Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Փնտրում է ու չի՞ գտնում

Փնտրում է ու չի՞ գտնում
16.04.2024 | 11:02

Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»:

ՈՒրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»:

Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:

Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանցեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք: Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին:

1915 թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով: Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր, այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա՜ն կոտորածներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալեաթ և Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալեաթին.

«Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել»: Այսինքն արդարացել էր՝ «այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք»: Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ձեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են «մահվան ճամբար» և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ և պառկել հանգստանալու, ուժեր հավաքելու: ՈՒժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Մահվան ճամբարից փրկվողներ էլ կան, որոնք հետո, կենդանի մնալով, արաբների մոտ վարձվել են որպես խաշնարածներ: Չեն խելագարվել, սոված էին և անըդհատ ուտելիք փնտրելու, ուտելու փափագը խանգարել է խելագարվելուն: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15 000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Իսկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի: Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»: Միայն թե մենք դեռ կայսրություն չենք, պարոն Քոչարյան, ցեղասպանական փորձ էլ չունենք, և չենք սովորել մարդկանց հիշողությունները լվանալու արհեստը:

Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում:

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ

Հ.Գ.

Ներեցեք, վերը իմ գրառումն արել էի հավանաբար սխալ նյութ կարդալով: Հիմա ստացա այս նյութը (https://www.panarmenian.net/.../%C2%AB%D4%BF%D5%A1%D6%80...): Այստեղ պարոն Քոչարյանը չի հերքում Հայոց Ցեղասպանությունը, նա նեղվում է, որ մենք անուն առ անուն չգիտենք ցեղասպանվածներին, և քանի դեռ չգիտենք՝ Թուրքիան հերքելու է Հայոց ցեղասպանությունը: Ես մեղավոր եմ իմ կոշտ արձագանքի համար: Բայց հարցադրումը մնում է՝ մեկուկես միլիոնի անունը չգիտենք:

Չգիտենք, որովհետև Մուստաֆա Քեմալը բոլշևիկների պաշտպանությամբ և օգնությամբ 1920 թ. պատերազմ սկսեց Հայաստանի դեմ:

Չգիտենք, որովհետև նախ բոլշևիկյան Ռուսաստանը, ապա ԽՍՀՄ-ը Թուրքիայի բարեկամն էր և ցեղասպանությունից փրկված հայերին քշում էր Սիբիր:

Թուրքիան էր պահանջել՝ «իմ սահմանից առնվազն 60 կմ հեռու»: Խոնարհ ԽՍՀՄ-ն ավելի հեռու տարավ, և հայերին արգելեց «թեման բացել»: Սրանք հայտնի իրողություններ են:

Բայց ընկնել թուրքական թակարդը և զոհերի անունների բա՞նկ ստեղծել: Ինչը, ի դեպ, արվում է:

Անոններն ի՞նչ են ապացուցելու:

Ցեղասպանվածների թի՞վ, ինքնությու՞ն:

Բայց ցեղասպանել են ոչ թե անուն ազգանուններով մարդկանց, այլ ազգային պատկանելությամբ մարդկանց: Մենք չենք ասում՝ X.Y.-յանի սպանություն, մենք ասում ենք «հայերի սպանություն»: Բայց սա ասելով՝ ավելացնում ենք, որ ցեղասպանությունը նաև հայրենազրկելն է, էթնիկական հայրենիքից զրկելը, անցյալի ազգային մշակութային ժառանգությունն անհնար դարձնելը, այդ ժառանգության ոչնչացումը, խմբի մշակութային և էթնիկական ինքնությունը փոխելը:

Թուրքիան այդ ասածը չի՞ ընդունում:

Է, Թուրքիան ընդունում է մի բան՝ «հայերն են ցեղասպանել թուրքերին»: Եվ մեզ պատվիրում է՛. «պատմությունը քննել և գտնել թուրքերին ցեղասպանած հայերին»:

Ադրբեջանն էլ միացել է՝ Արցախի ինքնապաշտպանները ռազմական հանցագործներ են:

Ոչ թե Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի սադիստները, որոնց անունները հայտնի են, որոնց պաշտպանության համար սարի պես կանգնել էր և կանգնած է Ադրբեջանական պետությունը, և որոնց մի մասն էլ Ադրբեջանում պատվավոր հերոսներ են, այլ Շուշիի, Գանձակի, Բաքվի բանտը տարվածների հարազատները:

Հիմա ինչ, այդ թակարդո՞վ անցնենք: Պարոն Քոչարյան, Դուք գիտե՞ք, թե իրականում քանի մարդ է զոհվել Բաքվում 1990 թ. հունվարին: Զոհվել, հաշմվել, խելագարվել, անտուն մնացել... Քանիսն են սգում իրենց զոհված հարազատներին: Գիտե՞ք նրանց անունները: Բաքուն ասւոմ է՝ այդպիսի բան չի եղել, տվեք նրանց անունների ցանկը: Մեզ հայտնի ցա՞նկն է հաստատելու եղածը: Դե տվեք, պարոն Քոչարյան: Այլապես Ադրբեջանը չի ընդունելու իր արածը: Դա եղել է մեր սերնդի կենդանության ժամանակ, համարյա մեր աչքի առաջ, և ԽՍՀՄ-ին հաջողվել է կոծկել այդ ամենը: Ասում եմ, չէ՞, կայսրությունները հիշողության ձևավորման արհեստավորներ են: Հիմա, անկախ պետությունում, կարո՞ղ եք սկսել Բաքվի զոհերի իրական ցանկի ստեղծումը: Լավ կլիներ սկսեիք: Հենց որ սկսեք՝ պատվերը կփոխվի: Հիմա էլ նոր պատվերով շարժվենք: Դուք գնում ենք թուրքական պատվերով՝ Թուրքիան ցանկ է ուզում: Այդ ցանկը տվեք միայն մեկ մարդու անունով՝ Հրանտ Դինք: Հուսով եմ ծանոթ եք այդ անվանը: Թուրքիայում սպանվել է հայ լինելու համար: Թուրքիայում հրատարակվել է լրագրողական հետքաննությամբ գիրք: Շատ հարուստ նյութ կա: Մենք սխալ լեզու ենք օգտագործում: Մենք թուրքական պատվերի թակարդն ենք ընկնում:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ