ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմը Ղարաբաղում՝ օր 5-րդ

Պատերազմը Ղարաբաղում՝ օր 5-րդ
03.10.2020 | 09:52

Ղարաբաղում կռիվների 5-րդ օրը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կոչ արեցին ադրբեջանցիներին ու հայերին դադարեցնել կրակը, բայց Թուրքիայի նախագահը նրանց պատասխանեց, որ իրենց կոչերը տեղին չեն: Կռվող կողմերը ևս կոչերը դեռ չեն լսում:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորվել բարեխիղճ, առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները ըստ էության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»՝ ասված է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնի, Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: Այս երկրները Մինսկի խմբի համանախագահներն են, որ արդեն 28 տարի զբաղվում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման միջոցների որոնումով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարության հրապարակումից առաջ հայտարարեց, որ 3 պետություննները կորցրել են խաղաղարար նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը: «Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան համարյա 30 տարի անտեսել են այս խնդիրը, անընդունելի է, որ նրանք մասնակցեն կրակի դադարեցման միջոցների որոնմանը»՝ ասել է Էրդողանը խորհրդարանում և հավելել, որ խաղաղությունը կարող է լինել այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղից հեռանան «հայ օկուպանտները»: Թուրքիան այս սրման ընթացքում վճռական և կոշտ աջակցում է Ադրբեջանին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել համաշխարհային մամուլի հրապարակումները, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում կարող են կռվել վարձկաններ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից: «Մենք այսօր ունենք հավաստի տեղեկություններ, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի զինյալները Գազիանթեփով ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություների թատերաբեմ: Դա շատ լուրջ նոր փաստ է, որ փոխում է իրավիճակը»՝ ասել է Մակրոնը լրագրողներին Բրյուսելում ԵՄ սամիթից առաջ, որտեղ առաջին տեղում Թուրքիայի հետ հարաբերություններն են, բայց ոչ Ղարաբաղի պատճառով, այլ Միջերկրականի շելֆում գազի շուրջ վեճերի: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաթի ասել է, որ Ռուսաստանը նույնպես ունի սեփական տեղեկություններ այդ թեմայով: Նախօրեին ՌԴ ԱԳՆ հայտարարել էր, որ անհանգստացած է Սիրիայից ու Լիբիայից Ղարաբաղ վարձկանների տեղափոխմամբ: Ղարաբաղում սիրիացի ենթադրյալ վարձկանների մասին հաղորդել են Times-ը և Guardian-ը, L'Express-ը և այլ թերթեր: Հինգշաբթի Ղարաբաղում հրաձգության տակ ընկան և վիրավորվեցին 2 ֆրանսիացի և 2 հայ լրագրողներ, զոհվեց մի տեղացի բնակիչ: Ֆրանսիացիներից մեկը ծանր վիճակում է, նրան վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում: Ֆրանսիացի 2 վիրավորները Le Monde-ից են:

Մարտունիում ենթադրաբար Գրադի հրաձգության տակ են ընկել Ֆրանս պրեսի և Дождь հեռուստաալիքի լրագրողները, նրանք չեն տուժել: Կողմերը շարունակում են հրապարակել ստուգման չտրվող տվյալներ հակառակորդի ոչնչացված տեխնիկայի և կենդանի ուժի մասին: Հայաստանը հինգշաբթի հայտարարել է, որ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 դրոն: Ադրբեջանցիները պատասխանել են, որ դա սուտ է: Նրանք չեն հրապարակում իրենց կորուստները: Բաքուն միայն պնդում է, որ հայերի հրաձգությունից զոհվել է 19 խաղաղ քաղաքացի և վիրավորվել 55-ը: Հայկական կողմը հրապարակում է զոհվածների անունները՝ հինգշաբթի երեկոյան կար 104 անուն: Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ 5 օրվա մարտերում զոհվել է 11 քաղաքացիական անձ, 60-ը վիրավորվել է: Դատելով կողմերի տեղեկություններից՝ հինգշաբթի շփման գիծը էականորեն չի փոխվել: Ադրբեջանցիները մարտերի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, հաղորդել են ոչ մեծ առաջընթացի մասին հարավային կողմում, դրանից հետո նոր հաջողությունների մասին ոչ մի խոսք չկա:
BBC


Հ.Գ. Ինքնին հասկանալի է, թե Մեծ Բրիտանիան ում շահերն է պաշտպանելու, բայց կա անկախ մամուլ, որ միանգամայն անկախ հրապարակում է տեղեկություններ, որ չեն բխում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից: Հոկտեմբերի 2-ին, թերևս, շատերն էին սպասում, որ Բաքուն ու Անկարան հետ կքաշվեն՝ հիմք ընդունելով Լավրովի ու Չավուշօղլուի հեռախոսազրույցն ու հայտարարությունները կրակը դադարեցնելու մասին: Բայց մի՞թե հնարավոր է հավատալ թուրքի խոսքին, առավելևս՝ պաշտոնյա թուրքի, մանավանդ որ մինչ այդ Էրդողանը ուլտիմատում էր տվել, թե Մինսկի խումբն իրավունք չունի խաղաղություն հաստատել: Իսկ հետո Կոնյայում էր ասել. «Հուսով եմ, որ Ադրբեջանը կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում»։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի ու Պուտինի հետ: ԵՄ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդները չեն կարող հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք, իհարկե, կողմ ենք այստեղ զինադադարի հաստատմանը: Սա միակ հնարավորությունն է այս բարդ հակամարտության լուծումը խաղաղ քննարկելու համար, բայց հաստատ ոչ ռազմական ճանապարհով», - հայտարարել է Մերկելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:


ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախազգուշացնում է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին՝ ասվում է հոկտեմբերի 1-2-ը ԵՄ ղեկավարների գագաթաժողովի կոմյունիկեում: «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասված է գագաթաժողովի հայտարարության մեջ:


ԵՄ ղեկավարները պնդում են խաղաղ բնակիչների մահվան անընդունելիությունը:
«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում կամ որևէ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը:
Բայց այս բոլոր հայտարարությունները Էրդողանի համար նշանակություն չունեն, ե՞րբ են ԱՄՆ և ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, փաստացի դիվանագիտությունը իր ոչ բոլոր միջոցներն է սպառել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ