ Թուրքը տասնյակ տարիներ թշնամու կերպարով է հանդես եկել, թշնամի, որ ցեղասպանություն է իրականացրել։ Համոզված եմ՝ եթե արձանագրությունում նշված լիներ, որ Թուրքիան պատրաստ է ցեղասպանությունը ճանաչելու, միևնույն է, կրկին մտահոգություններ կլինեին։ Ամեն ինչ կախված է ոչ թե թղթից, այլ հետագա քաղաքականությունից։ Տնտեսական առումով ևս առկա են մտահոգություններ։ Այսօր մեր շուկան լցված է թուրքական ապրանքով, ընդ որում՝ ոչ պետական խողովակներով, որն առավել վտանգավոր է, քան երբ պետական լծակներով է կարգավորվում: Եթե մեր ազգը պատրաստ չէ մրցակցության, կապ չունի՝ ապրանքը թուրքակա՞ն է, պարսկակա՞ն, թե՞ չինական։ Սա նման է նրան, երբ ծնողները փակում են դուռ-լուսամուտ ու երեխային ասում՝ փողոց դուրս մի արի, խուլիգանություն կսովորես, ծեծ կուտես, մոռանալով, որ երեխան արդեն չափահաս է՝ 18 տարեկան։ Մեր անկախությունն էլ է 18 տարեկան։ Մեր դիվանագիտությունը, տնտեսությունն իսկապես թույլ են, բայց չպետք է փակվենք ու այդպես թույլ մնանք։ Ամենալավ գործիքը պետությունն է, ազգային խնդիրները լուծելու համար այլ գործիք չկա։
-Կորուստներ կունենանք քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հարթությունում։
-Չեմ կարծում, որ կորուստներ կլինեն։ Միջպետական հարաբերությունների ստեղծումը պետականության բաղադրիչներից մեկն է։ Եթե ուզում ենք պետականությունն ուժեղացնել, անհրաժեշտ է միջպետական հարաբերություններ հաստատել, որպեսզի երրորդ պետության միջոցով միմյանց հետ չբանակցենք։ Կան հարցեր, որոնք Հայաստանի և Թուրքիայի շահերին չեն հակասում, սակայն երրորդ պետության ներկայությունը կարող է վնասել այդ շահերը։
-Ի վերջո, արձանագրություններում նախապայմաններ կա՞ն, թե՞ չկան։
-Փաստաթղթի մեջ նախապայմաններ չկան։ Իսկ ընդհանրապես, հարաբերությունների մեջ նախապայման կա և չի կարող չլինել։ Այսինքն, Թուրքիան փորձում է ամեն ինչ կապել Ղարաբաղի, ցեղասպանության հետ, այնինչ արձանագրության մեջ չկա այս ամենը։ Խոսքը պարզապես ենթահանձնաժողովի մասին է։ Ի դեպ, դեռևս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցն առաջ քաշվել։
-Փաստորեն, Քոչարյանի ժամանակ «ծնունդ առած» գաղափա՞րն է այսօր թղթին հանձնվել։
-Առաջին անգամ այս մասին բարձրաձայնվել է Քոչարյանի ժամանակ, երբ նա միջպետական հանձնաժողով էր փորձում ստեղծել։
-Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան հիմա համաձայնեց, չէ՞ որ Քոչարյանի ժամանակ նմանատիպ առաջարկը մերժել էր։
-Նախ՝ չեմ կարծում, որ այս ամենն այսօր Թուրքիայում միանշանակ է ընդունվում, հատկապես ազգային ուժերը խիստ բացասական են վերաբերվում դրան։ Հետո էլ՝ տարածաշրջանում իրավիճակ ու քաղաքականություն է փոխվել միջազգային մակարդակով։ Այն դինամիկան ու հավասարակշռությունը, որ կային, հիմա փոխվել են։ Թուրքիային այսօր Ղարաբաղի հարցը փոքր-ինչ հետ է մղում, քանի որ նրան ձեռնտու է տարածաշրջանում իր դերը մեծացնելն ու ազդեցիկ լինելը։ Թուրքիան ոչ միայն Հայաստանի հետ խնդիրներ ունի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու նույնիսկ Ադրբեջանի։ Այդուհանդերձ, նրա շահերից է բխում սահմանի բացումը։
-Վստա՞հ եք, որ և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը կստորագրեն արձանագրությունը։
-Թուրքիան կստորագրի, բայց հնարավոր է, որ դրանից հետո նրանց մոտ էլ խնդիրներ առաջանան։ Հայաստանի առումով ինձ ավելի շատ անհանգստացնում է սփյուռքի գործոնը, քանի որ նրա համար առաջնային են ազգային խնդիրները։ Սփյուռքը մեր պետական քաղաքականությունը խորապես չգիտի։ Հայաստանում էլ այսպիսի խնդիր կա. երկու օր առաջ դաշնակցական ջահելներ մոտեցան ինձ, չիմանալով, որ պատգամավոր եմ, ու հարցրին՝ կո՞ղմ եմ արձանագրությանը։ Պատասխանը լսելով՝ դժգոհեցին, բայց ես հակադարձեցի՝ իսկ դուք արձանագրության շարունակությունը կարդացե՞լ եք։ Այսինքն, իրենք ևս մինչև վերջ փաստաթուղթը չեն կարդացել։
-Ասել է՝ Սփյուռք-Հայաստան հարաբերություններում խնդիրնե՞ր եք տեսնում։
-Ինձ մտահոգում է Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հնարավոր սրացումը։ Խնդիրը փորձում են շահարկել։ Սա այն ազգային հարցն է, որտեղ ներքաղաքական շահարկումներ չպետք է լինեն։ ՀՅԴ-ի կազմակերպած լսումները ժպիտ էին, չէ՞, առաջացնում, երբ ելույթներից հետո ծափ էին տալիս։ Երևում էր, որ արհեստական բան կա այդ ամենում։ Այդ օրը ՀՀԿ-ն պատրաստ էր քննարկելու ու լսելու, բայց նրանք փորձում էին ուրիշների կարծիքի վրա ազդել։ Վախենում եմ, որ նույնիսկ սփյուռքահայերի շրջանում շահարկում լինի, ինչի արդյունքում գուցե հարաբերությունները սրվեն։
-Ձեր դիտարկմամբ ստացվում է, որ այն, ինչ սփյուռքում ու Հայաստանում է տեղի ունենում (բողոքի ակցիաներ, հրաժարականների պահանջ և այլն), ձևակա՞ն է։
-Ավելի շատ քաղաքական շահարկում է։ Սա առիթ է իշխանությունների վրա ազդելու ու մարդկանց այլ ձևով ուղղորդելու համար։ Քաղաքացիների 50-60 տոկոսը խնդիրը ճիշտ չի պատկերացնում, այդպես էր նաև 90-ականներին։ Համոզված եմ՝ եթե այս խնդիրը Սերժ Սարգսյանը լուծի, կմնա պատմության մեջ, իսկ որ լուծումը դրական է ազդելու մեր երկրի վրա, չեմ կասկածում։ Արդյունքը պայմանավորված է մեր պետության վարած հետագա քաղաքականությամբ։ Հիմա մենք առաջին քայլն ենք անում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ