Վաղուց հայտնի բան է, որ չինացիները ձգտում են ապրել Եվրոպայում կամ Ամերիկայում, իսկ ՉԺՀ-ի իշխանությունները շարքային քաղաքացիների նման տեղափոխություններին սովորաբար այնքան էլ չեն հակառակվում։ Այդ են վկայում նաև աշխարհով մեկ սփռված «չայնաթաունները» (չինական թաղամասերը), չինացիների կողմից արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու հարաճուն միտումը և, օրինակ, վերջերս ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագիրն այդ երկրների քաղաքացիներին գործողության առավելագույնը 10 տարի ժամկետով աշխատանքային և զբոսաշրջային վիզաներ տրամադրելու մասին։ Սակայն պարզվում է, բազմաթիվ օտարերկրացիներ էլ, իրենց հերթին, ձգտում են ապրել և աշխատել Չինաստանում։ Այսպես, տարագիրների համար ամենագրավիչ երկրների՝ վերջերս HSBC բանկի կազմած վարկանիշային ցուցակում ՉԺՀ-ն գրավել է երրորդ հորիզոնականը (երկրորդ տեղում Սինգապուրն է, իսկ ցուցակը գլխավորել է Շվեյցարիան)։ Հաղորդվում է, որ օտարերկրացիներին Չինաստանում հրապուրում են ապրուստի ցածր գները, ինչպես նաև շարունակ բարձրացող կենսամակարդակն ու սպառման մակարդակը։ «Չինաստանը լավագույն վայրն է այն տարագիրների համար, որոնք սեփական եկամուտներն ավելացնելու հնարավորություններ են փնտրում։ Տարագիրների 76 %-ն իր ֆինանսական դրությունը կարողացել է բարելավել Չինաստան փոխադրվելուց հետո»,- ասվում է հետազոտության մեջ։ Շատ տարագիրների Չինաստանը հրապուրում է հենց հեռանկարային մասնագիտական աճով և բարձր աշխատավարձով։ ՉԺՀ մեկնած տարագիրների մոտ մեկ քառորդն այստեղ տարեկան վաստակում է ավելի քան 300000 դոլար, և դա ամենաշատն է ցուցակում նշված երկրների շարքում (վարկանիշային ցուցակը կազմելիս HSBC բանկն օգտագործել է աշխարհի ավելի քան 100 երկրների գրեթե 9300 տարագիրների հարցման տվյալները)։
Ընդ որում, եթե դեռ երեսուն տարի առաջ Չինաստանում միակ օտարերկրացի աշխատողները տեղի համալսարանների կողմից հրավիրվող անգլերենի դասախոսներն էին, ապա այսօր բազմաթիվ օտարերկրացիներ այստեղ լավ աշխատանք գտնելու շատ ավելի մեծ հնարավորություն են ստացել։ Թեև, օտար լեզվի, առաջին հերթին, անգլերենի դասախոսի աշխատանքն էլ Չինաստանում դարձյալ թե՛ պահանջարկված է, թե՛ լավ վարձատրվող, բայց սովորաբար օտարերկրացիները Չինաստանում աշխատանքի են տեղավորվում արևմտյան ընկերությունների տեղի ներկայացուցչություններում։ Ընդ որում, համաձայն վիճակագրության, մինչև 40 %-ը՝ մարքեթինգի և վաճառքի ոլորտում, 20 %-ը՝ ինժեներային գործում, 10 %-ը՝ մենեջմենթում՝ ներառյալ ֆինանսականը, 5 %-ն էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Չինաստանում խիստ կարիք է զգացվում բարձրաստիճան կառավարման անձնակազմի, գիտնականների, տեխնիկների, ինժեներների և, առհասարակ, բարձրորակ մասնագետների։ Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների քանակը մեծանում է եկվոր ուսանողների հաշվին, որոնք ձգտում են այստեղ կրթություն ստանալ, և որոնք շատ հաճախ են ուսումն ավարտելուց հետո մնում այստեղ։
Որքա՞ն օտարերկրացի, մասնավորապես, տարագիր կա ՉԺՀ-ում։ Թեև երկրում այդպիսի տվյալներ ընդհանուր առմամբ չկան, չինական լրատվամիջոցների որոշ հաղորդումների համաձայն, անցած տարի Չինաստան է մուտք գործել մոտ 53 միլիոն օտարերկրացի, ինչը 2,33 անգամ ավելի է, քան 10 տարի առաջ։ Նրանց զգալի մասը զբոսաշրջիկներ ու գործարարներ են, բայց մշտապես աշխատող օտարերկրացիների թիվն էլ փոքր չէ՝ մոտ 300 հազար։ Եվ դա այն դեպքում, երբ 2013-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Չինական Ժողովրդական Հանրապետության օրենքը մուտքի ու ելքի մասին», որի համաձայն, խստացվում են օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կեցության կանոնները։ Այնուամենայնիվ, իշխանությունների քաղաքականությունը, համաձայն որի օտարերկրյա տարագիրները դիտվում են որպես երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության ու տեխնիկայի և պաշտպանության արդիականացման գործի բաղկացուցիչ մաս, դեռևս օրախնդիր է։
Բայց, այդուամենայնիվ, հե՞շտ է, արդյոք, օտարերկրացի լինել Չինաստանում։ Լավ աշխատավարձը, կենսամակարդակը, հասկանալի է, կարևոր են, բայց Չինաստանն առանձնահատուկ երկիր է, ավանդապահ, եվրոպացիների համար ոչ միշտ հասկանալի։ Կարող եմ վկայել. և՛ հեշտ է, և՛ դժվար։ Դժվար է, որովհետև չինացիները, բացի մայրենիից, մեծ մասամբ ուրիշ ոչ մի լեզվով խոսել չգիտեն, երբեմն դժվար է նրանց հասկանալ առօրյա կյանքում, շատերի համար օտարերկրացուն խաբելը միանգամայն բնական բան է, այստեղ կարող են օգնության հասնել միայն ծանոթները։ Չինացիների ծայրաստիճան իրատեսությունն ու հաշվենկատությունը, ինչպես նաև ավելորդ հետաքրքրասիրությունը նույնպես կարող են նյարդայնացնել։ Շատ օտարերկրացիներ գանգատվում են, թե հատկապես գավառներում իրենց վրա աչքերը չռում են, ասես մարսեցի տեսած լինեն։ Բայց միևնույն ժամանակ, բնակչության մեծ մասը շատ բարյացակամ և նույնիսկ հարգալից է վերաբերվում օտարերկրացիներին, տեղացիներն էլ, համենայն դեպս քաղաքներում, արդեն «խմբերով չեն քայլում օտարերկրացիների հետքով»։ Իսկ ընդհանուր առմամբ, իմ և այստեղ ապրողների մեծ մասի կարծիքով, Չինաստանը, ամբողջությամբ վերցրած, շատ հարմարավետ երկիր է։
Սակայն իրենք չինացիները շատ հաճախ տեսնում են մի շարք խնդիրներ՝ կապված երկրում օտարերկրացիների ներկայության հետ։ Դա գլխավորապես կենսաոճն է։ Այսպես, շատ բնակիչների շրջանում, հատկապես ավագ սերնդի, այն կարծիքն է տարածված, թե որոշ չինացիներ կուլ են գնում արտասահմանյան ապրելակերպի քարոզին, մտածելակերպին, ինչը հանգեցնում է ավանդական չինական արժեքների կորստյան, իսկ դրանց կորուստն իր հետ բերում է նաև այլ խնդիրներ։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ օտարերկրացիների նկատմամբ չինացիների, ըստ էության, առանձնահատուկ վերաբերմունքը ձևավորվել է բավական երկար և բազմադարյա պատմություն ունի։ Իր գոյության առաջին մի քանի հազարամյակում Չինաստանը կամ Կենտրոնական կայսրությունն առհասարակ զերծ է եղել կողմնակի ազդեցությունից ու այցելություններից։ «Հազվադեպ թռչուն»՝ թե՛ բառացիորեն, թե՛ անուղղակի իմաստով, կարող էր Եվրոպայից հասնել Հիմալայներ, իսկ «տեղ հասածը» հյուսիսային Հնդկաստանից այն կողմ չէր կարողանում անցնել։ Հարևան ցեղերը, ճիշտ է, սովորություն ունեին հարձակվելու Չինաստանի վրա, թալանելու և սպանելու, իսկ այստեղ, իր հերթին, տարածված էր այն պատկերացումը, թե մյուս բոլոր ժողովուրդները, բացի չինացիներից, ըստ էության բարբարոսներ են, ոչնչի ընդունակ չեն և պիտանի են միայն իրենցից տուրքեր գանձելու, եթե ստացվի։ Ասում են, թե կառուցելով Մեծ պարիսպը, կայսր Ցին Շիհուանդին նկատի ուներ «վերջնականորեն լուծել» օտարերկրացիների խնդիրը։ «Նրանք՝ այնտեղ, մենք՝ այստեղ»։ Հայտնի իմաստով Պարսպի շինարարությունն իր այս նպատակին ծառայեց, և հետագա մեկուկես հազարամյակի ընթացքում չինացիները շատ թե քիչ հաջող ապրեցին՝ ամբողջ աշխարհից կտրված։ Բայց նրանք հպարտանում էին իրենց կողպված սահմանով, և մեկուսությունը, մի ինչ-որ ներզգացողական «Պարիսպ», շարունակում էր դեռ երկար տիրապետել թե՛ քաղաքականության մեջ, թե՛ կենցաղում։ Հետո եկավ 20-րդ դարը, կյանքն ու զարգացումը պահանջում էին հրաժարվել քարացած օրենքներից, ու Չինաստանի ամբողջ տարածքում եվրոպացիների գաղութներ առաջացան։ Բացի ավանդական Կանտոնից, որտեղ եվրոպացիները բնակություն էին հաստատել վաղուց, և Մանջուրիայի ռուսական համայնքներից, որոնք ծնունդ առան 1917 թ. հեղափոխությունից հետո, իսկական տիեզերական տապանը Շանհայում ստեղծվեց։ Այնտեղ կառավարում էր դամասկոսցի հրեա Վիկտոր Սասսոնը՝ միլիարդատեր նույնիսկ այն ժամանակվա համեստ ըմբռնմամբ, որն իր կարողությունը կուտակել էր ափիոնի առևտրով և ավելի քան 9000 տուն էր ձեռք բերել Շանհայում ու արվարձաններում։ Սասսոնին պատկանած «Քաթայ» հյուրանոցը՝ Շանհայի գլխավոր առափնյակում, այն ժամանակ եվրոպական և ամերիկյան վերնախավի ուխտագնացության վայր էր։ «Բրոդվեյ» հյուրանոցը և դեռևս գործող «Փարկ-հոթելը» հարմարավետությամբ ու ակնածելիությամբ չէին զիջում աշխարհի լավագույն հյուրանոցներին։ 1930-ական թվականների սկզբին Շանհայում մշտապես բնակվում էր մոտ 60000 օտարերկրացի, իսկ քաղաքում օտարերկրյա ներդրումների ծավալը հարյուր միլիոնավոր ֆունտ սթեռլինգ էր կազմում։ Հետո եկան կոմունիստները, ու օտարերկրացիներից մնացին միայն սովետական «րտպՓ»-ները, իսկ հետո սկսվեց «կուլտուրական հեղափոխությունը». դրանից հետո նրանք էլ չմնացին Չինաստանում, ինչպես չմնաց ոչ մի «րտպՓ», ներառյալ՝ տեղի։ Այս տխուր նոտայով, կարծես, վերադարձավ չինական մեկուսությունը, բայց ապարդյուն։ Դարավերջին չին կոմունիստները, Դեն Սյաոպինի գլխավորությամբ, որոշեցին շուկայական տնտեսության ուղին բռնել, և առաջին հրամանագրերից մեկը եղավ զբոսաշրջային և գործարար վիզա տալ ցանկացած օտարերկրացու, որը կցանկանա այցելել երկիր, առավել ևս փող ներդնել այնտեղ և աշխատել։ Սկզբում հրավերին արձագանքեցին քչերը, բայց, ինչպես ասում են, դժվարը սկիզբն էր։
Իսկ ընդամենը մի քանի տարի հետո, ՉԺՀ-ում (և ո՞վ կսպասեր) հանկարծ նույնիսկ անլեգալ ներգաղթի խնդիր առաջացավ։ Օրինակ, Պեկինում հանրային անվտանգության բյուրոն անցած տարի հայտարարեց օտարերկրյա քաղաքացիների կողմից Չինաստանի մայրաքաղաք մուտքի, կեցության և աշխատելու կանոնների խախտումների դեմ պայքարի հարյուրօրյա արշավ սկսելու մասին։ Արշավն ստացավ «Երեք ան» (անօրինական մուտք, անլեգալ կեցություն, անլեգալ աշխատանքային գործունեություն) ոչ պաշտոնական անվանումը։ Այդ ընթացքում ՉԺՀ-ի իրավապահ մարմինները ստուգումներ էին կատարում այն շրջաններում, որտեղ անլեգալների խնդիրն ավելի սուր էր ծառացած։ Ի դեպ, արշավ սկսելու մասին հայտարարությունը, որը հրապարակվեց «Վեյբո» սոցիալական ցանցում, ուղեկցվում էր «հարվածող բռունցքի» պատկերով, «թեժ գծի» հեռախոսահամարով, որով պեկինցիները կարող էին հաղորդել «կասկածելի օտարերկրացիների» մասին։ Ընդ որում, անլեգալ օտարերկրացիներից «մայրաքաղաքը մաքրելու» («Ժենմին ժիբաո» թերթի արտահայտությունն է) արշավն սկսվեց Չինաստանում օտարերկրացիների վարքագծի շուրջ թեժ բանավեճերի եռուն շրջանում։ Այնպես որ, դատելով ըստ ամենայնի, չինական մեկուսության «Պարսպում» ճեղքն այժմ բացվել է հիմնավորապես երկար ժամանակով։ Բոլոր դժվարություններով հանդերձ, մասնագիտական զարգացման հնարավորություններ որոնելու կամ պարզապես «փող աշխատելու» նպատակով Չինաստան եկած օտարերկրացիների թիվն ավելի ու ավելի է մեծանում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից