38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արևմուտքի մտադրություններն Աբխազիայում

Արևմուտքի մտադրություններն Աբխազիայում
05.12.2008 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Հարավային Օսիայում ռազմական գործողություն իրականացնելու առումով Վրաստանի ղեկավարության իրական մտադրությունները բացահայտված են ոչ ամբողջությամբ։ Համենայն դեպս, ներքին գործոններից բացի, որ կապված էին «ժողովրդին տրված խոստումների» և այլնի հետ, իրենց դերն ունեին ոչ միայն էական, այլև բազային գործոնները, որոնք առնչվում էին արտաքին մարտահրավերներին։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը, ի հակակշիռ միջազգային հանրության` Կոսովոյի վերաբերյալ ընդունած որոշումների, իր հերթին որոշում կայացրեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի վարչատնտեսական ինտեգրացիան իրականացնելու մասին։ Արևմտյան հանրությունը, այսինքն՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, վերջին 2-3 տարիներին իրականացնում էին բավական տարօրինակ քաղաքականություն Աբխազիայի նկատմամբ, ինչը հանգեցրեց նույնիսկ Թուրքիայի հետաքրքրությունների ուժեղացմանն այդ կովկասյան հանրապետությունում։ Այս կասկածելի պատմության բոլոր նրբերանգներով հանդերձ, բացարձակապես ակնհայտ էր, որ Արևմուտքը մտադիր է ամենացինիկ կերպով անտեսել Վրաստանի կարծիքն ու հավակնությունները, ինչն իր հերթին Թբիլիսիում նկատելի գրգռվածություն, ապա և լուրջ դժգոհություն առաջացրեց։ Վրաստանում հասկացան, որ Աբխազիան վերջնականապես կորցնելու վտանգը բխում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Արևմուտքից։
Եվրոպական կառույցների թվին ընդունված է դասել Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձնաժողովը, ԵԽ ԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրոպական դատարանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն, որն իբրև ռազմաքաղաքական դաշինք, անկասկած, եվրատլանտյան կառուցվածքի մասն է կազմում։ Երկար ժամանակ եվրոպական կառույցները, ներառյալ ՆԱՏՕ-ն, բավականաչափ զուսպ էին վերաբերվում Հարավային Կովկասում առկա հակամարտություններին, քանի որ կային բազմաթիվ խնդիրներ եվրոպական քաղաքականության ձևավորման և իրագործման առումով։ Մինչ այժմ եվրոպական քաղաքականությունը դիտարկվել է իբրև առաջատար եվրոպական պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, մասամբ՝ Իտալիայի ու Իսպանիայի քաղաքականություն։ Ընդ որում, բրիտանական քաղաքականությունը հազիվ թե կարող է ընկալվել իբրև զուտ եվրոպական, թեկուզ և Լոնդոնն ակտիվ աշխատում է եվրոպական քաղաքականության մեջ որոշակի գաղափարներ և նախաձեռնություններ ներդնելու ուղղությամբ։
Այնուհանդերձ, Կովկասյան տարածաշրջանը միշտ էլ գրավիչ է եղել եվրոպական հանրության համար, սակայն, լուրջ խնդիրներ ունենալով Եվրամիության ներսում, եվրոպացիները չեն ներկայացրել մոտեցումներն ու քայլերը կովկասյան խնդիրների լուծմանն իրենց մասնակցության առումով։ Չեչենական խնդիրն ինչ-որ չափով նպաստեց Եվրոպայի ներգրավմանը կովկասյան գործերի մեջ, և այդ ժամանակ էլ եվրոպացիները զգացին, որ այս տարածաշրջանից բխում են իրական վտանգներ։ Եվրոպական կառույցները խրախուսում էին բրիտանական քաղաքականության ակտիվացումը Կովկասում, սակայն միաժամանակ մատնացույց անում այն վտանգները, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ-ի միանձնյա միջամտության հետևանքով, ինչպես նաև բրիտանական այն խաղերի, որոնք հետապնդում էին որոշակի նպատակներ, սակայն խորթ էին եվրոպական շահերին։ Ղարաբաղյան հիմնախնդրում քաղաքական որոշումների բացակայությունն ու հայ-ադրբեջանական հակադրության շարունակումը, կտրուկ սրացումն ու շարունակվող հակամարտություններն աբխազական ու հարավօսական շրջաններում, Թուրքիայի ու Իրանի դերի անորոշությունը տարածաշրջանում և, վերջապես, Ռուսաստանի` իր դիրքերը Հարավային Կովկասում վերականգնելու ջանքերը, եվրոպական քաղաքական գործիչներին հանգեցրին այն որոշման, որ պետք է ակտիվ միջամտել կովկասյան քաղաքականությանը։
Կոսովոյի խնդիրը, որի լուծումը պահանջեց սկզբունքային և արմատական որոշումներ, ուղղակիորեն ազդեց Կովկասում Եվրամիության ակտիվացման վրա։ Այս տարածաշրջանը, պարզվեց, շատ հարմար փորձադաշտ է ուժերը փորձելու համար, մանավանդ որ Հարավային Կովկասի պետությունները, որոշակի իմաստով, եվրոպական երկրներ են, քանի որ անդամակցում են Եվրոպայի խորհրդին, ձեռք են բերել «մերձավոր հարևանների» կարգավիճակ և ակտիվ մասնակցում են եվրատլանտյան կառույցներում ինտեգրացիոն գործընթացներին։ Միաժամանակ, Եվրամիության ակտիվացմանը զուգահեռ, տարածաշրջանում ստեղծվեց նոր խաղարկային իրադրություն, ուր մասնակցում են երեք հիմնական խաղացողներ` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը։ Այս հանգամանքը, այսպես թե այնպես, դառնում է հրապարակային քննարկման առարկա, և հենց դա էլ ցույց է տալիս ինքնուրույն քաղաքականություն վարելու Եվրամիության ձգտումը։ Եվրոպական քաղաքական գործիչները հազիվ թե տիրապետում են մանրամասն մշակված և բավականաչափ արդյունավետ տեխնոլոգիաների՝ կովկասյան հակամարտությունների կարգավորման հետ կապված։ Սակայն փորձեր են արվում հակամարտության գոտիներում ներդնել որոշակի մոտեցումներ, որոնք այդ հակամարտությունները մարելու եվրոպական պատկերացումների արգասիքն են։
Հարավկովկասյան հակամարտություններից յուրաքանչյուրն ունի որոշակի աշխարհաքաղաքական գործառույթներ, որոնք նախապես էին ծրագրավորված կամ էլ ձևավորվել են ժամանակի ընթացքում։ Աբխազիան, որ սկզբում ավելի համապատասխանում էր արևմտյան տերությունների գլխավոր նպատակներին ու ամենից առաջ էներգետիկ նախագծերին, այսօր ձեռք է բերել նոր գործառույթներ՝ կապված սևծովյան ավազանում իր ռազմաքաղաքական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի մտադրությունների հետ։ Հենց այս հանգամանքը կանխորոշում է Աբխազիայի նկատմամբ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրամիության, Թուրքիայի ու Ռուսաստանի վերաբերմունքը։ Այսպիսով, որոշ ուշացումով, Աբխազիան, այնուհանդերձ, ձեռք է բերել որոշակի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական գործառույթներ։ ԱՄՆ-ի խնդիրն է դուրս մղել ռուսական խաղաղապահ զորքերն Աբխազիայից՝ դրանով իսկ կրճատելով Մոսկվայի ռազմաքաղաքական ներկայությունը սևծովյան ավազանում։ Նույն խնդիրն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն փորձում են լուծել Ղրիմում։ Եվրամիության դերն այս ռազմավարության մեջ բավական երկիմաստ է։ Համաձայնություն ունենալով ԱՄՆ-ի հետ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում` եվրոպացիները միաժամանակ կցանկանային նոր դիրքեր ձեռք բերել ու թույլ չտալ ԱՄՆ-ի միահեծան գերիշխանությունը Հարավային Կովկասում և սևծովյան ավազանում։ Այս իմաստով շատ բնութագրական ու կարևոր հանգամանք է այն, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև գոյություն ունեն բավական լուրջ համաձայնություններ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սակայն այդ համաձայնությունները պայմանագրային բնույթի չեն և ամրագրված չեն որոշակի քաղաքական պայմանագրի տեքստով։ Դա հնարավորություն է տալիս երկու գործընկերներին էլ վարելու նկատելիորեն ազատ քաղաքականություն։
2007-ի հունիսին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին կովկասյան քաղաքականության հետ կապված շատ բնութագրական հայտարարություն արեց, որն առնչվում էր Վրաստանին ու Աբխազիային, ընդգծելով, թե վրաց-աբխազական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել միայն ԱՄՆ-Եվրամիություն-Ռուսաստան փոխզիջման արդյունք։ Այս ձևակերպումը չարժանացավ անհրաժեշտ ուշադրության, թեպետ իրականում խոսքը երեք ուժերի միջև փոխհարաբերությունների սկզբունքների ու դիրքորոշումների բևեռացվածության մասին էր։ Ընդ որում, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այս համատեքստում միմյանցից բավական հեռու կանգնած գործընկերներ են։ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ս. Լակոբան ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Եվրամիությունը մտադիր է ինքնուրույն քաղաքական դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում։ Աբխազ գործչի կարծիքով, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի դիրքորոշումը վրաց-աբխազական հակամարտության կարգավորման առումով էական տարբերություններ ունի նախկինի համեմատ։ Այն ավելի հավասարակշռված է և այլևս չունի ակնհայտ վրացական «թեքում»։ 2005-2007-ին Աբխազիա են այցելել բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանները։ Եվրամիությունը սկսել է Աբխազիայի արևելյան շրջաններում սոցիալական իրադրության բարելավման ծրագիր և ակտիվորեն մասնակցում է պետական կառավարման համակարգի կառուցմանը, քաղաքացիական հասարակությանը համախմբող կառույցների և ԶԼՄ-ների ստեղծմանը, մտադրություններ կային ազդելու Աբխազիայի տնտեսական զարգացման վրա։ Եվրոպական դիվանագետների, քաղաքական ծրագրավորողների, ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության արդյունքում Աբխազիայում եվրոպացիների գործողություններն առանձին ակցիաներից սկսեցին վերածվել համակարգային և հետևողական քաղաքականության։ Հրապարակ եկան նոր թեզիսներ, որոնք նույնպես եվրոպացիների կողմից ինքնուրույն քաղաքականություն ձևավորելու փորձերի արտահայտություն են։
Միաժամանակ ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Բնութագրական է Եվրամիության դիրքորոշումը հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման մեթոդների ու ձևաչափերի վերաբերյալ։ 2006-ի հոկտեմբերին Եվրամիությունը զգուշացրեց Վրաստանին, թե մտադիր չէ ընդլայնել իր մասնակցությունը տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները» լուծելու գործում։ Հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստում եվրոպական գործերի նախարար, ազգությամբ ֆինն Պաուլա Լեխտոմաեկին ընդգծեց, թե Թբիլիսիի ձգտումը` Եվրամիությանը Հարավային Օսիայի ու Աբխազիայի խաղաղ բանակցություններին ավելի ակտիվ ներգրավելու ուղղությամբ, իրատեսական չէ։ Ասվածը ենթադրում էր, որ Եվրամիությունը մտադիր է շեշտը դնել քաղաքական ու տնտեսական մեթոդների վրա և մտադիր չէ մասնակցել ուժային բնույթի գործընթացներին։ Սա միաժամանակ ցուցանիշն է այն իրողության, որ Եվրամիությունում դեռևս մշակված չեն հստակ որոշումներ իրենց մասնակցության ձևաչափի և մեթոդների վերաբերյալ։ Բնութագրական է և այն, որ նույն 2006-ի հոկտեմբերին Փիթեր Սեմնեբին հայտարարեց, թե Եվրամիությունը ցանկություն չունի միջամտելու ռուս-վրացական հնարավոր հակամարտությանը, քանզի մտավախություն ունի, որ այն կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Միաժամանակ Եվրամիության ներկայացուցիչը քննադատեց Վրաստանի ղեկավարությանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ լեզու գտնելու անկարողության և սադրիչ հայտարարությունների համար։ Այսինքն, դեռ 2006-ի վերջին, Կոդորի կիրճում կոնֆլիկտային իրադարձություններից հետո, արևմտյան հանրությունում ու, մասնավորապես, Եվրամիությունում արդեն հանգել էին այն եզրակացության, թե Վրաստանը չի կարող Աբխազիայի նկատմամբ վարել հարաբերությունների կարգավորման այնպիսի քաղաքականություն, որը համապատասխաներ Արևմուտքի շահերին ու սկզբունքներին։
Եվրամիությունում, հավանաբար, հանգել էին նաև այն հետևության, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը նույնպես չի կարող ապահովել տարածաշրջանում անվտանգության բավարար մակարդակ, քանի որ երկու գործընկերներն էլ շահագրգիռ են հակամարտության օջախներում հակադրության հանգեցնող քաղաքականություն իրականացնելու առումով։ Դա ուղղված է ոչ միայն Ռուսաստանի դեմ, այլև Եվրամիության սեփական քաղաքականություն վարելու ջանքերն ապակազմակերպելու նպատակ ունի։ Եվ այդ ամենը Հարավային Կովկասում, որը Եվրամիությունը դիտարկում է «մերձավոր հարևանության» կարգավիճակում։ Այսինքն, այս տարածաշրջանի համար Եվրամիությունն արդեն իսկ կրում է որոշակի, ընդ որում, հատկապես ինստիտուցիոնալ մեծ պատասխանատվություն, նույնիսկ ավելի, քան ՆԱՏՕ-ն։ Եվրամիությունը և ԵԱՀԿ-ն միասին են այդ մեծ պատասխանատվությունը կրում, ու Բրյուսելում հասկացել էին, որ այս «հարևան» տարածաշրջանում կարող է առաջանալ ոչ թե ազգամիջյան, այլ վրաց-ռուսական հակամարտություն՝ երկու պետությունների միջև։ Չի բացառվում, որ այն ժամանակ արդեն իսկ կասկածներ կային, թե Վրաստանը մտադիր է սադրել հակամարտություն և դրանով իսկ հակադրության հեռանկար ստեղծել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ու Եվրամիությունը գործնականում հայտարարեցին, թե իրենց համար առաջնահերթ է ոչ թե աբխազական հիմնախնդրի «կարգավորումը», այլ Աբխազիան ռուսական վերահսկողությունից դուրս բերելու ուղիների որոնումը և նրան տալու ցանկացած կարգավիճակ, Վրաստանի վերահսկողությունից դուրս։
Ձգտելով ամրապնդել եվրոպական դիրքերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Աբխազիայում, Եվրամիությունը բոլորովին նպատակ չուներ հակադրվելու ամերիկյան շահերին։ Հակառակը, եվրոպացիները մտադիր էին բոլոր հակասություններով հանդերձ, համախմբվել ամերիկացիների հետ ընդհանուր շահերի պաշտպանության համար։ ԱՄՆ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում մոտակա հեռանկարում համապատասխանում է եվրոպական շահերին։ Սակայն երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով եվրոպական վերլուծական ու քաղաքական շրջանակները չեն սպասում, թե նման սկզբունքային որոշումներ կլինեն այլ տարածաշրջանների և չվերահսկվող տարածքների վերաբերյալ։ Եվրամիությունում երբեք էլ չեն վստահել Կոսովոյի հետ կապված ամերիկյան ծրագրերին, գիտակցելով, որ դա նախադեպ է և մեծ զգուշավորությամբ են մոտենում դրան։ Նույն Փիթեր Սեմնեբին ուղղակիորեն համագործակցում է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով եվրոպական գերագույն կոմիսար Խավիեր Սոլանայի հետ։ Եվրոպական քաղաքական գործիչներն ու հասարակությունը հասկացել են, որ իրենք դեռ հնարավորություն ունեն Կոսովոն չընկալել ու չդարձնել ապագայի նախադեպ, սակայն դրա համար իրենց ռեզերվում պետք է ունենան գոյություն ունեցող էթնիկ միավորումների կարգավիճակը փոխելուն ուղղված ցանկացած որոշում։ Հենց նման միտում էր նկատվում Եվրամիության ու եվրոպական տարբեր պետություններ ներկայացնող քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչից էլ պարզ դարձավ, որ Եվրամիությունը սկսել է մշակել անկախ պետությունների ստեղծման այլընտրանքային հնարքներ կամ ձևեր, երբ այլևս հնարավոր չի լինի մարել սկիզբ առած հակամարտությունը։ Աբխազիան դարձավ հենց այն փորձադաշտը, որտեղ Արևմուտքի ռազմավարական շահերը համադրվում են նոր պետության ստեղծման հիմնավորումների հետ։
Արևմուտքի երեք ուժային կենտրոններ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը 2005-ի վերջից մինչև 2008-ի օգոստոսը բավական հետևողականորեն բացահայտել են Աբխազիային քիչ թե շատ անկախ պետականություն շնորհելու իրենց մտադրությունները։ Ամերիկացիներին ու եվրոպացիներին արդեն քիչ է հետաքրքրում Վրաստանի կարծիքը։ Միանգամայն հնարավոր է, որ Արևմուտքը որոշ հույսեր ուներ` կապված այդ հակամարտությունը կարգավորելու և Վրաստանի շահերը ձևականորեն հարգելու հետ։ Սակայն գլխավորն այդ նախագծում Աբխազիան Ռուսաստանից անջատելն ու այդ հանրապետությունը Սև ծովում և միաժամանակ Հյուսիսային Կովկասում իրենց նախաձեռնությունների ակտիվացման համար այնքան անհրաժեշտ հենարանի վերածելն էր։ Ինչպես էլ բացատրելու լինեն այդ նպատակներն ու խնդիրները ամերիկյան ու եվրոպական վերլուծաբանները, հիմնական մոտեցումը կապված էր նաև Աբխազիայի ղեկավարության հարաբերականորեն անկախ պահվածքի հետ, ինչն ակնհայտ էր ընթացիկ քաղաքականության մեջ, ինչպես նաև այնտեղ անցկացված ընտրությունների գործընթացում։ Աբխազական հասարակությունը զգուշանում է Ռուսաստանից ոչ պակաս, քան Վրաստանից։ Այդ մտահոգությունները չեն փարատվել Ռուսաստանի` Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո, որովհետև աբխազները զգուշանում են ռուսական ծովում ձուլվելու վտանգից, չունեն երաշխիքներ, թե ինչպես են գոյատևելու շովինիստական ու ձուլման քաղաքականության մթնոլորտում։
ԱՄՆ-ի ու Եվրամիության մտադրությունները 2008-ի սկզբին արդեն այնքան ակնհայտ էին, որ Աբխազիայի առաջնորդները հայտնվեցին բավական բարդ իրավիճակում։ Ռուսաստանը պահանջում էր սահմանափակել հարաբերություններն արևմտյան ներկայացուցիչների հետ, բայց աբխազները զգացին, որ իրենց առաջարկվում է անկախության ճանապարհի առաջին քայլն անել։ Աբխազական առաջնորդները, անշուշտ, պատրաստ էին այդ իրավիճակին ու, ամենայն հավանականությամբ, հասկանում էին, որ Արևմուտքն ինքը ելք կառաջարկի, որն ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար, ինչը, իհարկե, միամտություն էր։
Ներկայումս իրավիճակն Աբխազիայում միանշանակ չէ։ Ինչ-որ մեկը համառորեն և ոչ առանց հաջողության փորձում է զարգացնել «չերքեզական նախագիծը», որը ներդրված էր 2008-ի օգոստոսի իրադարձություններից շատ ավելի առաջ։ Եվ ոչինչ չէր կարող այդպես ակտիվացնել այդ նախագիծը, ինչպես Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը։ Խնդիրը նույնիսկ չերքեզական սփյուռքը չէ և ոչ էլ Հյուսիսային Կովկասի չերքեզա-ադիգեյական հանրապետությունների մտադրությունները, այլ ԱՄՆ-ի ու Եվրամիության հնարավորությունները։ Նրանք կարող են այստեղ զարգացնել իրենց նախաձեռնությունները, երբ Աբխազիայի ազատության աստիճանը նկատելիորեն մեծացել է։ Այսպիսով, կարևոր է գիտակցել, որ Վրաստանի համար աղետով ավարտված իրադարձություններից շատ առաջ «աբխազական նախագիծն» արժանացել էր հավանության և իրագործվում էր, չնայած Վրաստանի ու Ռուսաստանի դժգոհությանը։ Աբխազական ղեկավարները կարող են հայտարարել ինչ ասես` Ռուսաստանին իրենց նվիրվածության մասին։ Բայց նրանք միշտ ձգտելու են մնալ անկախ, և դա շատ կարևոր ազդակ է՝ ուղղված դեպի Արևմուտք։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4017

Մեկնաբանություններ