Աշխարհաքաղաքական զարգացումներն այսօր ընթանում են երկու ուղղություններով` ուկրաինական և իրանական: Երկուսն էլ սերտորեն առնչվում են Հայաստանին: Վերջնական վերադասավորությունները լուրջ անդրադարձ են ունենալու նաև Հայաստանի վրա:
Մի կողմ թողնելով դավադրությունների տեսությունը, այնուհանդերձ, մեզ թույլ տանք մտածել` օլիմպիադաները նույնպես ճակատագրական են լինում ոչ միայն սպորտի, այլև աշխարհաքաղաքական առումով: Չմոռանանք. 2008-ին, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Պեկինում ընթացող օլիմպիադայի վրա, Օսիան ու Աբխազիան դարձան «ռուսական»: Այս օրերին էլ մի տեսակ զարմանալիորեն ակտիվացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նրանք համարյա տուն չեն գնում, անընդմեջ հանդիպումներ են ունենում կողմերի հետ, նույն ռեժիմով էլ փորձում հանդիպումներ կազմակերպել հակամարտող երկրների նախագահների հետ, իսկ սահմանում տեղի ունեցող կրակոցների, նաև դիվերսիաների քանակն ավելին է, քան եղել է երբևէ: Բոլորն են խոսում հնարավոր պատերազմի մասին: Քանզի այս «կողմերում» ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի սահմանի վրա ևս կրակում ու կրակում են: ՈՒ թե սահմանային «դեպքերն» անցնեն իրենց «սահմանը», ուղիղ գծով նշանակելու է օրերս Հայաստան ժամանած Բորդյուժայի ու ՀԱՊԿ զորքերի անմիջական միջամտություն այդ «դեպքերին»:
Ո՞վ է այսպես ու այսքան «անհանգիստ»: Եվ հատկապես` ինչո՞ւ: Մինչ կանցնենք առաջ, ևս մեկ ոչ «դավադրական» հարց: Իսկ կարո՞ղ է ուկրաինական դեպքերը կանխեցին իրանական «ֆրոնտում» տեղի ունենալիքը, որովհետև բոլորի ու հատկապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գլուխը անչափ խառն է Մայդանով: Հետն էլ Իրանի ու ԱՄՆ-ի միջև մի այնպիսի մեղրամիս է սկսվել, որ կարող է աշխարհի քարտեզը փոխել ավելի արագ ու անարյուն, քան պատերազմն ու Մայդանը: Ասել է` Արևմուտքը երկու ճակատով առաջ է գալիս, ամենակարևոր գոտիներում հաստատելով իր գերիշխանությունը, և Ռուսաստանին, բացի կոպիտ միջամտությունից, այլընտրանք ու դիվանագիտական արահետ, ասես, չի թողնվում: Պահը ճակատագրական է, այսպես ասած, բոլորի համար:
Բանն այն է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը նույնպես չունեն բավարար ռեսուրսներ, որ կարողանան հարցերը փակել վերջնական ու արագ ռեժիմով, ասենք, ոչ միայն Մայդանում հաղթել, այլև հաղթելուց հետո անծայրածիր, միայն Ռուսաստանին 20 միլիարդ պարտք ունեցող ՈՒկրաինային ու նրա ժողովրդին պահել: Եվ, ուզեն-չուզեն, Մայդանում անընդմեջ առաջ գնացող Էշթոնն ու իր համախոհն ինչ-որ մի փուլում պետք է զարկ տան նաև Ռուսաստանի հետ դիվանագիտությանը: Հայտնի է նաև, որ հենց օլիմպիադան ավարտվեց, Ռուսաստանը «հարձակվելու» է:
Միանշանակ չէ նաև Իրանի պարագան ոչ միայն ռուսաստանյան առևտրային հետաքրքրությունների, այլև այն առումով, որ ԱՄՆ-ն արդեն «դիտողություն» է արել Ֆրանսիային, որը նույնպես ցանկանում է շատ արագ խցկվել Իրանի շուկա` մեծ շահ կորզելու համար: Ասել է` ԱՄՆ-ն այս հարցում ևս շատ չի շտապում:
Իսկ Հայաստա՞նը: Հայաստանին ոչինչ չի մնում, եթե ոչ… սպասել, թե, ի վերջո, մեծ մարտը գերտերությունների միջև ինչ ելքով կավարտվի։ Հայաստանին մնում է մանևրել այնպես, որ կորուստները նվազագույն լինեն: Հայաստանում շատերը, «փարդի քամակից» շունչները պահած, սպասում են, թե երբ են կարողանալու «արանքը ճեղքել» ու դուրս գալ ստվերից: Նրանց միակ հույսն ու հնարավորությունը արտաքին ոլորտի ֆորս-մաժորն է, որին միակցելով ներքին ֆորս-մաժորը, գուցե կկարողանան մի բանի, մի աթոռի հասնել:
ՈՒստի ձեռուոտ ընկած, քոքում-քոքում են ներքին «մաժորը»` խորհրդարանում, չկայացած քաղաքական ուժերի հետնամուտքերում, արդարացիորեն բողոքող, սոցիալապես անչափ ծանր ժողովրդի վիճակն օգտագործելով, հանուն «վսեմի» սեփական հաշվարկներն անելով:
ՈՒ չկա մեկը, որ բոլորին, այդ թվում՝ իշխանություններին, հարցնի` «ա Պոլշա՞»։ Բա Հայաստա՞նը։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ