«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստանցիների 35 տոկոսի համոզմամբ, ԼՂ-ի անկախացումը համապատասխանում է Մոսկվայի շահերին

Ռուսաստանցիների 35 տոկոսի համոզմամբ, ԼՂ-ի անկախացումը համապատասխանում է Մոսկվայի շահերին
12.05.2016 | 23:11

Հարցվածների 44 տոկոսն էլ պնդում է, որ Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել կողմերին: Ռուսաստանցիների մեկ երրորդի` 35 տոկոսի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության գոյությունը կհամապատասխանի ՌԴ ազգային շահերին: Այդ են վկայում Մոսկվայում գործող Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր:


Ռուսաստանցիների 9 տոկոսի համոզմամբ, իրենց երկրի շահերից է բխում, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ընդգրկվի Հայաստանի կազմում: Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում գտնվելու կողմնակիցների թիվը ռուսաստանցիների շրջանում, ըստ ВЦИОМ-ի հարցման, չի գերազանցում վեց տոկոսը:
Մոսկվացի սոցիոլոգները փորձել են պարզել ռուսաստանցիների տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում: Պարզվում է, որ հարցվածների մեկ քառորդից ավելին` 26 տոկոսը, այսօր էլ համոզված է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Եվս 13 տոկոսի համոզմամբ, Ղարաբաղը Հայաստանի, 11 տոկոսնի կարծիքով էլ՝ Ադրբեջանի մասն է: Ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մասին ռուսաստանցիների տեղեկացվածության մակարդակը կտրուկ աճել է:

«Եթե 2014-ին հարցված ռուսաստանցիների միայն 10 տոկոսն էր ասում, որ քաջածանոթ է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, այսօր՝ 25 տոկոսը»,- նշում են ВЦИОМ-ի մասնագետները, հավելելով` «2014-ին հարցվածների միայն 35 տոկոսն էր նշում, թե որոշակի պատկերացում ունի այս հակամարտության մասին, այժմ՝ 47 տոկոսը: Եթե երկու տարի առաջ ռուսաստանցիների 52 տոկոսը պնդում էր, թե երբեք չի լսել ղարաբաղյան հակամարտության մասին, ապրիլյան պատերազմից հետո՝ 27 տոկոսը»:
ВЦИОМ-ի սոցիոլոգները փորձել են պարզել` ռուսաստանցիների կարծիքով ի՞նչ մոտեցում պետք է որդեգրի Ռուսաստանը հակամարտության ընթացքում, կողմերից ո՞ր մեկին է հարկավոր աջակցություն ցուցաբերել: Հարցվածների 4 տոկոսի համոզմամբ, պաշտոնական Մոսկվան պետք է աջակցի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը, 2 տոկոսի համոզմամբ էլ` Ադրբեջանին: Հարցման մասնակիցների հարաբերական մեծամասնության` 44 տոկոսի պնդմամբ, Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել երկու կողմերին: Ռուսաստանցիների ևս 36 տոկոսը հակառակն է պնդում՝ Մոսկվան որևէ պարագայում չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտությանը:

Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ վատթարացման ֆոնին Մոսկվայի լիակատար չեզոքության կողմնակցիների թիվը 2014-ի համեմատ նվազել է շուրջ 25 տոկոսով:
ВЦИОМ-ի հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 18 տոկոսն ընդհանրապես վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որևէ առնչություն չունի ՌԴ կենսական շահերի հետ: Չնայած շփման գծում իրադրության կտրուկ լարմանը` ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը վստահ է` «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով»: Եթե 2014-ին այս տեսակետին էին հակված ռուսաստանցիների 57 տոկոսը, ապրիլյան պատերազմից հետո՝ 71 տոկոսը: Հարցումն արվել է ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` երկրի բոլոր 9 դաշնային օկրուգների կազմում ընդգրկված 46 մարզերում, երկրամասերում և հանրապետություններում:

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ