ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եվրոպան ու ԱՊՀ-ն քամող «թերթաքարային փուչ հեքիաթներ» ԱՄՆ-ից

Եվրոպան ու  ԱՊՀ-ն քամող  «թերթաքարային փուչ  հեքիաթներ» ԱՄՆ-ից
13.12.2013 | 00:05

(սկիզբը` այստեղ)

Արտասահմանցի մի շարք փորձագետների կարծիքով, մի քանի տարի հետո ԱՄՆ-ից Եվրասիա թերթաքարային գազի ակնկալվող մատակարարումները չեն սպառնա ՌԴ-ից խողովակային գազի մատակարարումներին, քանի որ ռուսական գազն ավելի մրցունակ է ամերիկյանի համեմատ, որովհետև Ռուսաստանի գազի արդյունահանման ու փոխադրման ծախսերը շատ ավելի ցածր են, քան ԱՄՆ-ի թերթաքարային գազինը։ Բացի այդ, ՈՒկրաինայում տեղի ունեցող բողոքի ակտերին զուգընթաց, համանման շարժում է ծավալվում Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում և Մերձբալթիկայում։ Եվրոպայում, մասնավորապես Լեհաստանում, թերթաքարերի հետ տարվող աշխատանքի փորձը ցույց է տվել, որ աշխարհի այդ տարածաշրջանում թերթաքարային գազի և առհասարակ ոչ ավանդական ածխաջրածինների շահագործումը կա՛մ անշահութաբեր է, կա՛մ բավական մեծ վտանգ է պարունակում բնապահպանության և բնակչության համար։ Ապարների ջրաճեղքման տեխնոլոգիայի առանձնահատկությունները մեծ սպառնալիք են ենթադրում ստորգետնյա ջրերի աղտոտման առումով, և այն բավական ծախսատար է։ Տվյալ դեպքում, ԱՄՆ-ի փորձը հատկանշական չէ։ ԱՄՆ-ը խիստ առանձնահատուկ երկրաբանություն ունի, բացի այդ, այնտեղ աշխատանքը կատարվում է խոշոր բնակավայրերից հեռու։ Միանգամայն այլ է պատկերը Եվրոպայում և նախկին խորհրդային հանրապետություններում։ Այսինքն, որտեղից առասպելական փողեր վերցնեն արդյունահանման և բնապահպանական միջոցառումների համար տնտեսապես սակավազոր Լեհաստանը, Էստոնիան, ՈՒկրաինան, Հայաստանն ու մյուսները, դեռ պարզ չէ։ Իսկ ամերիկացիները հաստատ իրենց ուսերին չեն վերցնի այդ երկրների ֆինանսավորման բեռը։
Առհասարակ, Հայաստանի համար թերթաքարային գազը ինքնասպանության նման մի բան է։ Մեր երկիրը Եվրասիայում ամենախտաբնակներից մեկն է։ Մեր տարածքը բնական գանձարան է ամեն առումով։ «Թերթաքարային» վայ-հայրենասերները համացանցի սոցիալական բոլոր կայքերում բառացիորեն ճղճղում են, թե, իբր, թերթաքարային գազի արդյունահանումը «վնաս չէ» Հայաստանի բնության համար։ Բայց ԱՄՆ-ում հասարակական բոլոր կազմակերպություններն արդեն պնդում են, թե նախագահ Բարաք Օբամայի թերթաքարային խաբեության վիթխարի փուչիկը սպառնում է պայթել։ Միջազգային հետազոտությունների լրատվական բյուրոյի հյուսիսամերիկյան գրասենյակի կամավորները շրջել են ԱՄՆ-ի մի շարք նահանգներով և իրենց աչքով տեսել, որ թերթաքարային գազի արդյունահանման շրջանները վերածվել են բնապահպանական ծանր աղետի օջախների։ «Ամերիկայի թունավորման» դեմ ուղղված ցույցեր են տեղի ունենում նաև մյուս նահանգներում, դրանք հասել են անգամ Նյու Յորք։ Չեմ ուզում մեր ընթերցողներին ծանրաբեռնել մեծաքանակ տեղեկություններով։ Պարզապես կոչ եմ անում հավատալ հենց ամերիկացիներին։ «Մեր կյանքը մղձավանջ է դարձել,- ասում է Շեյլա Ռասելը Փենսիլվանիայից։- Հենց սկսեցին այստեղ թերթաքարային գազ արդյունահանել, շրջակա ջրի պաշարները թույնի վերածվեցին»։ Ամերիկացի մասնագետների փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբարներից գազի արտազատման պատճառով ստորգետնյա ջրերում զգալիորեն բարձրացել է մեթանի և ծանր մետաղների պարունակության մակարդակը։ Անձնական կամ ֆերմերային կարիքների համար այդ ջուրն օգտագործել չի կարելի։
Քերոլ Ֆրենչի ընտանիքի հետ տեղի ունեցած մի դեպք. արդյունահանումն սկսվելուց հետո ընտանիքի բոլոր անդամների մարմինը ծածկվեց ահավոր ցանով։ 24-ամյա դստեր մոտ հայտնաբերվեց լյարդի և փայծաղի ախտահարում։ Հիվանդ դստեր վիճակը լավացավ միայն այն բանից հետո, երբ նրան հեռացրին վարակված նահանգից։ Ֆիլադելֆիայում գտնվող «Պաշտպանենք մեր ջուրը» հիմնադրամի տնօրեն Այրիս Մարի Բլումը վկայում է, որ հայտնի են ջրից թունավորման հարյուրավոր դեպքեր. «Մենք գիտենք նաև, որ տուժածներին սպառնում են, պահանջում են, որ նրանք լռեն։ Գազարդյունահանող ընկերությունները թերթաքարային գազը գովազդում են որպես մաքուր վառելիք։ Բայց դրա արդյունահանման ամեն փուլում շրջակա միջավայրի աղտոտում է լինում»։ Բնապահպանության ոլորտի աղետը հաստատում է նաև Դյուքի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ջեքսոնը։ 2013 թ. ամռանը ամերիկացի գիտնականները ստուգեցին Փենսիլվանիայի հյուսիս-արևելքի մասնավոր ջրհորերի խմելու ջրի 141 նմուշ, որոնք վերցված էին թերթաքարային գազի արդյունահանման վայրերից։ «Արդյունքները ցնցող են։ Մեթանի պարունակությունը բարձր է վեց անգամ, իսկ էթանինը` 23։ Դա հետևանք է հորանցքերի նախագծման և կառուցման ժամանակ թույլ տրված տեխնիկական սխալների»,- հայտարարել է Ջեքսոնը։ Զարմանալի չէ, որ նահանգի ծայրամասային ֆերմերական տնտեսություններում նոր «զվարճանք» է ի հայտ եկել` վառել ծորակից հոսող ջուրը։
Էկոլոգիայի մաքրության ամերիկացի ջատագովներն առայժմ հետազոտել են երեք նահանգ` Փենսիլվանիան, Լուիզիանան և Տեխասը։ Դրանց ընդհանուր տարածքը 860,3 հազար քկմ է։ Հայաստանի տարածքն ընդամենը 29,8 հազար քկմ է։ Ամերիկայում` աշխարհում տարփողված նրա տեխնոլոգիական «առաջատարությամբ», չեն գտել թերթաքարային գազի արդյունահանման անվտանգ տեխնոլոգիաներ և թունավորում են իրենց ժողովրդին։ Բայց հսկայական տարածությունում։ Հայաստանում վայ-հայրենասերները (երևում է, նրանք բոլորը տառապում են ամերիկամետությամբ) պատրաստ են թունավորելու շատ ավելի փոքր տարածություն։ ՈՒ նրանց համար նշանակություն չունի, որ մեր երկրում թերթաքարային գազի արդյունահանումը կհանգեցնի սեփական ազգի թունավորմանը։
Եվ վերջապես, մի այսպիսի հարց. Հայաստանում ոչ ոքի չի զարմացնում այն հանգամանքը, որ ամերիկյան արդյունաբերական-ֆինանսական լոբբին, որը 20-րդ դարի սկզբին ստեղծել էր արդյունահանման ծավալները նվազեցնելու և գների անկումը կանխելու գործիքներ, թույլ է տվել, որ հազար խորանարդ ֆուտ գազն արժենա 5 դոլարից պակաս, այսինքն` ինքնարժեքից ցածր։ Իսկ պատասխանը շատ պարզ է. հուսախաբ է արել տեխնոլոգիան, ամերիկյան գերժամանակակից տեխնոլոգիան։ Բանն այն է, որ ջրաքիմիական խառնուրդը հորանցք մղելուց հետո (խոսքը գազի արտամղումը հեշտացնող բաղադրիչի մասին է) հարկավոր է ապարի ճաքերից արտազատվող գազը շատ արագ կորզել, քանի դեռ այն չի լցվել առաջացած փուչ խոռոչները։ Մեկ տարում հորանցքերից կատարվող արդյունահանման մակարդակը իջնում է 70-75 %-ի, ուստի հանույթի ծավալները պահպանելու համար ընկերությունները պետք է շարունակ նոր հորանցքեր փորեն և դրանց մեջ մղեն հողն ու ջուրը թունավորող տոննաներով նոր քիմիկատներ։ Նավթի ու գազի արդյունահանման ոլորտի ամերիկացի փորձագետ Դևիդ Հյուզի գնահատմամբ, թերթաքարային գազի արտադրության ներկա ծավալների պահպանման համար ընկերությունները տարեկան պետք է փորեն 7 հազար հորանցք։ Դա նրանց վրա կնստի 42 մլրդ դոլար։ Մինչդեռ ԱՄՆ-ում 2012 թ. արդյունահանված թերթաքարային գազն ընդամենը 32,5 մլրդ դոլար եկամուտ էր բերել։ «Ստացվում է, որ արդի տեխնոլոգիաների պայմաններում ԱՄՆ-ի էներգետիկ անկախության մասին ճամարտակությունը պարզապես անհեթեթություն է»,- արձանագրում է փորձագետ Հյուզը։
Ահա թե ինչու, սկսած 2012 թ. ամռանից, թերթաքարային գազ արտադրողները զանգվածաբար ազատվում են իրենց թերթաքարային ակտիվներից։ «Բրիթիշ Փեթրոլեումը» հայտարարել է 4,8 մլրդ դոլար թերթաքարային կապիտալ ներդրումների «դուրսգրման» մասին, «Բրիթիշ Գեզը»` 1,3 մլրդ-ի, կանադական «En Cana»-ն կորցրել է 1,7 մլրդ դոլար և բաժնետերերին ծանուցել է, որ այդ գումարը կավելանա, եթե գազի գներն ընդունելի մակարդակի չվերադառնան։ «Royal Dutch Shell»-ը հայտարարել է Տեխասի, Կանզասի և Կոլորադոյի թերթաքարային տեղամասերը վաճառելու մասին, այդ թվում` «Իգլ Ֆորդ» խոշորագույն հանքավայրի։ Ընկերությունը խոստովանել է, որ 192 հորանցքեր «չեն կարողանում հասնել նախագծային արդյունահանման ծավալի», և «դուրս է գրել» 2,1 մլրդ դոլար թերթաքարային ակտիվ։ Ավստրալիական «BHP Billiton»-ը «թերթաքարային տենդով» վարակվել է միայն 2011 թ., երբ 15,1 մլրդ դոլարով ձեռք բերեց Տեխասի «Petrohowk Energy» ընկերությունը։ Բայց արդեն 2012 թ. ավստրալիացիները հայտարարեցին ամերիկյան թերթաքարային ակտիվների արժեզրկման մասին։ Արդյո՞ւնքը. աշխարհի աչքի առջև փուլ է գալիս խաբեության «թերթաքարագազային բուրգը»։ Օրեցօր ակնհայտ է դառնում, որ ամբողջ «թերթաքարային հեղափոխությունը», որը տարփողել են ՈՒոլ-Սթրիթի բանկիրները, և որը պաշտպանել է Սպիտակ տունը, կառուցված է խաբեության սխեմայով։ Այսօրվա շահի (ֆինանսական, քաղաքական և այլն) համար ամերիկյան իշխանություններն ու բիզնես շրջանակները գործի են դրել 21-րդ դարի խոշորագույն խարդախությունը։ Եվ դա արդեն համընդհանուր տնտեսական ճգնաժամով է սպառնում (ուրեմն և` քաղաքական)։ Չէ՞ որ, եթե ամերիկյան և այլ գազարդյունահանող ֆիրմաներն ընդունում են թերթաքարային գազի «վերարժևորումը» և աստիճանաբար դուրս են գալիս բոլոր ամերիկյան նախագծերից, ինչպես նաև հրաժարվում են Արևելյան Եվրոպայում իրականացվող նախագծերից, ապա ՈՒոլ-Սթրիթի ֆինանսիստները նահանջի տեղ չունեն։
ՈՒ նորից բնապահպանության մասին. ամերիկացի էկոլոգ Քևին Հիթլին ասում է. «Թերթաքարային գազի արդյունահանումը տարածվում է աշխարհով մեկ։ Փորձի փոխանակության համար այստեղ` Փենսիլվանիա են գալիս Եվրոպայից, Ասիայից և նույնիսկ Հարավային Աֆրիկայից։ Նրանց պատմում են հսկայական շահույթների մասին, բայց երբեք ցույց չեն տալիս հազար-հազարավոր ակրերով վարակված տարածքները` թունավորված ջրով ու օդով։ Այդ հողերի լիակատար վերականգնման համար կպահանջվի 100-150 տարի, այսինքն, այդ շրջանը կորսված է ամերիկացիների մի քանի սերունդների համար։ Իսկ ո՞ւմ է պետք այդ գազը, եթե դրա արդյունահանումից հետո այստեղ ապրելն անհնար է դառնում»։
Այս հարցը ես անձամբ ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր Հայաստանում կոչ են անում թերթաքարային գազ որոնելու և արդյունահանելու։ Հարցը ձևակերպել եմ ոչ թե ես կամ որևէ հայ մարդ, այլ ամերիկացի էկոլոգ Քևին Հիթլին։ Նա խոսում է Փենսիլվանիայի աղետի մասին, որն ավելի քան չորս անգամ ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան Հայաստանը։ Եվ այսպես, Հայաստանում ո՞ւմ է պետք լինելու թերթաքարային գազը (եթե անգամ այն կա), եթե դրա արդյունահանումից հետո այստեղ անհնար է լինելու ապրելը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ