38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՒղիղ մեկ տարի այս իշխանությունները կարողացել են մոլորության մեջ պահել թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը»

«ՈՒղիղ մեկ տարի այս իշխանությունները կարողացել են մոլորության մեջ պահել թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը»
13.02.2009 | 00:00

«ՄԱՐՏԻ 1-Ը, ՊԱՐԶ ԱՍԵՄ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՕՊԵՐԱՑԻԱՆ ԷՐ»
Ընդդիմությունը յուրովի է նախապատրաստվում մարտի 1-ի հանրահավաքին, իշխանությունը` յուրովի։ Տարբեր են նաև վերլուծաբանների կանխատեսումները։ Ոմանք ենթադրում են, թե մարտի 1-ի ուրվականից ազատվելու համար իշխանությունները կարտոնեն հանրահավաքը, և արտառոց ոչինչ տեղի չի ունենա, մյուսներն էլ հակված են կարծելու, թե «չեպեներ», այնուամենայնիվ, կարձանագրվեն։ Առաջիկա հանրահավաքի և հարակից խնդիրների շուրջ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ երեկ «Իրավունք de facto» ակումբում նախ` լրագրողներին ներկայացրեց իր դիտարկումները, այնուհետև` «Իրավունքը de facto» թերթին։

-Հնգամսյա դադարից հետո ընդդիմությունը կրկին փորձելու է տեղափոխվել հանրահավաքային պայքարի դաշտ, իշխանությունն էլ, բնականաբար, ձեռքերը ծալած չի նստելու և այսօր արդեն համարժեք հակաքայլեր է ձեռնարկում` մարտի 1-ի հանրահավաքը «կրիտիկական զանգվածի» առումով վիժեցնելու համար։ Եվ, ուրեմն, ի՞նչ կարող է լինել գարնան առաջին օրը։
-Արդեն ակնհայտ է, որ իր հաջողությունը կամ անհաջողությունն իշխանությունը կապում է այն հանգամանքի հետ, թե մարտի 1-ին որքան մարդ դուրս կգա փողոց։ Այսինքն, չի էլ փորձում ինքն իրեն հարց տալ` հայաստանցիների ո՞ր մասը չի ընդունում ինձ, որպես իշխանություն, այլ ընդամենն անհանգստացած է մեկ խնդրով` որքանո՞վ ակտիվ կլինի հանրության ըմբոստ հատվածը։ Սա է պատճառը, որ հանրահավաքից գրեթե մեկ ամիս առաջ թե՛ հանրապետության մարզերում, թե՛ մայրաքաղաքում վարչակազմն անցել է պրոֆիլակտիկ միջոցառումների` հանրության ընդդիմադիր հատվածին համապատասխան «մշակումների» ենթարկելու իմաստով։ Ով աշխատանք ունի` աշխատանքը կորցնելու հեռանկարով են սպառնում, բիզնես ունեցողներին` բիզնեսը ձեռքից առնելու կամ, ընդհանրապես, առանց պատճառի ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարով։ ՈՒ եթե փողոց դուրս գա, ասենք, 50 հազար մարդ, կասեն` բայց ի՞նչ է եղել, որ, 3 միլիոն ենք, մի 50 հազարն էլ թող դժգոհ լինի իշխանությունից։ Իրականում պրոբլեմն ավելի խոր է, քան այն, թե որքան մարդ դուրս կգա փողոց։ Ի վերջո, այն խնդիրները, որոնց համար մարդիկ դուրս էին գալիս փողոց մինչև 2008-ի մարտի 1-ը, մեկ տարի անց ոչ միայն չեն պակասել, ընդհակառակը, ավելացել են։ Դրանց գումարվեց նաև մարտի 1-ը, երբ իշխանությունների հրահանգով ինչ-որ անձինք հրազեն օգտագործեցին, և զոհվեցին անմեղ մարդիկ։ Անցել է մեկ տարի, սակայն ո՛չ հանցագործների ինքնությունն է պարզվել, ո՛չ էլ որևէ մեկը պատժվել է։ Բացի այդ, իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունը, որով վերջիններս թե՛ օրենսդրական, թե՛ վարչական արգելքների միջոցով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանում ընդհանրապես հանրահավաքներ տեղի չունենան, ավելորդ անգամ վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը պարզապես չի հանդուրժում փողոց դուրս եկած ըմբոստ քաղաքացիներին և ամեն ինչի պատրաստ է` դա կանխելու համար։ Հարցնում եք` մարտի 1-ին կլինե՞ն ընդհարումներ, թե՞ ոչ։ Վերջերս մի հանրապետական հեռուստաեթերից հայտարարեց, թե իշխանությունները կհորդորեն ոստիկաններին զուսպ լինել, ընդդիմության ներկայացուցիչն էլ հակընդդեմ հարց տվեց, թե 2008-ի մարտի 1-ին ինչո՞ւ զսպվածության կոչ չարեցիք ոստիկաններին։ Այսինքն, մենք համոզված ենք, որ ինչպես անցած տարվա փետրվարին, այնպես էլ հիմա հանրահավաքի մասնակիցների կողմից որևէ անկարգություն չի լինի, քանի որ բազմահազարանոց միտինգների ու երթերի փորձը ցույց է տալիս, որ հայ հանրությունն իր բողոքը կարող է արտահայտել բացառապես քաղաքակիրթ ճանապարհով, առանց բռնությունների։
-Իսկ ի՞նչ է ասելու Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտրազանգվածին` լռության հինգ ամիսներից հետո։ Պայքարի նոր ծրագիր առաջարկելո՞ւ է։
-Ինձ թվում է` առաջին հերթին հարցադրումներ կհնչեն` կապված մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների հետ։ ՈՒղիղ մեկ տարի այս իշխանությունները կարողացել են մոլորության մեջ պահել թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը` բուն իրողությունը գլխիվայր շրջելով ու չխորշելով անգամ բացահայտ խաբեությունից։ Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն այս ամենի առնչությամբ հարցադրումներ, անկասկած, կանի, որովհետև դրանք ողջ հասարակությանը հուզող հարցադրումներ են։ Ի վերջո, մարտի 1-ը, պարզ ասեմ, Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած օպերացիան էր, և մենք պետք է իմանանք, թե ում է նա հրաման տվել կրակելու սեփական ժողովրդի վրա, և ովքեր են ի կատար ածել հրամանը։ Այս հարցերի պատասխանը հասարակությունն իրավունք ունի ստանալու։ Երկրորդը. Հայաստանում կան քաղաքական հայացքների համար կալանված կամ հալածված մարդիկ, այդ հարցը մնում է հասարակության օրակարգում և պետք է անհապաղ լուծվի։ Համոզված եմ, որ քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում կհնչեցնի նաև ներքաղաքական, արտաքին քաղաքական, ինչու չէ, նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին առնչվող սոցիալական բնույթի հարցադրումներ, քանի որ, որպես երկրի առաջին նախագահ և չափազանց ծանրակշիռ քաղաքական գործիչ, ընդդիմության լիդերն այդ բոլոր խնդիրների հետ կապված իր լուծումները միշտ էլ ունի։ Այլ խնդիր է, որ մենք, որպես ընդդիմություն, չենք կարողանում ազդել այդ պրոցեսների վրա, թեև ունենք կոնկրետ առաջարկներ հատկապես մի շարք տնտեսական խնդիրների առնչությամբ և բարձրաձայնում ենք դրանց մասին, փաստորեն, իրականացնելով իշխանությանն օգնելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերը։ Ահա և օգնում ենք։ Ես, օրինակ, որպես չեզոք մարդ, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի կողքին կանգնած բիզնես-հետաքրքրություններ ունեցող պաշտոնյաների, իմ կարծիքը միշտ էլ հնչեցնում եմ` չունենալով որևէ մասնավոր շահագրգռություն։
-Պայքարի նոր մարտավարության մասին ոչինչ չասացիք։ Չկա՞ այդպիսի ծրագիր, թե՞ այն ամփոփվելու է պերմանենտ հանրահավաքների շրջանակում` մինչև 2012-ի համապետական ընտրություններ։
-Հանրահավաքներն արդեն հզոր զենք են, և պատահական չէ, որ իշխանությունն օրենսդրական ու վարչական բոլոր խոչընդոտներն ապահովել է, որպեսզի դրանք տեղի չունենան։ Որովհետև ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն ունենալու իմիտացիան, որը Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հանրությանը ներկայացվում է որպես իրողություն, հօդս է ցնդում հենց բազմահազարանոց հանրահավաքներով։ Սա ամենասարսափելի բանն է այս իշխանությունների համար։ Դա արդեն պայքարի զորեղ միջոց է։ Իսկ իշխանությունների կողմից հրապարակ նետված այն դեզինֆորմացիան, թե հանրահավաքներով ընդդիմությունը փորձում է հեղափոխություն իրականացնել, բացարձակ սուտ է։ Հանրահավաքների նպատակը դա չէ, դրանք կոմպենսացնում են խոսքի ազատության բացակայության դաշտը, ինչն այսօր առկա է Հայաստանում։ Ես միշտ պնդել եմ, որ եթե մեր երկրում լիներ ազատ խոսքի իրավունք, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների պարագայում, և Ազգային ժողովում էլ պատշաճ ձևով ներկայացված լիներ քաղաքական ողջ պալիտրան, դա արդեն իսկ բավարար էր, որպեսզի Հայաստանում հանրահավաքները լինեին բացառապես սոցիալական կամ մասնագիտական բնույթի։
-Ինչպես բոլոր նորմալ երկրներո՞ւմ։
-Այո, ինչպես ժողովրդավարական երկրներում։
-Ակտիվ գործունեության սառեցման հինգ ամիսներին Հայ ազգային կոնգրեսում որոշակի խմորումներ սկիզբ առան, որոնք, որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ, կարող են հանգեցնել կոնգրեսի ինքնալուծարմանը։ Իրո՞ք հակասություններն այդքան սկզբունքային խնդիրների շուրջ են։
-Ես «հակասություն» բառը չէի օգտագործի, պարզապես միևնույն խնդրի շուրջ տարբեր մոտեցումներ կան, ինչը միանգամայն բնական է, որովհետև կա ընդհանուր գործ և կան կուսակցություններ, որոնք չեն կարող բոլոր հարցերում միակարծիք լինել։ Իհարկե, իշխանությունն օգտագործում է այս կամ այն անհատի կամ ուժի վրա ազդելու իր լծակները, ինչը շատ հաճախ հաջողվում է։ Հատկապես` պառլամենտում։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ