38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոտնձգություններ հայոց հավատքի դեմ

Ոտնձգություններ հայոց հավատքի դեմ
16.01.2009 | 00:00

ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՂԵՐՍՆԵՐ
Վերջին ժամանակներս հայոց եկեղեցիների դեմ Վրաստանում կատարվող հոգևոր ոտնձգությունների առիթով է այս հոդվածը։ Չնայած դեպքերը կատարվում են մեր օրերում, բայց դրանց արմատները գալիս են հնից։ Եվ հենց այդ մասին կուզեի, որ տեղեկանար հայ ընթերցողը` ճիշտ եզրահանգումներ անելու համար։
Քրիստոնեությունն իր համար հոգու դավանանք հաստատելով և 301-ին պետականորեն ընդունելով որպես միակ կրոն` Հայաստանը դառնում է բոլոր ազգ ու ցեղերի մեջ առաջին հոգևոր կղզին։ Շուտով նրան է միանում Հռոմը (313-ի Միլանի էդիկտով, որով քրիստոնեությունը հռչակվում է գերիշխող կրոն հեթանոսության դեմ)։ Իսկ Կովկասում, ինչպես գիտենք հայոց մատենագրությունից, վրացիները քրիստոնեության մասին գիրը լսեցին Նունե կույսից (276 – 340 թթ.), որը Տրդատ թագավորի հալածանքներից Վրաստան փախած Հռիփսիմյան կույսերից մեկն էր։ Դրանից հետո Վրաստանում Գրիգոր Լուսավորչի միջոցով ձեռնադրվում և օծվում են քահանաներ ու եպիսկոպոսներ, իսկ Մեսրոպ Մաշտոցի ջանքերով վրացիներն ունենում են իրենց սեփական գիրը և թարգմանում Աստվածաշունչը։ Եվ այդպես մինչև 617-ը, որից հետո վրաց Կյուրոն եպիսկոպոսի միջոցով վրացիները, զատվելով հայոց եկեղեցուց, հարում են հույներին և դառնում ուղղափառներ (օրթոդոքսներ)։ ՈՒ քանի որ քաղկեդոնական բաժանումներից հետո սկսվել էին հակամարտությունները բաժանված եկեղեցիների միջև, վրացիները հույների նման անմասն չմնացին այդ հարցում և իրենք էլ հնարավորինս հարում էին բյուզանդական ոտնձգություններին հայոց հավատքի դեմ։ Իսկ դրա գագաթնակետային տարիները դարձան 1170-ից մինչև 1236-ը, երբ Հայաստանն ընկավ վասալական կախման մեջ` Իվանե և Զաքարե սպասալարների ժամանակ։ Իսկ թե ինչպես պահեցին իրենց վրաց հոգևորականները վասալական կախման մեջ եղած տարիներին երբեմնի դավանակից հայերի հետ, պատմում են մեր հայ մատենագիրները։
Նկարագրվող պատմական անցքերը վերաբերում են 12-14-րդ դարերին: Վրաց ազգի բնութագիրը լրացնելու համար, որպես տեղեկագրություն, մի ուրիշ փաստ ևս արձանագրենք, որը, ցավոք, անմիջական առնչություն ունի հայերիս հետ: Աբրամ Զամին անունով պատմագիրը իր «Հայ եկեղեցու պատմություն» գրքում հետևյալ ակնարկն է անում. «12-րդ դարում, Զաքարե և Իվանե հայազգի սպասալարների ժամանակ, Վրաստանն այնքան զորացավ, որ արբեցած իրենց հաղթանակներով, սկսեց նույնիսկ ոտնձգություններ անել հայոց ազգի և նրա հավատի նկատմամբ: Վրաց եկեղեցականները բացարձակ քարոզում էին, թե «տաճիկն ու ջհուդն ավելի լավ են, քան հայերը»: Եվ դրանից թև առած՝ տգետ ամբոխը հայերի կանգնեցրած եկեղեցիներն ու խաչերն էր կործանում կամ էլ սրբատեղերն անարգելու համար դրանցում շներ էին մորթում: Այդ բոլորի հետ մեկտեղ անարգում էին հայոց սուրբ մեռոնը, թե, իբր, անկատար է պատրաստված, իսկ խաչի համար ասում էին, թե բևեռներով այն միացնելով՝ հայերը նորից են Քրիստոսին խաչում, թե իբր հրեաների նման մատաղ ու զոհ են անում կամ զանգակներով բուրվառ օգտագործում, թե հայ կրոնավորները միս են ուտում (տեղին է մեջբերել Հովհաննես Երզնկացու խոսքը. «Ոմանք պահք պահելով անասունի միս չեն ուտում, բայց իրենց նմանի միսը մինչև ոսկորն են կրծում»): Եվ շուտով բանն այնտեղ հասավ, որ սկսեցին մոլորյալ ու հավատափոխ հայերին նորից մկրտել: Մխիթար Գոշ վարդապետը վրդովմունքի գրություններ է ուղարկում նախ վրաց պատրիարքին, հետո Զաքարե և Իվանե իշխաններին, որպեսզի այս կրոնադավանաբանական հուզումները դադարեցվեն: Բայց նրանք ոչ միայն չանսացին այդ ողջախոհ հորդորին, այլ նույնիսկ հակառակն արեցին. Իվանեն Թամար թագուհուն հաճոյանալու համար քաղկեդոնական դավանանքն ընդունեց: Զաքարեն դավանափոխ չեղավ, բայց հետամտեց հայոց եկեղեցու մեջ այնպիսի փոփոխություններ անելու, որ, իբր, վրացիներն առիթ չունենան հայերին բամբասելու»:
Իսկ այդ փոփոխությունները, ժողովրդական խոսքով ասած, «Ոչ՝ ինձ, ո՛չ քեզ» էին, որովհետև առաջ մեր եկեղեցիներում սուրբ սեղանի հետնամասում միայն փայտե խաչ էին դնում, իսկ այս ոտնձգություններից հետո որոշվեց նախ Տիրամոր նկարը դնել, իսկ դրա վերևում` նոր միայն խաչը, և նման այլ նորամուծություններ: Որպես լրացում ասվածի, Ստեփանոս Օրբելյան պատմագիրն ավելացնում է. «Սուրբ հայրերը Անիում ժողով գումարեցին, որտեղ Վահան կաթողիկոսին վրաց եկեղեցուն համախոհ գտան: Եվ քանի որ նա սրբապատկերներ էր մտցրել հայոց եկեղեցիները և, պայծառ Խաչը վերացնելով բոլոր սեղանների վրայից, տեղը սրբապատկերներով էր զարդարել, նզովքներով նրան հեռացրին ու տեղը ոմն Ստեփանոսի դրեցին» («Սյունիքի պատմություն» կամ «Պատմություն նահանգին Սիսական»):
Երկրորդ նույնաբնույթ վկայությունը մեջ եմ բերում Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրություն» գրքից: «Սուրբ Գևորգ զորավորի մասունքների մասին» վերնագրում ասում է. «Գրենք նաև սուրբ Գևորգ զորավորի մասունքների մասին, թե որտեղից այն բերեցին Հայաստան, և ինչպես դրանք հայտնվեցին վրացական երկրում: Մենք, որ հաճախ էինք հարցնում Առաքել վարդապետին, ու նա մեզ շատ բաների մասին էր սովորեցնում, հարցրինք նաև Գևորգ զորավորի մասին: Եվ նա ասաց. «Երբ սուրբ Գևորգը Կապադովկիայում մեռավ մարտիրոսի մահով, նրա մարմինը պահեցին այնտեղ՝ մինչև Ներսես Մեծի ժամանակները: Հենց նա էլ հրամայեց բերել սուրբի մարմինը և դնել Հովհաննավանքում: Այդ պատճառով երկար ժամանակ այստեղ էին գալիս բորոտներն ու անդամալույծները և բժշկվում հիվանդություններից, մինչև հայոց ազգի զորության անկումը, որից հետո ընկանք տարբեր ազգերի իշխանության տակ: Բայց Շիրակն ու Կարբի գավառը գտնվում էին վրաց թագավորների ձեռքում: Այդ ժամանակ նրանց թագավորի որդուն «կորոստ» կոչվող հիվանդությունը կպավ, ու ոչ ոք չկարողացավ բժշկել նրան: ՈՒ պատմեցին թագավորին. «Քո թագավորության մեջ Հայաստանի Կարբի կոչվող գավառ ունես, որտեղ մի վանք կա՝ Հովհաննավանք անունով, և այնտեղ է գտնվում սուրբ Գևորգի մարմինը, որտեղ հաճախում են անդամալույծներն ու բորոտները և բժշկվում հիվանդություններից: ՈՒրեմն ուղարկիր որդուդ այնտեղ, և նա կբժշկվի սրբի բարեխոսությամբ»: ՈՒրախացավ թագավորն ու սկսեց պատրաստվել որդուն այնտեղ ուղարկելու: Սական այդ բանին հակառակվեց թագուհին, ասելով. «Առաջինը՝ քո որդին թագավորական ժառանգ է, ու երկրում տարբեր խռովություններ կարող են առաջանալ, երկրորդը՝ նա իմ մինուճարն է, եթե հանկարծ ճանապարհին մեռնի, ես դառը ողբ կունենամ»: Թագավորը մտահոգվեց ու չգիտեր ինչ անել: Եվ մտածեց մարդկանց ուղարկել, որ սուրբ Գևորգի մասունքները բերեն: ՈՒ ընտրեց իմաստուն մարդկանց, հետները թանկարժեք ընծաներ դրեց և խնդրանքով ու սպառնալիքով լի մի նամակ գրեց: Քանի որ կաթողիկոսը Էջմիածնում չէր, ստիպված Հովհաննավանքի եպիսկոպոսի ու Կարբիի հայտնի մարդկանց մոտ ուղարկեց նրանց: ՈՒ հասան նրանք սուրբ վանքը, ցույց տվեցին թագավորական հրամանը: Սակայն տեղի նշանավոր մարդիկ, դժգոհություն արտահայտելով, արհամարհեցին այդ հրամանը: Թագավորի դեսպանները, չիմանալով ինչպես վարվեն, մի սուրհանդակ ուղարկեցին, որ պատմի այս մասին: Այդ ժամանակ թագավորն իր պալատական իշխանավորների բազմաթիվ երեխաներ հավաքեց ու որպես պատանդ ուղարկեց Կարբի: Երեխաների մասին ասում են, որ նրանց թիվը քառասուն է եղել, ոմանք էլ թե` երեսուն, բայց իրականում դրանց թիվը տասներկուս է եղել, որոնք Հովհաննավանքի դարպասների մոտ հավաքվեցին: Վանականներն էլ ճարահատված՝ նրանց վանք տարան ու տեղավորեցին: Իսկ սրբի մասունքից ատամներն ու մի սրվակի մեջ հավաքված արյունը թողեցին վանքում, իսկ ամբողջ մարմինը պատրաստեցին ուղարկելու: Եվ ուղեկցում էին Կարբիից երկու վանականներ, չորս վարդապետներ և ութ աշխարհականներ, հետներն ունենալով մի խնդրագիր: Բայց երբ Թիֆլիս հասան, լսեցին, որ Դաթո անունով այդ թագաժառանգը մեռել է: Եվ իսկույն ուզում էին սրբի մարմինը հետ տանել, բայց պնդաճակատ վրաց ցեղը չթողեց, որ նրանք վերադառնան, մինչև որ թագավորին տեղյակ չպահեն, քանի որ այդ ժամանակ նա Կացարեթում էր գտնվում: Եվ նրանք մի եկեղեցի կառուցեցին ու սրբի մասունքները բռնի վերցնելով՝ դրեցին այնտեղ: ՈՒ թագավորը ոչ միայն թույլ չտվեց հետ տանել մասունքները, այլև սկսեց նույնիսկ մեղադրել ուղեկցորդներին, թե այդ դուք սպանեցիք որդուս, ու ձեր պատճառով նա մեռավ, և ծաղրելով նրանց՝ բաց թողեց: Իսկ սուրբ Գևորգի մարմինը դրեցին Կացարեթի եկեղեցում, որ հիմա Չխար է կոչվում: Երբ ծառայողներն ու աշխարհականները դատարկաձեռն վերադարձան ու պատմեցին եղածը, մինչ այդ հարգալից պահվող վրացիների երեխաներին մի խցում փակեցին ու նեղեցին, որպեսզի այդ մասին լսելով՝ նրանց ծնողները բողոքեն թագավորին ու հետ ուղարկել տան սրբի մասունքները: Բայց չեղավ, ու այդպես էլ սուրբ Գևորգ զորավորի մասունքները մնացին Վրաստանում»:
1798-ին վրաց թագավոր Գեորգին հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցուն թախանձագին խնդրեց, որ նա այս անգամ թույլ տա սուրբ Գեղարդը Վրաստան բերել, քանի որ մահաբեր ժանտախտ է սփռվել իրենց մոտ: Քրիստոսասեր մեր կաթողիկոսը երկար մտորելուց հետո թույլ է տալիս, որ Տիրոջ կողահերձ Գեղարդը մի հայ վարդապետի ուղեկցությամբ տանեն հարևան ազգին վրա հասած օրհասից փրկելու համար: Եվ իսկապես, սուրբ Գեղարդը թափորով ու աղոթքով պտտեցնելով Վրաստանում, շուտով այդ երկրում դադարում է ժանտախտի համաճարակը: Վրաց թագավորն իր նախնու նման ուզեց քաղաքական պատրվակներով սուրբ Գեղարդը թողնել իրենց մոտ, բայց չհանդգնեց։
Այսքանից հետո զարմանալի չեն հնչի ճոռոմախտով վարակված այս տողերը, որ հիմա կկարդա ընթերցողը, մեջբերված «Թագավորների պատմությունն ու գովաբանությունը» գրքից (թարգմանված հին վրացերենից, խոսքը 12-13-րդ դդ. վրաց Թամար թագուհու մասին է -հեղ.)։
«Երրորդության հետ չորրորդություն է համարվում Թամարը»: «Մարդկանցից ո՞վ կարող է գովաբանել զարդարանքն աստծո տաճարի, որտեղ քննում էր աստծու կողմից աստված դարձվածը, և որտեղ դատում էր աստվածների մեջ աստծու կերպ ստացածը» (էջ 104): Այստեղ «աստված» բառը գրում եմ փոքրատառով, որովհետև չգիտեմ, թե վրաց հեղինակն ինչ աստծո մասին է խոսում, որ իրեն հավասար չորրորդության պատիվ է տալիս մի մահկանացու կնոջ: Եվ դարձյալ, նույն գրքի 395-րդ էջում կարդում ենք. «Թամարը հղացավ մաքրամաքուր մտքով և աստծու տաճարը թափանցած մարմնավոր լույսով, կրակոտ սրտով ու լուսավոր հոգով՝ Բեթլեհեմ եղած Տաբախմելում (Վրաստանի գյուղերից է), այնտեղ ծնեց որդի, հավասար աստծո որդուն, և իր առնական հոր անունով կոչեց Գիորգի, դրանով մեզ համար ծաղկեցնելով անմահ ծաղիկ»: Վրաց ազգի ճոռոմաբանությանը հայերս քիչ թե շատ ծանոթ ենք, բայց նման ամպագոռգոռ, նույնիսկ սրբապիղծ համեմատությունները, շատ մեղմ ասած, արդեն ցնդաբանութուն են, որ վայել չէ առհասարակ որևէ ազգի, այն էլ իրենց ուղղափառ քրիստոնյա համարող: (Կարծում եք` նրանք դադարե՞լ են այդպիսին լինելուց. դժբախտաբար ոչ, որովհետև վերջերս Վրաստանում տպագրվող հայալեզու մի լրագիր ձեռքս ընկավ, որտեղ գրված էր, որ մի վրացի դեպուտատ ի լուր ամենքի հայտարարել է, թե Մարիամ Աստվածածինը ազգությամբ վրացուհի է, բայց քրիստոնյա աշխարհն այդ մասին լռում է):
Այս փաստերը գրեցի, որ տեսնենք, թե վրացիները քրիստոնեական ինչ վիճակում էին իրենց զորացման տարիներին: Ինչպես արդեն ասացինք, նրանք մամլյուքների ժամանակ Սուրբ երկրում մեծ արտոնություններ ստացան և բազմաթիվ վանքեր ու սրբատեղեր ձեռք բերեցին: Վրացիները երկու դար այնքան արտոնյալ վիճակում էին այստեղ, որ նրանց ուխտավորները Սուրբ քաղաք էին մտնում մեծահանդես ու ճոխ թափորներով, ազգային դրոշակները պարզած, իսկ տղամարդիկ ու կանայք՝ շքեղազարդ զենքերով ու զարդերով պճնված: Եվ նույնիսկ մյուս ազգերի նման ուխտավորի պարտադիր տուրքը չէին վճարում: Հետզհետե նրանց դիրքն այնքան նշանակալից դարձավ, որ սկսեցին նեղել նույնիսկ իրենց դավանակից հույներին և շուտով ասպարեզից դուրս մղեցին ու նրանց առաջատար դիրքը գրավեցին: Եվ ինչպես ասում են` «ախորժակը ուտելիս է բացվում». նրանց նախանձի առարկան դարձան հայոց սեփականությունները և հատկապես սուրբ Գողգոթան: Նրանք նախ փորձեցին բռնի ուժով խլել այն և երկու անգամ` 1316 և 1335 թթ. հարձակումներ գործեցին, բայց հաջողության չհասան (Եգիպտոսի իշխանությանը հղած հայոց միաբանության բողոքներն իրենց ազդեցությունն էին ունեցել): Սակայն դրանք թույլ միջոցներ էին՝ կասեցնելու հետզհետե սաստկացող ճնշումները: Քանզի այս անգամ նրանք աչք տնկեցին նաև մեր թագն ու պարծանքը համարվող Սուրբ Հակոբ տաճարի վրա: Իսկ այդ բոլորի վախճանը եղավ այն, որ հայերիս «բախտից» 1430-ին, Մարտիրոս պատրիարքի օրոք, Ղայիպ անունով մի եգիպտացի մեծագանձ վաճառական, որը բարեկամ էր սուլթանին, Վրաստան է գնում: Այդ իմանալով` վրաց թագավորը նրան սիրաշահելու հնարքներ է գտնում, իսկ վերադարձին Մելիք Աշրաֆ սուլթանի համար ուղարկում է մեծարժեք ընծաներ, ծառաներ ու գեղեցկադեմ կին աղախիններ, հետն էլ խոստանալով իր թագավորության տակ գտնվող բոլոր մահմեդականներին հարկից ազատել և նրանց քանդված ու կործանված մզկիթները վերականգնել և միաբանության դաշինք կնքել մամլյուքների հետ: Եվ այդ բոլորը՝ սուրբ Գողգոթան ձեռք բերելու համար։ Եվ դա վրացիներին հաջողվում է, բայց կարճ ժամանակով, որովհետև Մարտիրոս պատրիարքի բողոքից հետո այն նորից հայերին են վերադարձնում: Սակայն վրացիների ընծայաբերած առատ ոսկու փայլը նորից շլացնում է ու ծռում ագահ սուլթանի և պալատականների մտքերը. 1432-ին Մելիք Աշրաֆ սուլթանի հրամանագրով սուրբ Գողգոթան դարձավ անօրենության ավար: Այսքանը քիչ համարելով, վրացիներն այս անգամ էլ որոշում են ձեռք երկարել մեր Սուրբ Հակոբյանց տաճարին: Այդ նպատակով վրաց արքա Վասիլը մի բողոք-նամակ է գրում Եգիպտոսի Մելիք Աշրաֆ Սեյֆի սուլթանին և խնդրում, որ իրենց վերադարձնեն հայերի ձեռքում գտնվող սուրբ Հակոբյանց վանքը, որն իբր մի ժամանակ խլվել էր վրացիներից: Սուլթանը հարգանքով է ընդունում այդ նամակը և 1512 թ. արքայական հրովարտակով գրում իր փոխանորդ Յուսուֆ Աշրաֆին` հարցը քննել և տալ վրացիների պահանջածը: Վերջինս հրովարտակը ձեռքին Երուսաղեմ է շտապում և, կանչելով տեղի դատավորներին, հրամայում է անաչառ դատ բացել, որպեսզի իսկությունը պարզվի: Սրանք էլ, ժողովելով բազմաթիվ վկաներ, լցվում են սուրբ Հակոբյանց վանքը: Մեծ զգուշավորությամբ կուսակալի առաջ քննություն է կատարվում, և միայն հայերն են կարողանում հաստատված ու նախկին սուլթանների կնքած փաստաթղթեր ներկայացնել, իսկ վրացիները միայն բանավոր հայտարարություններով են պնդում իրենց բողոքը: Լսելով և քննելով այս վիճահարույց խնդիրը` Եգիպտոսի նախարարը վճռում է, որ վրացիները ոչ մի իրավունք չունեն Սուրբ Հակոբյանց վանքի վրա, և նրանց բողոքը համարում է անհիմն:
Պատմությունը հաստատում է, որ Քրիստոսի ազնիվ ծառա Մարտիրոս պատրիարքն այդ հարցով հինգ անգամ Եգիպտոս է այցելել, բայց, ի վերջո, ապարդյուն: Բնական էր նաև այն, որ Աստված պետք է ուզենար վրացիներին սաստել, ինչը կատարվեց շատ շուտով ու անսպասելի ձևով. 1517թ. Սելիմ սուլթանի բանակները, հաղթելով մամլյուքներին՝ մտան Երուսաղեմ։ Նախկին սուլթանի մտերիմները դարձան նրանց առաջին զոհերը: Հղփացած վրացիները հետզհետե մեծ կորուստներ կրեցին և այն աստիճան սնանկացան, որ բոլոր ձեռք գցած սրբատեղերի պարտքերը վճարել չկարողանալով` կորցրին դրանց վրա ունեցած իրենց բոլոր իրավունքները: Եվ որպեսզի Գողգոթան հայերին չվերադարձվի, 1644 թ. այն փոխանցեցին իրենց դավանակից հույներին: Իսկ իրենց մնացած վերջին սեփականություն Խաչավանքը կորցրին 1685 թ: Եվ այդ թվականից վրաց ազգի անունն իսպառ դադարեց հնչել Տիրոջ սուրբ քաղաքում: 2005 թ. իմացանք, որ Վրաստանի կառավարությունն անհանգստացած բողոք է հղել Երուսաղեմի հույների պատրիարքին` Խաչավանքի պատերին մնացած Շոթա Ռուսթավելու սրբապատկերը փչացնելու և վրացերեն տառերով վերջին արձանագրությունները ոչնչացնելու կապակցությամբ։ Այստեղ նորից կատարվեց Տիրոջ խոսքը. «Ով փոս փորի դրացու համար, ինքը կընկնի մեջը», քանզի նույն ժամանակ վրաց գիտնականներն իրենց ձեռագիր մատյաններում գաղտնաբար վերացնում էին վրաց այբուբենի` Մաշտոցի հնարած գրերին առնչվող բոլոր հետքերը։
Այս փոքր պատմական էքսկուրսով փորձեցինք թափանցել դարերի խորքը, որպեսզի կարողանանք դրանցից դասեր քաղելով` ներկա ժամանակների հայ-վրացական, հայ-հունական հարաբերություններին ճիշտ գնահատական տալ։
Իսկ այս բոլորը գրվեց ոչ թե այն նպատակով, որ բորբոքվի մեր ազգային ատելությունը վրաց եղբայր դրացիների հանդեպ, այլ` որպեսզի միմյանց համար աղոթելով հնարավորինս խաղաղ ու քրիստոնեավայել ճիշտ լուծումներ գտնենք այսօր ծագած բարդ հարաբերություններին։ Այդ լուծումներից մեկի ճանապարհը Տերն արդեն ցույց է տվել` ասելով. «Սիրեցե՛ք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի»։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3565

Մեկնաբանություններ