ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամերիկան այսօր հայերի ցեղասպանության ամենաառաջին ոգեշնչողներից մեկն է հերթական փորձի

Ամերիկան այսօր հայերի ցեղասպանության ամենաառաջին ոգեշնչողներից մեկն է  հերթական փորձի
25.02.2014 | 00:04

Փետրվարին լրատվական գործակալությունները տարածեցին մի, կարծես, ուրախալի նորություն. վերջապես ԱՄՆ-ում գոնե մեկը իշխանության ներկայացուցիչներից ընդունել և լսել է Սիրիայի քրիստոնեական եկեղեցական առաջնորդներին։ Իհարկե, նաև մեր Հայ առաքելական եկեղեցու։ Ինչպես հաղորդել է ամերիկյան «Christian Today» թերթը, ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները Վաշինգտոնում ընդունել էին Հոմս քաղաքի պրեսբիտերական (երիցական) համայնքի պաստոր, եկեղեցիների մերձավորարևելյան խորհրդի նախկին նախագահ Ռիադ Ժարժուրին և հայ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանին։
Սիրիայի քրիստոնյաների հոգևոր առաջնորդները ամերիկացիներին պատմել են այն անտանելի վիճակի մասին, որի մեջ հայտնվել են սիրիացի քրիստոնյաները։ Մասնավորապես, պաստոր Ժարժուրը հաղորդել է, որ միայն 2013 թ. ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 1200 քրիստոնյա, իսկ քրիստոնեական տարբեր եկեղեցիների առնվազն 600 հազար ծխական հարկադրված է եղել հեռանալու երկրից` փրկվելու համար մշտական բռնություններից ու մահվան սպառնալիքից։ Իր հերթին եպիսկոպոս Նալբանդյանը պատմել է Հալեպ քաղաքում երկու հայի հետ պատահածի մասին. այդ մարդիկ գտնվել են միջքաղաքային ավտոբուսում։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են արմատական գրոհայինները։ Երկու հայերին նրանք տարել են իրենց հետ։ Որոշ ժամանակ հետո այդ գրոհայինները վերադարձել են ավտոբուսի մոտ և ուղևորներին երկու տուփ են տվել, ասելով, թե տորթ է։ Երբ ավտոբուսը շարժվել է, և ուղևորները բացել են տուփերը, տեսել են, որ դրանց մեջ քիչ առաջվա իրենց հայ ուղեկիցների կտրված գլուխներն են։ Սիրիայի եկեղեցական ներկայացուցիչները ամերիկյան կողմին կոչ են արել ճնշում գործադրել սիրիական ընդդիմության վրա և միջոցներ ձեռնարկել թույլ չտալու, որ օտարերկրյա արմատական իսլամիստ վարձկաններ ուղարկվեն երկիր։
Առաջադիմությո՜ւն... Սիրիայում «արաբական գարնան» շղարշով օտարերկրյա ինտերվենցիայի ընթացքում առաջին անգամ արևմտյան պետությունը նեղություն է կրել ընդունելու և լսելու Սիրիայի առավել խոցելի ¥ամեն առումով¤ կրոնական համայնքի ներկայացուցիչներին։ Առաջին անգամ Արևմուտքում, առավել ևս ԱՄՆ-ում, ոչ թե թղթակիցների կամ էլ Սիրիայի կառավարության ներկայացուցիչների, այլ սիրիացի քրիստոնյաների շուրթերից լսեցին այն գազանությունների մասին, որ Արևմուտքի փողերով գործում են «հեղափոխականներն» ու օտարերկրյա վարձկանները։ Բայց... միշտ պետք է մինչև վերջ կարդալ։ Իսկ «Christian Today»-ը արձանագրում է, որ իրեն հայտնի է դարձել, որ թեև Սիրիայի եկեղեցականներին լսել են կարեկցանքով, սակայն ԱՄՆ-ի պաշտոնական անձինք նրանց օգնության ու աջակցության ոչ մի երաշխիք չեն տվել։ Պաշտոնական Վաշինգտոնը չի ուզում սիրիացի քրիստոնյաներին, այդ թվում հայերին, զերծ պահել ցեղասպանությունից, որ գործում են «հեղափոխականներն» ու օտարերկրյա վարձկանները։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Չէ՞ որ նորահայտ մոլեռանդ ֆաշիստներին, թող որ նույնիսկ Մուհամեդ մարգարեի կանաչ դրոշով քողարկված, ֆինանսավորում և զինում են հենց ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները։
Սիրիայի քրիստոնյաների առաջնորդները կուռ տրամաբանության և ճիշտ դատողության պակաս չունեն։ Նրանք միշտ էլ ճիշտ հասցեով են դիմել և դիմում օգնության։ Մենք ընթերցողներին արդեն հաղորդել ենք, որ քրիստոնեական առաջնորդները, ինքնակազմակերպվելով, իրենք են ձեռնամուխ եղել Մերձավոր Արևելքի խաղաղության և բռնամերժության ակտիվ քարոզին։ Անցած տարվա հոկտեմբերին նրանց հանդիսավորությամբ ընդունեցին Մոսկվայում ու Սերգիև Պոսադում, նրանց հետ հանդիպում ունեցավ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Վատիկանում նրանց ընդունեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Այդ հանդիպումներից հետո թե՛ Կիրիլ պատրիարքը, թե՛ Ֆրանցիսկոս պապը կտրուկ ձայն բարձրացրին և աշխարհի բոլոր երկրներին կոչ արեցին հանդես գալ ի պաշտպանություն Սիրիայի քրիստոնյաների կյանքի ու անվտանգության։ Եվ պակաս կարևոր չէ, որ և՛ Մոսկվայում, և՛ Վատիկանում, հիմա էլ նաև Վաշինգտոնում միարժեքորեն հասկանում են, որ Սիրիայում առաջատար քրիստոնեական ուժերից մեկը հենց Հայ առաքելական եկեղեցին է։ Հիշեցնենք, որ Սիրիայի քրիստոնյաների շարքում ներկայացված են նաև Անտիոքի պատրիարքությունը, հունա-մելքիտական կաթոլիկ եկեղեցին, սիրիական ուղղափառ եկեղեցին, Մարոնական եկեղեցին, քրիստոնյաներ կան արաբների, տեղացի հույների, արամեացիների, ասորիների և այլոց շրջանում։
Թե՛ Ռուսաստանում, թե՛ Վատիկանում և թե՛, պետք է ենթադրել, ԱՄՆ-ում Սիրիայի քրիստոնյաների հոգևոր առաջնորդները հռչակել են նույն թեզիսները. «Մենք չենք ուզում հեռանալ Սիրիայից։ Չենք ուզում նաև, որ մեզ մոտ կրկնվի այն, ինչ եղավ Իրաքում, որտեղից պատերազմի ժամանակ մեկուկես միլիոն քրիստոնյա հեռացավ։ Հիմա նույն բանը տեղի է ունենում Եգիպտոսում։ Մենք չենք ուզում, որ մեզ մոտ քաղաքացիական պատերազմ լինի երկար տարիներ, ինչպես Լիբանանում էր։ Եվ հիմա ջանում ենք հնարավոր ամեն ինչ անել համոզելու, որ մարդիկ չհեռանան երկրից»։ Բայց եթե Ռուսաստանում և Վատիկանում սիրիացի քրիստոնյաների այդ ձգտումը հիանալի հասկացան և միարժեքորեն կանգնեցին նրանց կողմը, ապա ԱՄՆ-ում նրանց վրա թքեցին։ Ցինիկաբար ու բացահայտ։ Այդպիսին է ահա այդ երկիրը` ԱՄՆ-ը, «ամբողջ աշխարհի ժողովրդավարության պաշտպանը»։ «Մարդու իրավունքների պաշտպանը»։ Բայց ինչպես տեսնում ենք սիրիացի քրիստոնյաների Ամերիկա կատարած այցի օրինակով, պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանելու միայն նրանց «մարդու իրավունքները», ովքեր ծնկի են եկել ԱՄՆ-ի առջև ու համաձայնել են Ամերիկայի ճորտի կարգավիճակին։ Իսկ ովքեր չեն ուզում լինել ԱՄՆ-ի ճորտը, իրավունք չունեն ակնկալելու պաշտպանություն այն մարդասպաններից, ում ԱՄՆ-ի կառավարությունն ուղարկում է այս կամ այն երկիր «գունավոր հեղափոխություն» իրականացնելու։ Սիրիայի քրիստոնյաները, այդ թվում` հայերը, չեն ցանկացել դառնալ Ամերիկայի ճորտերը, և ահա հետևանքը։
ԱՄՆ-ում սիրիացի քրիստոնեական առաջնորդների բանակցությունների այդ դառը արդյունքը նշանակում է, որ քաղաքական Արևմուտքը լրիվ կազմով թքած ունի Սիրիայի քրիստոնյաների կյանքի ու անվտանգության վրա։ Բնականաբար, դա վերաբերում է նաև սիրիահայերին։ Եվ, այսպիսով, միակ օգնությունը, որի հույս կարող են ունենալ սիրիացի քրիստոնյաները, Արևելքն է։ Արևելքը` ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, անգամ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կուսակցության, Իրաքի շիաների ջոկատների, նույնիսկ քրդերի։ Արևմուտքը հերթական անգամ դավաճանում է։
Ի դեպ, սա բնավ միակ դեպքը չէ, երբ Ամերիկան «չգիտի ինչ ասի» Սիրիայի քրիստոնյաներին։ Անցած տարի ամբողջ համացանցը ապշած էր մնացել, երբ պատերազմից մազապուրծ, Արևմուտքում իր հարազատների մոտ ապաստան գտած երիտասարդ սիրիացի հայուհին «ամբողջ աշխարհի հեղափոխականների պաշտպան» ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի հետ հանդիպման ժամանակ, ընդհատելով նրա ճոռոմ ճառը, ամոթանք տեղաց նրա երկրի ու անձամբ նրա հասցեին։ Մակքեյնը կարկամել էր ու լռել, չիմանալով ինչ պատասխանել այդ երիտասարդ ու համարձակ սիրիացի հայուհուն։ Մակքեյնը «գույն տվել, գույն էր առել»։ Եվ, ի վերջո, փախել էր այն դահլիճից, որտեղ տեղի էր ունենում նրա հանդիպումը սիրիացի քրիստոնյաների հետ։ Այդ հանդիպումը կարծես խորհրդանշական էր։ Չէ՞ որ ԱՄՆ-ը արդեն առնվազն 20-րդ դարի 80-ական թվականներից «չգիտի` ինչ պատասխանի» հայ ազգին։ Ի՞նչ տարբերություն` այս կամ այն հայը ծնունդով Հայաստանի՞ց է, ԱՄՆ-ի՞ց, թե՞ Սիրիայից։ Ամերիկացիները միշտ են կարողացել ստել։ Երբեք չեն կարողացել տղամարդավարի իրենց խոսքի տերը լինել։ ՈՒրիշների ձեռքով մահապատժել են իրենց դրածո գործակալներ Միլոշևիչին, Սադամ Հուսեյնին, Քադաֆիին, առայժմ չեն սպանել, բայց «հանձնել են» իրենց դրածո գործակալ Մուբարաքին։ Ժամանակին, ներեցեք, չօգնեցին Իրանի շահին։ Հիմա էլ Սիրիայի քրիստոնյաների` ալավիական համայնքի հետ մեկտեղ այդ երկրում Արևմուտքի և կոնկրետ Եվրոպայի ազդեցության երբեմնի գլխավոր հենասյուներից մեկի հերթն է։ Բայց հայերին խաբելը ամերիկյան բոլոր նախագահների սիրած զբաղմունքներից մեկն է` սկսած Ռեյգանից, թեև կարելի է սկսել նույնիսկ Վուդրո Վիլսոնից։
Այդուամենայնիվ, արդեն մի առաջընթաց կա. ամերիկացիները սկսել են պարզապես լռել։ ՈՒ փախուստ տալ, ինչպես սենատոր Մակքեյնը փախավ սիրիացի քրիստոնյա հայուհու կոշտ ու կծու մեղադրանքներից։ Կամ էլ ահա այդպես կոշտ պատասխանել, ավելի ճիշտ «չպատասխանել», ինչպես վարվեցին ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչները Սիրիայի քրիստոնյաների հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ. Վաշինգտոնը սիրիացիներին իր օգնության ու աջակցության ոչ մի երաշխիք չի տա։ Ինչո՞ւ տա... Վաշինգտոնը Սիրիային և սիրիացի քրիստոնյաներին արդեն տալիս է այն, ինչ ցանկացել է տալ. մարդակեր ավազակախմբեր, մոլագար վարձկանների ջոկատներ, մեծ ու փոքր ցեղասպանություններ, Սիրիայի հազարամյակների պատմություն ունեցող նյութական մշակույթի ոչնչացում։ Այս ամենը «ամերիկյան ժողովրդավարություն» է կոչվում։ Բայց առաջընթաց է` գոնե չեն խաբում։
Կարևոր է նաև այն մթնոլորտը, որի պայմաններում տեղի ունեցավ սիրիացի քրիստոնյաների ներկայացուցիչների այցը ԱՄՆ։ Այսպես, Իսրայելը վերջնականորեն հանել է իր դիմակը. հրեաները բացահայտորեն ցույց են տալիս, որ իրենք իրենց հիվանդանոցներում բուժում և վերականգնում են վիրավոր «սիրիացի հեղափոխականներին» և օտարերկրյա վարձկաններին։ Հայաստանի ընթերցողները հիշում են, չէ՞, թե Իսրայելն ինչքան հետևողականորեն ու ընդգծված էր 2011-2013 թթ. իրեն հեռու պահում Սիրիայի իրադարձություններից։ Բայց հիմա 2014-ն է, և Արևմուտքի ու Իսրայելի դրածոները ¥արդեն բոլորին է հայտնի, որ Սաուդյան Արաբիան ու Քաթարը, նույնիսկ Թուրքիան, սոսկ «բազմակի օգտագործման գործիք են» Արևմուտքի և Իսրայելի ձեռքին¤ դարձյալ նույնիսկ ժամանակավոր հաջողության չեն կարողանում հասնել։ ՈՒ պաշտոնական Իսրայելն այլևս ոչինչ չի թաքցնում։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհը հերթական անգամ ԱՄՆ-ի հրեական համայնքի առաջնորդների և Իսրայելի ղեկավարության ուղեղներում հասունացող մի ինչ-որ հետախուզական գործողության է բախվում։ Մյուս կողմից, «ընդդիմության» և օտարերկրյա վարձկանների գոյությունը Սիրիայում օրեցօր ավելի սպառնալից է դառնում։ Ահա, օրինակ, ինչ են հաղորդել փետրվարի 17-ին. կեղծ-իսլամականները մի երիտասարդ սիրիուհու քարկոծել են... «շարիաթի կանոններից դուրս» ինտերնետի օգտագործման պատճառով։ Ի միջի այլոց` մուսուլմանուհու։ Եվ Արևմուտքն ու Իսրայելն ինչ-որ չեն շտապում ցասումով դատապարտել «սիրիացի ժողովրդավարներին» մարդու հիմնական, եթե ոչ ամենագլխավոր իրավունքի` կյանքի իրավունքի, բացահայտ ու կոպտագույն խախտման համար։ Զինված ծայրահեղականները մորթել են Դամասկոսից 40 կմ հարավ` Էլ Կունեյտրա քաղաքի արվարձանում բնակվող ութհոգանոց մի ընտանիքի բոլոր անդամներին։ Դատաստանը նպատակ է ունեցել ահաբեկելու Դավայա Էս Սուղրա գյուղի բնակիչներին, որովհետև նրանք հրաժարվել էին իրենց տներում տեղ տալ գրոհայիններին։ Էլ Կունետրայի նահանգ են թափանցել մոտ 1,5 հազար արմատականներ, որոնք ահաբեկում են տեղի բնակչությանն ու հարավից սպառնում մայրաքաղաքին։ Մինչդեռ հենց սիրիական կառավարությունը հերթական նշանակալի հաղթանակներն է տանում մարտադաշտերում։ Այսպես, ամբողջ աշխարհն արդեն ավելի քան յոթ օր հետևում է հինավուրց Հոմս քաղաքի ազատագրված շրջաններից քաղաքացիական բնակչության տարհանման գործողությանը։ Այստեղ «ընդդիմադիրները» գերի են հանձնվում և դասալքվում խռովարարների շարքերից, ինչպես ասում են, էշելոններով։ Արդեն համարյա հազար գրոհային է անձնատուր եղել սիրիական զինված ուժերին։ Փետրվարի 15-17-ին սիրիական զորքերը Դամասկոսից 57 կմ հյուսիս ընկած պաղեստինցի փախստականների Յաբրուդ ավանի արվարձաններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացրել են ավելի քան 120 վարձկան մոջահեդների։ Ինչպես հաղորդել է «Ալ Մանար» հեռուստաալիքը, բանակային հատուկ ստորաբաժանումները շրջապատում են այդ բնակավայրը, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանի երկայնքով 70 կմ ձգվող Կալյամունի լեռնաշղթայի մոտ։ Նրանք գրավել են Յաբրուդի շրջակա ռազմավարական բարձունքները և գրոհայիններին դուրս մղել Էլ Ջարաջիր և Էս Սեհել բնակավայրերից։ Հրետակոծվել է հակառակորդի հրամանատարական կետը։ Աշխարհի բոլոր կարևորագույն վերլուծական կենտրոնները համաձայնում են, որ «ընդդիմության» Յաբրուդի խմբավորման և վարձկանների ոչնչացման դեպքում Սիրիայի պատերազմի վերջնական ելքի հարցում որևէ կասկած չի մնա։
Սիրիան խոշոր հաղթանակներ է արձանագրել նաև «անտեսանելի ճակատում»։ Ահա փետրվարի 17-ին հրապարակված տվյալները. «85 սաուդցի զինծառայողներ, մեծ մասամբ հետախուզության սպաներ, գտնվում են սիրիական բանտերում»,- գրում է պաղեստինյան «Ալ Մանար» թերթը` վկայակոչելով աղբյուրները։ Կալանավորվածների թվում են 7 բարձրաստիճան սաուդցի սպա, 14 քաթարցի սպա և 9 թուրք հետախույզ։ Սաուդյան իշխանությունները, ինչպես հաղորդվում է, փորձել են միջնորդների աջակցությամբ հասնել կալանավորվածների ազատ արձակմանը, բայց նրանց ջանքերն առայժմ հաջողությամբ չեն պսակվել։ Իրանական անգլալեզու «Press-TV» հեռուստաալիքը հաստատում և ճշտում է. Սիրիայի անվտանգության ուժերը վերջին օրերին գրոհայինների դեմ գործողությունների ընթացքում ձերբակալել են հիմնականում Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները ներկայացնող 85 օտարերկրյա զինվորականների։
Իրավիճակը խուճապ է առաջացրել «սիրիական ընդդիմության» շարքերում։ Այսպես, Արևմուտքի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակը» իր առաջնորդին փոխարինել է «ավելի փորձառու դաշտային հրամանատարով», հաղորդել է բրիտանական Reuters գործակալությունը։ «Բանակի բարձրագույն ռազմական խորհրդի» հայտարարության մեջ ասվում է գեներալ Սելիմ Իդրիսին գնդապետ Աբդել Իլյահի ալ Բաշիրով փոխարինելու մասին, որը ղեկավարել էր Իսրայելի զավթած Գոլանի բարձունքներին սահմանակից Էլ Կունեյտրայի նահանգում ընդդիմության իրականացրած գործողությունները։ Այն նույն, որտեղ «դեմոկրատները» սրի են քաշում խաղաղ բնակիչներին։ Հենց սրանք էլ, երևի, պատերազմ մղելու «ավելի փորձարկված», «ավելի արդյունավետ» մեթոդներն են։ Նման որոշում ընդունելու դրդապատճառը «վերջին մի քանի ամսում հրամանատարության անարդյունավետ գործողություններն են, և դա նպատակ ունի բարձրացնելու հանցավոր վարչակազմի և ահաբեկչական կազմակերպություններից աջակցություն ստացող նրա դաշնակիցների դեմ ուղղված ռազմական գործողությունների ղեկավարման մակարդակը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընդդիմության հիմնական ռազմական կառույցի հրամանատարի փոփոխման մասին հայտարարությունը հնչեց Թուրքիայում «Սիրիական ազատ բանակի» բարձրագույն ռազմական խորհրդի նիստից հետո, որին մասնակցում էր ընդդիմության ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար Մուստաֆան։ Խուճապի մեջ են նաև «Ժնև-2» բանակցություններում «սիրիական ընդդիմության» ներկայացուցիչները։ Պետք է ենթադրել, որ թևաթափ ու խուճապահար են նաև նրանց խնամակալներն ու հովանավորները ԱՄՆ-ից, Իսրայելից ու Թուրքիայից։ Իսկ Քաթարը նույն խուճապահար վիճակում, և հենց փետրվարի 17-ին, հանկարծակի ու անվերապահորեն պաշտպանեց... խաղաղ միջուկային ծրագրի զարգացման Իրանի իրավունքը։ Իսկ Իրանի ռազմածովային նավատորմը այս օրերին ընդհուպ մոտենում է ԱՄՆ-ի ատլանտյան սահմաններին։ Իհարկե, Իրանը մտադիր չէ «վախեցնելու» ԱՄՆ-ին։ Սակայն դեպի ԱՄՆ-ի ափերը նրա ռազմածովային նավատորմի արշավը բավական ծանրակշիռ ու խորհրդանշական քայլ է և խոսում է այն մասին, որ Թեհրանը բնավ էլ մտադիր չէ որևէ բան զիջելու ամերիկացիներին, լինի դա Սիրիայում, թե Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում։
Ռուս և չինացի զինվորական ծովայինները խափանել են «սիրիական ընդդիմության» և օտարերկրյա վարձկանների բոլոր սադրանքները։ Հստակորեն նշված ժամկետներում շարունակում են Սիրիայի քիմիական զենքի դուրսբերումը։ Ամերիկացիներին ոչինչ չի մնում անելու, եթե ոչ հայտարարելու քիմիական զենքի ոչնչացման իր հատուկ նավի պատրաստության մասին` ընդունելու ռուսներին ու չինացիներին և սկսելու քիմիական մարտալիցքերի վտանգավոր բեռների ոչնչացումը։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նրբորեն զգալով Սիրիայում հակամարտող կողմերի և շահագրգիռ երկրների դիրքերի արմատական փոփոխությունը, փետրվարի 17-ին արեց երկու աներկիմաստ հայտարարություն` հեռագնա նպատակներով ու հետևանքներով.
1) տեղեկություններ են ի հայտ եկել, որ Սիրիայում ստեղծվում է նոր ընդդիմադիր կառուցվածք, և Մոսկվան ստուգում է դրա իսկությունը, որ ընդդիմադիրների որոշ հովանավորներ սկսում են նոր կառուցվածքը ստեղծել այն խմբավորումների հաշվին, որոնք դուրս են եկել ազգային կոալիցիայից, ապա և նրանց հաշվին, ովքեր չեն հավատում բանակցային գործընթացին,
2) «թնդանոթների փոխարեն կարելի է հաց ու պանիր ուղարկել» Սիրիա։
Երկու նուրբ հայտարարությունն էլ հասցեագրված է ոչ միայն Սիրիային և նրա ժողովրդին ու կառավարությանը, այլև Սիրիայի «հին ընդդիմություններին», Արևմուտքի և Իսրայելի նրանց խնամակալներին։
Ահա այս պայմաններում ԱՄՆ-ի իշխանությունները մերժեցին սիրիահայերին, Սիրիայի մյուս քրիստոնյա ժողովուրդներին օգնություն ու աջակցություն ցուցաբերելը։ Գրազ եմ գալիս. Սիրիայի տարաբախտ քրիստոնյաները խնդրում էին մի բանում միայն աջակցել իրենց. ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի մարդասպաններին ու մոլեգին ահաբեկիչներին ցուցաբերվող ֆինանսական ու ռազմական օգնությունը։ Բայց անգամ այս չնչին հարցում աշխարհի ամենաժողովրդավար երկիրը, ըստ էության, մերժեց Սիրիայի քրիստոնյաներին, այդ թվում մեր հայ եղբայրներին ու քույրերին։ Ի՞նչ արած, սա թող հերթական դասը լինի Սիրիայի հայերի, Մերձավոր Արևելքի մյուս քրիստոնյաների համար։ Մի օր պետք է, չէ, նրանք վերջապես հասկանան ու գիտակցեն, որ իրենց թշնամին ոչ միայն կոնկրետ իսլամական մարդասպանն է, այլև այդ բորենիներին հովանավորող ԱՄՆ-ը։ Դա նաև դաս է աշխարհի բոլոր ծագերի ամեն հայի համար, այդ թվում նաև ԱՄՆ-ի քաղաքացի հայերի, առ այն, որ Ամերիկան այսօր հայերի ցեղասպանության հերթական փորձի ամենաառաջին ոգեշնչողներից մեկն է։ Տվյալ դեպքում պատմական հայկական առափնյա Կիլիկիայի սիրիական մասում։ Մեր խնդիրը չէ պարզել, թե ինչ պատճառներ են դրդել ԱՄՆ-ին վերածվելու և դառնալու ժամանակակից բոլոր ֆաշիստների պաշտպան երկիր։ Մեր խնդիրն է այլևս չապավինել ԱՄՆ-ին և այդ երկրից հայերի ու Հայաստանի համար շահավետ քայլեր ու որոշումներ չակնկալել։ Առավել ևս Արցախի ու Սիրիայի հայերի համար։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ