ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սեփական Մոնոմախի որոնումներում

Սեփական Մոնոմախի որոնումներում
27.05.2014 | 00:58

«Իսկ վախճանվեց բարեպաշտ իշխան Միխայիլը, ում անվանում էին Սվյատոպոլկ, 1113 թ. ապրիլ ամսի 16-ին (չորեքշաբթի էր), Վիշգորոդում, նավով բերեցին նրան Կիև, մարմնին պատշաճ տեսք տվեցին ու դրեցին սահնակի վրա: Տասներորդ օրը (շաբաթ էր, ապրիլի 26-ը) կիևցիները խորհուրդ գումարեցին, Վլադիմիրին (Մոնոմախին) լրաբեր ուղարկեցին, ասելով. «Արի, իշխան, պապերիդ ու հայրերիդ գահին նստիր»: Լսելով այդ` Վլադիմիրը երկար լաց եղավ ու չգնաց Կիև, ողբալով եղբոր մահը: Կիևցիները կողոպտեցին հազարապետ Պուտյատիի տունը, հարձակվեցին հրեաների վրա, կողոպտեցին նրանց ունեցվածքը: ՈՒ նորից կիևցիները լրաբեր ուղարկեցին Վլադիմիրին. «Արի, իշխան, Կիև: Եթե չգաս, իմացիր, որ շատ չարիք է գործվելու, ոչ միայն Պուտյատիի ու հարյուրապետերի տներն են ավերվելու, հրեաներին են կողոպտելու, հետո էլ հարձակվելու են քո հարսի վրա ու բոյարների, ու վանքերի: ՈՒ դու ես պատասխան տալու, իշխան, եթե վանքերն էլ կողոպտեն»: Լսեց Վլադիմիրն ու գնաց Կիև: Վլադիմիր Մոնոմախը Կիև եկավ կիրակի օրը Չապրիլի 27-ինՃ: Նրան մեծ պատիվներով դիմավորեցին միտրոպոլիտ Նիֆոնտը եպիսկոպոսների հետ ու բոլոր կիևցիները» (Повесть временных лет): Իսկ ծնվել էր իշխան Վլադիմիր Վսևոլոդովիչը 1053 թ. մայիսի 19-ին, 1125-ին վախճանվեց: Սմոլենսկի իշխանն էր (1073-1078), Չեռնիգովի (1078-1094), Պերեյասլավլի (1094-1113), Կիևի (1113-1125): Պետական ու ռազմական գործիչ, գրող, մտածող է անվանում նրան պատմությունը: Վսևոլոդ Յարոսլավովիչի որդին Մոնոմախ անունը ստացել էր մայրական տոհմից. մայրը Բյուզանդիայի կայսր Կոնստանտին IX Մոնոմախի դուստրն էր: Նրա փառավոր կյանքի հաղթանակների ու պարտությունների պատմությունը սկսեց այն ժամանակաշրջանը, երբ Կիևյան Ռուսիան տարածքներ էր նվաճում ու փաստորեն ապագա կայսրության հիմքն էր դնում: Ռուսական հողերի հավաքումը 11-րդ դարում Վլադիմիր Մոնոմախից մինչև Պետրոս Մեծ և Եկատերինա Մեծ, որ պատուհան բացեցին դեպի Եվրոպա, Սև ծով, Ազովի ծով, Սիբիր, ավարտվեց 20-րդ դարում` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պոտսդամի կոնֆերանսով: 9 դար, համարյա 1000 տարի հավաքածը Ռուսաստանը սկսեց կորցնել 20-րդ դարավերջից 21-րդ դարասկիզբ: Միխայիլ Գորբաչովն ու Բորիս Ելցինը Ռուսաստանը վերադարձրին 1000 տարի հետ` իր սահմանների մեջ. նախ հեռացավ երկաթե ձեռքով` թիկունքում Բեռլին մտած սովետական զինվորին ունեցող, Ստալինի` երկիր առ երկիր հավաքված Արևելյան Եվրոպան` սոցիալիստական ճամբարը, հետո Մերձբալթիկան, համարյա զուգահեռ` Անդրկովկասը, Միջին Ասիան, մնացել էին ՈՒկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Թաթարստանն ու Բաշկիրիան էլ պոկվեն, սահմանները կվերադառնան պեչենեգների ու պոլովցիների Ռուսիա: Եթե ՈՒկրաինան արթնանար 10 տարի առաջ, երբ Ռուսաստանն իր խնդիրների մեջ էր խճճված, հանգիստ մտած կլիներ ԵՄ էլ, ՆԱՏՕ էլ: Այսօր պատմությունն այլ է, ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կայացած աշխարհի բաժանումն է վիճարկվում` Բալկաններից Հյուսիսային Աֆրիկա: Նավթի ճանապարհը հարթելուց հետո հաստատվում է աշխարհաքաղաքական ազդեցությունը. Եգիպտոս, Սիրիա, Իրան, Թուրքիա… 45-միլիոնանոց ՈՒկրաինան, որ Եվրոպայի ամենամեծ ու բնական պաշարներով հարուստ պետությունն է, այսօր հայտնվել է սնանկացման եզրին, իրական անկախության դիմաց Ռուսաստանը պահանջում է վճարել տարածքներով: Ղրիմը միայն սկիզբն էր: Վլադիմիր Վսևոլոդովիչից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը փորձում է հավաքել այն, ինչ ցրեցին իր նախորդները: Եթե ոչ նախորդ դարերի պատերազմներով, ապա 21-րդ դարի նոր տեխնոլոգիաներով` տնտեսական բռնակցումով: Ամենահեշտը նրան Հիտլեր անվանելն ու սեփական կղզիներով մայր ցամաքից անջրպետվելն է, ինչպես արեց Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Չառլզը: Ճիշտ է, մասնավոր զրույցում, բայց թագաժառանգների կյանքում մասնավոր ոչինչ չկա: Հատկապես, երբ խոսքը պետության ղեկավարի մասին է, ինչպես պատահական ոչինչ չի տպագրվում բրիտանական թերթերում: Բայց որքանո՞վ է Պուտինը նման Հիտլերին, և եթե նման է, ո՞ր Հիտլերին: Նրան, որ ամբողջ Եվրոպայի ներուժն ուղղում էր Գերմանիայի հզորացմանն ու կայսրության վերականգնմա՞նը:

Իսկ Եվրոպան մեկը մեկի հետևից հանձնում էր երկրները` վստահ, որ Հիտլերը, ի վերջո, դուրս է գալու Ստալինի դեմ ու, ով էլ պարտվի, ինքը կշահի: Եվ միայն Լոնդոնը ռմբակոծելուց հետո Եվրոպան հասկացավ, թե ում է ինքը ֆետիշացրել: Նրան, որ համակենտրոնացման ճամբարների գազախցիկներում խեղդում էր եվրոպացիներին, ու հրեաներին հատկապես, նախքան Մոսկվա հասնելը: Նրան, որ արիական ռասայի գերիշխանության հաստատման համար սուրբ Գրաալն էր որոնում ամբողջ աշխարհում, վստահ, որ Վիեննայում արդեն գտել է հռոմեական լեգեոնի հարյուրապետ Լոնգինի սուրբ Գեղարդը, բայց ինքնասպան եղավ Ռայխստագի բունկերում: Ադոլֆ Հիտլերը շատ բազմադեմ է, Եգորովն ու Կանտարիան Ռայխստագի վրա կարմիր դրոշ չպարզեին, հայտնի չէ` ինչ դեր ու ազդեցություն կունենար Հիտլերը Եվրոպայի ու աշխարհի կյանքում: Իսկ այդքան անմե՞ղ էր Եվրոպան, որ Բեռլինում Ադոլֆ Հիտլեր ձևավորվեց: Ի՞նչ ելք էր մնացել Գերմանիային Առաջին աշխարհամարտից հետո: Եվ ինչո՞ւ աշխարհը նորից վիճարկում է Երկրորդ աշխարհամարտի արդյունքները` առայժմ առանց երրորդ անգամ զենքը ձեռքն առնելու, որովհետև նոր պատերազմը տանկերով ու հրանոթներով, օդից էլ` ռմբակոծիչներով, չի վարվելու: Միջուկային զենքը անձեռնմխելի չի մնա, երբ որևէ կողմը սկսի պարտվել: ՈՒ դա հասկանում են բոլորը: ՈՒստի պատերազմներն ընդամենը փոխել են բնույթը: Կայսրությունները հիմա կործանվում են բոլորովին այլ զենքով` տնտեսական: ԽՍՀՄ-ը դասագրքային օրինակ է: Ռուսական կայսրության վերականգնման իր անթաքույց քաղաքականությանը զուգահեռ Վլադիմիր Պուտինը նվազագույնը շաբաթը մեկ առիթ է գտնում արձանագրելու, որ ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն չունի: Եթե նույնիսկ նա ազնվորեն չի ցանկանում խրվել այդ ճահիճը, Արևմուտքը նրան մղում է քայլերի, որ երկու ելք կարող են ունենալ. կամ կայսրության վերականգնում նախկինին համարժեք սահմաններում, կամ ընդհանրապես երկրի մասնատում ու 1000 տարվա հետդարձ: 1999 թ. դեկտեմբերի 31-ին հրաժարական տված Բորիս Ելցինն ավարտեց Ռուսաստանի 20-րդ դարը` բավականաչափ ողբալի վիճակում: 21-րդ դար Ռուսաստանը մտավ Վլադիմիր Պուտինի հետ, որն այդ ժամանակ լռում էր, բայց բոլորովին համաձայն չէր միաբևեռ աշխարհում ապրելուն: Այսօր էլ ԱՄՆ-ը համարվում է թիվ 1 գերտերություն, բայց թիկունքում շատ մոտ զգում է Չինաստանի ու Ռուսաստանի շնչառությունը: Եթե ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ էլ, հետո էլ քաղաքական կամ աշխարհագրական Եվրոպան առանձնապես մեծ վտանգ չէ ԱՄՆ-ի համար, Ռուսաստանն ու Չինաստանը մեկը մեկից կոշտ ոսկորներ են, որ կոկորդ են քերծում: Արաբական գարունը Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան տարտղնելով անցավ ու Արևմուտք-Ռուսաստան առճակատում չդարձավ, ՈՒկրաինան այն հանգուցակետն էր, որտեղ այլևս հնարավոր չէր խուսափել դիմակայությունից: Կիրակի օրը ՈՒկրաինան նախագահ էր ընտրում առանց Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Սլավյանսկի, մեղավորը ոչ տարաբախտ Վիկտոր Յանուկովիչն էր, որ Կիևից ճողոպրեց, ոչ Կիևի գործող իշխանությունները, որ կառավարվում են Արևմուտքից, ոչ էլ Կրեմլը, որ Սոչիում օլիմպիական խաղերն ավարտեց ու անցավ «Դուք` Արևմուտքին, իմը` ինձ» օպերացիային: Ղրիմը կորցնելով` Ռուսաստանը կորցնում էր ռազմական ներկայությունը Սև ծովում, աշխարհաքաղաքական դիրք, որի պահպանման համար 25 տարի էժան գազ էր վաճառել ու պահել էր ՈՒկրաինան իր ազդեցության դաշտում: ՈՒկրաինայի արևելքի կորուստը Ռուսաստանի համար միայն հայրենակիցների կորուստ չէ, ռազմական արդյունաբերությունը, որ նավթի ու գազի վաճառքի հետ Ռուսաստանը պահող երրորդ գործոնն է, հայտնվում է վակուումում` կորցնելով հրթիռային և ավիացիոն տեխնիկական բազան, որը Ռուսաստանում այդքան արագ վերականգնվել չի կարող ոչ տեխնիկապես, ոչ ֆինանսապես: Եվ դա հրաշալի գիտեն բոլորը: Պատժամիջոցներն ու տնտեսական-քաղաքական մեկուսացումը լաբիրինթոսի մի մասն են միայն: Ցանկացած լաբիրինթոս մուտքի հետ ելք ունի, այս դեպքում նույնքան փակուղային են ելքերը: Բնականաբար Կրեմլն արեց պարտադրված քայլը` քայլ Պեկինի ուղղությամբ: Թեպետ Չինաստանը քաղաքական որևէ աջակցություն Կրեմլին չէր դրսևորել, տնտեսական շահից չհրաժարվեց: Ռուսական բոլոր լրատվամիջոցներով այդքան փառաբանված դարի գործարքը` 30 տարով 400 միլիարդ դոլարի պայմանագիրը, որ կնքվեց Շանհայում վերջին պահին, իրականում վիթխարի ձեռքբերում չէ. «Գազպրոմի» տարեկան հանույթի 6 տոկոսն է միայն: Ի վերջո, Պեկինի համար Մոսկվայի հետ առևտուրը 2 տոկոս է, որ նույնիսկ լուրջ քննարկել չարժի: Լաբիրինթոսից դուրս գալու քիչ հավանական ելք է նաև Չինաստանը Եվրասիական միության անդամ դարձնելու Մոսկվայի ցանկությունը: Պեկինն առաջարկը չի մերժի, բայց կընդունի այն պահին, երբ հարմար է իրեն, եթե ընդհանրապես ընդունի, իսկ Մոսկվային պետք է հիմա: Եվ հետո Պեկինը նույնքան ու ավելի բուռն հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ: Չինաստանը վաղուց արդեն աշխարհը հեղեղել է իր նախ անորակ, հետո առավել ու առավել մրցունակ դարձող էժան արտադրանքով, որ ոլորտային սահմանափակում չունի: Չունի նաև աշխարհագրական սահմանափակում` սպառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շուկայում, որը հանուն Մոսկվայի վտանգելը Պեկինին բոլորովին պետք չէ: Եվ դեռ հայտնի չէ` ԱՄՆ-ից հետո երկրորդ գերտերությունը Ռուսաստա՞նը, թե՞ Չինաստանն է ժողովրդագրական ու տնտեսական իրավիճակով, ժողովրդագրության ու տնտեսության զարգացման ներուժով: Այս ընթացքով Պեկինի համար չինական պարիսպ չկա ռուսական Սիբիրի առաջ, որ դարակեսին արդեն կարող է ռուս-չինական վիճարկելի տարածք դառնալ: ՈՒրեմն ի՞նչ ելք է թողնում Արևմուտքը Պուտինին, եթե ոչ նախկին խորհրդային տարածքի հավաքումը` նրանց աշխարհագրական դիրքը, բնական պաշարները, մարդկային ռեսուրսները, հաղորդակցուղիները ծառայեցնելով ռազմական, քաղաքական, տնտեսական լաբիրինթոսից հնարավորինս անկորուստ դուրս գալու անկոտրում վճռականությանը: Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին հիշեցնում է, որ արդեն 21-րդ դարն է, երբ ժողովրդավարական արժեքներ կան, միջպետական հարաբերությունների միջազգային սկզբունքներ, գործընկերային հարաբերություններ, և արդյունավետ չէ նախորդ դարի մեթոդներով գործելը, բայց ինքն էլ մոռանում է, որ Ռուսաստանում ժամանակը սովորաբար նախագահի հրամանագրով են հետուառաջում` երբ ինչպես պետք է: Մաքսային միությունն ու Եվրասիական միությունը Վլադիմիր Պուտինի համար Արիադնայի կծիկն են. գտավ ծայրը` դուրս կգա, չգտավ` ժամանակի մեջ կզմռսվեն լաբիրինթոսի ելքերը: Արևմուտքն այդքանը կարող է անել ու կանի հատկապես ջանադիր, որովհետև ԽՍՀՄ-ի փլուզումից անցած տասնամյակներում Մոսկվան ու Բրյուսելը, Մոսկվան ու Վաշինգտոնը չգտան ընդհանուր համակեցության ու բարեկեցության հարթակ, եթե Կալաշնիկովը չի կրակում, դեռ չի նշանակում, որ աշխարհը խաղաղ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ որ Վերնիսաժում կրակում են, Բալահովիտում կրակում են, Հայաստանում նոր վարչապետ է ու նոր կառավարություն, ոչիշխանական քառյակը ոչ հնգյակ է դառնում, ոչ ընդդիմադիր, ՀՀԿ-ն 15-րդ համագումարն է անում ու նորից Մելիք-Ադամյանը Հայաստանի քաղաքական մայրաքաղաք հռչակում, Ջեյմս ՈՒոռլիքն ասում է` եթե Ղարաբաղի հարցը չի լուծվում, համանախագահները չեն մեղավոր, այլ հակամարտության կողմերը, որ Ստեփանակերտը դեռ բանակցության կողմ չէ, որ Քաշաթաղում վերջապես գտնվեցին մարդիկ, որ համանախագահներին բացատրեն ազատագրված և օկուպացված տարածքների տարբերությունը, Կրեմլն էլ շարունակում է Բաքվին հարձակողական զենք վաճառել, ընդամենը նշանակում են, որ աշխարհի մեր անկյունում գործում են նույն հակասությունները և այդ հակասությունների վերացման նույն սկզբունքները: Մեր լաբիրինթոսից ելքը սեփական Մոնոմախը կարող է ցույց տալ, եթե միայն կայանանք իբրև անկախ պետություն: Պետություն, որի հետ կառուցում են գործընկերային հարաբերություններ, այլ ոչ թե դիտարկում են այս կամ այն պետության ֆորպոստ: Կցորդի դերը մեզ համար ճանապարհ է դեպի այն կետը, որտեղից վաղ թե ուշ ժայթքում է լավան: Պատմության համար Հերկուլանումի պես պահպանվելը առանձնապես հաճելի չէ:

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ