ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է

Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է
26.03.2024 | 19:16

Մի ժամանակաշրջանում, երբ 4 երիտասարդներ 500 հազար ռուբլու դիմաց (մոտ 2 մլն դրամ) սպանում են 100-ից ավել անմեղ, համերգ լսելու գնացած մարդկանց և երեխաների,

-երբ Թուրքիայի նախագահը գրկախառնվում է Ռուսաստանի նախագահի հետ, խոսում համատեղ շահավետ ծրագրերի մասին, հաջորդ պահին Ուկրաինայի նախագահի հետ պայմանագիր է կնքում Ուկրանիայում ԱԹՍ-ների գործարարան բացելու վերաբերյալ, որով նրանք կսպանեն Ռուսաստանի զինվորներին,

-մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանում գնացքի մեջ անտեր մնացած կատվին վագոնից դուրս հանելու համար, հասարակական ուժեղ ցասում է արթնանում, բայց օրական մի քանի հարյուր մարդկային զոհը նույն հասարակության շրջանում ցասման փոխարեն հրճվանք և ուրախություն է առաջացնում,

-երբ ֆրանսիական երգիծական ժուռնալի 12 աշխատակիցների սպանությունը շատ արդարացի համաշխարային ցասում է առաջացնում, և հանցավոր 2 արաբները շատ արագ գտնվում են ու տեղում բռնելուց սպանվում, բայց աշխարհի մեկ այլ մասում այս պահին օրական մի քանի հարյուր արաբ խաղաղ բնակիչ է զոհվում, որոնց թվում՝ բազմաթիվ երեխաներ, հղի կանայք, բայց այդպես էլ ոչ մեկը չի պատժվում և դժվար էլ պատժվի,

-երբ ռուս-ուկրանիական պատերազմի դեմ, այսինքն, ի օգուտ խաղաղության, համարյա բոլոր պետություններն են խոսում, բայց իրականում, որ խորը նայում ես, մեծ մասը շատ էլ ոգևորված են էդ պատերազմով, որովհետև մեկը լիքը զենք է վաճառում, ռազմարդյունաբերթյունն է հզորացնում, մեկը թանկով նավթ է վաճառում, մյուսը սանկցիաներից գերշահույթ է ստանում, էն մյուսը էժան աշխատուժ,

-մի ժամանակաշրջանում, երբ Յութուբում, օրինակ, Շոպենի N1 սոնատը 8 տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում ունի, իսկ հայհոյախառն ու անհասկանալի տեքստով երգի հոլովակը՝ մի քանի հարյուր միլիոն դիտում,

երբ գիտնականն իր հազարավոր կյանքեր փրկող բժշկական հայտնագործության համար, որին նվիրել է իր ամբողջ կյանքը, տասնյակ տարիների անքուն գիշերները, լավագույն դեպքում ստանում է Նոբելյան մրցանակ և 900 հազար դոլար ու հաստատ հայտնի չի դառնում, իսկ մի սկանդալիստ, նարկոման դերասան իր մի քանի ամսվա դերակատարման համար և մի ֆիլմում նկարվելու համար ստանում է մի քանի տասնյակ միլիոն դոլար և Օսկար մրցանակ ու դառնում աշխարհով մեկ հայտնի,

-մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած բժիշկ անձնական զրույցի ժամանակ հստակ և գիտականորեն ապացուցում է, որ քաղցր, շաքարով հարուստ կոնֆետները և տարատեսակ հյութերը չարիք են մեր երեխաների առողջության համար, բայց էդ նույն ժամանակ գովազդային ինդուստրիան ամեն օր նորանոր մեթոդներ և տրյուկներ է գտնում մեր երեխաներին ու, ինչու չէ, նաև մեզ էդ կոնֆետները վաճառելու համար, որովհետև իրենց վճարում է ոչ թե բժիշկը, այլ արտադրողը,

-երբ նույնիսկ ավանդաբար սոցիալական ուղղվածություն ունեցող եվրոպական երկրները կրճատում են սոցիալական ծրագրերը և ավելացնում են ռազմական բյուջեն,

-ու երբ էդ նույն աշխարհում և նույն ժամանակաշրջանում ապրող դիմացինդ ասում է՝ «ամեն ինչ լավ կլինի, որովհետև հայի գործը արդար է, և ճիշտը միշտ էլ հաղթում է», բնազդաբար ուզում ես շատ բարձրաձայն ու լիաթոք ծիծաղել, բայց հաջորդ պահին գիտակցաբար հասկանում ես, որ հեչ ծիծաղելի չէ, ավելին, լացելու է էս ժամանակաշրջանում նման մտածողություն ունենալը:

Փաստը մնում է փաստ՝ Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է: Հզորանալ է պետք, և վերջ:

Բակուր Մելքոնյան

Դիտվել է՝ 6122

Մեկնաբանություններ