Եթե Վիկտոր Յանուկովիչին չդավաճաներ քաղաքական ճարպկությունը և շարունակեր երկու աթոռների վրա նստելու քաղաքականությունը, որտե՞ղ կլիներ նա հիմա: Այս հարցը հայերիս համար է արդիական, որովհետև մենք հայտարարել ենք ու սլանում ենք դեպի Մաքսային միություն ու համարյա պաշտոնական ազգային երազ ենք դարձրել Եվրասիական տնտեսական տարածքում տեղավորվելը: Բայց նույնքան ազգային երազ ենք պահպանում եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրություն ու պետական կառավարման համակարգեր ունենալը: Ինչո՞ւ: Մի՞թե խնդիրը միայն ֆինանսական է` չենք ուզում կորցնել տարբեր հաշվեհամարներով նախատեսված գումարները, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հատկացնում են: Մենք չենք ուզում կորցնել, բայց նրանք ինչո՞ւ պիտի շարունակեն վճարել մի պետության, որտեղ ներդրված գումարների արդյունավետությունը հավասարազոր է դանայան տակառները լցնելուն, որոնք, ինչպես օրերս պարոն Հրանտ Բագրատյանն ասաց, ծակ են: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմը` Հայաստանի Հանրապետությունը ունի՞ և եթե ունի, ո՞րն է պետության ու պետականության հետագա ընթացքի հայեցակարգը: Սահմանադրական փոփոխությունները: Ի՞նչ են բերելու այդ փոփոխությունները: Հերթական իրավիճակային լուծումներ: Արդյո՞ք ենթադրվող փոփոխությունները վերաբերելու են պետությանը, թե՞ միայն իշխանությանը: Բացահայտ է, որ եվրոպական ստանդարտներով կյանքը մեզ համար ոչ միայն հասանելի չէ, այլև այս պայմաններում անիմաստ է: Եվրասիական միությունը, ի տարբերություն Մաքսային միության, միայն տնտեսական տարածք չէ, սա քաղաքական միավորում է, որ բերում է իր խաղի կանոնները: Անկախության որոշակի մասից հրաժարումը անգամ չարյաց փոքրագույնն է դառնալու, հետևելու է աստիճանական նահանջ բոլոր բնագավառներում: Չկայացած անկախության պայմաններում մենք արտաքին գեղեցիկ փաթեթավորմամբ խորացնելու ենք ազգային դեգրադացիան` ռուսերենին ու հայերենին հավասար իրավունքներ տալուց սկսած մինչև մտածողության ու աշխարհընկալման հարկադրական ռուսականացումը, չէ որ մենք այնքան ալտրուիստ ենք ու լավ սովորել ենք ամեն ինչ պատճառաբանել Ղարաբաղի հարցով:
Ի վերջո, ուկրաինացիները, ինչ մեղադրանքներ էլ միմյանց հասցեագրեն Արևմուտքն ու Ռուսաստանը, դժբախտություն ունեցան դառնալ այն հարթակը, որտեղ արդեն առանց դիվանագիտական նրբանկատության, միանգամայն բացահայտ աշխարհը որոնում է իր հակասությունների լուծումը: Մայդանը ակնհայտ դարձրեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած քառորդ դարի առ ոչինչ լինելը միջազգային հարաբերություններում: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ հակամարտող համակարգերը չգիտեն ինչպես միմյանց հարաբերվել: Նրանք արդեն հասկացել են, որ իրար թշնամի անվանելով ու իրար դեմ պայքարելով` ոչնչի չեն հասնում. սառը պատերազմն անդառնալի անցյալ է, բայց թե՛ տաք, թե՛ սառը պատերազմների պատճառ դարձած հակասությունները մնում են, և տնտեսական շահերը, ինչպես իրավիճակն է վկայում, վատ սվաղի պես ճաք են տալիս ու չեն հասցնում տանիքը պահել` ընդհանրական տանիքը փուլ է գալիս, որովհետև պատերի միջև դռներ չկան:
Այս օրերին հայերիս համար ևս մեկ հարց կա, որ համառորեն չի քննարկվում: Իսկ արժեր: Որքան էլ քաղաքականությունը «եթե»-ներ չի ճանաչում, որքան էլ քաղաքականության մեջ պայմանական ժամանակ չկա, որքան էլ ակնհայտ են Հայաստանի և ՈՒկրաինայի տարբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, հարցը մնում է հարց` ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում ստորագրեր Եվրամիության հետ ասոցացման դեռ հուլիսից պատրաստ համաձայնագիրը: Հայաստանում կլինեի՞ն նույն գործընթացները` սեփական առանձնահատկություններով:
Ակնհայտ է, որ ՈՒկրաինան արդեն փաստացի ասոցացվել է Եվրամիությանը և մնացել են տեխնիկական մանրամասներ՝ համաձայնագրերի ստորագրում ու հետագա քայլեր: Ռուսաստանը դա ընդունում է` ասվի, թե չասվի: Հաջորդ կորուստը, որի հետ Կրեմլը արդեն չի կարող համակերպվել, ՈՒկրաինայի մուտքն է ՆԱՏՕ: Թեպետ, իր անվտանգության համար, Կիևը այդ քայլից խելամտորեն պետք է խուսափի: Հենրի Քիսինջերը, օրինակ, կարծում է, որ եթե ՈՒկրաինան ցանկանում է գոյատևել և բարգավաճել, չպետք է վերածվի կողմերից մեկի ֆորպոստի` մյուսի դեմ:
Պետք է կամուրջ դառնա երկու կողմերի միջև: Ռուսաստանը պետք է ընդունի, որ ՈՒկրաինան արբանյակ-պետության վերածելու և սահմաններն առաջ տանելու ջանքերը իրեն դատապարտում են մտնել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոխադարձ ճնշումների անընդհատ կրկնվող շրջան, իսկ Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար ՈՒկրաինան երբեք չի դառնա սովորական արտասահմանյան երկիր: Ռուսաստանի պատմությունը սկսվում է Կիևյան Ռուսիայից: Այնտեղից է եկել ռուսական ուղղափառությունը: ՈՒկրաինան հարյուրամյակներ եղել է Ռուսաստանի կազմում, սակայն մինչ դա էլ նրանց պատմությունը սերտ կապված է եղել: Ռուսաստանի ազատագրման համար ամենակարևոր մարտերը` սկսած 1709 թ. Պոլտավայի ճակատամարտից, տեղի են ունեցել ուկրաինական հողում: Սևծովյան նավատորմը, որի միջոցով Ռուսաստանը ուժ է պրոյեկտում Միջերկրական ծովում, տեղակայված է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում` երկարատև վարձակալության հիմունքով: Եվրամիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղաշարժությունը և ՈՒկրաինայի ու Եվրոպայի բանակցություններում ռազմավարական տարրը ներքին քաղաքականությանը ենթարկելը հանգեցրել են նրան, որ բանակցային գործընթացը վերածվել է ճգնաժամի. սա Հենրի Քիսինջերի տեսակետն է:
Հայերիս համար երրորդ կարևոր հարցը Ղրիմի և Ղարաբաղի խնդիրների համեմատությունն է և այդ համեմատության հենքով Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում քայլ առաջ անելը, եթե Ղրիմի հանրաքվեն ունենա Ռուսաստանի Դաշնությանը միանալու արդյունք, որին քչերն են կասկածում: Ռուսները ի լուր աշխարհի փառաբանում են ազգերի ինքնորոշման սկզբունքը: Ինչո՞ւ, ուրեմն, այդ իրավունքն ունեն Ղրիմում, չունեն` Ղարաբաղում: Հենց այս կետում նմանությունն ավարտվում է, սկսվում են տարբերությունները: Արցախի հանրաքվեից անցել է քառորդ դար, արդյունքները չի ճանաչել ոչ մի պետություն: Ռուսաստանը այդ հնարավորությունն ուներ թե՛ անցյալ դարում, թե՛ ներկա: Չարեց: ՈՒրեմն չի անելու: Նույնիսկ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Արևմուտքն էլ այդ հնարավորությունն ուներ դեռ Կոսովոյի անկախացումից հետո: Չարեց: ՈՒրեմն չի անելու: ՈՒրեմն երկու դեպքում էլ խնդիրը նախադեպ լինել-չլինելը չէ: Առավել ևս անհեթեթ է տրտնջալ համաշխարհային անարդարությունից, երկակի, եռակի, բազմակի ստանդարտների կիրառումից՝ նրանց կարելի է, մեզ չի կարելի: Եթե ճանաչելու լինեն, նախադեպը, հաստատ, ամենավերջին փաստարկն է լինելու: Ավելին, որքան էլ պարադոքսալ հնչի, Ղրիմի օրինակով ճանաչումն ավելի է խորացնելու կոնֆլիկտը: ՈՒկրաինան, ԱՄՆ-ը, Եվրամիությունն արդեն հայտարարել են, որ Ղրիմի հանրաքվեն չեն ճանաչելու: Այսինքն, չեն ճանաչելու և արդյունքները: Սա՝ մեկ, և երկրորդ` իսկ ի՞նչ երաշխիք, որ Ռուսաստանը կճանաչի ԼՂՀ-ն և չի կատարվի Զորի Բալայանի երազանքը Թուրքմենչայի դաշնագրի ու միայն ինքը գիտի ինչի մասին: Վերջապես՝ երրորդ, ով էլ ճանաչի-չճանաչի, վճռորոշը Ադրբեջանի ճանաչելն է: ¥Քանի՞ երկրի խորհրդարան ու միջազգային կազմակերպություն են ցեղասպանությունը ճանաչել, իսկ Թուրքիան` ոչ, իրավիճակ փոխողը հենց Անկարայի ճանաչումն է¤: Իսկ սպասել, որ Ռուսաստանի ճանաչմանը կհետևի Ադրբեջանի ճանաչումը, բացարձակ անհիմն է:
Արտաքին քաղաքականությունը առաջնահերթությունները դասավորելու արվեստ է:
Մենք այդ արվեստին չենք տիրապետում, եթե միջազգային ասպարեզում բոլոր իրավիճակները տեսնում ենք իբրև նախադեպ մեր հարցերը լուծելու համար: Որևէ կոնֆլիկտ իր լուծումով մեկ այլ կոնֆլիկտի համար հիմք չէ: Այն պարզ պատճառով, որ տարբեր են կոնֆլիկտների աշխարհաքաղաքական ու աշխարհագրական ընկալումները, ժողովուրդների ու պետությունների պատմությունները, ներքին ռեսուրսները, դիմադրունակությունը և պարզապես մտածողությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության 26-ամյա պատմությունը և Ղրիմի նոր սկսվող պատմությունը բացարձակապես տարբեր պատմություններ են` թե՛ ընթացքի, թե՛ ելքերի կտրվածքով: ՈՒկրաինական իրադարձություններից հայկական միակ դասը կա և կարող է լինել ազգային ինքնության և պետականության պաշտպանության ունակությունը: Ոչի՛նչ ավելին: Այս հողի վրա հաջողությունները կարագացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, անհաջողությունները օրակարգից դուրս կբերեն հարցը: Կասանդրայի փառքի դափնիներին չեմ հավակնում, ընդամենը արձանագրում եմ իրավիճակը՝ հիմք ունենալով բազում նախադեպեր, օրինաչափություններ ու դրանց հերքումներ: ՈՒկրաինական իրադարձություններին իր անդրադարձում Հենրի Քիսինջերը շեշտում է՝ վճռորոշ տարրը ուկրաինացիներն իրենք են: Նրանք դեռ պահպանում են վճռորոշ մնալու իրավունքը, մենք կամովին զիջում ենք: Ինչով էլ ավարտվի Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, ակնհայտ է, որ կողմերը հնարավորինս խուսափում են ռազմական լուծումից: Ի վերջո, աշխարհի ամենամեծ պետությանը ևս մի քանի հազար քառակուսի մետրի ավելացումը սոսկ տարածքային հավելումի խնդիր չէ: Արևմուտքն ու Ռուսաստանը շարունակում են մրցավազքը` ո՛վ է առաջինը: Նրանք գլոբալացվում են, ինտեգրվում են, համագործակցում են, բայց չեն ցանկանում ու չեն կարողանում համադրել իրենց շահերը: Շահերի բախումը միշտ գտնելու է որևէ երկիր, որը դառնալու է միմյանց հետ հարաբերությունները պարզելու ասպարեզ: Ո՛չ Օբաման, ո՛չ Պուտինը նահանջել չեն ուզում, նրանք, ելնելով իրենց արժեհամակարգերից, պաշտպանում են միայն ու միայն ճշմարտությունը, բայց իրականում ճշմարտությունը ճշմարտություն չի որոնում: Եթե ՈՒկրաինան դա հասկանա, կարող է հակամարտության ասպարեզից դառնալ համաձայնության հարթակ: Իսկ դրա համար, պահպանելով տարածքային ամբողջականությունը, կարող է պահպանել Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերը, իմա` ռուսական նավատորմը թողնել Սևաստոպոլում և չանդամակցել ՆԱՏՕ-ին, ասոցացվել Եվրամիությանը և պահպանել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Այս պահին դա հնարավոր լուծում է երկու կողմերի համար էլ: Հայտնի չէ, թե իր կազմում Ղրիմի ընդգրկումը ինչ անջատողական շրջան կբացի Ռուսաստանի համար, որը դաշնային պետություն է, որի կազմում միայն էթնիկ ռուսներ չեն: Թաթարստանը, Դաղստանը, Չեչնիան առաջին ալիքը կարող են դառնալ, որին կհետևի Սիբիրը, և ի՞նչ կմնա աշխարհի ամենամեծ պետությունից, որը հարկադրված կլինի քաղաքացիական պատերազմ սկսել իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Անկախ այն բանից, թե ինչ գնահատական կտա աշխարհը: Ի վերջո, Մեծ Բրիտանիան դեմ է Շոտլանդիայի անկախությանը, Իսպանիան արգելում է բասկերի հանրաքվեն, Բելգիան ևս ունի երկու մասի բաժանվելու խնդիր, քաղաք-պետությունների միջնադարյան պատմություն ունեցող Իտալիայում պարբերաբար ծագում են այս ու այն շրջանի անկախացման շարժումներ: Բոլոր այս գործընթացներում նախադեպերը դեր չունեն, դեր ունի քաղաքական-տնտեսական-աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը, որ, ցավոք, հաշվի չի առնում ազգերի ինքնորոշման իրավունքը, թեև ընդունում է իբրև սկզբունք: Համենայն դեպս, Հելսինկյան եզրափակիչ ակտով: Կբաժանվի, թե ոչ ՈՒկրաինան, ճակատագրական նշանակություն չի ունենալու հայերիս համար: Համենայն դեպս, Լեռնային Ղարաբաղի մասով: Բայց առավել քան կարևոր է դառնալու ուկրաինական պատմության ազդեցությունը Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման հարցում: Ակնհայտ է, որ ՌԴ նախագահն ամեն ինչ անելու է իր քաղաքական իդեա ֆիքսը կենսագործելու համար: Մեր խնդիրն է այդ գործընթացներում պահպանել սուբյեկտի կարգավիճակը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Արևմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը քաղաքականություն չէ, այլ քաղաքականության բացակայության արդարացում` ասում է Հենրի Քիսինջերը:
Սա միակ դեպքն է, որ մենք նույնականանում ենք Արևմուտքի հետ: Արդեն քառորդ դար: