Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ես երբեք չեմ եղել, չեմ և չեմ էլ լինի օլիգարխ»

«Ես երբեք չեմ եղել, չեմ և չեմ էլ լինի օլիգարխ»
12.08.2008 | 00:00

«ՄԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԵՐ, ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՑ»
Օգոստոսյան զրույց ՄԱԿ կուսակցության առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ
-Պարոն Արսենյան, ինչո՞վ եք զբաղված:

-Ինձ դուր եկող գործերով. ամառ է, որը շատ եմ սիրում, փորձում եմ օգտագործել լիարժեք, անել այն, ինչ ուզում եմ և, ընդհանրապես, ինչ չեմ հասցրել, թողնում եմ ամռանը:
-Փաստորեն, ամռանը «հատուկ» անելիքներ եք ունենում:
-Փաստորեն. սարերն եմ բարձրանում, ուսումնասիրություններ կատարում, չարածն եմ ավարտին հասցնում:
-Դուրս է գալիս` ամառը նույնպես «քաղաքական կատեգորիա» է. Սոլժենիցինն ասում էր` ուզում եմ մահանալ ամռանը և տանը. չէ, զուգահեռ չեմ անցկացնում, բայց տեսնում եք` ամառը միայն Ձեզ համար չէ, որ շատ կարևոր է:
-Սոլժենիցինն ինչ ասել էր` արեց. մահացավ տանը, ամռանը. երկնային արքայություն իր մեծ հոգուն:
-Բա քաղաքականությո՞ւնը:
-Որպես կանոն, քաղաքականությունն ամռանն արձակուրդ է վերցնում: Սակայն այս ամառը Հայաստանում խիստ քաղաքական ստացվեց. միտինգներ, հայտարարություններ` նոր քաղաքական միավորների մասին: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունն այս ամառ աշխատեցին, չկարողացան վայելել այն:
-Ի դեպ, նախորդ ուրբաթ ընդդիմությունը փաստեց, որ իշխանությունները «կմահանան» ոչ թե ամռանը, այլ` աշնանը: Այնուհանդերձ, այս ամառն առանձնացավ նաև «ծնունդներով». ծնվում է «երրորդ ուժը». մեկ-մեկ էլ` հայրենասիրական անվանված: ՄԱԿ-ը որտե՞ղ է այդ «երրորդությունում»:
-Ներեցեք, Դուք որտե՞ղ եք «երրորդ ուժ» տեսնում:
-Խոսակցություններում:
-Շարունակեք նույն ոգով: Մեր մասով ասեմ հետևյալը. ՄԱԿ-ն իր ծրագրերից չի հրաժարվել, սա մեզ համար ընդամենը տակտիկական ընդմիջում է: Մենք քաղաքական դասեր, հարվածներ ենք ստացել մեր դաշնակիցներից ու հասկացել ենք` Հայաստանի քաղաքական կյանքն ու զարգացումները ստիպված պետք է վերցնենք մեզ վրա` առանց հույս դնելու դաշնակիցների աջակցության վրա: Մեր դիրքորոշումներն այսօր շատ ավելի կարծր են, քան էին առաջ, և ինչպես ռուսական առածն է ասում` «զա օդնոգո բիտոգո դայուտ դվուխ նեբիտիխ». հիմա մենք երկրորդ կարգավիճակում ենք, որովհետև այլևս քաղաքական անհաջողության փորձ ունենք, որը մեզ բերել է ժողովրդական իմաստնությանը` գիտելիքն ու փորձը ձեռք են բերվում ժամանակի ընթացքում:
-Նույնն էր ասում «իմ լավ բարեկամ» Սոկրատը, արձանագրելով` «ամուսնացիր, կինդ լավը կլինի, երջանիկ կապրես, չի լինի` իմաստուն կդառնաս»: «Դաշնակիցները մեզ հարվածել են» ասելով՝ նկատի ունեք կոնկրետ ո՞ւմ. Սերժ Սարգսյանի՞ն:
-Նկատի ունեմ Հանրապետական կուսակցությանը:
-Սերժ Սարգսյանին չի՞ վերաբերում:
-Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամներից մեկն է:
-Մի՞թե. ես էլ գիտեի` լիդերն է:
-Դե, լիդերն էլ է անդամ:
-Նեղացա՞ծ եք:
-ՈՒմի՞ց:
-Նրանից...
-Ես կրկնում եմ` քաղաքականության մեջ «նեղանալ» բառն օգտագործող մարդիկ պետք է արագ դուրս գան քաղաքականությունից: Քաղաքականությունը սուբյեկտիվ գործունեություն չէ, այլ խիստ օբյեկտիվ, և մենք համոզված ենք, որ մեր դիրքերը, տեսակն ու ապագան որևէ մեկից այլևս կախված չեն:
-Բա ինչո՞ւ չեք միանում ընդդիմադիր ուժերին: Կոնկրետ ինքս միշտ համակրանք եմ ունեցել Ձեր կուսակցության նկատմամբ, Ձեր կուսակցության տեղն այսօր շատ է երևում պառլամենտում, և, այնուհանդերձ, հնարավո՞ր է թողնեք քաղաքականությունը, որովհետև այն չափորոշիչները, որ կան այսօր քաղաքական դաշտում, «գերմարդկային» ուժերի, այսպես ասած` աստրալ պատերազմի ոլորտ են և աստրալ մոտեցումներ են պահանջում:
-Այս պահին, երբ Դուք տալիս եք այդ հարցը, ես ասում եմ` քաղաքական թատերաբեմից մենք չենք հեռանալու: Եվ, այնուհանդերձ, կա մի հին փիլիսոփայական պատասխան` երբեք մի ասա երբեք: Այսօր մենք կարծում ենք, որ ունենք համապատասխան ներուժ, ռեսուրս` քաղաքական զարգացումներին մասնակցելու, քաղաքական գործիքներով հայաստանյան հասարակությանն օգտակար լինելու: Մնացածն ապագան ցույց կտա:
-Քոչարյանի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք:
-Ի՞նչ կարգավիճակով:
-Սկզբում` վարչապետ:
-Քոչարյանը չի էլ հեռացել. նա շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացի, երկրորդ նախագահ, նա դադարել է ընդամենը պաշտոնավարել:
-Հասկացա ասվածի «խորքը»` ենթատեքստը. ուզում եք ասել` դեռ ղեկավարում է, հա՞:
-Ես ասում եմ` նա դադարել է պաշտոնավարել. այսինքն` Քոչարյանի վերադարձը Դուք նկատի ունեք որպես ՀՀ նախագա՞հ:
-Երկրորդեմ` սկզբում որպես վարչապետ:
-Դա Միավորված աշխատանքային կուսակցության խնդիրն ու ծրագիրը չէ:
-Բայց ուզո՞ւմ եք:
-Բացարձակապես դա մեր խնդիրը չէ, կա քաղաքական մեծամասնություն, և այդ մեծամասնության որոշումների ընդունման շրջանակներում է, թե ով կլինի Հայաստանի վարչապետը: Դրա համար, առաջին հերթին, պետք է անվստահություն հայտնվի գործող կառավարությանը:
-Կհայտարարվի՞:
-Չգիտեմ: Ես չեմ մտնում այն ձևաչափի մեջ, որը կոչվում է քաղաքական կոալիցիա: Դրա համար չունեմ իրենց որոշումների վրա ազդելու լեգիտիմ հնարավորություններ. ունեմ ընդամենն իմ կարծիքը հայտնելու հնարավորություն որպես մարդ, որպես կուսակցության ղեկավար: Կուսակցությունն այդ հարցում որոշում չունի, ես էլ, որպես մարդ, ասում եմ՝ երբ կսկսվի անվստահություն հայտնելու գործընթացը, այդ ժամանակ կարող ենք դատողություններ անել, թե ով կլինի այն անձը, որին խորհրդարանի մեծամասնությունը կվստահի վարչապետի պոստը: Մնացյալն այս պահին անուրջների դաշտից է:
-Իսկ, ընդհանրապես, ի՞նչ զարգացումներ եք տեսնում:
-Առաջիկայում հրատապ կդառնա երկու խնդիր: Առաջինը կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների հետ, երկրորդը` ներքին: Սկսեմ առաջինից: Շատ կարևոր է, թե ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստն ինչ օրակարգ կորդեգրի: Կարծում եմ, որ պետք է կարողանանք հասնել նրան, որ մեր ստանձնած պարտավորությունների կատարումը լինի գոհացուցիչ, որպեսզի Հայաստանը չմտնի ռեպրեսիվ` կախարդական շրջանակի մեջ, եթե մտանք, և մեր նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել, դա կունենա դոմինոյի էֆեկտ, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի ահավոր թուլացմանը. մենք կսկսենք կորցնել մաս առ մաս` տարբեր բանաձևերի տեսքով, տարբեր ոլորտներում:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա երկրորդ սերնդի բարեփոխումների քաղաքականության հռչակումից և կատարվող կոնկրետ քայլերից է կախված` ինչ վիճակ կտիրի ներքին կյանքում` տալով ամենակարևոր հարցի պատասխանը` ի վիճակի՞ էր այս կառավարությունը դրանք իրականացնել: Առայժմ, կարծում եմ, հասարակությունը նման իմպուլսներ չի ստանում ո՛չ վերևից, ո՛չ ներքևից:
-Իշխանափոխություն կլինի՞:
-Իշխանափոխություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք` Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությո՞ւն, թե՞ ինչ-որ «պերսոնի» փոփոխություն: Եթե առաջինը, ապա Հայաստանի արտաքին կուրսն առաջիկայում, հասկանալի է, չի փոխվի, որովհետև այլընտրանք չունի: Իսկ մեկ «պերսոնի» փոփոխությունը մյուսով ես ամենևին չեմ բացառում:
-Եվս մեկ հարց` ինչպե՞ս են Ձեր գործերը. ասում էին` լավ չէ:
-Իմ գործերը շատ լավ են: Ասենք էսպես. որոշ առողջական խնդիրներ ունեի մարտ ամսին, հիմա, փառք Աստծո, լավ եմ, և դրանք անհետևանք հաղթահարեցի: Աշխատանքային-տնտեսական բոլոր վեկտորներում միայն նոր լիցքեր եմ զգում նոր ծրագրերի, գործերի համար` լինեն դրանք քաղաքական, թե «այլական»: Ասեմ կարճ` ապրում եմ նոր իդեաներ գեներացնելու շրջան:
-Եվ վերջապես, Դուք օլիգա՞րխ եք, պարոն Արսենյան:
-Գիտեք, դա շատ «մութ» հարց է Հայաստանի Հանրապետության համար. մեզանում «լուսաբանված» չեն իրական օլիգարխները, փորձեք գտնել նրանց և լրագրողական լուսաբանման ենթարկել: Բնականաբար, ես երբեք չեմ եղել, չեմ և չեմ էլ լինի օլիգարխ: Ես սովորական քաղաքացի եմ:
Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 5193

Մեկնաբանություններ