ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-4

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-4
31.03.2024 | 18:24

Եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր

(սկիզբը` այստեղ)

Մարտի 27-ին ՌԴ քննչական կոմիտեն Telegram ալիքում հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում օրենքով սահմանված կարգով կքննարկվի Պետդումայի պատգամավորներ Ա. Լ.Կրասովի, Ն. Մ. Խարիտոնովի, Յա. Վ. Լանտրատովայի և հասարակական գործիչներ Ա. Գ. Դուգինի և Ա. Լ. Դերկաչի դիմումը, որը վերաբերում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների կազմակերպման, ֆինանսավորման և անցկացման հետաքննության անհրաժեշտությանը»:

Յանա Լանտրատովայի Telegram-ալիքում հրապարակված և Ռուսաստանի Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե, ինչպես նաև Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի արդարադատության նախարարություններ ուղարկված ուղերձում կոչ է արվում «հետաքննել ահաբեկչության գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկրների և ՈՒկրաինայի հատուկ ծառայությունների հետ համատեղ իրականացնում է Ռուսաստանի տարածքում կամ նրա շահերի դեմ»:

Դիմումում թվարկված են վերջին տարիներին իրականացված ահաբեկչությունները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումը, քաղաքագետ Դարյա Դուգինայի, ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու սպանությունները, գրող Զախար Պրիլեպինի դեմ մահափորձը։

«Նրանք իրենք իրենց մերկացրին,- նկատի ունենալով Վաշինգտոնին, մարտի 27-ին, «Известия»– ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:- Դե նրանք սկսել են բղավել, առանց հետաքննության կոչ անելու, և սկսեցին հարվածի տակից հանել ՈՒկրաինային։ Ակնհայտ է նրանց կողմնակալությունն ու ներգրավվածությունն այդ պատմության մեջ»:

Զախարովան ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները ներգրավվածություն չունենար «Կրոկուս Սիթի Հոլում» (այսուհետ՝ «Կրոկուս») կատարված ահաբեկչությանը, ապա ամերիկյան իշխանությունները կհայտարարեին հետաքննության, քննության և փաստերի ներկայացման անհրաժեշտության մասին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ, մարտի 25-ին Telegram ալիքում անբարոյական է անվանել տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ-ին անվտանգության ոլորտում օգնելուց հրաժարվելու մասին ԱՄՆ-ի դիրքորոշումը: Մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին անվտանգության ոլորտում օգնություն չի նախատեսվում:

«Ցուցադրական անբարոյական պահվածքը նոր նորմալություն է դարձել լիբերալ ժողովրդավարություններում»,- նշել է Զախարովան:

Մի քանի օր անց Քիրբին վիրավորել է ռուսական պաշտոնյաներին, ովքեր խոսելով «Կրոկուսի» ահաբեկչության մասին, դրանում հնարավոր են համարել ուկրաինական հետքը:

«Հորեղբայրս հաճախ էր ասում… գոմաղբի լավագույն վաճառողները հաճախ նմուշներ են կրում իրենց բերանում: Ռուս պաշտոնյաները, կարծես, գոմաղբի բավական լավ վաճառողներ են»,- մարտի 28- ին լրագրողների հետ ճեպազրույցում, «РИА Новости»–ի փոխանցմամբ , գռեհկաբանել է Քիրբին, որի հորեղբայրը հավանաբար ինքն էլ գոմաղբի լավագույն վաճառողներից մեկն է եղել:

Նույն ճեպազրույցում Քիրբին Վաշինգտոնի արդեն հայտնի թելն է թելել. «ԻԼԻՊ- ն է կրում ամբողջ պատասխանատվությունն այդ հարձակման համար: ԱՄՆ- ը կշարունակի պահպանել զգոնությունը և նախազգուշացնել այլ երկրների իշխանություններին՝ անկախ նրանից ինչպիսին են նրանց հետ մեր հարաբերությունները, եթե ունենք տեղեկատվություն ահաբեկչական սպառնալիքի մասին»:

Ընդգծում ենք՝ սա ամերիկյան այն նույն բարձրաստիճան պաշտոնյան է, որը դրանից ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին անվտանգության ոլորտում օգնություն չի նախատեսվում:

Ոմանց կարող է թվալ, թե հակասություն կա, բայց իրականում հակասություն չկա, կա Սատանայի ծառա Սպիտակ տան վարչակազմին բնորոշ խորամանկություն, քանի որ ամեն մի նախազգուշացում դեռ օգնություն չէ, եթե ընդամենը շատ ընդհանուր բնույթի տեղեկություններ են հաղորդվում, որ, ասենք, երկրի առևտրի, ժամանցի վայրերում ահաբեկչություն է սպասվում՝ առանց որոշակիացնելու, թե ում կամ որ կազմակերպության կողմից, որտեղ (գոնե քաղաքը), ընդ որում, ահաբեկչության օրն էլ սխալ նշելով: «Կրոկուսի» ահաբեկչության պարագայում հենց այդպիսին են եղել ՌԴ-ին ԱՄՆ-ի փոխանցած տեղեկությունները, որոնցով ահաբեկչությունը կանխել, իհարկե, հնարավոր չէր. ընդամենը պատկերացրեք, թե հսկայական Ռուսաստանում քանի առևտրի և ժամանցի վայր կա…

ՈՒշադրություն դարձնենք նաև Քիրբիի հայտարարության մեկ այլ հատվածին՝ «եթե ունենք տեղեկատվություն…»: Օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Իրանում, Չինաստանում, եթե չասենք ԱՄՆ- ի նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ, ապա գիտությամբ, թողտվությամբ առաջիկայում կարող են լինել ահաբեկչություններ, որոնց մասին եթե Միացյալ Նահանգները չհայտնի, պետք չէ ոչ զարմանալ, ոչ էլ բողոքել, քանի որ նախապես հայտարարել է՝ կնախազգուշացնենք, եթե ունենք տեղեկատվություն…

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն «Известия»- ում մարտի 28- ին հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում գործնականում չեն մնացել ոլորտներ, որտեղ պահպանվում են աշխատանքային շփումներն ու համագործակցությունը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ պայքարը:

«Գրեթե չկան ոլորտներ, որոնցում պահպանվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունը,- ասել է ՌԴ արտգործնախարարը:- Ամերիկացիներն ամեն կերպ ընդգծում են, որ իրենք զգուշացրել են մարտի 7-ին Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին։ Նրանցից հետո, ի դեպ, մարտի 8-ին նույն նախազգուշացումն է արել Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Եվ այս, և մյուս դեպքը վերաբերում էր անգլերեն տեքստին, նրանք այդ նախազգուշացումներն ուղղեցին իրենց քաղաքացիներին, ովքեր գտնվում էին Մոսկվայում՝ խորհուրդ տալով նրանց չմասնակցել զանգվածային միջոցառումներին: Ինչ վերաբերում է հատուկ ծառայությունների գծով շփումներին, դրանք, որպես կանոն, չեն ազդարարվում։ Բայց վերջերս տված հարցազրույցում Ալեքսանդր Բորտնիկովը (ԱԴԾ ղեկավար) ասել է, որ նման շփումներ եղել են, նախազգուշացում եղել է, բայց դա եղել է ամենաընդհանուր բնույթի»։

Լավրովը միաժամանակ նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարն ավանդաբար համարվում էր այն ոլորտներից մեկը, որը մերձեցնում էր և Ռուսաստանը, և Արևմուտքը, և Արևելքը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հաճախ են հայտարարել, որ այդ պայքարը պետք է ընթանա անկախ քաղաքական և տնտեսական տարաձայնություններից։ Սակայն ԵՄ- ն Մոսկվայի հետ մերձեցման չգնաց, երբ վերջինս երկար ժամանակ փորձում էր համոզել Եվրամիության առաջնորդներին ձևավորել տեղեկատվության փոխանակման և ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների համակարգման մեխանիզմ: Այս հարցի շուրջ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին, որից հետո, հայտնել է նախարարը, «նրանք կորցրել են որևէ հետաքրքրություն»:

Լավրովը մարտի 26- ին մամուլի ասուլիսի ժամանակ, ТАСС–ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է ինքնուրույն հետաքննել տեղի ունեցած ահաբեկչությունը, ինքը գլուխ կհանի դրանից, և Արևմուտքի իր երկակի ստանդարտներով օգնության կարիքը չի լինի:

«Մի կողմից ես վստահ եմ, որ մենք գլուխ կհանենք այդ հետաքննությունից,- ասել է նա՝ պատասխանելով ТАСС- ի հարցին։- Մյուս կողմից՝ մեզ այնպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտների դրսևորում կլինի, և, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի նրան, որպեսզի առաջ տանի Արևմուտքի համար հարմար տեսությունը, որ դա արել է «Իսլամական պետությունը», իսկ ՈՒկրաինան կապ չունի, մեզ նման օգնություն հազիվ թե անհրաժեշտ լինի։ Եվս մեկ անգամ ասեմ՝ ինքներս գլուխ կհանենք»։

«Մեր արևմտյան բարեկամների երկակի չափանիշներին մենք վաղուց սովոր ենք և այսուհետ գործելու ենք բացառապես ելնելով մեր լիակատար ըմբռնումից, թե ինչի և ինչ մեթոդներով է ձգտում Արևմուտքը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ, գերատեսչության նախնական տեղեկատվության համաձայն, իսլամիստներին ահաբեկչության նախապատրաստմանը նպաստել են արևմտյան հատուկ ծառայությունները, բացի այդ, հարձակման հետ անմիջական կապ ունի Կիևը, ռուսական հատուկ ծառայություններում կարծում են, որ հարձակման հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ՈՒկրաինան:

Եթե դա իրոք այդպես է, ապա ինքնին պարզ է, որ ԱՄՆ- ը և Մեծ Բրիտանիան շատ լավ էլ իմացել են, որ ահաբեկչությունը նախատեսված է հենց մարտի 22- ին, սակայն ՌԴ-ին միտումնավոր կեղծ տեղեկատվություն են փոխանցել, թե այն սպասվում է, ըստ ԱՄՆ-ի, մարտի 7-ին, ըստ Բրիտանիայի, մարտի 8-ին, որպեսզի բթացնեն ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցների զգոնությունը, մյուս կողմից էլ ռուսական կողմին նախազգուշացնելով, նպատակ են ունեցել իրենց համար ալիբի ապահովել՝ եթե մենք կապ ունենայինք ահաբեկչության հետ, նախապես չէինք զգուշացնի…

Հանրության մեծ մասը, ցավոք, կարող է տրվել Արևմուտքի այս խաբկանքին ու միայն քչերի մոտ կարող է հարց առաջանալ՝ իսկ քանի՞ ցենտ արժեր ձեր այդ, Լավրովի բնորոշմամբ, «ամենաընդհանուր բնույթի» նախազգուշացումը…

Վերջին տեղեկությունների համաձայն՝ «Կրոկուսում» ահաբեկչության զոհ են դարձել 144 հոգի, նրանցից առայժմ վերջինը՝ 144- րդը՝ մեր հայրենակից, 35- ամյա Կարեն Ենգիբարյանն է, վիրավորների և հաշմվածների թիվը հասել է ավելի քան 550- ի:

2022 թ. հոկտեմբերի 10-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից 2 օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ՈՒկրաինայի հատուկ ծառայությունները, ՌԴ ԶՈՒ- ն սկսել և առ այսօր շարունակում է հրթիռա-ռմբային հուժկու հարվածներն ուկրաինական ենթակառուցվածքներին (էներգետիկ օբյեկտներ և այլն), պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին ողջ երկրով մեկ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կանի այսուհետ, եթե հաստատվի «Կրոկուս»- ի ահաբեկչությանն ՈՒկրաինայի առնչությունը, և հատուկ ռազմական գործողությունը վերափոխվի հակաահաբեկչական գործողության…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ