ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անկարան զինվորիկներին է առաջ շարժում կովկասյան խաղատախտակին

Անկարան զինվորիկներին է առաջ շարժում կովկասյան խաղատախտակին
15.12.2020 | 11:23

Դեկտեմբերի 9-10-ը Բաքու մեկնելով՝ Ադրբեջանի հաղթանակը տոնելու համար՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է այն դերի մասին, որ մտադիր է խաղալ Թուրքիան տարածաշրջանում: Անկարան պատրաստվում է մասնակցել խաղաղապահ գործողություններին, թեպետ նրա դերը հասկանալի չէ և ենթարկված է Ռուսաստանի բարի կամքին:

Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրում ոչինչ նշված չէ Թուրքիայի դերի մասին տարածաշրջանային նոր դասավորության մեջ՝ գրում է Մարի Ժեգոն Le Monde-ում: «Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղում չի լինելու»՝ նոյեմբերին նախազգուշացրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ձգտելով պահպանել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ Վլադիմիր Պուտինը համաձայնեց հրադադարի պահպանման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմանը, որ պիտի լինի Ադրբեջանի տարածքում: Տեսականորեն այնտեղ լինելու են թուրք զինվորականներ:
Մոսկվան, Անկարան ու Բաքուն ունեն ընդհանուր շահեր՝ մեկուսացնել Մինսկի խմբին, որի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը 28 տարի պատասխանատու էին կոնֆլիկտի կարգավորման համար:

«Ադրբեջանում Ֆրանսիան չի համարվում ազնիվ միջնորդ»՝ բացատրում է Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի տնտեսական, վարչական ու հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Միտատ Չելիկպալան: Բաքվի ու Անկարայի տեսակետից՝ Փարիզի աջակցությունը հայկական գործին, որ հաստատվեց Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումով, ֆրանսիական դիվանագիտությանը խաղից դուրս է դնում: Լեռնային Ղարաբաղի գլխավոր քաղաք Ստեփանակերտը, որ հայերի համար ոգու ուժի հենարանն է, վերադարձել է նորմալ վիճակի: Կրակոցները դադարել են, կյանքը վերականգնվում է: Քաղաքը Հայաստանի հետ կապված է Լաչինի միջանցքով՝ կենսականորեն կարևոր երթուղի Ստեփանակերտի հայերի համար, որտեղ հիմա շարժումը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է: Հայերն ունեն իրենց միջանցքը, ադրբեջանցիները ևս ցանկանում են միջանցք ստանալ: Խաղաղ համաձայնագրի համաձայն՝ Բաքուն ստանում է ճանապարհային միջանցք բացելու իրավունք, որ միացնում է Թուրքիան ու Ադրբեջանը ադրբեջանական անկլավ Նախիջևանի միջով: «Եթե այդ կետը իրականացվի, Թուրքիան կստանա ցամաքային կոնտինուում՝ ճանապարհ դեպի Կասպից ծով ու ավելի հեռու: Կարելի է պատկերացնել այցը Ստամբուլից Կաշգար՝ Չինաստանի ինքնավար Սինցզյանի շրջան՝ ամբողջ տարածաշրջանի համար խոստումնալից առևտրական հեռանկարներով»՝ բացատրում է Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների Ֆրանսիական ինստիտուտի մասնագետ Բայրամ Բալջին:
Մարի Ժեգո, Le Monde


Հ.Գ. Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը իսկապես սկանդալային ստացվեց՝ նախ Ալիևը հայտարարեց՝ ես ձեզ չեմ հրավիրել, հետո նույն օրը ադրբեջանցիները խախտեցին հրադադարը Հադրութում, երրորդ սկանդալն էլ նրանց սպասում էր Արայիկ Հարությունյանից: Հանկարծ պարզվեց, որ Արցախի նախագահը չի ցանկանում հանդիպել համանախագահներին, որովհետև նրանց հետ չէ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, պատճառը՝ ոչ լիարժեք ձևաչափն է՝ հաշվի առնելով, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում:

Ավելի ճիշտ կլիներ միանգամից ասել, որ Արցախն անցել է Ռուսաստանի կառավարման տակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ