ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փաշինյանի... Տ.Ավինյանը (մաս Ա)

Փաշինյանի... Տ.Ավինյանը (մաս Ա)
15.09.2023 | 15:20

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը ներկայանում է Տիգրան Ավինյանի տեսքով: Անցած անգամ՝ 2018-ին, Փաշինյանը ներկայացավ Հայկ Մարությանի տեսքով: Հիմա վերջինիս «լավ օրվա ընկեր» է անվանում, անվանարկում է, փիս-փիս բաներ ասում: Այս անգամ Հայկ Մարությանի դերը Տիգրան Ավինյանին է տվել:

Հասկացողը հասկանում է, որ իրականում ՔՊ-ի «թեկնածուն» Փաշինյանն է: Իսկ Ավինյանն՝ այնպես, զուտ «մակինտոշն» է, թիկնոց: Ամեն դեպքում, նա Փաշինյանի՛... Տ.Ավինյանն է (առայժմ):

Իսկ ինչո՞վ է «նշանավոր» Տ.Ավինյանի տեսքով ներկայացող «փաշինյանը»: Ի՞նչ է, էլի, արել Տ.Ավինյանը, պետական 25 միլիոն եվրո պարտքով ավտոբուս ու տրոլեյբուս «բերելուց» բացի, որ մի հատ էլ Երևանի քաղաքապետ դառնա:

Թե «նախկինների» օրոք Տ.Ավինյանն ինչեր է արել, այնքան էլ հետաքրքիր չէ: Նույնիսկ ձանձրալի է: Խնդրեմ. ծնվել է, մեծացել՝ խաղաղ ու կայուն պայմաններում, դպրոց գնացել, սովորել, համալսարանում կրթվել, նույնիսկ 2014-ին ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում: Այդ ընթաքում 1989-90թթ. ծնված հազարավոր տղաներ զորակոչվել են բանակ, ծառայել, պաշտպանել են սահմաններն ու երկրի խաղաղությունը, տասնյակ տղաներ նաև իրենց կյանքի գնով են պաշտպանել, որպեսզի նաև Տիգրան Ավինյանը խաղաղ պայմաններում կրթություն ստանալու հնարավորություն ունենա...

Ի դեպ, 2009-2014 թվականները Տ.Ավինյանի կյանքում խիստ բեղուն են եղել (առանց սարկազմի): Տեսե՛ք, նա հասցրել է 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով), այդ ընթացքում, զուգահեռաբար 2009-2013 թվականներին աշխատել է «Զարգացման Հայկական Բանկում» որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։ Բայց միաժամանակ (եռանդ եմ ասեք՝ հա՜), լինելով մասնավոր դրամատան վարկավորման բաժնի ավագ մասնագետ, նա, ըստ «Վիկիպեդիայում» զետեղված կենսագրականի, 2010-2011 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը։ Երևի բանկի ղեկավարությունն այդտեղ խնդիր չի տեսել:

Դա էլ ամենը չէ, քանի որ վարկավորման հայտեր քննելուն, ոռոգման հարցեր կարգավորելուն, մագիստրատուրա ավարտելուն զուգահեռ, հասցրել է նաև 2014-ին, ինչպես ասվեց՝ գերազանցությամբ ավարտել Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը:

Ուղղակի «ոսկե կադր», որն իր մագիստրոսական գիտելիքներն ու տաղանդաշատ ունակությունները կիրառելու ավելի հարմար տեղ հետո չգտավ, քան... Նիկոլ Փաշինյանի նման մեկի քաղաքական արկածախնդրական շահերի սպասարկումն է:

Մագիստրոսը՝ մագիստրոս, բայց Տ.Ավինյանը տողերիս հեղինակի համար «տպավորվեց» թավշյա ավանտյուրայից գրեթե անմիջապես հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մեկնեց Արցախ: Իսկ Տ.Ավինյանը «տպավորվեց», որովհետև, երբ «թիվ 1»-ի ուղղաթիռը դեռ նոր էր Երևանից ուղղություն վերցրել դեպի Ստեփանակերտ, Տ.Ավինյանը սոցցանցերում լուսանկարներ էր տարածել, նշումով, թե՝ ուր են մեկնում: Կարճ ասած, դա անվտանգության կանոնների այնպիսի կոպիտ տրորտակում էր, որ էլ ասելու չի: Հիմա հասկանալի է, որ թշնամին ոչ միայն չէր խոցի ուղղաթիռը, որի մեջ Նիկոլ Փաշինյանն էր գտնվում, այլև, հնարավոր է, թուրքական F-16-երով հսկեր, որ «հանկարծ մի բան չլինի»:

Հետո... Իսկ «հետո...»-ն արդեն հանրահայտ է: Բայց հիշեցնել արժե՛:

(շարունակելի)

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ