ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իմ վաղեմի հուշերից

Իմ վաղեմի հուշերից
01.12.2014 | 13:28

Այն ժամանակ ես շատ փոքր էի` վեց թե յոթ տարեկան, երբ մի անգամ Երևանից Թբիլիսի վերադառնալիս, գնացքում մտերմացա մի ուսանողի հետ, որը ոչ միայն Շուլավերի կայարանից գնած խաղողով ու դեղձով հյուրասիրեց, այլև այնպիսի հաճույքով սկսեց ինձ պատմել հին Հայաստանից ու հին աշխարհից, որ կարծես լսողը ոչ թե չարաճճի մի «գիժ» տղա լիներ, այլ մի մեծ մարդ:

Երկար ժամանակ լսում էի նրա պատմությունները, որոնք մեկը մյուսից հետաքրքիր էին:
Ինձ զարմացնում էր նրա գրական հայերենը, որպիսին ես մինչ այդ բախտ չէի ունեցել լսելու: Եվ վերջապես, ինձ ոչ ոք նման ուշադրության չէր արժանացրել և ոչ էլ այդքան հետաքրքիր բաներ պատմել: Մի խոսքով, այդ հրաշք երիտասարդը, որ ինձ թվում էր կատարյալ, գրավել էր իմ սիրտն ու հոգին:
Ծնողներս շատ զարմացան, երբ ինձ գժություններ անելու փոխարեն` տեսան ապուշ կտրած, բերանս բաց նրան լսելիս:
ՈՒրախությանս չափ ու սահման չկար, երբ պարզվեց, որ նա էլ է մեր բակ գալիս, իր մորաքրոջ` Նինայի մոտ, ուսումը Թբիլիսիում շարունակելու: Ինչ խոսք, որ այժմ արդեն բազմիցս առիթ էի ունենալու ինձ հետաքրքրող պատմությունները լսելու, որոնք նա միշտ էլ հաճույքով էր պատմում:
Վրա էր հասնում իմ յոթ տարին, ես պետք է պատրաստվեի ռուսական դպրոց ընդունվելու: Քույրս անընդհատ պարապում էր ինձ հետ:
Մի օր բարեկամիս հարցրի, թե նա այդքան հետաքրքիր բաներ որտեղի՞ց գիտի: Նա ինձ ասաց, որ շատ է կարդում և ամեն ինչ սովորում է գրքերից:
- Իսկ եթե ռուսական դպրոցում սովորեմ, չե՞մ կարող այդքան բան ես էլ իմանալ:
- Ոչ,- ասաց նա կատակով:
Իսկ ինձ նրա ասածը թվաց ճշմարիտ և օր օրի ավելի էի մտահոգվում, համոզվում, որ հայոց լեզուն բոլորից լավ լեզուն է, քանի որ նրանով են միայն գրված այդպիսի հիանալի պատմություններ: Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ռուսական դպրոց պետք է ընդունվեմ: Բայց չէ որ դա իմ ցանկությունը չէր, այլ քրոջս ու մասամբ էլ ծնողներիս: Ներփակ պայքարում էի այդ երկու, ինձ համար անտանելի զգացումների դեմ: Սակայն գիտեի, որ չէի հակառակվի քրոջս հեղինակավոր կամքին, բայց նաև թվում էր, որ չէի սովորի ինձ համար խորթ թվացող դպրոցում:
Վերջապես եկավ այդ անտանելի օրը և ինձ տարան դպրոց: Նախքան ընդունվելը պետք է ստուգեին ռուսերենի իմ գիտելիքները: Երբ տնօրենի առանձնասենյակում քննող ուսուցիչներից մեկը ցույց տվեց թանաքամանը և հարցրեց, թե այս ի՞նչ է, ես պատասխանելու փոխարեն սկսեցի բարձրաձայն լալ: Ինձ ասացին, որ անգամ եթե չգիտեմ, լաց չլինեմ: Դրան ի պատասխան ասացի, որ շատ էլ լավ կարող եմ պատասխանել, միայն թե ցանկանում եմ հայկական դպրոցում սովորել: Այս խոսքերը զարմացրին բոլորին, առավել ևս քրոջս: Նույն օրն ևեթ ընդունվեցի Ավետիք Իսահակյանի անվան հայկական դպրոց:
Չգիտեմ, իսկապես ի՞նչն ինձ օգնեց տնօրենի մոտ այդպես համարձակ խոսելու և այն էլ ավագ քրոջս ներկայությամբ: Սակայն մի բան պարզ է, որ իմ մեջ, ժողովրդիս և մայրենի լեզվիս նկատմամբ սիրո առաջին ծիլերը, որ պատվաստել էր մայրիկս, անհամեմատ զարգացրեց Պետրոսը:
Ես չեմ ասում, թե ռուսական դպրոցում սովորելով ես չէի սիրի հարազատ ժողովրդիս ու լեզուս, ոչ, այդ չեմ ուզում ասել, այլ այն, որ ինչպես բազմաթիվ աղջիկներ ու պատանիներ, այնպես էլ ես կլինեի դժբախտ, եթե արժանիորեն չտիրապետեի իմ ոսկեղենիկ մայրենիին: Ահա այդ է, որ ինձ պարտավորեցնում է հավիտենապես երախտապարտ մնալ իմ սիրելի բարեկամ Պետրոսին:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 12267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ