ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Թուրքիան տրոյական ձի է ՇՀԿ-ի համար»

«Թուրքիան տրոյական  ձի է ՇՀԿ-ի համար»
19.02.2013 | 00:43

Լրիվ մոռանալով, իսկ ամենայն հավանականությամբ, պարզապես չիմանալով ՈՒինսթոն Չերչիլի վաղեմի իմաստուն խորհուրդը, թե` «դիվանագետները պետք է ոչինչ չասելուց առաջ կրկնակի մտածեն», Թուրքիան նորից աչքի ընկավ արտաքին քաղաքականության հարցերում։
Անզուսպ Էրդողանը հայտարարել է. «Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան մեծ հավակնություններ ունի, որոնք հիմնվում են ազգային կամքի և ուժեղ պետության վրա», և իր դիվանագետներին կոչ է արել «ստվերում չմնալ»։ Իսկ հետո, հաստատելով իր իսկ թեզն այն մասին, թե թուրքերը չեն կարող իրենց սահմանափակել արտաքին քաղաքականության մեջ, «թուրքական մեծ առաքելության» այդ ջատագովը Սիրիայի նախագահին մեղադրել է «պետական ահաբեկչության» մեջ, միաժամանակ Ֆրանսիայի նախագահին էլ` քրդական աշխատավորական կուսակցության «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։ Իր հերթին Դավութօղլուն, այն բանից հետո, երբ իր «Զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը փոշեցրիվ եղավ, ամբողջ թափով սկսեց բանաձևել արտաքին քաղաքականության նոր վեկտորներ։ Այսպես, երբ հունվարի սկզբին աշխարհի բոլոր ծագերից թուրք դիվանագետները հավաքվել էին Անկարայում` «վերլուծելու 2012-ի արդյունքներն ու 2013-ի մտավոր գրոհը», գերատեսչության անխոնջ երազկոտ ղեկավարը ներկայացրեց Միջերկրականը վերաձևելու, Արկտիկայից պատառ պոկելու, Աֆրիկայի խորքերն ուսումնասիրելու և աշխարհի բոլոր ծայրերում երկրի հեղինակությունն ու հարաբերություններն ամրապնդելու նոր հավակնոտ ծրագրեր։ Այսինքն, ինչպես և կառավարության ղեկավարը, հանձնարարեց «ցանկացած տակառի խցան» լինել։
Մինչդեռ, մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, Անկարայի արտաքին քաղաքականությունն աներևակայելի ոլորապտույտներ է անում և պատեպատ խփվում, փորձելով շտկել նախնական նպատակների առաջադրման ժամանակ թույլ տրված սխալները։ «Եվրասիականության գործին» պաշտոնական Անկարայի դավաճանումից, այդ գաղափարի հետևորդների և համատեղությամբ խռովարար գեներալների ձերբակալումից խիստ վհատված Ալեքսանդր Դուգինն առհասարակ կանխատեսում է. «Թուրքիային կսպառնա անկարգություն ու քաոս, եթե չհրաժարվի իր նեոօսմանյան շինծու, փակուղային կուրսից»։ Այնինչ ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան Օնուր Օյմենի «Արտաքին քաղաքականությունը` անդունդի եզրին» շատ հատկանշական վերնագրով նոր գրքում փորձագետը մատնանշում է իրական քաղաքականության և ազգային շահերի պաշտպանության գլխավոր թշնամիներից մեկին. «Սկզբունքների ու դիրքորոշումների չափազանց հաճախակի փոփոխությունը կանխորոշում է այն իրավիճակը, որը հանգեցնում է այլ պետությունների կողմից երկրի նկատմամբ վստահության կորստի»։ Եվ այդ սխալը Թուրքիան արել է։ Ավելին, գրքում մատնանշվում է ևս մեկ «դառը փաստ». «Թուրքիան ոչ թե «խաղ» է անում Մերձավոր Արևելքում, այլ սլանում է տարածաշրջանի «դաշտով»։ Եվ ամենահատկանշականը` այս ամենը ծավալվում է ևս մեկ, շատ կարևոր հանգամանքի առկայությամբ։ Ինչպես նշում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, Մերձավոր Արևելքում «սկսվում է դրամայի եզրափակիչ արարը` պետությունների փլուզումը», քանի որ, նրա խոսքով ասած, «մերձավորարևելյան պետություններն արհեստածին կազմավորումներ են, որոնց սահմանները հապճեպորեն նկարել են բրիտանացիներն ու ֆրանսիացիները` առանց հաշվի առնելու ազգային և կրոնական նրբությունները»։ Եվ ակնհայտ է, որ նման դասավորության պայմաններում Թուրքիան ներքին և տարածաշրջանային կարգի իր խնդիրներով բացառիկ խոցելի է սպասվող անկայունության հարուցած կողմնակի երևույթների հարցում` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։
Եվ ահա, ասես ի հաստատումն Անկարայի համար ամենատխրալի նախազգուշացումների և սցենարների, օրերս վարչապետ Էրդողանը որոշեց կատարել ևս մեկ արտքաղաքական «ցատկ կրկեսի գմբեթի տակ» և հայտարարեց, թե «Թուրքիան լրջորեն քննարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցության հարցը որպես Եվրամիությանն անդամակցության այլընտրանք», և առհասարակ, նրանք ներկայումս այլընտրանքային տարբերակներ են որոնում, քանի որ «Եվրամիություն մտնելու հույսերը կորել են ԵՄ անդամ մի շարք երկրների պատճառով»։ Իհարկե այն, որ Եվրոպայում շատ քաղգործիչներ բացահայտորեն խոսում են կազմակերպությանը այդ երկրի անդամակցության դեմ, ինչպես նաև, որ ընդհանուր առմամբ, բնակչության շրջանում աճել են հակաթուրքական տրամադրությունները, բնավ էլ նորություն չէ, ինչպես նորություն չէ թուրքական դիվանագիտության սիրած շանտաժի մեթոդը։ Սակայն Էրդողանի միանշանակ հրամանից հետո` «Թուրքիան պետք է դառնա բոլոր քաղաքական գործընթացների մասնակից և համաշխարհային քաղաքականությունը կանխորոշող դերակատար», ՇՀԿ-ի առնչությամբ մտադրությունն առանձնակի հետաքրքրական երանգներ է ստանում։
Հիշեցնենք, Թուրքիան ՇՀԿ-ի երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակ ստացավ 2012-ի հունիսին` կազմակերպության Պեկինում կայացած գագաթնաժողովում։ Այդ ժամանակ էլ Աֆղանստանն ստացավ դիտորդի կարգավիճակ։ Նկատենք, դա տեղի ունեցավ կազմակերպության ընդլայնման վրա նրա անդամների, ավելի ճիշտ, փաստորեն, կենտրոնական դեմքի` Չինաստանի երկար մտորումներից հետո (ՇՀԿ-ում առաջին դիտորդի ընդունումից անցել է ութ, իսկ երկխոսության գծով գործընկերոջ ընդունումից` երեք տարի)։ Հիմա ՇՀԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մոնղոլիան, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը, Շրի Լանկան և ուրիշներ։ Անորոշ ժամանակով հետաձգելով ընդլայնման գործը, ՇՀԿ անդամները երկյուղում էին կազմակերպության «ողողահարումից» և որպես հետևանք` համաշխարհային ընկերակցության շրջանում նրա «քաշի» նվազումից։ Օրինակ, համարվում է, որ ՇՀԿ-ին Հնդկաստանի ու Պակիստանի անդամակցությունը կարող է նվազեցնել նրա աշխատանքի արդյունավետությունը, քանի որ այդ երկրների արտքաղաքական շահերը էապես տարբեր են։ Քիչ հարցեր չի ծնում նաև Թուրքիան։
Այսպես, որոշ ռուս փորձագետներ հաշվարկել են, որ «Թուրքիան տրոյական ձի է ՇՀԿ-ի համար», որ նա ինչպես եղել, այնպես էլ մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվ անդամ, ընդ որում, ոչ թե որպես «օգնական տղեկ», այլ մի պետություն, որը բարձրագոչ պաշտպանում է իր դիրքորոշումն աշխարհի ամենաբախտորոշ հարցերի ու խնդիրների առնչությամբ։ Այնպես որ, անգամ առաջին հայացքից ակնհայտ է, որ ՇՀԿ անդամների (ռուսական մամուլը երկար ժամանակ «հակա-ՆԱՏՕ» էր կոչում այն) և Թուրքիայի կարծիքները կարող են արմատապես տարբեր լինել։ Ռուս վերլուծաբաններին առանձնապես զայրացրել է այն, որ թեև Պեկինում ընդունված հռչակագրում ամրագրված է, որ «հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միակողմանի և ոչնչով չսահմանափակված ընդլայնումը մեկ պետության կամ պետությունների խմբի կողմից կարող է վնաս հասցնել միջազգային անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը», թուրքական պաշտոնական շրջանակներն այլ կարծիքի են։ Կազմակերպության գծով նորահայտ գործընկերը` Անկարան, պաշտոնապես համաձայնել է երկրի տարածքում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայմանը, և ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, դա «կապահովի մեր երկրի ավանդը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում զարգացող պաշտպանական համակարգում, կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորությունն ու մեր երկրի պաշտպանության ազգային համակարգի հզորությունը»։ Դիրքորոշումների անհամապատասխանությունն ակնհայտ է։ Իհարկե, դա թուրքական դիվանագիտության և նրա «մեծ առաքելության» համար որևէ էական նշանակություն չունի, սակայն այն տարբերակը, որ Անկարան կարող է երկակի խաղ խաղալ, Ռուսաստանում չեն կարող բացառել։
Էլ ավելի շատ հարցեր, և ոչ միայն Մոսկվայում, կարող է առաջացնել Թուրքիայի դերը մերձավորարևելյան հակամարտություններում։ Մասնավորապես, կազմակերպության փաստաթղթերում ասված է, որ ՇՀԿ անդամները «հանդես են գալիս այդ տարածաշրջանի գործերին ռազմական միջամտության, «իշխանության փոխանցման» հարցերի հարկադրական արագացման, միակողմանի պատժամիջոցների կիրառման դեմ»։ Նույնպիսի վերաբերմունք է նաև Սիրիայի հակամարտության նկատմամբ։ ՇՀԿ հռչակագիրը պահանջում է դադարեցնել «ամեն տեսակի բռնությունները Սիրիայի տարածքում` որտեղից էլ դրանք բխեն», հարգել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց չէ՞ որ հենց Թուրքիան է ցնծությամբ աջակցում «սիրիական ժողովրդավարական ընդդիմությանը»։ Ավելին, հենց Թուրքիային է Սիրիայի արտգործնախարարությունը մեղադրում «անօրինական զինված կազմավորումներին աջակցություն ցուցաբերելու» մեջ, այն բանում, որ Թուրքիան նրանց զենք է մատակարարում, բազա է ստեղծում գրոհայինների վարժեցման և Սիրիայի տարածք նրանց ապօրինի թափանցման համար», ուստի «սիրիական տարածքներում առաջացած խնդիրների համար մեղավոր կողմերից մեկն է»։ Եվ միանգամայն հասկանալի է, որ ՇՀԿ-ի գծով շատ փորձագետներ հիմա հարց են տալիս. «Ինչպե՞ս պիտի նման արմատական հարցի շուրջ ՇՀԿ-ում անվերապահ համաձայնության` կոնսենսուսի գան, և ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան, եթե ՇՀԿ-ի կողմից կոշտ հայտարարություններ հնչեն հարաբերությունների սրման դեպքում»։ Օրինակ, Իրանի հարցում։ Չէ՞ որ ՇՀԿ գագաթնաժողովի հռչակագրում ասվում է, որ «ՇՀԿ անդամ երկրներից որևէ մեկի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգի դեպքում կազմակերպության մեջ մտնող մյուս պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն այդ վտանգին ժամանակին արձագանքելու համար»։ Բացի այդ, «ՇՀԿ երկրները չեն մասնակցում կազմակերպության անդամ մյուս պետությունների դեմ ուղղված դաշինքներին ու միավորումներին»։
Իհարկե, Թուրքիան ՇՀԿ լիիրավ անդամի կարգավիճակ չունի, ուրեմն չունի նաև կազմակերպության մեջ աշխարհաքաղաքական կշիռ։ Այն հիմա ամենացածրն է։ Բայց, այդուամենայնիվ, փորձագետներն առանձնակի նշում են, որ Թուրքիայի կարգավիճակի հարցում նկատելի ջանքեր է գործադրել Ղազախստանը, որը դեռ 2009 թ. Անկարայի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Բացի այդ, Թուրքիան շատ հավակնոտ ու ազդեցիկ երկիր է թյուրքական աշխարհում և առաջատարի դերի է հավակնում Կենտրոնական Ասիայում։ ՈՒ նա, անկասկած, հետևողականորեն և պլանաչափորեն կձգտի լուրջ ազդեցության հասնել տարածաշրջանում։ Հետևաբար և ՇՀԿ-ն, որտեղ ներկայացված են Կենտրոնական Ասիայի, փաստորեն, բոլոր երկրները, կարող է բավական օգտակար լինել նրան։
Շատ հատկանշական է նաև ռազմավարական հետազոտությունների թուրք-ասիական կենտրոնի փորձագետների կարծիքը, որոնք հանդես են գալիս ՇՀԿ-ի հետ ավելի սերտորեն համագործակցելու և Շանհայի «հարթակը» որպես համատարածաշրջանային խնդիրների լուծման «արդյունավետ համաժողով» օգտագործելու օգտին։ Նրանք նշում են ՇՀԿ-ի կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի ընդլայնման և տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության մեծացման հակակշռի, բայց միաժամանակ համարում են, որ իրականում Թուրքիան վախենում է Վաշինգտոնի աչքում Անկարայի արժեքի նվազումից և Կենտրոնական Ասիայի երկրների ու Միացյալ Նահանգների միջև ուղղակի համագործակցության ընդլայնումից։ Սակայն, մասնագետների կարծիքով, ներկայումս Թուրքիան ռեսուրսներ չունի` Կենտրոնասիական տարածաշրջանում վարելու լիակատար ինքնուրույն քաղաքականություն, ուստի Անկարան ոչ միայն հետևում է Վաշինգտոնի կարծիքին, այլև հաշվի է առնում Բրյուսելի ցանկությունները։ Այս կապակցությամբ կարծես ավելորդ չէ հիշեցնել, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան կարող է Եվրոպայի համար դառնալ Կովկասյան, Կասպյան տարածաշրջանների ու նաև Արևելքի վրա բացվող պատուհան։ Այլ բան է, որ առայժմ նրան այնքան էլ չի հաջողվում իրեն վաճառել այս որակով։ Իհարկե, Անկարայի «թյուրքական խաղերը» չեն կարող չանհանգստացնել Պեկինին, ուր շատ լավ են հիշում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը «արյունակից եղբայրներին»` ույղուրներին, այդ թվում` պաշտոնական աջակցությունը` ինքնավար երկրամասում բռնկված հուզումների ժամանակ։
Մի խոսքով, չնայած ՇՀԿ-ին Թուրքիայի հետագա ինտեգրման առնչությամբ թուրք վարչապետի ինքնավստահ տոնին, փորձագետները միանգամայն համերաշխորեն համարում են, որ այդ գործը կընթանա բավական չափավոր տեմպերով, և շատ քիչ է հավանական, որ նա կարողանա գործընկերոջ կարգավիճակից արագորեն անցնել կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակի։ Այսպիսով, հեռանկարում ՇՀԿ-ին Թուրքիայի մասնակցությունը շատ սահմանափակ կլինի, և թուրքական ձայնը տարածաշրջանի այնպիսի ծանրաքաշների առկայության պայմաններում, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, այնքան էլ բարձր չի լինի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ