ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե զգում ես, որ կռիվն անխուսափելի է, ուրեմն առաջինը հարվածիր»

«Եթե զգում ես, որ կռիվն անխուսափելի է, ուրեմն առաջինը հարվածիր»
25.12.2015 | 01:34

Ռուսաստանը միշտ եղել և մնում է հզոր կայսրություն: Այդ կայսրությունը փլուզելու Արևմուտքի ջանքերը երբեմն տվել են իրենց պտուղները, բայց կարճ ժամանակ անց այն նորից հառնել է մոխիրներից և ազդարարել. «Ես կրկին խաղադաշտում եմ»: Սիրիայում ընթացող հնգամյա պատերազմում արևմտյան ուժերը չկարողացան իրագործել իրենց հիմնական խնդիրը` տապալել Ասադի վարչակարգը, որով իսկ կիրագործեին իրենց մեկ այլ վաղեմի և այն էլ հիմնական խնդիրը` Ռուսաստանը վերջնականապես դուրս մղել Միջերկրական ծովից: Հավատալով, թե Ռուսաստանի վզին փաթաթել են ուկրաինական պրոբլեմը, նրանք վստահ էին, որ Ասադի տապալումը պարզապես ժամանակի խնդիր է: Արևմուտքում ոչ մեկը չէր կարող կանխատեսել, որ տնտեսական, քաղաքական ծանր պրոբլեմների մեջ թաղված Ռուսաստանը կարող էր ինչ-որ քայլեր ձեռնարկել Միջին Արևելքում, մանավանդ որ այդ տարածքում վերջին տասնամյակներում Ամերիկան անում էր այն, ինչ կարող էր անել սեփական հզորությունից լպիրշացած, անպատժելիությունից նորմալ մտածելու կարողությունը կորցրած մեկը:

Եվ հանկարծ 2015-ի սեպտեմբերին ռուսական ավիացիան սկսեց իր հակաիսլամական գործողությունները Սիրիայում: Ընթերցողը հավանաբար հիշում է այդ կապակցությամբ գրված «Կասպից ծովից թռած հրթիռներով Ռուսաստանը շախ հայտարարեց Արևմուտքին» վերլուծականս: Այդ գործողություններով Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց Արևմուտքին, որ նրանք երբևէ չեն հասկացել, չեն էլ հասկանա ռուսական անկանխատեսելի ոգին: Իրոք, Արևմուտքի քառակուսի գլուխներով քաղաքական գործիչներին թվում էր, թե նրանք այնպես են թաղել Ռուսաստանը բազմաբնույթ տնտեսական, քաղաքական հարցերի մեջ, որոնցից նա հազիվ թե կարողանա գլուխ հանել: Վերջերս Ռուսաստանի նախագահը երկրի քաղաքացիների հետ ունեցած հարցազրույցում ևս մեկ անգամ կրկնեց մինչ այդ ասված խոսքը. «Եթե զգում ես, որ կռիվն անխուսափելի է, ուրեմն առաջինը հարվածիր»:
Ղեկավարվելով այդ տրամաբանությամբ, նա հասկացավ, որ այլևս չի կարելի հանդուրժել Արևմուտքի հակառուսական լկտի քաղաքականությունը և հարկավոր է առաջինը հարվածել: Եվ նա այդ հարվածը հասցրեց Սիրիայում: Ի տարբերություն շախմատային շախի, որի տևողությունն այնքան էլ երկար չի լինում, քաղաքական շախը կարծես փոքր-ինչ երկար տևեց, մինչև այն պահը, երբ ՄԱԿ-ն ընդունեց Սիրիայի հարցով երկու կարևոր որոշում: Էական չէ, թե այդ որոշումները երբ և ինչպես կիրագործվեն, կարևորն այն է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է համագործակցելու իսլամիստների հարցում Ռուսաստանի հետ և մեկ էլ` Ասադի հեռացումը պաշտոնից ոչ միայն առաջնահերթ չէ, այլև նա և իր գլխավորությամբ գործող սիրիական բանակը այն միակ ուժն են, որ ներկա պահին ցամաքային հաջող գործողություններ են իրականացնում իսլամիստների դեմ: Կարևոր է նաև այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահի առաջարկությունը` հանել թուրքական զորքերը Իրաքի տարածքից, լսեց և ընկալեց Էրդողանը: Սիրիական կամպանիայով Պուտինը ոչ միայն հաստատել էր ինքնուրույն և զորեղ խաղացող լինելու հանգամանքը, այլև եվրոպական որոշ քաղաքական գործիչների հասկացրեց, որ մեր պետությունների տարածքներն ավելի մոտ են իրար, քան ձերն ու Ամերիկայինը, որ, Աստված մի արասցե, հնարավոր կոնֆլիկտների դեպքում ռուսական հրթիռներն առաջին հերթին պիտի ոչնչացնեն Եվրոպայում գտնվող ատոմային մարտագլխիկներով ամերիկյան հրթիռները: Իր երկրի անվտանգությամբ մտահոգված Պուտինին արևմտյան որոշ հեղինակավոր ամսագրեր, լրագրողներ անամոթաբար համեմատում են Էրդողանի հետ (թեկուզ հանուն ճշմարտության ասենք, որ դրա առիթը, որոշ ժամանակ իր հայտնի թուրքասիրությամբ, Էրդողանասիրությամբ տվել է Պուտինը), բայց որոշ հարցերում, իսլամիստների դեմ պայքարում տարանջատում են նրանց: Ոչ մի կերպ հնարավոր չէ համակարծիք լինել նրանց հետ, ովքեր գրում են, թե Պուտինի օրոք Ռուսաստանն ավանդական հզոր պետության նման է գործում, փորձելով ապահովել անվտանգություն և ձեռք բերել հարգանք ու հեղինակություն` առանց մտածելու երկրում արևմտյան լիբերալ արժեքներ ներդնելու մասին:
Պատմությունը ցույց է տվել, որ իրոք Ռուսաստանին պետք չեն եվրոպական ավանդական լիբերալ արժեքները, որովհետև նման արժեքների դեմ լայն դուռ բացելու դեպքում սկսվում է Ռուսաստանի քանդումը: Վերցնենք մեկ օրինակ գրականության բնագավառից: Կլասիցիզմը Եվրոպայում սկսվեց և իր զարգացման գագաթնակետին հասավ մոտ երեք հարյուր տարում: Ռուսաստանում մինչև Պուշկինը չկար գրականություն, բայց ընդամենը հարյուր տարի և ռուսական գրականությունը տվեց հսկաների մի ողջ աստղաբույլ, և դա եվրոպական արժեքավոր գրական մտքի ռուսական մշակումն էր, արդեն նոր որակի, ռուսական ոգու դրսևորմամբ: Ռուսաստանը եվրոպական արժեքներից վերցնում է այն, ինչը կնպաստի իր ազգային արժեքների զարգացմանն ու դրսևորմանը: Երբ Եվրոպայում լսել են Չայկովսկու երաժշտությունը, ապշել են, ասելով` ինչպե՞ս, արջերի երկրո՞ւմ էլ են երաժշտություն գրում: Բալետը ռուսական երևույթ չէ, բայց այսօր ռուսական բալետը հանրահայտ է ողջ աշխարհոււմ: Նույնը ռուսական հոկեյի, մարմնամարզության մասին: Այսինքն` Ռուսաստանը վերցնում է Արևմուտքից այն, ինչ պետք է իրեն: Այսօր եվրոպական լիբերալ արժեքներից է հավանաբար միասեռ անձանց ամուսնությունը, ինչը, ինչպես ասել է Պուտինը, հարիր չէ մեր ռուսական արժեքներին:
Տեղին է հարցնել, Արևմուտքին ինչո՞ւ է անհանգստացնում այն, ինչը Ռուսաստանը, ռուս ժողովուրդը չեն ըմբռնում: Արաբական, ասիական շատ երկրներ ապրում են միջնադարյան օրենքներով, նրանք կարիք չունեն եվրոպական շատ արժեքների, ինչո՞ւ են փորձում նրանց պարտադրել դրանք: Եվրոպայի լիբերալները եթե մտահոգված են եվրոպական արժեքների տարածմամբ, ապա թող թույլ տրվի հարցնել, ինչո՞ւ են ընդունում շեյխերի բազմամուսնությունը, նրանց անսահման իշխանությունը, կնոջ իրավունքների ոտնահարումը: Եթե Ռուսաստանը չի ընդունում Արևմուտքի շատ լիբերալ արժեքներ, ապա Եվրոպային թող թույլ տրվի հարցնել` ինչո՞ւ եք մտահոգվում դրա համար: Ցանկացած գաղափար, որ հարիր չէ տվյալ ազգի ոգուն, վերջին հաշվով բերում է նրա եթե ոչ կործանման, գոնե այլասերման: Այսօր Ռուսաստանում չկա կոմունիստական գաղափարախոսությունը, և ոչ ոք չի կարող մեղադրել նրան գաղափարախոսության արտահանման մեջ, բայց և բոլորը փորձում են իրենց «օգտակար» խորհուրդներով քանդել այն:
Այսօր թող թույլ տրվի հարցնել, Ռուսաստա՞նն է պրոգրեսիվ դեր խաղում Մերձավոր Արևելքում, թե՞ միլիոնավոր մարդկանց կյանք խլած, միլիոնավորներին գաղթական դարձրած, քրիստոնյա Եվրոպայի ապագան հարվածի տակ դրած Արևմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը: Ռուսաստա՞նն է ամենուրեք բռնակալներ, կործանում, թե՞ Արևմուտքը: Քադաֆի «բռնակալի» անեծքն այսօր Եվրոպայի համար իրականություն է դարձել:
Խորհրդային պետությունը չկա, Ռուսաստանը կամովին հեռացել է Եվրոպայից, չկան Վարշավայի պակտի երկրները: Եվ ի՞նչ: Արևմտյան լիբերալ արժեքների անվան տակ ԱՄՆ-ը մոտենում և մոտենում է Ռուսաստանին: Ռուսաստանը քսան տարի շարունակ նայում էր ԱՄՆ-ին, իսկ նա սողացող օձի պես արդեն Ռուսաստան էր ուզում մտնել: Ոչ միայն ԱՄՆ-ի վերջին նախագահները, այլև Եվրոպայի շատ գործիչներ չկարողացան վերջակետ դնել իրենց ծավալապաշտական նկրտումներին, և երբ Ռուսաստանը փորձեց վերջին հաշվով տեր կանգնել իր իրավունքներին, սկսեցին նրան ու նրա լիդերին մեղադրել եվրոպական լիբերալ արժեքներ չընդունելու մեջ: Պետք է ասել, որ ցանկացած ազգ որևէ արժեք ընդունելու համար պետք է պատրաստ լինի դրան: Այնպես որ, ցանկացած արժեքի հեղափոխական ներդրումը միշտ էլ հղի է վտանգավոր հետևանքներով: Վտանգավոր չէ այն երկիրը, նրա լիդերը, որը չի ընդունում իրենց պարտադրված որևէ արժեք, այլ վտանգավոր է այն երկիրը, նրա լիդերը, որն իր ստոր նպատակները փորձում է ներկայացնել որպես համամարդկային արժեքներ և հավատացնելով յուրայիններին դրանում խոցում է կարևոր առաքելություն կատարող երկրի օդանավը: Միայն ավիահարվածներով չես ոչնչացնի իսլամիստներին: Նրանց վերջնական ոչնչացման համար ցամաքային զորքեր են պետք, բնականաբար, ԱՄՆ-ը, Արևմուտքը լիբերալ արժեքներ կրող են, մարդկային արժեքը նրանց համար առաջնային է, թող թույլ տրվի հարցնել ուրեմն` այդ դեպքում ո՞վ է կռվելու այդ մարդագայլերի դեմ: Քրդերը կռվում են իսլամիստների դեմ, թուրքերը կռվում էին քրդերի դեմ, այսինքն՝ թուրքերը իսլամիստների կողքին են, ինչով թուրքերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ իրենք գենետիկորեն չարի կողքին են:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը մի շարք ժողովուրդների նկատմամբ ահավոր հանցագործություններ են կատարել, այսինքն` նրանք ցեղասպան ժողովուրդ են: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նրանք դարձյալ չարի՝ ֆաշիզմի կողքին էին:
Ինչևէ, հետսեպտեմբերյան երեք ամիսները ցույց տվեցին, թե ով է Պուտինը՝ Ռուսաստանը, և ով Էրդողանը՝ Թուրքիան: Էրդողանը թուրքական հետևակային չի ուղարկի իր հանցավոր եղբայրների դեմ կռվի: Պուտինի համար այսօր ռուս մարդը մեծ արժեք ունի: Հետևաբար ո՞վ է ցամաքային գործողություններ իրականացնելու իսլամիստների դեմ, միայն քուրդն ու սիրիական զորքերը: Կբավարարե՞ն նրանց ուժերն արդյոք, ցույց կտա ժամանակը: Մինչդեռ պետք չէ ապավինել ժամանակին, որովհետև ժամանակն աշխատում է նրանց օգտին: Դեպքերը ցույց են տալիս, որ երեքամսյա ռուսական օդուժի հարվածները որքան էլ արդյունավետ, այնուամենայնիվ, բավարար չեն իսլամիստների վերջնական ջախջախման համար: Ռուսական ինքնաթիռի խորտակումով Թուրքիան նոր լիցք հաղորդեց իսլամիստներին: Հետևաբար եզրակացությունը մեկն է՝ պետք է վերացնել նրանց սնուցող աղբյուրը:
Թուրքիան այսօր աշխարհի թիվ մեկ չարիքն է:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 19114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ