ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արցախ. «Մադրիդյան սկզբունքների» փոխարեն հայերի կապիտուլյացիայի վերաբերյալ «ՈՒոռլիքի սկզբունքները»

Արցախ. «Մադրիդյան սկզբունքների» փոխարեն հայերի  կապիտուլյացիայի վերաբերյալ «ՈՒոռլիքի սկզբունքները»
27.05.2014 | 00:03

Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Կարեն Միրզոյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ, շոշափեցին արտքաղաքական գերատեսչությունների երկկողմ համագործակցության հարցեր։ Հերթապահ և գրեթե ոչինչ չասող տեղեկատվություն։ Սակայն հասկանալի է, որ հայկական երկու պետությունների արտգործնախարարությունները քննարկել են ամենավերջին իրադարձություններին առնչվող բոլոր մանրամասներն ու կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Հատկապես այն, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է ՈՒկրաինայի ողբերգությամբ և Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան համապատասխան հակաքայլերի մշակմամբ, որոշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «գրոհել» Հայաստանի և ԼՂՀ-ի դիրքերի վրա։
Այս ամենը մեզանում տեղի է ունենում տարածաշրջանի ներքաղաքական կյանքի որոշ սրման պայմաններում։ Խոսքը ոչ միայն Հայաստանի և, ասենք, կառավարող Հանրապետական կուսակցության վերջին համագումարի մասին է, ուր, ինչպես միշտ, իր ելույթով առանձնացավ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ի դեպ, վերընտրվեց ՀՀԿ ղեկավար։ Նա, ինչպես միշտ, անդրադարձավ պատերազմի ու խաղաղության հարցերին, Արցախի խնդրին։ Խոսվեց նաև Ադրբեջանի մասին, ուր, ինչպես վկայում է իրավապաշտպան Լեյլա Յունուսովան, նկատվում են քաղաքական բռնությունների ծայրաստիճան սաստկացում, քաղաքական շարժառիթներով հետապնդումներ։ Այն Ադրբեջանի, որին Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարը կանխատեսում է «մեյդանացում» և իշխանության քաղաքական ռեժիմի փոփոխություն։ Այն Ադրբեջանի, որը, մի կողմից, ՈՒկրաինայի հարցում կոշտ ընդդիմություն է դարձել Վաշինգտոնի հանդեպ, մյուս կողմից, դեսուդեն է խփվում Ռուսաստանի և Իրանի միջև։
Խոսվել է նաև Վրաստանի մասին։ Ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում. զուր չէ, որ մայիսյան այս օրերին ԱՄՆ-ն ուժեղացրել է Իվանիշվիլու կառավարության «մշակումը» և Թբիլիսիին կտրուկ մղում է դեպի Եվրամիության հետ ինտեգրման արագացում։ Օրինակ, Եվրահանձնաժողովի ու Վրաստանի կառավարության համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է մայիսի 21-ին Բրյուսելում կայացած նիստի արդյունքների հիման վրա, կողմերը վերստին ընդգծել են իրենց հավատարմությունը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Ավելին, ընդգծվել է «խնդիրների իրատես լուծման» սկզբունքով մշակված համատեղ ծրագրերի մեջ Աբխազիայի և Հարավային Օսիայի ակտիվ «ներգրավման» քաղաքականության նշանակությունը։ Վրաստանն ու Եվրամիությունը խոսում են նաև Վրաստանում ԵՄ մոնիթորինգի առաքելությանն աջակցելու անհրաժեշտության մասին, իսկ վրացական կողմը նշում է այդ առաքելության մանդատը լիովին գործադրելու կարևորությունը, նկատի ունենալով, իհարկե, այդ մանդատի տարածումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրա։ Հաշվի առնելով, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ի սաստիկ ճնշման պայմաններում, և որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը Վրաստանի կողմից, բացի տնտեսականից, նաև ռազմաքաղաքական կողմ ունի, հարկ է համաձայնել մի շարք փորձագետների այն կանխատեսումներին, որ Վաշինգտոնը կարող է Վրաստանին նորից ստիպել նոր պատերազմ սկսել անկախ Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեմ։
Այն, որ Արևմուտքին պատերազմներ են պետք Ռուսաստանի արտաքին սահմանների ամբողջ երկայնքով, գաղտնիք չէ։ Դրան էլ հենց միտված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ջանքերը ՈՒկրաինայի առնչությամբ։ Կամ էլ` «թող ռուսներն ամենուրեք նահանջեն». ահա սա է Արևմուտքի գործողությունների լեյտմոտիվը։ Բայց այ այն, որ հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, այսինքն` Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ ևս երկու անդամ, որոշել են իրենց հակառուսական ռազմավարության մեջ ներգրավել նաև Հայաստանն ու Արցախը, ոչ այնքան հաճելի անակնկալ է։ Ես նկատի ունեմ, նախ, այն աղմուկն ու իրարանցումը, որ «մեր» կարգավորման շուրջ բարձրացրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Երկրորդ, ՈՒոռլիքի անսկզբունքային և աննախադեպ ադրբեջանամետության համալրումը Բաքվում ԱՄՆ-ի այն նույն դեսպան Մոռնինգսթարով և «Հայաստանի մեծ բարեկամ» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդով։
Ահա ԵՄ-ն մայիսի 19-ին խոսում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն «ավելի ակտիվորեն» կարգավորելու իր պատրաստակամության մասին։ Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ Ի. Ալիևին հղած շնորհավորական ուղերձում հավաստիացնում է, որ «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործում»։ Նկատեք, սա գրում եմ հատկապես Հայաստանի քաղաքացիների շրջանում եղած «ԱՄՆ-ի բարեկամների» համար. Վաշինգտոնը «չի տեսնում», որ Ադրբեջանն ըստ էության անարգանքի սյունին է գամել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին` ՈՒկրաինայի գործերին միջամտելու և պետական հեղաշրջման իրականացման գործում կիևյան խռովարարներին աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ։ Թե չէ Երևանում որոշ ռուսատյացներ Հայաստանի իշխանությունների գլխին «շան լափ» լցրին ՄԱԿ-ում Ղրիմի առնչությամբ քվեարկության համար։ Ինչպես տեսնում եք, սա ոչ մի դեր չի խաղում այս կամ այն երկրի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ու վերաբերմունքի ձևավորման գործում։ Արևմուտքը, ԱՄՆ-ը մասնավորապես, պարզապես դեմ է Հայաստանին, Արցախին ու հայ ազգին։ Եվ վերջ։ Կարծում եք` պատահակա՞ն է, որ հենց այս մայիսյան օրերին ադրբեջանցիներն արցախյան ճակատներում դիվերսիոն գործողությունների մի շարք փորձեր ձեռնարկեցին։ Իհարկե ոչ։ Պատահակա՞ն է, որ մայիսի լույս 22-ի գիշերը ադրբեջանցիները փորձեցին դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնել հենց հարավային ուղղությունում։ Իհարկե ոչ, չէ՞ որ դա Իրանի սահմանն է։ Իսկ ովքե՞ր, ո՞ր երկրներն են, սկսած 2006 թվականից, ամեն ջանք գործադրում «խցկվելու» Անդրկովկասի այդ տարածաշրջան։ Էլ ո՞վ, եթե ոչ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան (որոնց շվաքում վաղուց կանգնած է նաև Իսրայելը)։
Ես ցանկություն չունեմ մեջբերումներ անելու ո՛չ ՈՒոռլիքից, ո՛չ Մոռնինգսթարից։ Եթե որևէ ընթերցող կցանկանա, ապա Հայաստանի լրատվամիջոցներն այնքան շատ են անդրադարձել այդ թեմային, որ հեշտ կլինի ճշմարտությունը պարզել։ ՈՒղղակի անհրաժեշտ է խորամուխ լինել այն բանում, թե ինչու հենց 2014 թ. ամռան շեմին ամերիկացի այդ երկու դիվանագետները հանդես եկան հակահայ դիրքերից։ Անմիջապես հորդորում եմ` եկեք առայժմ մի կողմ թողնենք նավթի ու գազի, դրանց առաքման ուղիների խնդիրը։ Այդ բաղադրիչը, իհարկե, էական է ստեղծված իրավիճակի ցանկացած վերլուծության պարագայում, սակայն որոշումների ընդունման և իրականացման համաշխարհային կենտրոնների ռազմավարական վերաբաշխման պարագայում ածխաջրածինների և խողովակաշարերի հարցը, այնուամենայնիվ, գտնվում է ոչ թե առաջին, այլ երկրորդ պլանում։ Առաջին պլանում աշխարհաքաղաքականությունն է։
Տեսեք, թե ամերիկացիների խոսքերին որքան արագ ու կոշտ արձագանքեցին Հայաստանի ու Արցախի զինվորականները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նախկին նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակն էլ հայտարարեց, որ հակամարտության վերաբերյալ «ՈՒոռլիքի կետերն» անընդունելի են Հայաստանի համար։ Տեսեք, թե ինչպես արագ Ստեփանակերտ «պոկվեցին» ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և ինչպես նույն ՈՒոռլիքը փորձեց է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Արցախի վրա, ասես անմեղ ձևով կոչ անելով «համատեղ օգտագործել ջրի պաշարները»։ Կարծես հայերն ու ադրբեջանցիները հենց ՈՒոռլիքի կոչին էին սպասում։ Անհեթեթություն։ Ընդ որում, ամերիկացիներն էլ գիտեն այդ բանը, բայց միևնույն է, «ցցվում են», ուզում են մեր «աչքերին թոզ փչել» իրենց «ընդգծված ակտիվությամբ»։ Այդուհանդերձ, գրեթե լռում և չի խոսում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջ. Հեֆեռնը, իսկ մայիսի 17-ից նա առհասարակ մեկնել է հայրենիք և չի վերադառնա մինչև հունիսի 12-ը` իբր «խորհրդակցում է»։ Ստացվում է, որ բոլոր երեքը` ՈՒոռլիքը, Մոռնինգսթարը և Հեֆեռնը համաձայնեցված կարգով բանը տանում են դեպի պատերազմի վերսկսում Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջև, քանի որ մեկնելուց առաջ Հեֆեռնը բերանից թռցրեց, թե, իբր, ՈՒոռլիքի հայտարարությունը «շատ ճիշտ է արտացոլում Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը»։ Բա ո՜նց։ Հիշեցնեմ, որ Օլանդը, Երևան գալուց առաջ լինելով Ադրբեջանում, նույնպես, ըստ էության, «աջակցություն» խոստացավ հենց Ադրբեջանին։ Իսկ Անգլիան վերստին (մայիսի 12-ին) բարձրաձայնեց, որ հակամարտության գոտում խաղաղություն պետք է ապահովվի «միայն փոխզիջումների միջոցով»։ Արևմուտքը մոռացել է, որ հայերն այլևս զիջելու բան չունեն։
Ես հասկանում եմ, թե ինչու Հայաստանի արտգործնախարարությունը իր մայիսի 9-ի հայտարարության մեջ «ոչ մի նոր բան չի տեսնում Ղարաբաղի վերաբերյալ ՈՒոռլիքի հայտարարություններում»։ Բայց ուզես-չուզես, այդ «նորը» տեսել են Ստեփանակերտում, ինչպես նաև նախկին նախագահի գրասենյակում, տեսել են Հայաստանի ու ԼՂՀ-ի զինված ուժերում։ ՈՒզես-չուզես, բայց անգամ կառավարող ՀՀԿ-ում են տեսել այդ «նորը» և նույնիսկ հայտարարել (մայիսի 8-ին), որ Արցախը «աշխարհաքաղաքական փորձարկումների ասպարեզ չէ», և որ ՈՒոռլիքի հայտարարությունը «հակամարտության լուծման չի տանում»։ Իսկ ԼՂՀ արտգործնախարարության կոշտ պատասխա՞նը, և որ «ՈՒոռլիքի սկզբունքների» դեմ հանդես է եկել նաև Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյա՞նը։ Վերջապես, ինչպե՞ս վարվել այն բանի հետ, երբ նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացի ամերիկահայերը սադրանք են նկատել Արցախի վերաբերյալ ՈՒոռլիքի հայտարարության մեջ։ ՈՒրեմն հունիսի 7-ին Վաշինգտոնի Կառնեգիի հիմնադրամում ի՞նչ է ճամարտակել պարոն ՈՒոռլիքը։ Երբ խորամուխ ես լինում, ապա ամեն ինչ տեղն է ընկնում։ Մարդը, բացահայտորեն «վերևների» առաջադրանքով, պարզապես ձեռնածության ընթացքում ճարպկորեն տեղափոխել է նույն «մադրիդյան սկզբունքները» և վերջ։ Եվ առաջին պլան է մղել հետևյալը. 1) ոչ մի պետկարգավիճակ, միայն «միջանկյալ», 2) և այդ «միջանկյալը» միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքի համար, 3) և քանի որ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքի համար, ապա «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը։ Առանց Ադրբեջանի ինքնիշխանությունը հարգելու կարգավորում լինել չի կարող, և Ադրբեջանի ինքնիշխանությունը այդ տարածքներում պետք է վերականգնվի»։ Ահա ՈՒոռլիքի խոսքերը, որոնք վրդովմունք են պատճառել աշխարհի բառացիորեն բոլոր հայերին։ Եվ այն էլ այն աստիճանի, որ ԱՄՆ-ի քաղաքացի հայերը հանդես են եկել «ամերիկյան արժեքները հարգելու» ամերիկացի համանախագահին ուղղված պահանջով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ամերիկացի համանախագահը նորից է անդրադարձել Լաչին-Քելբաջարով Հայաստանի ու Արցախի միջև հումանիտար միջանցքի «այլ կարգավիճակի» մասին բարբաջանքին (ժամանակին հարկ եղավ կոշտ կերպով մերժել այդ անհեթեթությունը, հաշվի առնելով Բրչկոյի սերբական «հումանիտար միջանցքի» տխուր փորձը)։
Ամեն ինչ պետք է հետազոտել համադրությամբ։ Եվ ահա, երբ մենք հիշենք, որ, Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով վերջ տալ «քաղաքացիական հասարակության ճնշմանը», Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Մոռնինգսթարը սպառնում էր հակառակ դեպքում «եթե ոչ վաղը, ապա մոտակա 5-10 տարում «մայդանել» Ադրբեջանը, ապա Վաշինգտոնի գլոբալ ռազմավարությունն ավելի քան ակնհայտ է դառնում։ Եվ այսպես, ներկա փուլում պետք է Հայաստանից և ԼՂՀ-ից փաստական կապիտուլյացիայի համաձայնություն «կորզել»։ Քանի որ «գրավյալ տարածքները վերադարձնելու» թեմային անդրադառնալը, երբ ագրեսորը միջազգային իրավունքից բխող ոչ մի պատիժ չի կրել, հենց կապիտուլյացիա է, որ կա, ընդ որում` ամերիկացիները հետևողականորեն կձգտեն այն բանին, որ Երևանն ու Ստեփանակերտը առաջին դեմքերի ձեռքով ստորագրեն կապիտուլյացիայի ակտը։ Երկրորդ, «միջանկյալ կարգավիճակը» կտևի 5-10 տարի, որ Մոռնինգսթարը «վերապահում է» Ադրբեջանի «մայդանացման» գործընթացի համար։ Իսկ հետո... Հետո ամերիկացիները հայերին կստիպեն համաձայնել Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ-ի տարածքի վերագրավմանը, այսինքն, թող Արցախի հայերն ապրեն «ժողովրդավար Ադրբեջանում», չէ՞ որ ԱՄՆ-ն արդեն «ժողովրդավարեցրել-մայդանացրել» է Ադրբեջանը, ու հիմա Բաքվում ամերիկացի խամաճիկներ են նստած։
Սա է, իմ կարծիքով, արցախահայերի համար առանց այն էլ ոչ այնքան հարմար «Մադրիդյան սկզբունքների» ձեռնածության իրական գինը, որ մայիսի 7-ին ցուցադրեց պարոն ՈՒոռլիքը։ Կհամաձայնեմ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ. իրոք, «ամերիկացի դիվանագետի հայտարարությունը չի արտացոլում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների` Ռուսաստանի ու Ֆրանսիայի միասնական դիրքորոշումը»։ Բայց նա սա հայտարարել էր մայիսի 8-ին։ Իսկ Ֆ. Օլանդի Երևան կատարած այցից հետո, ավաղ, ես հարկադրված եմ ասել` Ֆրանսիայի հետ ամերիկացիները «համաձայնության են եկել», ֆրանսիացիներին Վաշինգտոնը ճզմել է, Փարիզն էլ է հակահայ դիրքերում։ Եվ կարծում եմ, որ շուտով մենք ակնբախորեն կտեսնենք դա նաև հենց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, բարեբախտաբար Ֆրանսիան փոխում է իր համանախագահին` Ժակ Ֆորին շուտով կփոխարինի Պիեռ Անդիոն։ Վերջապես, այն, ինչ Օլանդը մայիսի 13-ին Թբիլիսիում ներկայացրեց որպես առհասարակ գնահատման չենթարկվող մի բան, իբր, Փարիզն ուզում է «Վրաստանի գործընկերությունը` Հայաստանին ու Ադրբեջանին վստահության նշաններ ուղարկելու համար» և որ «Վրաստանը մասնակցում է այն բարդ իրավիճակից դուրս գալու փորձերին, որ տարածաշրջանում առաջացել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև»։ Եվ սա Վրաստանի մասին, որն ունի բազմաթիվ թե՛ ներքին, թե՛ Աբխազիայի և Օսիայի հետ հարաբերություններից բխող խնդիրներ։ Ֆրանսիայի այսօրվա հակահայ քաղաքականությունը քողարկել հերթական սին կոչերով, թե, իբր, «ժամանակն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը» և այլն. ահա թե ինչ կարող ենք տեսնել ու ակնկալել Փարիզից, բայց ո՛չ հայությանը ցուցաբերվող իրական աջակցություն։
Այսպիսով, Արևմուտքը «կողմնորոշվել է» արցախյան հարցում։ Չեմ աճապարի. հնարավոր է, որ դա ադրբեջանամետություն չէ, բայց այն, որ Արցախի հարցում Արևմուտքի դիրքորոշումը հակահայ է, կասկածից վեր է։ Անկեղծ ասած, անձամբ իմ կասկածից` դեռ 2006 թվականից։ Մեզ բոլորիս մնում է լոկ հասկանալ, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ, այն բանի նկատմամբ, որ այդ կառույցի շրջանակներում ամերիկացիներն արդեն հակահայ բլոկ են ստեղծել Ֆրանսիայի հետ, և, վերջապես, Արցախ-ԼՂՀ-ի ապագայի հարցի նկատմամբ։ Մոսկվան առայժմ լռում է և ոչ մի կերպ չի մեկնաբանում ԱՄՆ-ի «աշխուժությունը» Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի առնչությամբ։ Սակայն «իքս ժամը» Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև Ռուսաստանի համար մոտենում է։ Եվ պետք չէ հավատալ ամերիկացիներին, թե, իբր, նրանց «սկզբունքներն» Արցախի առնչությամբ կապ չունեն ՈՒկրաինայի իրադարձությունների հետ։ Մենք հիշում ենք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը «Նոյյան տապան» (մայիսի 6) թերթին տված հարցազրույցում, այնուամենայնիվ, խոստովանել է, որ Ղրիմի օրինակն ու նրա վերամիավորումը Ռուսաստանին իրական նախադեպ են Արցախի ու Հայաստանի համար։ Մանրուք է, թերևս, բայց էական մանրուք։ Մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան ԱՄՆ-ի ու Կանադայի հետ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին առնչվող միջարտգործնախարարական խորհրդակցական քննարկումներ։ Վստահ չեմ, իհարկե, բայց կցանկանայի հուսալ, որ մտքերի փոխանակության շրջանակներում շոշափվել է նաև ԼՂՀ-ի առնչությամբ «ՈՒոռլիքի սկզբունքների» հարցը, ինչպես նաև այն հարցը, թե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կարձագանքե՞ն, արդյոք, ԱՄՆ-ի հերթական փորձերին` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում տորպեդահարելու հայ ժողովրդի անկյունաքարային շահ հանդիսացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ