ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Տարիներով չեն կռվել, որ հիմա դեն նետեն «քրդական նախագիծը»

«Տարիներով չեն կռվել, որ հիմա դեն նետեն «քրդական նախագիծը»
30.07.2012 | 18:02

Թեև մեզ մոտ` Հայաստանում, վաղուց կարծիք է ձևավորվել թուրքերի առանձնակի հնարամտության և թուրքական դիվանագիտության «անհասանելի բարձունքների» մասին, աշխարհում տեղի ունեցող մի ամբողջ շարք քաղաքական իրադարձություններն ու տարածաշրջանում ծայր առած լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխությունները խոսում են այն մասին, որ այդ առասպելը կարող է լիովին փուլ գալ։ Մենք հիմա Թուրքիայի արտքաղաքական կուրսին և հիմնարար սկզբունքներին հասցվող համակարգային և ցավագին հարվածների վկաներն ենք։

Այսպես, բոլորովին վերջերս Էրդողանը Թուրքիայի ու Սիրիայի միջև «Բարեկամության կամրջի» բացման ժամանակ իրեն հատուկ անառարկելիությամբ ու ինքնահավանությամբ հայտարարում էր Դամասկոսի ու Անկարայի համատեղ «մեծ ծրագրերի» մասին ու սպառնում իրենց «ընդհանուր թշնամիներին»։ Սակայն շատ արագ թուրք վարչապետը մոռացավ թե՛ իր «բարեկամ Ասադին», թե՛ ընդհանուր շահերը, թե՛ «դարավոր բարեկամությունը»։ Նա իր կամքով կամ այլոց դրդմամբ դարձավ Սիրիայի ավերման եթե ոչ գլխավոր, ապա շատ ակտիվ ու կործանարար գործիք։ Թեև, իրեն հատուկ փարիսեցիությամբ, Էրդողանը չէր հոգում պնդելուց, թե Թուրքիան «կտրականապես դեմ է Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը», բայց կողմ` Բաշար Ասադի վարչախմբի անկմանը, քանի որ «պետք է հաղթի ժողովրդի կամքը»։ Եվ դա այն դեպքում, երբ անգամ քաղաքականությունից հեռու կանգնած մարդկանց համար է պարզ, որ դրա հետևանքով Սիրիան կդատապարտվի տևական և արյունահեղ քաղաքացիական պատերազմի և բազմազգ ու բազմադավան պետության անխուսափելի կործանման (օրինակ, իսրայելցի գիտական և քաղաքական մեկնաբան Ալեքս Վեքսլերը պնդում է, թե Սիրիան կարող է տրոհվել մի քանի պետության` Քրդստան, Ալավստան, Սուննիստան, և լրջորեն ապակայունացնել ամբողջ աշխարհի իրադրությունը)։ Բայց, դատելով ըստ ամենայնի, թուրքական իշխանությունները երկար ու սրբորեն հավատացել են թե՛ իրենց մեսիական առաքելությանը, թե՛ այն բանին, որ սադրիչ գործողությունները չեն կարող իրենց իսկ համար բումերանգ դառնալ։
Սակայն, շատ չանցած, Սիրիայում շարունակվող քաոսին զուգընթաց, նկատելիորեն ակտիվացան տեղի քրդերը, որոնք համահավաք ապրում են երկրի հյուսիս-արևելքում` Իրաքի և Թուրքիայի սահմանի մոտ։ Սկզբում քրդերը մի կողմ էին քաշվել ու չէին մասնակցում ցույցերին և ռազմական գործողություններին, բայց, պաշտոնական Դամասկոսի թուլացմանը զուգընթաց, նրանք, ամենայն հավանականությամբ, համարեցին, որ ներկա իշխանության ժամանակը սպառվել է, և վճռեցին առավելագույն շահ կորզել իրավիճակից։ Վերջին ժամանակներս քրդերի ձեռքն է անցել մի քանի բնակավայր, այդ թվում նաև Դիրիք քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ գտնվում է երեք պետությունների սահմանների կցույթում, որոնցից յուրաքանչյուրում զգալի թվով քրդական փոքրամասնություն է ապրում։ Սպասվում է, որ հիմա քրդերը կփորձեն ձեռք գցել քուրդ բնակչությամբ սիրիական խոշորագույն քաղաքային կենտրոն Ղամշլուն։ Եվ որ ամենահետաքրքրականն ու կարևորն է, նվաճված շրջաններում ամենուրեք իջեցվել են սիրիական պետական դրոշները, փոխարենը բարձրացվել Իրաքի ինքնավար Քրդստանի դրոշները։ Ամենայն հավանականությամբ, սիրիացի քրդերն ավելի ու ավելի են հակված մերձենալու Իրաքի իրենց եղբայրների հետ, իսկ դա արդեն միանգամայն նոր շրջադարձ է քրդական պատմության մեջ։ Այսինքն, դուր է գալիս դա, թե ոչ, սակայն քրդերը ևս մեկ կարևոր քայլ են արել միասնական ու անկախ Քրդստանի ստեղծման ճանապարհին։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծման հարցին շահագրգիռ մասնակցություն ունի Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին։ Շրջաններ են գործուղվում դեսպանորդներ և տարբեր կարգի «նախապատրաստական աշխատանքներ» են կատարում։ Այնպես որ, եթե Սիրիայի իրադարձությունները ծավալվեն համաձայն այն ծրագրերի, որոնք ողջունում և որոնց օգտին աշխատում է Անկարան, ապա դժվար չէ ենթադրել, որ Սիրիայից քրդաբնակ տարածաշրջանների փաստական բաժանումն արդեն ոչ հեռու ապագայում միանգամայն հավանական կլինի։ Թուրքերի համար առավել անվնաս տարբերակով` առայժմ որպես ևս մեկ քրդական ինքնավարություն։ Բայց այստեղ կարևոր է «առայժմը»։
Հիշեցնենք, որ հարևան Իրաքում ինքնավար Քրդստանը սոսկ ձևականորեն է երկրի մաս հանդիսանում։ Նա, օգտվելով անկախ պետության բոլոր առանձնաշնորհներից, բացահայտորեն հաշվի չի առնում Բաղդադի շահերը ո՛չ ներքին քաղաքականության մեջ, ո՛չ էլ, առավել ևս, տնտեսության։ Առանց ավելորդ աղմուկի, բայց վստահաքայլ` քրդերը կառուցում են անկախ, տնտեսապես զարգացած և, ինչպես հենց իրենք են առանձնահատուկ ընդգծում, արևմտյան տիպի ժողովրդական պետություն։ Զարգացումն սկսվում է զրոյից, բայց, ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, տեմպերը տպավորիչ են։ Այնտեղ, ուր դեռ վերջերս ղշլաղներ էին, բարձրացել են մարմարակերտ հինգաստղանի հյուրանոցներ, ատրակցիոններ ու զբոսայգիներ, ժամանակակից գերվաճառատներ ու գեղեցիկ ճանապարհներ։ Մի քանի հազարի է հասել միլիոնատերերի թիվը, բարեբախտաբար Իրաքի Քրդստանի նավթի պաշարները կազմում են 45 մլն տակառ, աշխարհում գրավում են վեցերորդ տեղը և կազմում են ամբողջ Իրաքում արդյունահանվող նավթի 40-60 տոկոսը։ Քրդերը չեն մոռանում նաև իրենց 80-հազարանոց բանակի մասին, որը չի ենթարկվում Բաղդադին։ Ընդ որում, ի տարբերություն մնացած Իրաքի, Քրդստանում բավական հանգիստ է։ Այսինքն, Իրաքի քրդերը հպարտանալու բան ունեն, իսկ Սիրիայի ու Թուրքիայի քրդերը` ոգեշնչվելու։
Բացի դրանից, թեև աշխարհում բոլորին հայտնի է, որ այս ամենը տեղի է ունենում «ամերիկյան սվինների» շնորհիվ և Սպիտակ տան օրհնությամբ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նրա գործընկերները, կարծես, բացահայտ ձևով չեն շտապում Քրդստան պետության ստեղծման հարցում։ Բայց, ինչպես նշում են դիտորդները, Բաղդադի ճնշմամբ և Վաշինգտոնի խորհրդով հետաձգված անկախության հանրաքվեն կարող է անցկացվել ցանկացած պահի։ Ինչ վերաբերում է նավթին, այստեղ ամերիկացիները բացահայտորեն շրջանցում են Իրաքի իշխանություններին։ Օրինակ, նրանց ամենևին չի վախեցնում այն, որ Իրաքն ամերիկյան էներգետիկ կորպորացիաները կանոնավոր կերպով մտցնում է «սև ցուցակների» մեջ և ջանում է թույլ չտալ, որ դրանք մասնակցեն նավթահանքերի շահագործման տենդերներին։ Վերջերս այդ «պատվին» արժանացավ աշխարհի նավթի-գազի խոշորագույն ընկերություններից մեկը` «Շևրոնը»։ Այդուամենայնիվ, «Շևրոն-ա»-ի մասնաճյուղերն ավարտեցին Իրաքի Քրդստանի երկու նավթաբեր բլոկների 80 տոկոս բաժնեմասի գնումը, ուր կաշխատեն ավստրիական ընկերությունների հետ։ Այնպես որ, թեև Իրաքի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչում միջազգային էներգետիկ ֆիրմաների հետ տարածաշրջանի կնքած տասնյակ պայմանագրեր և հայտարարում են, թե նավթի ու գազի արտահանման հարցերը լուծվում են բացարձակապես կենտրոնի մակարդակով, քրդերն ամեն ինչ անում են իրենց ուզածով։ Ներառյալ շահույթի բաշխումը։ ՈՒ հազիվ թե իրավիճակը փոխվի նույնիսկ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ Չէ՞ որ ակնհայտ է, որ ամերիկացիները տարիներով չեն կռվել, որ հիմա դեն նետեն «քրդական նախագիծը»։ Կասկած չկա, որ նրանք կպահպանեն իրենց հոգեզավակին, իրենց ներկայությունն ու ազդեցության լծակները, ուրեմն կպահպանեն նաև ամեն տեսակ անակնկալներից քրդերին տված երաշխիքը։
Պակաս արդյունավետ չեն զարգանում նաև Իրաքի քրդերի գործերն Իսրայելի հետ։ Փորձագետները նշում են, որ այսօր քրդերը «ոչ միայն համակրանք են տածում Իսրայելի հանդեպ, այլև խոսում են հրեաներին իրենց նմանության մասին։ Քրդստանը բացահայտորեն անվանում են «երկրորդ Իսրայել»։ Դրա հետ միաժամանակ էլ` մտքներով անցնում է կամուրջներ կառուցել Թեհրանի հետ։ Այսպես, վերջերս Թեհրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի ղեկավար Սալեհը հայտարարեց, որ Իրանը կարևոր դեր է խաղում Քրդական ինքնավարության տնտեսության զարգացման գործում. նա պայմանավորվածություն ձեռք բերեց մի շարք ապահովագրական, փոխադրական և ավիացիոն ընկերությունների ստեղծման շուրջ, ինչպես նաև տեղեկացրեց, որ Իրանը մտադիր է ինքնավարությունում բացել իր բանկի ներկայացուցչություն։ Իսկ մինչ այդ Իրանն ու Իրաքի Քրդստանը համաձայնագիր էին ստորագրել մշակութային համագործակցության շուրջ։ Ահա հիմա էլ միանգամայն հավանական է, որ Սիրիայում իրադարձությունների զարգացումը հանգեցնի այդ փաստացի անկախ քրդական պետության տարածքների ընդլայնման` ի հաշիվ սիրիական տարածքների։
Իսկ ի՞նչ է մտածում Սիրիայում խաղեր տվող Թուրքիան։ Հասկանալի է, որ նրա համար անընդունելի է ևս մեկ ինքնավար Քրդստանի ստեղծումը։ Առավել ևս, չմոռանանք, որ Թուրքիայում քրդական պարագլուխների միավորումը, ուր մտնում են ինչպես քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, այնպես էլ պատգամավորներ, մեկ անգամ չէ, որ թուրքական Դիարբեքիրի նահանգը հայտարարվել է քրդական ժողովրդավարական ինքնավարություն և շոկի մեջ գցել Անկարային։ Իսկ Էրդողանին քուրդ պատգամավոր Ալթան Թանի նետած խոսքը` «եթե դուք ապրում եք փողոցի չափանիշներով, մենք կապրենք լեռների չափանիշներով», փաստորեն, ամենօրյա հաստատում են գտնում նորությունների արյունահոտ թողարկումներում (միայն վերջին օրերին քրդերը ռմբակոծել են թուրքական բանակի մեկ ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, յոթը վիրավորվել, իսկ Թուրքիայի հարավում պայթեցրել են նավթամուղը)։ Հիմա մի «նվեր» էլ Սիրիայում։ Ի՞նչ անեն «խեղճ թուրքերը»։ «Ռեգնում» գործակալությունը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, արդեն անհնար է գործընթացի դեմն առնել, և Անկարայի համար «Դամասկոսի հսկողությունից դուրս տարածաշրջանի ստեղծումը, որը, ընդ որում, կգտնվի Իրաքի Քրդստանի և նրա առաջնորդ Մասուդ Բարզանիի վերահսկողության ներքո, ավելի ընդունելի է», քանի որ դա, իբր, նվազագույնի կհասցնի «գլխավոր թշնամու»` Քրդստանի աշխատավորական կուսակցության ազդեցությունը։ Սակայն պետք չէ կասկածել, որ տարածաշրջանում երկրորդ քրդական ինքնավարության հռչակումը, հանգիստ չի տա թուրքական իշխանություններին։ Պատահական չէ, որ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Փիրսոնը ժամանակին հայտարարեց, թե «ամերիկյան տեսակետից»` Թուրքիայի ամբողջ արևելքն ու հարավ-արևելքը, Իրաքի ամբողջ հյուսիսն ու Սիրիայի հյուսիս-արևելքը միասնական տնտեսական տարածություն են կազմում։ Մնում է վերստին ավելացնել` առա՛յժմ տնտեսական։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ