ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չկան այլևս միջազգային հարաբերություններ, կա համաշխարհային քաղաքականություն

Չկան այլևս միջազգային հարաբերություններ, կա համաշխարհային քաղաքականություն
19.05.2024 | 13:48

21-րդ դարում արդեն հաստատված իրողություն է արտաքին և ներքին քաղաքական գործընթացների սերտաճումը, որի հետևանքով այլևս չկան միջազգային հարաբերություններ, կա համաշխարհային քաղաքականություն: Այս սերտաճումը նշանակում է, որ պետության ներսում ընթացող քաղաքական իրադարձությունները, լինելով ներքին գործ, ինքնաբերաբար վերածվում են նաև արտաքին դերակատարների հետաքրքրքրության առարկայի: Առաջին հերթին հասկանալի է, որ արտաքին քաղաքական դերակատարների ուշադրության կենտրոնում իշխանության հարցն է: Ո՞ր քաղաքական ուժն է իշխանության, որքանո՞վ Է այն կենսունակ, ովքե՞ր են իշխանության ղեկին, ինչպիսի՞ն են նրանց կողմնորոշումներն ու վերաբերմունքը ուժային կենտրոնների նկատմամաբ: Այս հարցերը առաջին հերթին հետաքրքրում են հարևաններին, հակառակորդներին և դաշնակիցներին: Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունը միշտ էլ կրել է արտաքին ազդեցության գործոնը, բայց ներկա ժամանակներում փոքր և փխրուն պետություններում այդ գործոնը հաճախ ավելի վճռորոշ է դարձել, քան մեզ թվում է: Այս կամ այն քաղաքական ուժերի և նրանց լիդերների կենսունակությունը պայմանավորված է նաև արտաքին աջակցությամբ: Հայաստանն էլ բացառություն չէ և, ընդհակառակը, արտաքին առավել ուժեղ ազդեցության է ենթարկվում: Ներկա քաղաքական դիսկուրսում պտտվում է այն նարատիվը, որ գործող վարչապետը և իր քաղաքական թիմը իշխանության են եկել Արևմուտքի աջակցությամբ: Ընդդիմադիր «նախկիններին» որակում են որպես ռուսամետ, 5-րդ շարասյուն և այլն: Այսօրվա շարժումը, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, իշխանամետ ուժերն ու նրա կողմնակիցները՝ փորձագիտական-վերլուծական դաշտից, համարում են ռուսամետ, ինչը, իհարկե, շատ պարզունակ մոտեցում է և բազում հարցականներ ունի: Բայց մի իրողություն դեռևս լրիվ պարզ չէ. արդյո՞ք Կրեմլը հակված է ակտիվ դերակատարում ունենալ ներհայաստանյան գործընթացներում, քանի դեռ ավարտված չէ ուկրաինական պատերազմը, որտեղ որոշվում է Ռուսաստանի՝ որպես գլոբալ դերակատարի ճակատագիրն ու նաև կայսրության պահպանման խնդիրը: ՌԴ ռազմական ներկայության դադարեցումը Արցախում և կրճատումը հայ-ադրբեջանական սահմաններին արդյո՞ք չի նշանակում, որ առայժմ Հայաստանն իր խնդիրներով առավել շատ բեռ է և գլխացավանք: Իհարկե, իրավիճակն արմատապես կարող է փոխվել Ուկրաինայից հետո, իսկ մինչ այդ ռուսական գործոնը անհամեմատ պասիվ է: Արևմուտքը նույնպես մեծ բեռի տակ է՝ Ուկրաինա, Պաղեստին, Կարմիր ծով, Չինաստանի տնտեսական էքսպանսիայի ծավալում և այլն: Այս հանգամանքներից առավել արագ և ակտիվ օգտվում է Ալիևը, թիկունքում ունենալով Էրդողանի աջակցությունը. դրանով են պայմանավորված սահմանային հարցերի լուծման գործում նրա շտապողականությունն ու վերջնագրային պահանջները ՀՀ իշխանություններց: Վարչապետի և նրա թիմի վիճակը բավականին բարդ է: Առկա է և՛ ներքին, և՛ արտաքին ուժեղ ճնշում, ներսից բողոքական շարժումն է, դրսից՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, ռուսները իներտ են և պասիվ, իսկ Արևմուտքը կերակրում է ժողովրդավարական բանաձևերով, ողջույններով և ծափահարություններով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ