ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ժամանակը Հայաստանում ուշանում է

Ժամանակը Հայաստանում ուշանում է
12.12.2014 | 01:14

Հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 10՝ համաժողովրդական անվանված շարժման պատմությունը և ավարտված է, և անավարտ: Ավարտված է՝ շարժման ղեկավարների, շարունակական՝ ժողովրդի համար: Դեկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաք-երթին չմասնակցեցին ԲՀԿ նախագահն ու ՀԱԿ-ի նախագահը: Գագիկ Ծառուկյանի բացակայությունը չբացատրվեց, Լևոն Տեր-Պետրոսյանինը հիմնավորվեց, որ նա նախորդ յոթ տարիներին էլ դեկտեմբերի 10-ի ավանդական երթին չի մասնակցել: Բայց դա չի նշանակում, որ այս տարի ևս պիտի հավատարիմ մնար ավանդույթին, որի շրջանակները, թերևս, միայն իրեն են հասկանալի: Հրապարակում էր «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ու նա էլ չգիտեր, թե անձնական ու քաղաքական ինչ ամբիցիաներ են թելադրել Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին հրապարակ չգալ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց հանճարեղ մի նախադասություն, որ ամեն ինչ բացատրում է. «Մեր երկրում մի քիչ ժամանակները ուշանում են»:
ՈՒշացած, թե շտապող ժամանակների շրջագծում էր, որ եռյակի մյուս ղեկավարները իրենց սկսած շարժման երկու ամիսը չնշանավորեցին ոչ մարդկանց կողքին լինելու փաստով, ոչ քաղաքագիտական վերլուծությամբ: Եթե գային, պարտավոր էին ասել՝ ինչ են անելու: Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարությունը թողել է Գագիկ Ծառուկյանին, նա էլ քաղխորհրդի նիստում արդեն հայտարարել էր, որ Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, ԲՀԿ-ն երկրում ու երկրից դուրս զբաղված է շարժումը համաժողովրդականացնելով՝ գրասենյակներ է բացում ու կանգնում է մարդկանց կողքին: Լավ, իսկ ինչի՞ն էր նվիրված դեկտեմբերի 10-ի հանրահավաքը կամ երթը: Չէ, ելույթներ, իհարկե, եղան: Լևոն Զուրաբյանը, օրինակ, բացատրեց. «Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը»: Այսինքն՝ գործնականում համաժողովրդական շարժման պատասխանատվությունը հանձնվեց ժողովրդի՞ն: Թերևս՝ այո, որովհետև Ազատության հրապարակի անունից ընդունված բանաձևում նշված է. «Այսօր՝ հոկտեմբերին ձևավորված նոր համաժողովրդական շարժման անունից, նորից ստիպված ենք արձանագրել բոլոր այն խնդիրները, որ ունենք այս բնագավառում»: Միայն 5 կետի թվարկումից հետո ասվեց. «Համաժողովրդական շարժումը առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը, ներառյալ՝ հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ՝ ազատ ու արդար ընտրություններով՝ ժողովրդի իշխանության ձևավորումը»: Իսկ «առաջիկան», և առաջիկա արտահերթն էլ, ինչպես հայտնի է, շատ տարողունակ հասկացություն է, ժամանակն էլ մեր երկրում, գիտեք, մի քիչ ուշանում է: ՈՒ թեև համարվեց, որ բանաձևն ընդունվել է միաձայն, բոլորովին էլ միաձայն չէր՝ երբ Լևոն Զուրաբյանը թվարկում էր քաղաքական շարժառիթներով ակնհայտ անհամաչափ պատիժ ստացածների անունները, հարթակում չգտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը տեղից հավելեց Վարդան Պետրոսյանի ու Վոլոդյա Ավետիսյանի անունները, Լևոն Զուրաբյանը անխռով շարունակեց ընթերցումը: ՀԱԿ-ի փոքրիկ վրեժն էր ԲՀԿ-ից բանաձևի 2-րդ կետը. «Մինչև հիմա չեն բացահայտվել և չեն պատժվել 2008-ի մարտիմեկյան սպանությունների և այլ բռնությունների պատասխանատուները, կազմակերպիչները և իրականացնողները: Մարտիմեկյան ոճրագործության պարտակումը հավասարազոր է կյանքի իրավունքի մերժմանը»: Այնպես որ բանաձևը բնավ էլ միաձայն չէր կարող ընդունվել: ԲՀԿ-ի անունից Էլինար Վարդանյանը, որ նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն է (իսկապե՞ս ԲՀԿ-ն ոչիշխանություն է), հարցրեց. «Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված են: Արդյո՞ք ձեր իրավունքները չեն ոտնահարվում: Արդյո՞ք ձեր իրավունքները չեն խախտվում: Արդյո՞ք ձեր խախտված իրավունքները վերականգնվում են»:

Թվում է, թե պատասխանի կարիքն էլ չկար, ու շարունակեց թվարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը՝ իրավիճակը, որ ստիպում է արտագաղթել, հաշմանդամներին տրվող 18 հազար դրամը, նվազագույն աշխատավարձը, որ կենսապահովման նվազագույն զամբյուղին չի հասնում, թոշակառուի թոշակը, որ կոմունալ վճարներին չի բավարարում, երթևեկության կանոնների խախտումների տուգանքներն ու տույժերը, որ նվազագույն ամսական աշխատավարձից բարձր են, գործազրկության մակարդակը, աղքատության շեմը, փոքր ու միջին ձեռնարկատերերի անորոշ վիճակը: «Իսկ ի՞նչ են անում զարգացած երկրներում իրավունքների խախտումների դեպքում: Դիմում եմ դատական մարմիններին: Որևէ մեկն այսօր վստահո՞ւմ է մեր իրավապահ մարմիններին: Դատական համակարգին: Կառավարման համակարգին: Ամենուրեք տիրում է ամենաթողության և արհամարհանքի մթնոլորտ: Դուք բոլորդ դա ամեն օր զգում եք ձեր սեփական կյանքում»: Այս հռետորական հարցերից ու պատասխաններից հետո նա անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին՝ պնդելով. «Ավելի անարժանապատիվ կյանք, որով ապրում է այսօր մեր հասարակությունը, դժվար է պատկերացնել, և եթե որևէ մեկը կփորձի պնդել հակառակը, ուրեմն թող իր էլիտար բնակարանից, իր թանկարժեք սրճարանից բացի, Երևանի մեկ-երկու կենտրոնական փողոցներից բացի՝ գնա քաղաքի ծայրամասերը, գնա մարզեր, գնա գյուղեր»։ ՈՒ ոչ ոք նրան չհարցրեց, թե բոլոր այդ հարցերի գոյության մասին նո՞ր են տեղեկացել: Վերջապես՝ այդ հարցերը լուծելու համար, բացի վերջին մի քանի ամսում իշխանափոխության անհրաժեշտությունը տեսնելուց, ի՞նչ է արել ԲՀԿ-ն, որ եղել է կոալիցիայի անդամ, որ նախագահական ընտրություններում մշտապես կանգնած է եղել իշխանական թեկնածուի կողքին՝ բացահայտ կամ ոչ բացահայտ ու այսօր էլ չի սահմանազատվել իշխանությունից: Ինքը՝ Էլինար Վարդանյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե ի՞նչ է արել իր թվարկած հարցերը լուծելու համար, եթե չի կարողացել, ինչո՞ւ է շարունակում պաշտոնավարել և ինչո՞ւ է դիմում ուրիշներին՝ կոչ անելով «տեր կանգնել մեր իրավունքներին»: Եթե գիտի, որ «մեզնից է կախված ամեն ինչ», մի՞թե իրենից ոչինչ կախված չէ: Հեշտ է էլիտար բնակարանում ու դղյակում ապրելով՝ ծայրամասերի ու գյուղերի մասին խոսել, բայց դրանից այնտեղ ոչինչ չի փոխվում: Իրական փոփոխության ցանկությունը ընտրություններում ԲՀԿ-ն կամ կորցնում է, կամ՝ գործում ճիշտ այնպես՝ ինչպես իշխանությունը, բայց միջակայքում իշխանությանը քննադատելու իրավունք է վերապահում իրեն՝ հաստատվելու համար ոչիշխանության ընդդիմադիրոտ իմիջում: Այնուհանդերձ, ոչ մի դեպքում խոսքը գործի չի հասցնում.
ա) ինքնապահպանության համար,
բ) հրահանգ չունի,
գ) ինքն էլ դեռ չգիտի՝ ի՞նչ խնդիր է լուծում: ՈՒ այս ամբողջ «համաժողովրդական» գործընթացը աստիճանաբար վերածվում է քաղաքական սովորական «մուտիլովկայի», բայց՝ հրապարակային մասշտաբի: Իսկ այս ամենից ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը ինչ էլ ստանան-չստանան, առաջին շահողը դառնում է ՀՀԿ-ն, որ
ա) ամրապնդում է դիրքերը,
բ) ոչիշխանության անգործության պարագայում՝ ներկայանում է իբրև միակ գործ անող ու պատասխանատու քաղաքական ուժ,
գ) ստանում է հերթական ընտրություններում նույն ընթացքը շարունակելու երաշխիքներ ու հնարավորություններ:
Դեկտեմբերի 10-ի երթ-հանրահավաքը այսքանով գուցե ավարտվեր, եթե չլինեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի, երկու օր անց՝ Սուրեն Սարգսյանի միջադեպերը: Ազատամարտիկների ծեծը Լևոն Զուրաբյանը պատճառաբանեց «հոգեվարքի մեջ գտնվող իշխանության նենգ արարքով» ու բացատրեց, որ «ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտենում է հաջողության, դիմել են ստոր արարքների»: Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանն ասաց. «Մենք ամենայն պատասխանատվությամբ խոհեմության կոչ ենք անում և հայտարարում, որ նման քայլերով չեք վախեցնելու ոչ մեզ, ոչ ժողովրդին: Մենք կանգնելու ենք մինչև վերջ ցանկացած ձևաչափի մեջ» ու կոչ արեց բոլոր ազատամարտիկներին հավաքվել դեկտեմբերի 13-ին, ժամը 12-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում: Ի՞նչ պիտի անեն ազատամարտիկները, որոնք ևս կուսակցականացվել ու բաժան-բաժան են եղել քաղաքական դաշտում, մնում է գուշակել: Դատելով հրավիրողի ելույթից՝ պիտի ծրագիր մշակեն՝ կանխելու «որոշ ուժերի պրովոկացիաները, որ Հայաստանը փորձում են վերածել «Եվրամայդանի»՝ ուկրաինական կամ արաբական սցենարով»: Ի՞նչ ուժեր, ի՞նչ եվրամայդան, ինչո՞ւ, ի՞նչ կապ ունի ՈՒկրաինան կամ արաբական աշխարհը ազատամարտիկների ծեծկռտուքի հետ, մնաց անհայտ: Իսկ գուցե պետք էր հենց Ազատության հրապարակի հարթակից նախ բոլոր ազատամարտիկներին կոչ անել՝ մի կողմ դնել կուսակցություն-կուսակցություն, միավորում-միավորում, իմ ու քո խաղալը ու վերադառնալ երկրապահի իրենց պատմական դարձած առաքելությանը՝ հավատարիմ մնալով «Երկրապահի» հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին: Նա ԵԿՄ-ն ստեղծում էր, որ կռված տղերքը միասնական լինեն, որովհետև միասնական լինելն էր համարում նրանց ուժն ու պարտավորությունը: Բայց այսօր ազատամարտիկները պատրաստ են մեղավոր փնտրել Մայդանում ու արաբական գարնան մեջ, Լուսնի վրա կամ տիեզերական սև խոռոչների, միայն ոչ իրենք իրենց մեջ: Նրանք մոռացել են Վազգենի խոսքը՝ «Իմ աչքերը ձեզ վրա են, տղերք»:
Հավարտ հանրահավաքի` Րաֆֆի Հովհաննիսյանին մնում էր խոստովանել, որ Հայաստանում քաղաքացիների հանդեպ հարգանք չկա, և թող ոչ ոք չբողոքի, որ ուրիշները չեն հարգում մեզ, քանի որ մեզ չեն հարգում մեր սեփական երկրում:
ՈՒ՝ ի պատասխան` որքա՞ն է մտադիր սպասել՝ մինչև եռյակը իշխանափոխություն պահանջի, մնում էր ասել. «Ես կսպասեմ և կպայքարեմ ձեզ հետ միասին՝ օրենքի երկրում ապրելու համար: Ես արդեն 25 տարի երկրում եմ, ես ոչ ոքի չեմ սպասի, բայց կսպասեմ այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները կհավաքվեն Ազատության հրապարակում և իրավունքների վերականգնում կպահանջեն: Ես ներողություն եմ խնդրում, եթե երկրի քաղաքացիներին հիասթափեցրել եմ, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ հաջորդ հանրահավաքին Ազատության հրապարակը պետք է բազմամարդ լինի»:
Չի լինելու: Եթե անգամ հաջորդ հանրահավաքը լինի, այս կամ հաջորդ տարի, որևէ ուղենիշ ու գործողության ծրագիր չի ներկայացնելու, չունի: Լևոն Զուրաբյանի «առաջիկան» հեռու հեռանկար է: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի լավ, քան որևէ մեկը, գիտի՝ ինչ է կատարվում եռյակում, ինչպես սկսվեց ու ինչի հանգեց ամեն ինչ: Հույսեր ունենալը ոչ թե լավատեսության արդյունք է, այլ իրեն իրավատեր համարելու հետևանք: Րաֆֆի Հովհաննիսյանը չի հեռանում մի ձևաչափից, որն արդեն չկա ու անելիք չունի ժողովրդի մասով, իսկ սեփական կուսակցական խնդիրների լուծման մասով կապ չունի «Ժառանգության» հետ: Ընդամենը երկու ամիս ու այսպիսի հստակություն քաղաքական դաշտո՞ւմ: Այո, ինչո՞ւ ոչ: Միշտ չէ, որ ծրագիրը հենց ծրագրված արդյունքն է ունենում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մարդու իրավունքների պաշտպանության մասին միայն դեկտեմբերի 10-ին հիշելը մեծագույն շքեղություն է, որ իրենց կարող են թույլ տալ կայացած ժողովրդավարությամբ երկրները: Հայաստանի իշխանությունը և ոչիշխանությունը այդ շքեղության իրավունքը չունեն: ՈՒ՝ այս ընթացքով չեն ունենա, քանի կան:

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ