ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինքնաբխված ժողովո՞ւրդ, թե՞ անպաշտպան պետություն

Ինքնաբխված ժողովո՞ւրդ,  թե՞ անպաշտպան պետություն
26.07.2013 | 01:00

Մի քիչ այլընտրանքային տեղեկատվություն. ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացման տնտեսագիտական հաշվարկի, այս օրերին արվել են այլ հաշվարկներ, որոնցից մեկի համաձայն` 50 դրամով ուղեվարձի բարձրացումը 10 մեքենա ունեցող գծատիրոջը ամսական ապահովում է 12-15000 դոլար եկամուտ` 40 տոկոս շահույթ: Հենց այդ գծատերերն են այն «48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների» ղեկավարները, որոնց «գրությունը» քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր կարող մերժել:

Չմեղադրենք Տարոն Մարգարյանին` նրա բախտը ուղղակի չի բերում որոշ հարցերում, ինչպես կարգն է` ամեն ինչ համաձայնեցնելուց հետո սկսում է համատեղ որոշումն իրականացնել, իսկ երբ գալիս է առերեսման պահը, նրան ասում են. «Սիրուն չի»: Բայց դա նրա աշխատանքի առանձնահատկություններից է: Իհարկե, հուլիսի 20-ից հետո ստեղծված իրավիճակում բոլոր հիմքերը կան Երևանի քաղաքապետի հրաժարականը պահանջելու, բայց դա կլինի ձևական: Ակնհայտ է, որ այս որոշումը Տարոն Մարգարյանը ի պաշտոնե միայն հրապարակել է (այն էլ չորս օր ուշացումով, որ հիմք է տալիս բացատրություն պահանջել 20-24-ը կատարված անօրինական գանձումների համար), որոշումը քաղաքական է և ընդունվել է նվազագույնը վարչապետի մակարդակով` նախագահի համաձայնությամբ: Այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, որովհետև նախընտրական խոստում էր տրանսպորտի գնի չբարձրացումը: Ստացվում է` Տարոն Մարգարյանը դեմ է նախագահի նախընտրական ծրագրին: Նա, իհարկե, ուներ տարբերակ` ողջ ոչխարների և կուշտ գայլերի ապահովման համար` տրանսպորտին լրավճար տալը, բայց, ինչպես հասկանում եք, դա ևս իր որոշման մակարդակը չէ: ՈՒստի Տարոն Մարգարյանը այս պարագայում ընդամենը քավության նոխազ է, որ կատարում է 48 գծատերերի և իրենից բարձր ղեկավարության կամքը` ներկայացնելով իբրև սեփական որոշում: Ի վերջո, Տարոն Մարգարյանը չի բարձրացրել գազի սակագինը:
Իրադարձությունները, որ հետևեցին տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, բնավ անսպասելի չէին: Բայց ընդունեք, որ տարօրինակ էին: Նախ` սա հետևանք է, այլ ոչ պատճառ, ինչո՞ւ այսքան ընդվզումներ չեղան պատճառի ժամանակ: Այս ընթացքում թանկացել են ոչ միայն գազը, էլեկտրաէներգիան, այլև սննդամթերքը, բայց որևէ կազմակերպություն կոչով հանդես չեկավ, որևէ գնորդ չհրաժարվեց հաց, կարագ, թթվասեր, մածուն, պանիր, շաքարավազ (բնականաբար` նաև խմորեղեն), միս գնելուց: Գուցե պատճառն ամառն է: Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման բուն գինը կերևա աշնան կեսից, այսօր դեռ արևը և՛ լուսավորում է, և՛ ջերմացնում, մրգերն ու բանջարեղենն էլ սեղանի առատության տպավորություն են ստեղծում: Այսքան թանկացումները լուռ ու հանգիստ ընդունելուց հետո ինչո՞ւ պիտի քաղաքապետարանը «հիմնավոր» չհամարեր տրանսպորտի թանկացումը: Ո՞վ գիտի, թե որն է վերջին կաթիլը:
Հիմա ո՞վ կասի, թե որն է ապահով Հայաստանը: Ինչո՞ւ ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց նախընտրական խոստումները հետևողականորեն ջնջվում են նույն այդ խոստումները տված իշխանության ձեռքով: Որովհետև առաջիկայում 4-5 տարի այլևս ընտրություններ չե՞ն լինելու: Թույլ, խախուտ փաստարկ է: Պետությունը, ի դեմս նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, խաբում է իր քաղաքացուն, պետությունը չի կարողանում կատարել պետական կառավարման կազմակերպման գործառույթը: Եթե երկրում ոչինչ չի փոխվում, ոչ թե պետության հզորության, այլ քաղաքացու թուլության, անկազմակերպ, անհետևողական, չհամակարգված պայքարի հետևանք է: Այնուհանդերձ, իրավիճակ է փոխվում: Ակնհայտ է, որ այս անգամ էլ, ինչպես փետրվարին, քաղաքացին իր կամքն է թելադրում քաղաքական ուժերին: Որովհետև քաղաքական ուժերն ասպարեզ եկան(եթե եկել են) ընդամենը երկրորդ ալիքով: Առաջին ալիքը չկազմակերպված, ինքնաբխված քաղաքացիական ընդվզումն է, որին այս անգամ զարմանալիորեն միացան շոու բիզնեսի հայտնի դեմքերը: Զարմանալիորեն, որովհետև մենք արդեն մոռանում էինք, որ հայ ենք բոլորս ու բոլորս մի նավի վրա ենք:

Այս մի քանի օրում հստակ երևակվեցին հայ իրականության բոլոր բացասական երևույթները:
1. Կառավարությունը սահմանափակվում է լավագույն մտադրությունների բարձրաձայնումով, անգամ ունեցած ռեսուրսների հաշվին չեն արվում քայլեր, որոնք կկանխեին ապրանքների և ծառայությունների գների բարձրացումները և, ի հետևանս, սոցիալական բունտը: Պատճա՞ռը: Ոչ միայն չափից դուրս ինքնավստահությունն է, որ ոչինչ էլ չի լինի` կաղմկեն, տուն կգնան մի քանի օրից, այդպես եղել է միշտ, այլև իշխանության ու բիզնեսի սերտաճումը. ինքներդ դատեք` ո՞վ կկտրի ծառը, որի ճյուղին բազմած է: Տնտեսական բոլոր հարցերը վարկերի հաշվին լուծելու ավանդույթով շարժվող կառավարությունը անկասելի լողում է դեպի ծանծաղուտ` Հայաստանի Հանրապետությանը վարկեր տրամադրելու տնտեսական նպատակահարմարությունը նվազում է և արդեն հասել է ռիսկային սահմանին, քաղաքական նպատակահարմարություն Ռուսաստանն այլևս չի տեսնում, Եվրոպան դեռ չի տեսնում: Այս պայմաններում կառավարությունը պարտավոր էր սկզբունքորեն վերանայել իր տնտեսական քաղաքականությունը: Դուք որևէ փոփոխություն տեսե՞լ եք:
2. Ազգային ժողովը, ակներևաբար հանուն իր դերի վերընթացի, աղմկահարույց քննարկումներ է անում, որոնցից մնում է միայն օրինագծերի վրա նստած փոշին, բայց պետության ու ժողովրդի կենսական հարցերը ոչ օրենսդրական, ոչ քաղաքական օրակարգ չեն մտնում: Հավանաբար այն պատճառով, որ վաղուց որևէ նման հարց խորհրդարանում չի լուծվում: Տարիներ շարունակ խորհրդարանում, կատարած պարտքի գիտակցությամբ, դիմավորում ու ճանապարհում են եվրոպական կառույցների պատվիրակներին` արտաքին գործերի նախարարությունից ստացված զրույցի կետերով սկսել-ավարտելով հանդիպումները: Որևէ մեկի մտքով չէր էլ անցնում, որ եկող-գնացող եվրոպացիները, ի վերջո, իրավունք ունեն խորապես անտարբեր լինելու` հայերը անկե՞ղծ են, թե՞ ստում են: Եվրոպաներում ապրող չինովնիկների համար չորրորդական կարևորության խնդիր էր` արդա՞ր է գործում Հայաստանի արդարադատության համակարգը, կոռուպցիոներնե՞րն են կոռուպցիայի դեմ պայքարում, թե՞ այդ էլ չկա, դիվերսիֆիկացվո՞ւմ է տնտեսությունը, թե՞ պատրանք է ստեղծվում, անվտա՞նգ է Մեծամորի ատոմակայանը, թե՞ տարածաշրջանն է վտանգված, երկիրն անդառնալիորեն խրվում է պարտքերի մե՞ջ, թե՞ ի վերջո փորձելու է տնտեսապես ու քաղաքականապես անկախ դառնալ: Ո՞վ և ի՞նչ գնով է ապահովում Հայաստանի` որպես պետության անվտանգությունը: Մենք պիտի այդ մասին մտածենք, իսկ մենք մտածում ենք` ով ինչ կտա` ապրենք:
3. Բարեհաջող իրականացնելով «Հայաստանում ընդդիմություն չկա» (հիշում եք` «ԽՍՀՄ-ում սեքս չկա»-ն) խոստումնալից կարգախոսը` իշխանությունն այսօր բախվել է ինքն իրեն` որպես ընդդիմություն, և, արդեն սկսել է հասկանալ, թե որքան դառն է ընդդիմադիրի կյանքը: Երկու ճանապարհ կա. առաջին` նորից կառավարվող ընդդիմություններ սարքել ու համաձայնեցված ելույթների շանթարգելի տակ հանգիստ ապրել, երկրորդ` թույլ տալ ու պայմաններ ստեղծել իրական ընդդիմության գործունեության համար, որ չի թողնի կյանքը վայելել, բայց նույնքան շանթարգել կդառնա: Ինչպես միշտ` կընտրվի առաջինը, բայց կկատարվի երկրորդը:
4. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ձեռքն է վերցնում իր ճակատագիրը: Իշխանությունը նրան գնում է, ընդդիմությունը նրան լքում է` բոլորն իրենց խնդիրներն են լուծում` իր անունից ու իր հաշվին, իսկ իր կյանքը մնում է իր նույն անապահով, անգործ, անհեռանկար կյանքը: Ի՞նչ է մնում անել` ինքնաբխվել: Հոգեխանգարմունքը որպես ուղիղ ճանապարհ: Ճանապարհին կմիանա՞ն առաջնորդներ` իրենց պատիվն է, չե՞ն միանա` հազար մղոն ճանապարհն էլ առաջին քայլից է սկսվում: Մարդիկ պայքարում են ոչ թե իշխանության դեմ, այլ իրենց իրավունքների համար, նրանց մեղքը չէ, որ այդ իրավունքները ոտնահարում է իշխանությունը: Ի վերջո, դա իշխանության պրոբլեմն է: ՈՒղեվարձի ավելացված 50 դրամը մտնելու է ոչ քաղաքի գրպանը, ոչ քաղաքացու, ոչ տրանսպորտային միջոցների, ոչ ճանապարհների, ոչ վարորդների կյանքի բարելավման հարց է լուծելու, ընդամենը բազմապատկելու է գծատերերի շահույթները, որոնք ընտրությունների ցիկլում նվազել էին: Իսկ նրանք այդ գումարները գերադասում են օֆշորացնել կամ երկրից հանել, որովհետև վստահ չեն, որ անարդար վաստակը տևական է լինում:
5. Այս մի քանի օրվա իրադարձություններն ակնառու դարձրին, որ Հայաստանում պահպանողական է ոչ միայն ՀՀԿ-ն իր գաղափարախոսությամբ, այլև իրեն բարեփոխումների գործընթացում համարող ոստիկանությունը: Փաստորեն, եթե ոստիկանապետը անձամբ փողոցում չի ղեկավարում իր ենթականերին, նրանք գործում են հին իներցիայով ու հին սխեմաներով: Ավելին` ոստիկանությունը չի փոխվել նաև իր ռազմավարությամբ, այլապես չէր հայտարարի, որ ակտիվիստների հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, որ ակցիաների մասնակիցները հանդուգն վարքագիծ են դրսևորում ու իրենց գործողություններով կոպտորեն խախտում են ճանապարհային երթևեկության անվտանգությունը և այլն, և այլն... Ընդունեք, որ այս ամենն արդեն անգիր գիտեք, շատախոսում են, երբ ասելիք չկա: Երբ անելիքը չգիտեն: Ակնհայտ է, որ ոստիկանության համար էլ, ինչպես ամբողջ իշխանության, երկրի բնակչությունը բաժանվում է երկու խիստ անհավասար խմբի` փոքրամասնությունն ամեն ինչ կարող է անել և ունենալ, մեծամասնությունը ինչ էլ անի` ոչինչ չի ստանալու: Բայց մեղավորը հենց մեծամասնությունն է, որովհետև անցած տասնամյակներում ընտրություն առ ընտրություն իր հաղթանակը նվիրել է պարտվածներին ու նրանց պարտությունը վերցրել իր ուսերին` գնացել է տուն: Հետո մի քիչ մտածել-մտածել է ու ճամպրուկը կապել: Իսկ նրանք, ովքեր մի քիչ ավելի երկար են մտածել կամ ճամպրուկ չունեն, գերադասել են ընդունել «Պատը նորից կմնա պատ» խիստ կասկածելի պոստուլատը, և այդպես փոքրամասնությանը հանձնել են մեխն էլ, մուրճն էլ:
6. Ստեղծված իրավիճակում կա երկու ճանապարհ`
ա) իշխանությունը, ի դեմս իր 48 խիստ փողասեր կազմակերպությունների, նահանջում է, և առաջին անգամ երկրում հանրային շահը գերադասվում է անձնական շահույթից: Սա դժվար, բայց հնարավոր և իշխանության համար ամենաշահեկան ճանապարհն է, որովհետև առջևում ձմեռն է, երբ կյանքը իրեն-իրեն դժվարանում է, և սոցիալական բունտերի պատճառները իրենց-իրենց են գալիս: 50 դրամը քիչ է երջանկության համար, բայց այն ամալգամն է, որ ապակին դարձրեց հայելի:
բ) 150 դրամը մնում է 150 դրամ` իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս անզորությունը իր մանր ու միջին, երբեմն էլ մեծ ձկների առաջ, ժողովրդին էլ ցույց է տալիս իր տեղը` բռնություններով ու անտարբերությամբ:
գ) միջանկյալ տարբերակ էլ կա` առայժմ կասեցվում է ուղեվարձի բարձրացումը, ուժի մեջ է մնում 100 դրամը` մինչև արձակուրդից վերադառնա ՀՀ նախագահը ու ասի` «Սիրուն չի»: Կամ` քաղաքապետին: Կամ` ժողովրդին:
7. Այս իրադարձությունները, որքան էլ առաջին հայացքից աբսուրդ թվան, լիովին տեղավորվում են եվրասիական ինտեգրման ճանապարհն ընտրած Հայաստանի պատմության մեջ, բայց վերանալու են եվրաինտեգրման ճանապարհն ընտրած Հայաստանի պատմության մեջ: Եվրոպան համարյա 100 տարի առաջ սովորել է բոլորովին այլ բովանդակությամբ «բիզնեսի»` թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Եվրոպան արդեն 100 տարի, եթե ոչ ավելի, հաշվի է նստում իր քաղաքացու կարծիքի հետ, յուրաքանչյուրի, որովհետև ընտրվում է, և սոցիոլոգիան ընկալում է ավելի լուրջ, քան Ահարոն Ադիբեկյանն ու Գելափի տեղական մասնաճյուղերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Չինական Ցին դինաստիայի հիմնադիր կայսրը խելահեղ փայլուն մի դիտարկում է արել` հպատակները ծովի ալիքներ են, որ կարող են տեղ հասցնել, կարող են խորտակել տիրակալի նավը: Ցին դինաստիայի հիմնադիրը այդ եզրակացությանը հանգել է իր դեմ առաջին ապստամբությունից հետո, իսկ կառավարել է 30 տարի:

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ