ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տեղը դեռ տեղում է, իշխանությունները Տեղ-ում չեն

Տեղը դեռ տեղում է, իշխանությունները Տեղ-ում չեն
13.04.2023 | 21:50

Պատերազմի ու չխրատվելու գինը...

Տեղում Ադրբեջանի հերթական պրովոկացիայից 4 հայորդիներ նահատակվեցին, 6-ը ստացան ծանր վիրավորում:

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնում է 3, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 8 և ավելի զոհերի և տասնյակ վիրավորների մասին:

Փառք ու պատիվ, մեր նահատակված հայորդիներին:

Ամեն անգամ ականատեսը դառնալով Ադրբեջանի «բեսպրեդելին» ու Հայաստանի անարխիային՝ նյարդերս տեղի են տալիս:

Ադրբեջանցին անխոչընդոտ գա մտնի քո սուվերեն տարածք, քո աչքի առաջ, ազատ ու անկաշկանդ հենակետեր ու խրամատներ կառուցի, նոր բնագիծը կահավորի, հետո չհանդուրժի, որ հայկական կողմն էլ իր հերթին, իր սեփական տարածքում իրականացնի ամրաշինական աշխատանքներ, արդյունքում՝ սադրի, պահանջի հեռանալ սեփական հողից ու կրակ բացի մեր տղաների վրա, կարող է լինել մի պարագայում.

երբ ինշխանություններդ թշվառ են ու ապիկար, հանդուրժող ու անկարող կամ, երբ կան պայմանավորվածություններ:

Մեր դեպքում՝ այս ամենն իրար հետ է:

Հիմա ինչպես չասես. բա դուք չէի՞ք, որ խոսում էիք ամեն գնով խաղաղություն հաստատելու մասին:

Սա՞ է ձեր պատկերացրած ու ազգին հրամցված խաղաղությունը:

Մեր տղերքի արյան գնո՞վ, հեկտարներով հող հանձնելո՞վ, մարտական դիրքեր ու բարձունքներ զիջելո՞վ:

Դուք չէի՞ք, որ ասում էիք՝ «գործելու ենք էսկալացիաներից խուսափելու տրամաբանությամբ»:

Սա՞ է էսկալացիաներից խուսափելու մասին ձեր պատկերացումը:

Թշնամու ամենաթողությունը հանդուրժելո՞վ, առաջխաղաղացումը չկասեցնելո՞վ, հնարավոր ռիսկերը չկանխելո՞վ:

Դուք չե՞ք, որ տվել ու հիմա էլ տալիս եք՝ չկրակելու, հետ քաշվելու, շատ դեպքերում անհիմն նահանջի հրամաններ:

Արդյունքում ստացվե՞ց խուսափել էսկալացիայից:

Հիմա՞ էլ են «նախկինները» մեղավոր:

Թե չէ ադրբեջանցին ռիսկ ուներ «արխային» գար մտներ հայի հող ու հայի հետ տետատետ կռվե՞ր, հայի վրա զենք պահե՞ր:

Բացառվու՛մ է:

Դուք նման միջադեպերը տեսաձայնագրելուց ու այն որպես փաստ ներկայացնելուց զատ, ուրիշ այլ բան ի վիճակի՞ եք անելու:

Դուք ձեր ֆունկցիաներից ո՞ր մեկն եք գոնե 10 տոկոսով կատարում:

Դուք չգիտեի՞ք, որ Քարվաճառը Հայաստանի ծոծրակն է, Սյունիքը՝ ողնաշարը:

Ծոծրակը բաց է, ողնաշարը՝ վտանգված:

Դուք թողել եք, որ թշնամին Աղավնոյի ձորից բարձրանա ու հասնի Տեղի մատույցներ, դիրքավորվի ու կրակ բացի թե՛ գյուղի խաղաղ բնակիչների, և թե՛ մեր զինվորների վրա:

Դուք թուրքին բերել մտցրել եք մեր տուն:

Թուրքը վխտում է Սյունիքում:

Զանգեզուրի «համն» եք բերանները գցել, Նախիջևան հասնելուն բան չի մնացել:

Չգիտե՞ք, որ եթե նրանք գրավեն Սյունիքն ու Արցախը, տապանաքար կդնեն Հայոց պետականության ու սուվերենության վրա:

Դուք դեռևս անցած տարվա օգոստոսից գիտեիք, որ ճանապարհի երթուղին փոխվում է ու Տեղ համայնքը հարակից գյուղերի հետ միասին խոցելի է դառնում:

Ինչու՞ մինչև թշնամու գալը,

տեղանքում ամրաշինական ու ինժեներական աշխատանքներ չեք կատարել, նախապես չեք դիրքավորվել, առաջնագիծն ու նոր բնագծերը չեք կահավորել, որ թշնամին առաջինը դա չնախաձեռներ, այսօր էլ նման միջադեպ չգրանցվեր:

Թշնամին ընդամենը 2-3 օրում արեց այն, ինչ դուք չեք արել 8 ամսվա ընթացքում:

Դուք այդտեղ ինժեներական աշխատանքները վաղուց ամբողջությամբ ավարտած, իսկ հիմա մարտական հերթապահություն իրականացնելիս պետք է լինեիք, ոչ թե հիմա հող փորեիք:

Այս ամենի մասին խոսելու փոխարեն, ԱԺ-ի հարթակից հերթական ճղճիմ ինքնարդարացումները պետք է լսենք, բացի ձեզանից, ում ասես մեղավոր ճանաչեք ու հիթ դարձած՝ «5-րդ, 6-րդ շարասյուն» երգը երգեք:

Ինչպես միշտ, դուք ձեր ռեպերտուարի մեջ եք, մանիպուլյացիայի մաստերկլասն էլ՝ անպակաս:

Հետո էլ ինքներդ ձեզ համար պետք է բացահայտեք, որ «44-օրյա պատերազմի թիրախը կամ ոչ միայն առաջնային թիրախը ամենևին էլ Լեռնային Ղարաբաղը չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը»:

Իսկ իրականում ձեզ Տեղ գյուղն էլ պետք չէ:

Այն էլ ձեզ համար դժգույն է ու դժբախտ, առավել ևս, որ Սերժի ծննդավայրն է։

Դա էլ հանձնեք՝ հանգիստ ապրենք:

Այնպես, ինչպես Արցախը տվեցիք ու հիմա «հանգիստ ապրում ենք»:

Եվ հետո. գյուղը տալով՝ և՛ Ալիևը «հաշվեհարդար» կտեսնի Սերժի հետ, և՛ դուք:

Դուք էլ Ալիևին «մեծ նվեր» կանեք:

Բա չարժե՞ ընդամենը մի գյուղը նման «խրախճանքի» համար:

Իհարկե՝ արժե:

Էլ ի՞նչ եք զիջելու թշնամուն՝ հողը, սարերը, մեր ազատությունն ու անկախությունը, թե՞ բոլորը միասին:

Այս տեմպերով գնա, չեմ զարմանա, որ շուտով էլ կասեք, թե հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կբերեք՝ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներ, որոնք այլալեզու ծագում ունեն:

Թշնամին Տեղ համայնքում ճանապարհներ,

է սարքում, դուք Մալիշկայում՝ 3 կիլոմետր փռած ասֆալտով եք հպարտանում:

Արցախում 100-ից ավելի մանկապարտեզ ու դպրոց եք թշնամուն թողնում, բայց գյուղամիջի նորաբաց պարտեզով պարծենում:

Հասկանում ենք, որ ասֆալտապատելը ձեր իշխանությունների «ֆիշկան» է ու որ ասֆալտապատելու համար ինչքան փոքր է երկրիդ տարածքը, այնքան՝ լավ:

Էլ չեմ ասում քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ եք թշնամուն տվել, քանիսը չի շահագործվում ու քանիսը թշնամու նշանակետի տակ են:

Այնպես որ, ձեր ասած 29.8-ն էլ չկա, օրեցօր էլ ավելի է կրճատվում:

Չնայած ձեր հայտարարծներից ո՞ր մեկը կա՝ «Արցախը Հայաստան է ու վերջը», «Մարտի մեկը բացահայտված է ու վերջը», թե այն, որ «սիրում, գրկում, համբուրում եք» մեզ, «խոնարհվում եք» մեր առաջ:

Բա էլ չեք սիրու՞մ մեզ...

Ինչ-որ բա՞ն է փոխվել:

Իսկ ԵՄ դիտորդները տեսնես ՏԵՂ-ու՞մ են:

Օրինակ, 400 հազար դրամ ստացող ոստիկանը Տեղում է.

սարից այն կողմ կանգնած հետևում է, թե ինչպես են 100 հազար ստացող զինվորականները կռվում ու զոհվում:

Այո՛, դիտորդները ևս մոտակա բնակավայրերում են, ու այնտեղից ֆիքսել են տեղի ունեցածը:

Հիմա տեսնենք, թե Տեղի միջադեպը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության համար կարելի՞ է համարել փորձություն։

Տեսնենք՝ Բրյուսելը հավուր պատշաճի արձագանքելու՞ է տեղի ունեցածին:

Տեսնենք՝ Բաքվին ուղղված հասցեական ուղերձ, ի վերջո, լինելու՞ է:

Չնայած՝ գործնականում դա մեզ ոչինչ չի տա:

Մանավանդ, որ Ալիևը, մեղմ ասած, թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա:

Սահմանային այս ընդհարումը Սյունիքում վկայում է, որ եվրադիտորդների ներկայությունը սահմանային կայունության երաշխիք չէ:

Դիտորդական առաքելությունը չի կարող անվտանգային երաշխիք լինել, ինչպես որ անվտանգային երեշխիք չէ ռուսական կոնտինգենտի ներկայությունը։

Իսկ ի տարբերություն ԵՄ-ի՝ ՀԱՊԿ-ից (որն ունի հստակ պայմանագրային պարտականություններ) հասցեական արձագանք, ինչու չէ նաև հստակ գործողություններ պետք է լինեն, սակայն այդ կառույցից ևս որևէ հույս կամ ակնկալիք չունեմ:

Ավելին՝ կարծում եմ, որ սա ՀԱՊԿ-ի համար «առիթ» է, որպեսզի այս դրվագը հաշվի առնելով և հետագայում նման դեպքերը բացառելու համար, Հայաստանը ինքնակամ կառույցին խնդրի՝ տեղակայել իր առաքելությունը հայ-ադրբեջանական շփման գծում:

Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ.

Հայաստանի իշխանությունները պետք է, ի վերջո, հասկանան, որ մաքսիմալ կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ է անխնա զինվել, պետք է հավասարակշռել ադրբեջանական զինված առավելությունը հենց զինված ուժերի զինման, հզորացման միջոցով:

Թշնամին մինչև արժանի պատասխան ու հակահարված չստանա, չի հրաժարվելու իր ագրեսիվ մտադրությունից ու ծավալապաշտական նկրտումներից:

Զսպող ու պատժող ուժի ցուցադրում է պետք:

Ազերին մինչև Սյունիքով միջանցքի համաձայնությունը չստանա՝ միշտ կրակելու է, սադրելու է, սահման է խախտելու:

Իսկ եթե, հանկարծ, այդ միջանցքը ստանա՝ ախորժակն է՛լ ավելի է բացվելու:

Փակել է պետք Ալիևի անհագ ախորժակը:

Իսկ դա անել շատ դժվար է, քանի որ ազգը միաբանված ու բռունցքված չէ:

Տեսնելով հայերիս համատարած ապատիան՝ ակամա մտաբերում եմ Տիտանիկի նվագողներին, որոնք կարծես թքած ունեին, որ նավը խորտակվում է և որ շուտով մեռնելու են:

Եվ հետո ինձ մի հարց է մտատանջում.

էլ ի՞նչ փորձանք, արհավիրք, ողբերգություն կամ աղետ պետք է տեսնենք, որ հասկանանք պահի լրջությունը, գիտակցենք մեր ու հայրենիքի վտանգված լինելը, մեր գլխին կախված գոյաբանական վտանգը:

Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ նոր ուշքի գանք, սթափվենք, ոտքի կանգնենք, որոշենք ընդվզել, չհամակերպվել, ի վերջո պայքարել:

Փաստ է, որ այս իշխանություններն ի զորու չեն խաղաղություն հաստատելու և այն թշնամուն պարտադրելու:

Ի վիճակի չեն ո՛չ սանձելու թշնամուն, և ո՛չ դիմադրելու թուրքի թվանքին:

Ընդհակառակը, նրանք միայն գրգռում են թշնամու ախորժակը:

Ավելին՝ պատմությունը վկա, ոչ մի պարտված ղեկավար չի դարձել ազգային վերածննդի խորհրդանիշ:

Իսկ պարտության սիմվոլ ղեկավարի հետ ո՛չ բանակցում են, ո՛չ հաշվի առնում, ո՛չ էլ հաշվի են նստում:

Եվ հետո. պետք չէ վախենալ թուրքերից, պետք է վախենալ թուրքանման հայերից, որ եթե դու հայ ես, բայց մոռացել ես այդ մասին, թշնամին քեզ դա կհիշեցնի:

Այնպես որ, եղիր ուժեղ, էլի ուժեղ և մի՛շտ ուժեղ:

Ժողովուրդները, ի վերջո, տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում:

Աստված պահապան հայրենիքիս:

Փառք ու պատիվ մեր բանակին, մեր խիզախ զինվոր հայորդիներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Մեկնաբանություններ