Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հնգամատյանի օրենքը (աղքատների մասին օրենքները)

Հնգամատյանի օրենքը (աղքատների մասին օրենքները)
21.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5.7):
ՈՒխտը և օրենքը Հին Կտակարանի կարևորագույն հասկացություններն են, իսկ օրենսդրական գրքերը` նրա սիրտը, այնպես որ մնացյալ պատմական, իմաստության և մարգարեական գրքերը դրանց լրումն ու մեկնությունն են։ Այսպես, պատմական գրքերի նպատակը ոչ միայն դեպքերի ճշգրիտ նկարագրությունն է, այլև պատմության փիլիսոփայության բացահայտումն ՈՒխտի` փոխադարձ պարտավորությունների լույսի ներքո. Աստված միջամտում է մարդկանց պատմությանը և օրինապահության ու օրինազանցության խորհրդով ըստ արժանվույն փրկում կամ պատուհասում։ Մարգարեները` Տիրոջ խոսնակները, դետ էին կարգված Իսրայելում և օրենքի տեսանկյունից էին հետևում հասարակական և բարոյական կյանքի երևույթներին` հանդիմանելով, ժողովրդին ապաշխարության կոչելով և գալիք պատիժներն ու ավետիսները հռչակելով։ Իսկ իմաստության գրքերի գլխավոր թեման կրոնաբարոյական ճշմարտություններն են, այսինքն` նույն ինքը օրենքը, բայց այն տարբերությամբ, որ աստվածային հայտնությամբ շնորհված հանձնառականներն ու հրաժարականներն այստեղ արդեն վերաճում են կենդանի համոզմունքի, գիտակցության փաստ դառնում. դրանց հայտնութենականությունը հաստատվում է ոչ միայն հավատով, այլև արդեն բանականությամբ, որը զանազան կշռադատությունների միջոցով մոտեցնում է դրանք մարդկային ընկալմանը` կատարելագործելով գիտելիքն ու բարեպաշտությունը։
Սակայն հինկտակարանյան օրենքն իր լրումը պիտի գտներ Նոր Կտակարանում Փրկչի Լերան քարոզով և երանիներով։ Սրանցով Քրիստոս արթնացնում է բարոյական օրենքի նկատմամբ մեր անտարբեր ու սառը սրտերը, բացահայտում տասը պատվիրանների հոգևոր խորքերը, ցույց տալիս օրենքի սրբությունն ու հավիտենական էությունը և այն իրագործելու փրկարար խորհուրդը։ Հին Կտակարանի օրենքը խիստ արդարության օրենքն էր (տե՛ս Գաղ. 3.19), իսկ Քրիստոսի օրենքն աստվածային սիրո օրենքն ու շնորհն է. «Այսպես` օրենքը դաստիարակ եղավ` մեզ Քրիստոս Հիսուսին բերելու, որպեսզի հավատով արդարանանք» (Գաղ. Գ 24), սակայն այս մասին առավել հանգամանալից կխոսենք Նոր Կտակարանի ներածության անդաստանում։
Չկա և չի եղել աշխարհում մի հասարակություն առանց օրենքի ու կրոնի. այսպիսին է ազգագրագետների եզրակացությունը, ուստի և օրենքը յուրաքանչյուր անգամ պարզունակ մշակույթի գրավոր ու բանավոր ավանդության անքակտելի մասն է և մարդկային հասարակության ձևավորման հիմնարար սկզբունքը։ Օրենքը նույնիսկ սովորական իմաստով սահմանվում է իբրև բարձրագույն իշխանության կամ սովորույթի ու հասարակական կարծիքի ուժով կարգված կարգ ու կանոն, որի պահպանումը պարտադիր է, և որը հասարակության ներդաշնակության առհավատչյան է։ Սակայն հասարակությունից հասարակություն այն տարբերվում է ոչ միայն իր դաժանությամբ կամ մարդասիրությամբ, այլև գիտակցման խորությամբ և, որ նվազ կարևոր չէ, նրա բախտորոշ դերի ու նշանակության ըմբռնմամբ։ Այսպես` հեթանոսական օրենքը (թեև ուներ առանձին փայլատակումներ) դաժանաբարո ու այլասերված դիքերի և դիցաբանական մտածողության (որն ունակ չէր զանազանելու աստվածայինը մարդկայինից, հասարակը նվիրականից ու սրբազանից) արգասիքն էր և ազատություն էր տալիս մարդու ստոր բնազդներին` առավելապես կազմելով բռնակալական կենտրոնաձիգ պետական վարչաձևի հիմքը։
Իսկ Մովսեսի օրենքն իր բոլոր մասերով հանդերձ խարսխված է հավատի վրա, այսինքն` օրենքն Աստծո ճշմարիտ գաղափարի արգասիքն է, և կրոնական այս համոզմունքից էլ բխում են բարոյական ու մարդասիրական սկզբունքները։ Այլ կերպ ասած` սուրբ, արդար ամենագութ և ամենակարող Աստծո հետ հաղորդակցությունը կամ ՈՒխտի հարաբերությունները Նրա պատկերով ու նմանությամբ ստեղծված, սակայն անկյալ մարդուց համապատասխան վարք ու բարք են պահանջում։ Այսուհանդերձ, հոգևոր օրենքը, ի տարբերություն մյուսների, զարմանահրաշ հատկություններով էլ է օժտված. նախ` «օրենքի իմացությունը մտքի հարստությունն է» (Առակ. 9.10), ապա և ի զորու է, ինչպես այդ մասին արդեն խոսել ենք, վերափոխել, մաքրագործել և սրբացնել մարդկանց եսասեր սրտերը (տե՛ս Սաղմ. 18.8-12)։
Բացի քարեղեն տախտակների վրա Աստծո ձեռամբ գրված տասը պատվիրաններից, Մովսեսը Սինա լեռան վրա բազմաթիվ այլ օրենքներ էլ ստացավ, որոնք էլ կազմում են ՈՒխտի գրքի երկրորդ մասը և աստվածպետական հասարակության յուրաքանչյուր անդամի առօրյա կենսագործունեությունը կարգավորող օրենսգրքի հիմքն են։
Առհասարակ, Հին Կտակարանում հաշվվում է 613 օրենք, որոնցից 365-ը հրաժարական են («մի՛» ժխտական մասնիկի գործածմամբ), իսկ 248-ը` հանձնառական (այսպես կամ այնպես վարվելու պատվեր)։ Օրենք` թորա (եբրայերենում ստուգաբանվում է` ուղղություն, ցուցում) բառը բազմաթիվ հոմանիշներ ունի` պատվիրան, խոսք, պատգամ, իրավունք, կանոն, հրաման, վկայություն, ճանապարհներով` շավիղներով գնալ, որոնք իմաստային դույզն-ինչ տարբերություններ էլ ունեն։ Այսպես` պատվիրանն օգտագործվում է բացարձակ հեղինակություն ունեցող հրամանի իմաստով, խոսքը, որ հայերեն սրբազան բնագրերում հաճախ թարգմանվում է պատգամ, մատնանշում է մարդու պարտականություններն առ Աստված (այստեղից էլ Տասնաբանյան), իսկ կանոնը` առ հասարակություն։ Սակայն ավելի հաճախ այս բառերի իմաստային երանգները չեն երևում, օրինակ. «Սրանք են պատվիրանները, օրենքներն ու կանոնները» (Բ Օր. 6.1, տե՛ս նաև Գ Թագ. 2.3)։
Սինայական օրենքներն իրենց բնույթով բաժանվում են խմբերի` կրոնական կամ աստվածային (I-IV պատվիրանները), բարոյական (V-X պատվիրանները), ծիսական կամ աստվածպաշտական (սահմանվում է աստվածպաշտության տեղը, որ են շարժական խորանը, ապա և Տաճարը, անձինք` քահանաներն ու ղևտացիները, ժամանակն ու արարողությունները) և քաղաքացիական։ Վերջին խմբի օրենքներն իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի` Աստծո ժողովարան մտնելու, սեփականության, կենդանիների նկատմամբ կարեկցանքի, պատերազմի և խաղաղության ու պատիժների մասին օրենքներ։ Այս շարքում առանձին խումբ է կազմում և Սուրբ Գրքում առանձնահատուկ հարգ ունի աղքատների մասին օրենքը, քանզի Հնգամատյանի վարդապետության համաձայն` բովանդակ հասարակության բարոյական մակարդակի ցուցիչն իր իսկ տկար, անպաշտպան խավի (պանդուխտներ, որբեր, այրիներ, կույրեր, անդամալույծներ և այլն) նկատմամբ դրսևորվող վերաբերմունքն է. «Իրավունք և արդարություն արե՛ք, կողոպտվածին փրկեցեք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ լինեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։ Եթե այս բանը կատարեք,- ասում է Երեմիա մարգարեն «Ելք» գրքի 22.21 համարի պատգամի խորհրդով,- ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագավորներ, որոնք կբազմեն Դավթի աթոռին, և կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թե՛ իրենք և թե՛ իրենց ծառաներն ու ժողովուրդը։ Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա Ինքս Ինձ երդվում եմ,- ասում է Տերը,- որ ավերակ պիտի դառնա այդ տունը» (Երեմ. 22.4,5)։
Ըստ Աստվածաշնչի ուսուցման` աղքատությունը, ինչ պատճառներով էլ որ պայմանավորված լինի, հասարակական չարիք է, թեև անխուսափելի և որպես անանց պատգամ ու գործելու պատվեր է հնչում բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար. «Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի... Քանի որ կարիքավորներն անպակաս են լինելու երկրի վրա, դրա համար էլ այս բանը պատվիրելով` ասում եմ. «Քո աղքատ եղբոր և քո երկրում տառապյալ մարդկանց նկատմամբ առատաձե՛ռն եղիր» (Բ Օր. 4.11)։ Այս աստվածային պատվիրանն իրականացման բազմաթիվ եղանակներ ունի. նախ` տասանորդի (բացի Աստծուն նախատեսվածից) տեսքով ամեն երրորդ տարում ղևտացու, եկվորի, որբի ու այրու համար. «Նրանք թող ուտեն ու հագենան քո քաղաքներում։ Այն ժամանակ քո Տեր Աստծո առաջ կասես. «Ինչ-որ սուրբ էր, իմ տնից դուրս տարա, ըստ Տեր Աստծո ինձ տրված հրամանների հանձնեցի ղևտացուն, եկվորին, որբին և այրուն։ Տե՛ր, քո պատվիրաններն անտես չարեցի, չմոռացա» (Բ Օր. 26.12,13)։ Փաստորեն, սա բարեգործության սկիզբն էր աշխարհում, որը դարեր շարունակ և այսօր էլ հատուկ է հրեաներին, որը և որդեգրվեց ու մեծ տարածում գտավ նաև քրիստոնեական աշխարհում։
Կողոպուտ է բնութագրվում և խստագույնս արգելվում աղքատ մարդու կամ պանդուխտի վարձը չտալը. «Մի՛ զլացիր վարձ տալ քո աղքատ ու կարիքավոր եղբայրներին կամ քո քաղաքներում գտնվող եկվորներին... Նույն օրը տո՛ւր նրա վարձը, քանի դեռ արևը մայր չի մտել, որովհետև նա տնանկ է, և դա է նրա հույսը։ Նա քո մասին թող չբողոքի Տիրոջը, և քեզ վրա դա որպես մեղք թող չբարդվի» (Բ Օր. 24.14,15)։
«Դուք` ձեր դաշտերի հնձվորներդ, հունձ անելիս ձեր դաշտերը մինչև վերջ մի՛ հնձեք և հնձի ժամանակ ընկած հասկերը մի՛ հավաքեք։ Ձեր այգում ճռաքաղ (այգեկութից հետո մնացած ողկույզի, պտուղի հավաքում- Գ.Դ.), և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ ձեր Տեր Աստվածը» (Ղև. 19.9,10, տե՛ս նաև Ղև. 23.22)։
«Երբ քո արտը հնձելուց հետո խուրձ մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի քո Տեր Աստվածը քեզ օրհնի բոլոր այն գործերում, որոնց ձեռնարկում ես» (Բ Օր. 24.19,20)։ Ընդ որում, օրենքը յուրաքանչյուր մարդու, այդ թվում` նաև աղքատի, արտոնում է. «Եթե մտնես քո մերձավորի արտը, ապա հասկը կարող ես քաղել ձեռքով, բայց քո մերձավորի այգում մանգաղ չգործածես։ Եթե մտնես քո մերձավորի այգին, ապա խաղող կարող ես ուտել մինչև հագենալդ, բայց ամանի մեջ լցնելով չտանես (Բ Օր.23.24,25)։ Սուրբ Եփրեմ Ասորու մեկնությամբ` «Եթե սոված ես, թող որովայնդ հագենա, իսկ ամանի մեջ լցնելն արդեն ագահությունդ է ցույց տալիս»։
«Պանդուխտին մի՛ չարչարեք, մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։ Եթե տանջեք նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն Ինձ, Ես կլսեմ նրանց ձայնը, սաստիկ կբարկանամ, սրակոտոր կանեմ ձեզ, ձեր կանայք կայրիանան, իսկ ձեր զավակները որբ կդառնան։
Եթե արծաթ ես փող տալիս աղքատ եղբորդ, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։ Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, որովհետև դա նրա և՛ վերարկուն է, և՛ նրա մերկությունը ծածկող հանդերձը, որով և նա քնում է» (Ելք. 22.21-27)։
Հեթանոս աշխարհում և այսօր էլ շատ ագահասիրտ ու չար մարդիկ փորձում են այլևայլ ճանապարհներով յուրացնել խեղճ խավի ունեցվածքը, ծառայեցնել նրանց իրենց` օգտվելով այն հանգամանքից, որ պաշտպան չունեն։ Եվ հենց սրանց է ուղղված Աստծո սպառնալիքը, Ով, սաղմոսերգուի բնորոշմամբ, «Հայրն է որբերի ու դատավորն այրիների» (67.6)։
Ամեն յոթերորդ տարին Իսրայելում շաբաթվա օրինակով ազդարարվում էր հանգստյան տարի. հողը ևս պիտի հանգստանար, այգին չէտվեր, արտը չմշակվեր։ Ինքնաբույս բերքը ևս նախատեսված էր բոլորի, այդ թվում նաև` աղքատների համար։ Այդ յոթերորդ տարին նաև թողության տարի էր, քանզի պարտավորեցնում էր պարտատերին պարտապանի պարտքը ներել. «Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի և ասես, թե` «Մոտ է յոթերորդ տարին` թողության տարին, և թշնամաբար նայես կարիքի մեջ գտնվող քո եղբոր վրա և նրան պարտք չտաս։ Եթե նա քո դեմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կընկնես։ Տո՛ւր նրան, պարտք տուր այնքան, որքան անհրաժեշտ է։ Պարտք տալուց հետո մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տեր Աստվածը քեզ կօրհնի քո բոլոր գործերում` ինչի էլ որ ձեռք տաս» (Բ Օր.15.9,10)։
Աղքատասիրության պատվիրաններն է՛լ ավելի ամբողջացան ու լուսաբանվեցին Նոր Կտարականում` այսրաշխարհում ժամանակավոր և առավելապես անդրաշխարհում հավիտենական բարիքների խոստմամբ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5.7, տե՛ս նաև 6.1-4)։
Այսօր սույն պատվիրանները, առավել քան երբևէ, յուրաքանչյուր անհատի, հաստատության, պետության գործունեության հիմքը պետք է կազմեն, որովհետև մենք դատվելու ենք մեր գործերի և, մանավանդ հասարակության ամենաանպաշտպան խավի նկատմամբ ունեցած դիրքորոշման և վերաբերմունքի համեմատ. «Պիտի պահպանեք Իմ բոլոր հրամաններն ու Իմ բոլոր պատգամները. պիտի կատարեք դրանք։ Դրանք կատարող մարդը միայն պիտի փրկվի դրանցով» (Ղև. 18.5)։
Սուրբ Ներսես Մեծը (329-373 թթ.)` Սուրբ Գրիգոր Լուսավորչի զարմն ու Հայոց կաթողիկոսը, ով իրավամբ իր բարոյական ու կրոնական բարեփոխումների համար կոչվել է «Լուսավորիչ սրտից», աստվածաշնչյան աղքատասիրության մեծ օրինակներ է ավանդել մեզ` ամենուր որբանոցներ, հիվանդանոցներ, աղքատանոցներ, անկելանոցներ (այստեղ խնամվում էին ծեր, անուժ, աշխատանքի անընդունակ մարդիկ) հիմնելով։ Սուրբ Հայրապետը երբեք ճաշի չէր նստում առանց աղքատների, կույրերի, անդամալույծների ու ցավագարների` անձամբ սպասավորելով ու դարմանելով նրանց։ Մեր պատմիչների երկերը, Վարք սրբոցները և այլն լի են նմանօրինակ և աստվածահաճ գործերի նկարագրություններով։ Այսօր, բարեբախտաբար, որբանոցներ ու ծերանոցներ կան, որոնք, սակայն, դեռ շատ բանի կարոտ են, բայց, դժբախտաբար, անկելանոցներ ու աղքատանոցներ չունենք, երկրում շատ անօթևան մարդիկ կան, ովքեր աղբանոցից են իրենց սնունդը հայթայթում։ Չկան բավարար չափով անվճար ճաշարաններ։ Եթե այս պահին հնարավոր էլ չէ անվճար հիվանդանոցներ հիմնել, գոնե կարելի է բարեգործական հիմնադրամներ ստեղծել աղքատ հիվանդների համար, ինչպես ընդունված է քրիստոնյա Արևմուտքում և հրեական աշխարհում։ Ընդ որում, Արևմուտքում գործում են մունիցիպալ անվճար հիվանդանոցներ, որտեղ պարտադիր մասնագիտական ծառայություն պիտի մատուցեն նաև ամենաթանկ հիվանդանոցների ամենահեղինակավոր բժիշկները։ Մի՞թե սպորտը կամ մյուս զվարճություններն ավելի կարևոր են Գյումրիի, Արցախի, Երևանի տնանկ, անօթևան ու սոված մարդկանց` փոքրիշատե արժանավայել ապրելու իրավունքից։ Եվ սա միայն պետության կամ առանձին նախարարությունների (ըստ իս` ուժայինները, օրինակ, կարող են որբերի ապագան իրենց հովանու տակ առնել), հարուստ հիմնարկների, բանկերի մենաշնորհը չպետք է լինի, այլ բոլորիս, քանզի.
«Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին,
փորձանքի օրը Տերը կփրկի նրան,
Երանելի կդարձնի երկրի երեսին
ու չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
Տերը նրան կօգնի տառապանքների մահճում
և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդություններից» (Սաղմ. 40.1-4)։
ՈՒ նաև` «Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. 2.13)։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ