Պուտինն այդ համաձայնագիրն անվանեց «դարակազմիկ իրադարձություն»։ Իսկ տարբեր երկրների փորձագետներն ու լրագրողները չեն հոգնում հարց տալուց. «Ինչպե՞ս գնահատել այս գործարքը», «Ի՞նչ կստանա Ռուսաստանը Չինաստանի հետ կնքված բաղձալի պայմանագրի իրականացումից», «Ստորագրելով պայմանագիրը, Կրեմլը կկարողանա՞, արդյոք, հաջողությամբ իրականացնել «դարձ դեպի Ասիա» նախագիծը»։ Կարծիքները շատ են, տարբեր, բայց բոլորին արդեն մի լավ ձանձրացրած տեղեկատվական պատերազմն է իր հետքը թողնում։ ՈՒստի կուզեի հրաժարվել հրապարակախոսությունից, հրաժարվել սուբյեկտիվ գնահատականներից և փորձել վերլուծության մեջ օգտագործել հաշվապահական հաշվառման պարզ ու հուսալի մեթոդները. «շահույթ-վնաս, մուտք-ծախս», «Ռուսաստանի ձեռքբերումներ-Ռուսաստանի կորուստներ»։
ԵՎ ԱՅՍՊԵՍ` ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ
Նախ, մոսկովյան իշխանությունների և անձամբ Պուտինի համար ծայրաստիճան կարևոր է ցույց տալ, թե իրենք բարձր մակարդակի հարաբերություններ ունեն ՉԺՀ-ի հետ, պայմանագիրը ներկայացնել անգամ ոչ թե որպես ռուսական գազի ընկերությունների հաղթանակ, այլ որպես ուկրաինական գործերին միջամտելու համար Կրեմլին պատժելու և մեկուսացնելու Արևմուտքի անհաջող փորձերին հասցվող հարված։ Եվ Չինաստանը հայտարարվում է համարյա որպես հիմնական առևտրական ու քաղաքական գործընկեր, իսկ գործարքը` դաշինքի և անգամ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը, մի տեսակ, հակադրության վկայություն։ Նկատենք` որոշակի հաջողություն, հատկապես ներքին սպառման համար, այս ոլորտում ձեռք է բերվել։ Արևմուտքում անգամ ոմանք սկսել են խոսել «Մոսկվայի ու Պեկինի աննախադեպ մերձեցման մասին»։ Սակայն իրավիճակի մանրազնին ուսումնասիրության դեպքում ակնհայտ է դառնում, որ Պեկինը շատ ավելի բարդ, բազմաճյուղ և, բառիս բուն իմաստով, խորամանկ արտաքին քաղաքականություն է վարում, քան թվում է Ռուսաստանին, և «Կրեմլի համար նախատեսված թակարդը» մի օր ի հայտ կգա։ Այսպես, եթե Չինաստանը լրջորեն մտադրվի հակազդել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Նահանգների ազդեցության ուժեղացման փորձերին, ապա Ռուսաստանը կարող է նրա գործուն դաշնակիցը լինել։ Այլ բան է` դա նրան պե՞տք է, թե ոչ, առավել ևս հաշվի առնելով Տոկիոյի հետ սառեցված ու բարդ խնդիրները։ Այնպես որ, հարաբերությունները, որ հիմա Պուտինն աշխատում է հաստատել Չինաստանի հետ, ասես մի տեսակ դատապարտված են, այսինքն, հիմա նա, կարծես, այլ ելք չունի։ Բայց սրանք արդեն հույզերի ոլորտից են։
Երկրորդ, Չինաստանը իդեալական տնտեսական դաշնակից է Պուտինի համար, քանի որ Պեկինը, ի տարբերություն Եվրոպայի, հազիվ թե երբևէ համաձայնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ուկրաինական կամ մեկ այլ ճգնաժամի պատճառով, կամ փորձի դիտավորյալ կրճատել Ռուսաստանից ստացվող գազի ծավալները` վկայակոչելով երկրում տիրող «ոչ ժողովրդավարական վարչակարգը»։ Չինացի ղեկավարները, ավանդաբար և ընդգծված, առայժմ չեն միջամտում այլ երկրների քաղաքական վեճերին։ Եվ այդ իրատեսական մոտեցումը, անշուշտ, դուր է գալիս թե՛ ռուսական վերնախավին, թե՛ Պուտինին։
Եվ երրորդ` Կրեմլի մտահղացմամբ, Չինաստանի հետ գործարքը չեզոքացնում է այն բանի վտանգը, որ Եվրոպան կարող է մի օր լրջորեն ձեռնամուխ լինել նոր էներգետիկ քաղաքականության և նվազեցնել իր կախումը ռուսական մատակարարումներից։ Նորից, առաջին հերթին սեփական բնակչությանը հանգստացնելու համար, այստեղ էլ է որոշակի հաջողություն արձանագրվել։ Շատերը Ռուսաստանում, կարծես, չեն նկատում, որ համաձայնագրով ռուսական գազի արտահանման ծավալը կկազմի տարեկան 38 մլրդ խորանարդ մետր, ինչը մոտ 25 տոկոսով պակաս է Եվրամիության կողմից սպառվող ծավալներից։ Ճիշտ է, խոստացել են գազ գնել 30 տարի, և, ինչպես հաղորդել է Ալեքսեյ Միլլերը` «դա «Գազպրոմի» խոշորագույն պայմանագիրն է, նման պայմանագիր չկա ոչ մի ընկերության հետ»։ Բայց այն, որ Ռուսաստանը կարող է հանգիստ «յոլա գնալ» նաև առանց եվրոպական շուկայի, թերևս, քարոզչական հնարքների շարքից է։ Արևմուտքում էլ այս իրավիճակը, կարծես, ոչ ոքի չի վախեցրել` Ռուսաստանից էներգետիկ կախումը վերացնելու աշխատանքը Եվրոպայում շարունակվում է կրկնապատկված եռանդով։
Նկատենք` ամբողջ շահը հիմնականում վարկանիշային միտում ունի։ Այսինքն, ստացվում է, որ գազի պայմանագիրը ռուսական իշխանության համար, ի տարբերություն չինականի, ըստ էության, քաղաքական շարժառիթ ունեցող գործարք է։ Իսկ տնտեսական շահ կա՞։ Եթե մոտենալու լինենք ըստ նորմատիվների` «Այն, ինչ ձեռնտու է «Գազպրոմին», ձեռնտու է և Ռուսաստանին», այդ դեպքում այն շատ թե քիչ կարելի է նկատել։ Կարծես «սկզբունքորեն համաձայնեցված է» չինական կողմից 25 մլրդ դոլար կանխավճարը, ինչը մշտատև անհաջողությունների ու կորուստների շրջափուլ մտած կոնցեռնի համար, երևի, քիչ չէ։ Պայմանագրի երկարաժամկետ լինելն էլ է որոշակի վստահություն ներշնչում էներգաընկերություններին։ Սակայն որոշ փորձագետներ համարում են, որ ներդրումները հանելուց հետո մոնոպոլիաների հաշվեմնացորդը կլինի բացասական, իսկ նախագիծը ծախսահատույց կլինի արտահանման տուրքի վերացման դեպքում միայն։ Կշահեն «Գազպրոմի» այն կապալառուները, որոնք կգցեն խողովակաշարը։ Բայց ովքե՞ր կլինեն դրանք` ռուսներ, թե չինացիներ, առայժմ հայտնի չէ ¥փորձագետները կարծում են, որ նախագծի շահութաբերության համար ավելի լավ կլիներ վարձել չինացի կապալառուներ, որոնց շինարարության ծախսերը եռապատիկ ցածր են¤։ Մեծ օգուտներ կստանան խողովակ արտադրողներն ու «Ռոսնևթը»։ Խողովակ արտադրող և մետալուրգիական ընկերությունները միասին կարող են հավակնել 5,7 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրերի, իսկ գազի անկախ արտադրողները կարող են մատակարարել տարեկան մինչև 25 մլրդ խմ գազ, որից «Ռոսնևթը»` 18 մլրդ։
Ահա և, թերևս, բոլոր ձեռքբերումները։
ԻՍԿ ՀԻՄԱ ՓՈՐՁԵՆՔ ՀԱՇՎԵԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Առաջինն ու գլխավորը գազի գինն է։ Ինչպես հայտնի է, բանակցությունները ռեկորդային երկար տևեցին` ուղիղ 10 տարի, և հիմնական փորձաքարը հենց գինն էր։ Երկար ժամանակ Ռուսաստանը կտրականապես 400, ծայրահեղ դեպքում, 380 դոլար էր պահանջում 1000 խմ-ի համար։ Ասում էին` բացարձակապես անշահութաբեր է ցածր գինը։ Բայց ժամանակն անցնում էր, և հիմա Ռուսաստանը «էներգետիկ գերտերությունից» վերածվել է մի երկրի, որին կարող են դուրս մղել եվրոպական շուկայից։ Այնպես որ, այսօր «կամք թելադրելն» էլ է դժվարացել։ Եվ, վերջապես, պայմանագիրն ստորագրված է։ Պայմանագրի գինը «առևտրային գաղտնիք» է, սակայն հեշտ է հաշվել, որ այն կազմում է 1000 խմ-ի համար մոտ 350 դոլար։ Եվ էլի մի կարևոր հանգամանք։ Բանակցությունների ավարտից հետո Պուտինը, ինչպես նկատել են լրատվամիջոցները, ամեն կերպ խուսափում էր մատակարարումների արժեքին վերաբերող հարցերից, բայց հետո ասաց, որ այն շաղկապված է նավթի գնի հետ։ Եվ այստեղ հիշենք ԱՄՆ-ի սպառնալիքները` նվազեցնելու նավթի արժեքը, և Սաուդյան Արաբիայի խոստումները` այդ բանն անել մոտ ժամանակներս։ Այդ դեպքում ինչ կկատարվի «չինական գնի» հետ, կարելի է գուշակել։
Երկրորդ` «Գազպրոմում» գազի արդյունահանման ինքնարժեքը վերջին տասը տարում անընդհատ աճել է և հասել պատկառելի թվի` 1000 խմ-ն 38 դոլար։ Սակայն դա գնի միայն մի փոքր մասն է։ «Չինական գազի» համար հարկավոր է յուրացնել երկու հանքավայր (իսկ դրանք լիովին դեռ հետախուզված էլ չեն) և գցել չորս հազար կմ երկարությամբ խողովակաշար։ «Գազպրոմը» ներդրողների համար շնորհանդեսի ժամանակ Արևելյան ծրագրի իրացումը, այսինքն` երկու հանքավայրերի յուրացումը և գազամուղի շինարարությունը, գնահատել էր 60 մլրդ դոլար։ Բայց դա փետրվարին էր։ Հիմա «սուբսիդիաների» գումարը, որոշ տվյալների համաձայն, պետք է հասնի 160 մլրդ դոլարի, և դա անխուսափելիորեն կանդրադառնա եկամտաբերության վրա։
Երրորդ` բիզնեսի եկամտաբերությունն ինչ-որ կերպ ապահովելու և ամեն գնով պայմանագիրը ստորագրելու համար Պուտինը զրոյացրեց Չինաստանի համար շահագործվող հանքավայրերի օգտակար հանածոների արդյունահանման հարկը (ՕՀԱՀ)։ ՈՒ հիմա, կոպիտ հաշվարկով, ռուսական բյուջեն այդ գազից ոչինչ չի ստանա. կստանա «Գազպրոմը», կստանան կապալառուները, դրանցից մասհանումներ կլինեն, բայց ոչ ավելին։ Փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ վերացվեն նաև արտահանական տուրքերը։ Եվ պատահաբար չի Կուդրինը նախազգուշացրել, որ ռուս-չինական պայմանագիրը կարող է «արագացնել բյուջեի եկամուտների նվազումը, քանի որ օգտագործվող գազահանքերից համապատասխան հարկեր չեն վճարվի»։ «Նախորդ նախագծերի համար դրանք ժամանակավոր լուծումներ են եղել, իսկ հիմա երկարաժամկետ են, իսկ դա նշանակում է, որ առաջիկա 10-20 տարում մեզանում եկամուտների փոքր պոտենցիալ կա,- ասել է նա։- Դրանով իսկ, մենք պետք է մեզ շատ զգույշ դրսևորենք պետական ծախսերի ու պարտավորությունների ասպարեզում»։ Եվ առհասարակ, ռուսական վճարային հաշվեկշիռը Չինաստանին վաճառված գազից (և ոչ թե ներկա կանխավճարներից) հավելում կստանա մի հինգ-վեց տարի հետո միայն։
Չորրորդ` չորս հազար կիլոմետրանոց «Սիբիրի ուժերը» գազամուղը կնստի 30 մլրդ դոլար, այսինքն, կիլոմետրը 7,5 մլն դոլար, և ակնհայտ է, որ 7,5 մլն թիվը դեռ վերջնական չէ։ Շինարարության ընթացքում այն, ինչպես միշտ, կարող է աճել։ Հաղորդվում է, որ ռուսական մոնոպոլիան չի ուզում կանխավճար վերցնել, առաջարկելով այն փոխարինել գազամուղի շինարարության վարկով։ Բայց եթե հաշվի առնենք, որ ուկրաինական պատումից հետո, ըստ էության, Արևմուտքում ոչ ոք մտադիր չէ վարկ տալ, ապա մնում է միայն նույն Չինաստանը։ Վարկը` տոկոսներով, «Գազպրոմն» առաջարկում է վճարել գազով, և, վերլուծաբանների գնահատմամբ, այն կարող է տրվել տարեկան 2,5-3 տոկոսով։ Արդյունքում մեկ խմ գազի արժեքը Չինաստանի համար պայմանագրում նշվածից ցածր կլինի։ Եվ այստեղ ուշադրության առնենք մի խիստ հետաքրքիր հանգամանք. ռուսական կողմը վարկի մասին ուզում էր պայմանավորվածություն ձեռք բերել պայմանագրային գնի հաստատումից առաջ, իսկ չինացիները պնդեցին, որ դա պետք է անել հետո։
Հաջորդը։ Հաղորդվում է, որ «Սիբիրի ուժեր» գազամուղի շինարարության նախագծի իրականացման համար կպահանջվի 2,5 միլիոն տոննա խողովակ, ընդ որում` միայն յակուտական տեղամասում` մոտ 125 հազար տոննա։ Յակուտիայի տարածքում գազամուղի շինարարությունում օգտագործվելիք խողովակների համար շատ խիստ պահանջներ են ներկայացվում. դրանք պետք է դիմանան մինչև 60 աստիճան ցրտին, ինչպես նաև ջերմաստիճանի էական տատանումներին։ Ներկայումս ՌԴ պահեստներում նման բնութագրերով արտադրանք չկա։ Հետևաբար, պետք է անհրաժեշտ «սրբագրումներ կատարել» խողովակաշինական գործարանների աշխատանքում։ Այդ կապակցությամբ, ճիշտ ժամանակին «Սիբիրի ուժեր» գազամուղի շինարարությունն ապահովելու համար, կարող են «հարավային հոսքի» խողովակների արտադրությունը հետաձգել։ Այսինքն, «հարավային հոսքը» է՛լ ավելի թանձր մշուշով է պատվում, իսկ դրա վրա ծախսված միջոցները երևի կկորսվեն։
Եվ ամենագլխավորը։ Երկար տարիների անպտուղ բանակցությունների ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել, և Պեկինն էլ զուր ժամանակ չի կորցրել։ Տեղի է ունեցել «թերթաքարային հեղափոխություն», Չինաստանը սկսել է Կենտրոնական Ասիայից գազ գնել 100-140 դոլարով, կառուցել է 6,4 հազար կիլոմետրանոց թուրքմենական գազամուղը, ավարտել է Մյանմայից եկող գազամուղի շինարարությունը (այդ պատճառով հրաժարվեց երկրի հարավում Ռուսաստանից եկող ճյուղի նախատեսվող շինարարությունից)։ Այնուհետև, Չինաստանը կարգավորել է Ավստրալիայից և Քաթարից հեղուկ գազի մատակարարումը 1000 խմ-ն 145 դոլարով, հասցրել է ընդլայնել թերթաքարային գազի սեփական արդյունահանումը, և 2020 թ. նախատեսում է արդյունահանել 60-100 մլրդ խմ։ Ընդ որում` գինը ամերիկյանից բարձր չի լինի` մոտ 100-120 դոլար։ Եվ համապատասխանաբար, այս ամենից հետո չինացիներն սկսեցին ակնբախորեն ցույց տալ, որ ռուսական պայմանագիրն իրենց առանձնապես պետք չէ, իսկ եթե կա մեկը, որ դրանով շահագրգռված է, թող «փողերը հանի»։ Եվ ահա, խնդրեմ, անսպասելի ճեղքում։ Ի՞նչ է պոկել համառ Պեկինը։ Ինչպես, օրինակ, հայտնի է դարձել, ստորագրելով Մոսկվայի համար շատ կարևոր թուղթը, Չինաստանը «ծանրաբեռնված» կապվել է ռուսական տնտեսության այն ոլորտների հետ, ուր առաջ իրեն չէին թողնում, օրինակ` սպառազինության։ Եվ էլի, «դարի գործարքից» հետո ՉԺՀ նախագահի տեղակալ Լի Յուանչաոն առաջարկել է ռուսական Հեռավոր Արևելքը և ՉԺՀ-ի հյուսիսը դարձնել միասնական տնտեսական գոտի։ «Ռուսաստանի տարածքն ընդարձակ է, իսկ Չինաստանում ապրում է աշխարհի ամենաաշխատասեր ժողովուրդը։ Եթե մենք կարողանանք զուգորդել այս գործոնները, ապա էական զարգացում կստանանք։ Ռուսաստանն ունի մեծ տարածք և քիչ ժողովուրդ, Չինաստանը` ընդհակառակը»,- պարզաբանել է նա իր պլանը։ Եվ դրան Կրեմլը, ըստ էության, պատասխան չունի։
Եվ այսպես, մեր «գազի հաշվապահությունը», մեծ հաշվով, ավարտվեց։ Եվ մենք ընթերցողին ենք թողնում ամփոփել հաշվեկշիռն ու գլուխ հանել շահերից։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից