ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայ ազգային նվնվոցի ֆենոմենը

Հայ ազգային նվնվոցի ֆենոմենը
05.09.2014 | 00:45

Եթե կես բաժակ ջրի թեստը տարբեր ազգերի ներկայացուցիչների առաջարկվի, հայերս միանշանակ կասենք, որ բաժակը կիսադատարկ է, ոչ թե կիսալիքը, որովհետև մենք սիրում ենք իրականությանը նայել ամենամռայլ զարգացումների տեսանկյունից և անել ամենամռայլ կանխատեսումները: Մեր երկրում, մեր ժամանակում, մեր կյանքում լավ ոչինչ լինել չի կարող: Մեր ճակատագիրն է՝ ընդհանրական ու անձնական: Սա է մեր ելակետը որևէ հարց քննարկելիս, որովհետև մենք դարերով պետականություն չենք ունեցել, մեր հարևանը Թուրքիան է, նավթ ու գազ էլ չունենք, կարկուտն էլ ծիրանը «վարի տվեց»: Երկաթե այս տրամաբանությունը կապող օղակ է մեր վերլուծություն-եզրակացություններում, որոնք առաջին հերթին ազգային լալահառաչ նվնվոցի, երկրորդ հերթին՝ ազգային մեղադրանք-բողոքի, երրորդ հերթին` ազգային ինքնախարազանումի, և երբեմն միայն ազգային մտածողության դրսևորում են: Ազգային օրացույցում ճակատագրական նոր օր գրանցվեց` հոկտեմբերի 10, երբ Մինսկում Հայաստանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, ու բոլորը մոռացան, որ հոկտեմբերի 10-ին օրացույցը չի ավարտվում, կա նաև 11, հետո 12, գուցե 17, 21, 27: Նոյեմբեր: Ոչ, հոկտեմբերի 10-ից Հայաստանի շուրջ երկաթե վարագույր է քաշվելու, ու ոչ ներս, ոչ դուրս: Այդ իրավիճակում միակ հնարավորը համաշխարհային անարդարության դեմ ողբն է և հայերի դեմ համաշխարհային դավադրության բացահայտումը, որից հետո կատարված պարտքի գիտակցությամբ կարելի է գլուխը բարձին դնել ու խոր քուն մտնել մինչև օրացույցի հերթական սև օրը: Սա ոչ թե գաղջ մթնոլորտ է, այլ ազգային դիմադրունակության արհեստական նվազեցման և սպառողական հոգեբանության հարկադրական խորացման բարդույթ: Մենք ազգովին դարձել ենք սոսկ սպառող և սպասում ենք, թե ով ինչ կտա, որ հագեցնենք մեր մտավոր ու գաղափարական, ֆիզիկական քաղցը:
Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կդառնա, թե չի դառնա ԵՏՄ անդամ, հարցի մի կողմն է, մյուս կողմը շատ ավելի կարևոր է. ինչպե՞ս ձերբազատվել աշխարհաքաղաքական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական, ապաքաղաքական հարցերում նախապես, առանց որևէ քայլ կատարելու, պարտվածի, թույլի, անզորի հոգեբանությունից: Սա անլուծելի հարց է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ ամեն օր լինելու է մեկը, որ թերթերից, էկրանից, եթերից մեզ նորից գամի մեր անցյալի, ներկայի ու ապագայի իրական ու երևութական պարտությունների սյանը, և չի գտնվելու մեկ ուրիշը, որ նրան ոչ թե հերքի, այլ ասի` վերջ, քո ժամանակը սպառված է, սկսում ենք ապրել մեր կյանքով, որտեղ իրերն ու իրադարձությունները ունեն իրենց նախնական անունները: Բավական է սպասել, թե մեր շահերին հակասող, մեզ վիրավորող ով ինչ քայլ կանի, որ կուսակցություն առ կուսակցություն պատասխանենք: Էրդողանը ասաց, Ալիևը կրկնեց, Նազարբաևը կարդաց, Պուտինը լռեց, Մեդվեդևը չեկավ, Ռուհանին գնաց, Մարգվելաշվիլին չտվեց, Օբաման չարտաբերեց, Մերկելը չզանգահարեց` սա է մեր մտածողության գագաթնակետը: Վերջ: Ամենաշատը խորագնա հաշվարկներ կանենք` Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի դե՞մ է գործում Ռոբերտ Քոչարյանին փառաբանելիս, ու դա ձեռնտո՞ւ է Սերժ Սարգսյանին, որ կարծում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է խորացնում Ռոբերտ Քոչարյանի հետ իր հակասությունները, թե՞ ՀՅԴ-ն միանում է Ռոբերտ Քոչարյանի փառաբանությանը, որ ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունները չերևան, ՕԵԿ-ն էլ պահեստային տարբերակ է: Մոսադի մակարդակով այս «վերլուծությունները» մեր մտածողությունը հավասարեցնում են շրիշակի մակարդակին ու հիմք են, որ մեր հարցերը մեզ չհարցնելով լուծեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ եթե հոկտեմբերի 10-ին Մինսկում ոչինչ էլ չստորագրվի, ինչպես եղավ ազգային օրացույցի նախորդ «սև» օրերին, ի՞նչ է լինելու: ԵՄ-ն կորցրինք, ԵՏՄ-ն չգտանք, ո՞ր ծովում գնանք` խեղդվենք: Ո՞վ է սրան ասելու՝ վերջ, և ե՞րբ: Ո՞վ է իրեն վերապահելու առաջին խոսքի ու առաջին քայլի վտանգավոր իրավունքը:

Դիտվել է՝ 1343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ